ՄԵՐ ՈՒՂԻՆ

3-րդ Ուղին՝ Արամի Ավանդը

Եթե յուրաքանչյուրն անի իր գործը՝ ընդհանուր շահը գերադասելով անձնականից՝ ապա Հայաստանում հույսը կարող է վերածնվել։

Կայծ Մինասյան

Հայաստանում և սփյուռքում անհրաժեշտ երրորդ ճանապարհը,
 Արամ
Մանուկյանի ճանապարհը


Այժմ ծանր ժամանակներ են, իսկ բարոյահոգեբանական վիճակը  գտնվում է ծայրահեղ ցածր մակարդակի վրա: Պատերազմի հասցրած վերքերը դեռևս թարմ են, իսկ հայերը 2021թ.  հունիսի արտահերթ օրենսդրական ընտրություններում որոշեցին փոխել իրենց հերթական ղեկավար կազմը: Այս ընտրություններից հետո ազգային ժողովի կազմը որոշ չափով փոխվել է՝ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը վստահորեն պահպանեց իշխանությունը՝ չնայած 2020թ. նոյեմբերի պարտությանն ու 2018թ. դեկտեմբերին կայացած  ընտրություններում հավաքած ձայների մոտ 17% կորստին: Նախկին ընդդիմություն՝ «Լուսավոր Հայաստան» (Էդմոնդ Մարուքյան) և «Բարգավաճ Հայաստան» (Գագիկ Ծառուկյան) կուսակցություններն անհետացել են տեսադաշտից: Կազմավորվել է նոր ընդդիմություն՝ բաղկացած հին ռեժիմից կամ Երևանի կարտելից՝ «Հայաստան » դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և «Պատիվ ունեմ» դաշինքը, որը գաղտնի գլխավորում էր Սերժ Սարգսյանը:

Հայաստանը կրկին վերադարձավ խորհրդարանական երկուական համակարգին՝ միատարր մեծամասնությամբ, որը պիտի պատասխանատվություն կրի կարճ ժամանակում կրած պարտության և թունդ ընդդիմությամբ, որը պիտի պատասխան տա երկար ժամանակ տեղի ունեցած քայքայման համար:

Ահա սա է  44-օրյա պատերազմից մեկ տարի անց ձևավորված քաղաքական պատկերը՝ մի կողմից նրանք, ովքեր կարծում են, որ «ապագա կա», և մյուս կողմից, նրանք, ովքեր կարծում են, որ «ներկայիս իշխանությունը կապիտուլյանտ, դավաճան և անկարող է»:

Պայծառ ապագայի կողմնակիցները գտնվում են hին ռեժիմի ուժերի մեծ ճնշման, սադրանքների տակ, սկսված հայհոյանքներից մինչ սպառնալիքներ և ֆիզիկական ծեծ: Արտաքուստ թվում է թե, մեծամասնությունը համախմբված է սակայն նրանց խնդիրը իշխանության վերաբաշխման մեջ չէ, չնայած, որ Նիկոլ Փաշինյանը հայտնի է իր «դիրիժիզմ»-ով: Ներկայիս մեծամասնության խնդիրն այն է, որին բախվում է ցանկացած նորաստեղծ, երիտասարդ պետության ղեկավարություն՝ պետական ​​կազմակերպություններում և ծառայություններում ղեկավարների և միջին օղակի բացակայություն, կարծես վարչական անձնակազմը դեռ կապված է հին մեթոդներին: Ամեն դեպքում, առանց արդյունավետ բյուրոկրատական ​​ապարատի, ամբողջ իշխանությունը դատապարտված է ձախողման:

Մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքի մյուս հիմնական խնդիրը վերաբերվում է այսօրվա  շրջափակված Հայաստանի անվտանգության հարցին, 2020թ. պարտված Հայաստանը տեսնում է, որ իր տարածքը ենթարկվում է նախագահ Ալիևի և նրա գիշատիչ բանակի քմահաճույքներին, որոնք պատրաստ են ամեն ինչի՝ «միջանցքի» ստեղծման, «արևելյան Զանգեզուր»-ը Նախիջևանին կապելու համար:  Հայաստանի պաշտպանության նախարարը 2021 թվականի ամռանն ասաց, որ հայ զինվորներին հրաման է տրված ոչնչացնել ադրբեջանական զինուժի ցանկացած ներխուժում հայկական տարածք: Պարզ է, որ խոսքերը գործի չվերածվեցին: Այստեղից էլ հիմնականում բխում է Նիկոլ Փաշինյանի թիմի հանդեպ վստահելիության խնդիրը, որը, չնայած 2021թ. ժողովրդավարության հաղթանակին, ի վիճակի չէ ոգևորությունն ու կամավորականությունը հայ հասարակության մեջ ամրապնդելու համար:

Երևանյան կարտելի կողմնակիցները գտնվում են շատ բարդ վիճակում: Նրանք ուղղակի ապշեցնում են ինչ որ բան փոխելու իրենց անկարողությամբ ու դա սկսած 2020թ. նոյեմբերի 9-ից: Փոքր հանրահավաքների մարտավարությունը ոչինչ չտվեց, բացի հասարակության մեջ դժգոհություն և ատելություն հարուցելուց՝ հասարակություն, որը փորձում է բուժել իր վերքերը: Ազգային ժողովում սադրանքների մարտավարությունը, որի նպատակը  իշխանությանն անաշխատունակ դարձնելն է, նույնպես արդյունք չի տալիս, բացառությամբ, երբ խոսքը վերաբերվում է իրենց իսկ վերաբերվող  քննադատություններին, մի բան, որ երբեք իրենք չէին ցանկացել լսել: Պետությունը  20 տարի ղեկավարելուց հետո նրանք մտել  են կատաղի ու ապակայունացնող ընդդիմության դիմակի տակ առանց, որևէ քաղաքական իմաստ առաջ քաշելու, բացառությամբ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի, հանդեպ ունեցած ատելությունը ցուցադրելու: Մյուս կողմից էլ ընդդիմությանն ավելի մանրակրկիտ դիտարկելու դեպքում, պարզ է դառնում, որ նրանց շարքերում ամեն ինչ ավելի բարդ է, հատկապես այս խաղի երեք մասնակիցների՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և ՀՅԴ-ի համար: Հասարակության համար պարզ է, որ երկու նախկին նախագահները չեն համակերպվում այս վիճակի հետ և փորձում են  երկրում այսքան տարի տիրած հանցավոր անփության հիմնական պատասխանատվությունը բարդել ուրիշի ուսերին: Ռոբերտ Քոչարյանը, ում գործերը դեռևս դատական քննության մեջ են,  հենվելով 2021թ.  հունիսին  հավաքած 21 տոկոս քվերի վրա, ընդդիմության ճամբարում իրեն համարում է ծանրության կենտրոն  և գտնում է, որ պետք է գլխավորի նրանց բոլորին՝ ներառյալ նաև երկրորդ նախագահ՝ Սերժ Սարգսյանի Հանրապետական ​​կուսակցությունը:  Վերջինս հավանության չի արժանացնում  իր նախորդի այս իշխանատենչությունը և նրան մեղադրում է, որ նա «Ցանկանում է իշխանությունը տապալել միայն այն բանի համար, որ ինքը գլխավորի»: Յուրաքանչյուրն ունի իր կապերը հասարակական և քաղաքական կյանքում, և այստեղ է, որ հառնում է Դաշնակցական էկոհամակարգն իր ողջ բարդությամբ: ՀՅԴ հաջորդ Ընդհանուր Ժողովից (այն նախատեսված է 2022թ. գարնանը) մի քանի ամիս առաջ կուլիսային խաղն ավելի ուժեղ է ցուցադրում իր ողջ կարևորությունը, քանի որ վտանգված է գլխավոր համահայկական քաղաքական կազմակերպության ապագան: Եվ դա իսկական թատերական ներկայացում է, որ նրա առաջնորդներն առաջարկում են մեզ ամառային քվեարկությունից սկսած:

Բյուրոյի հերթապահ Հակոբ Տեր-Խաչատրյանը մեծապես ցանկանում է առանձնանալ իր նախորդի՝ Հրանտ Մարգարյանի խնամակալությունից, ով մոտ 20 տարի իր մարդկանց տեղավորել է  կառավարական համակարգում՝ ներառյալ ներկայիս ղեկավարության մեջ, որի յուրաքանչյուր անդամ պարտավոր է «համբուրել» նրա ձեռքը: Հակոբ Տեր-Խաչատուրյանը և իր «ապստամբները» գիտակցում են, որ դաշնակցության հայաստանյան կռույցի գործերը լավ չեն ընթանում, սակայն ցանկանալով հաջորդ Ընդհանուր ժողովին ներկայանալ անթերի արձանագրությամբ, խնայեցին Հայաստանում ՀՅԴ Գերագույն մարմնի ղեկավար Իշխան Սաղաթելյանին: ՀՅԴ-ն ռիսկի է դիմում Հայաստանում դառնալ  «թույլ Բյուրո»: Այնուամենայնիվ, այս «քոչարյանական» պատգամավորին ևս անհրաժեշտ է  ազատվել Հրանտ Մարգարյանի ճանկերից (des fourches caudines), քանի որ Հրանտը ՀՅԴ քաղաքականությունը՝ մշտապես վարել է որպես Ռոբերտ Քոչարյանի աջ ձեռք: Եվ ինչպես ընկեր Իշխանի, այնպես էլ ընկեր Հակոբի համար ընդհանուր խնդիր կա՝ փակել ընկեր Հրանտի էջը և այդ պատճառով էլ նրանք օգնում են միմյանց: Իշխան Սաղաթելյանն ամեն ինչ կանի, որպեսզի Հակոբ Տեր-Խաչատրյանը մնա ՀՅԴ հերթապահ՝ Հայաստանում ազատ գործունեություն ծավալելու համար:  Բացառությամբ, որ նույն Իշխան Սաղաթելյանի հաշվով մեկ այլ բան կա ՝ այժմ ապավինում է Հայաստանում շատ ավելի անհանդուրժող ղեկավարությանը, և զարմանալի չի լինի, եթե հանգուցյալ և դիվերսիոն Վահան Հովհաննիսյանի շնչով կրթված Իշխանն ու իր սերունդը, հաջորդ Ընդհանուր ժողովին ձեռնամուխ լինեն ՀՅԴ-ի՝ դիվերսիոն եղանակով ձեռքբերմանը: Մի տեսակ դաժանություն, հենց կուսակցության ներսում` աշխարհի ամբողջ դաշնակցական ընտանիքը վերահսկողության տակ վերցնելու նպատակով: Քանի որ սփյուռքում ևս Դաշնակցության պատկերը փայլուն չէ՝ «Ասպարեզ»-ի տարակարծիք շարժման և ԱՄՆ արևմտյան ափում ընտրված կենտրոնական կոմիտեի այլընտրանքը՝ արտերկրում ՀՅԴ ամենամեծ և հարուստ ֆեդերացիայի դեմ, որը չնայած իր դիմադրությանը, պետք է բախվի Բյուրոյի կողմից ստեղծված Կալիֆորնիայի «խամաճիկային» կենտրոնական կոմիտեի դոգմային, ասելու համար, որ կուսակցության ճգնաժամը սահմանափակվում է Կալիֆորնիայով: Ավելի քան կեղծ` ճգնաժամը սկսում է ազդել Լիբանանի ՀՅԴ կառույցի վրա, որտեղ Հրանտ Մարգարյանի կողմնակիցներն ամբողջապես կորցրել են իրենց ազդեցությունը, և որտեղ նոր թիմը չի վարանում իր հիերարխիան պահպանելու՝ Ասպարեզական շարժման, այլընտրանքի համար: Ճգնաժամ է նաև Հունաստանում և Ավստրալիայում, որտեղ բարձրաձայնվում է Հայաստանում «ՀՅԴ» գործունեության զրոյական մակարդակի վերաբերյալ բացատրություն ստանալու պահանջը: Ընդհանուր անտարբերություն ամենուր, ինչը վատթարագույնն է գործի կուսակցության համար: Ահա ինչպիսի վիճակում է գտնվում ՀՅԴ-ն հաջորդ ընդհանուր ժողովից մի քանի ամիս առաջ, քանի որ Հրանտ Մարգարյանը գործում է կուլիսներում` իր կուսակցությունը Սերժ Սարգսյանին ավելի մոտեցնելու համար, իսկ Հակոբ-Իշխան թիմը գործում է հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Մի խոսքով, Հրանտը և Սերժը կորսված ժամանակն են փնտրում, իսկ Իշխանը, Հակոբը և Ռոբերտը՝  երրորդ ճանապարհ ՝ «ո՛չ Նիկոլ, ո՛չ Սերժ» …

Ու հենց այստեղ է, որ Երրորդ ճանապարհի վարկածն արտահայտում է իր ողջ հետաքրքրությունը և թվում է սոցիոլոգիապես և քաղաքականապես հիմնավորված՝ պայմանով, որ մյուս քաղաքական ուժերը, որոնք գործում են խորհրդարանից դուրս և սփյուռքում, մարմնավորեն այն` լուծելով միախմբման խնդիրը: Ինչո՞վ է պայմանավորված  Երրորդ ճանապարհի հիմնադրումը: Չորս պատճառներով. առաջին՝ գրեթե յուրաքանչյուր երկրորդ ընտրող չի մասնակցել 2021 թվականի ընտրություններին, ինչը և վկայում է ներգրավված քաղաքական ուժերի նկատմամբ անվստահության մասին, երկրորդ՝ Հայաստանը կարող է վերածնվել միայն կոալիցիոն ուժի ի հայտ գալով, որը ոչ մի կաթիլ պատասխանատվություն չի ունենա պարտության համար, ավելին, Հայաստանի և աշխարհասփյուռ հայության ապագան այժմ կայանում է 30 տարվա անտեսման և անարգանքի էջը շրջելու հույսով, և վերջինը, հայերը պետք է առաջին հերթին դուրս գան Հին ռեժիմի և ներկայիս ռեժիմի միջև այս օբյեկտիվ դաշինքից, որտեղ երկուսն էլ շահագրգռված են թույլ չտալու երրորդ ճանապարհի հայտ գալը:  Նիկոլ Փաշինյանը, թավշյա հեղափոխությունը փրկելու համար, շահագրգռված է նորից և նորից հարվածել Հին ռեժիմին, Լևոն-Ռոբերտ-Սերժ եռյակը, <<ջրի վրա մնալու համար>>  համար, նույնպես շահագրգռված է կրկին ու կրկին  հարվածել Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին: «Գողեր» բղավում է Նիկոլ Փաշինյանը Երևանյան կարտելի հասցեին,  «Անկարող, ապիկար» –  կարտելի ուժերը պատասխանում են վարչապետին… Իսկ ի՞նչ է լինելու հետո:

Իրականում, Հայաստանի արտախորհրդարանական ուժերը և սփյուռքի խմբերը պիտի ստանձնեն Երրորդ ուղու մարմնավորման այս հույսը: Ո՞րը կարող է լինել այս այլընտրանքային ուղին: Կարճ ասած՝ 1915 թվականի Վանի դիմադրության հերոս և 1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետությունը ստեղծող Արամ Մանուկյանը մարմնավորում է այդ կերպարը: Իր ողջ կյանքի ընթացքում, ծագումով արցախցի Արամ Մանուկյանը, ՀՅԴ ներսում, Վանում կամ Երևանում, աշխատել է  համայն հայության միավորման համար: Երբ ՀՅԴ-ն 1907թ. բախվեց երիտթուրքերի հետ դաշինքի Իթիհաթ վե թերաքիի Հանձնաժողովի (CUP) առաջարկին, Արամ Մանուկյանի չսկսեց տատանվել «այո»- ի և «ոչ» – ի միջև, նա ընտրեց Երրորդ ճանապարհը՝ սոցիալական  ճանապարհը, ձգտելով միավորել օսմանյան քաղաքացիական հասարակության հայերին, քրդերին և թուրքերին, ովքեր հեռու էին իշխանությունից, հեռու 1908 թվականի «Երիտթուրքական հեղափոխությունից», նպատակ ունենալով խթանելու համերաշխությունը Արևմտյան Հայաստանի գյուղական բնակչության միջև: 1914 թ.-ին, երբ Կովկասյան ՀՅԴ որոշեց գումարտակներ ստեղծել Թուրքիայի դեմ ռուսական բանակի առաջնագծում, Արամ Մանուկյանը՝ լավ հասկանալով Օսմանյան հայերի համար Սանկտ Պետերբուրգի հետ նման դասավորության հետևանքների անվտանգության ռիսկերը, հրաժարվեց միանալ այս ռոմանտիկ ծրագրին: Արամը մնաց Վանում իր համախոհների հետ և կազմակերպեց հաղթական դիմադրություն 1915 թվականին: 1918 թվականին, երբ ՀՅԴ-ն բախվեց  Հայաստանի անկախության մարտահրավերին, Արամ Մանուկյանը մերժեց ընտրություն կատարել երկու ճամբարների միջև՝ մի կողմից դիվանագիտական ​​ուղիներով անկախություն, և մյուս կողմից տարածքային վերամիավորում և միացում Ռուսաստանին: Նա ընտրեց անկախությունը զենքի և մաքուր ու թափանցիկ պետության ձևավորման միջոցով: Դա լավ մտածված, հաշվենկատ ու հաստատուն անկախություն էր՝ազատ կոռուպցիայից ու հաշվի առնելով թշնամական միջավայրը, ուժեղ հայկական պետություն էր՝ առանց «Մեծ Հայաստան»-ը հանդիսանալու, բայց և հարևան տարածաշրջանային տերությունների հետ, այդ թվում նաև Թուրքիայի, բարիդրացիական հարաբերություններով, առանց զիջումների կամ խաբեության:

Սա Արամ Մանուկյանն է, ով ցույց է տալիս նրբություն և ռազմավարական հաշվարկներ, խստություն և պրոֆեսիոնալիզմ, ուժերի հավասարակշռության լավ ճարտարագետի պես՝ ընդունելով շրջապատող քաղաքական իրականությունը, առանց աստղային ծրագերի ու զուտ սկզբունքային պահպանողականության: Եվ այսպես՝ ո՞վ է Հայաստանում պատրաստ վերցնել երրորդ ճանապարհի ջահը ինչպես Արամ Մանուկյանը: Սա միակ հնարավոր տարբերակն է՝ Հայաստանը խավարից ու կեղծիքից դուրս բերելու համար: Նիկոլ Փաշինյա՞նը: Նա ներկայանում է որպես Արամի քաղաքական հետնորդ, իր ելույթներում բազմապատկում է այս հսկայի մասին հիշատակումները և խոնարհվում 2018թ. սեպտեմբերին Երևանի Հանրապետության հրապարակի ծայրամասում տեղադրված նրա արձանի ոտքերի առաջ: Բայց Արամը երբեք չգիտեր, թե ինչ է պարտությունը:  Նիկոլ Փաշինյանը չի կարող հավակնել առաջին Հանրապետության հիմնադիր հոր արժանի հետնորդը լինելուն: Դաշնակցությո՞ւնը: Նա ներկայանում է որպես Արամ Մանուկյանի արժանի ժառանգորդ: Բայց Արամ Մանուկյանը մարմնավորում էր անկախություն՝ բոլոր ուժերից, հատկապես Ռուսաստանից՝ առանց հակառուսական լինելու: Նույնը կարելի է ասել Ընկեր Իշխանի և համախոհների մասին, որոնք, միանալով Ռոբերտ Քոչարյանին, պետք է հաստատվեն Ռուսաստանի հետ միության իր խոսքով: Հայաստանում ՀՅԴ-ն կապ չունի Արամ Մանուկյանի հետ: Ոչ հեռավոր, ոչ էլ մոտիկ որևէ կապ: Հատկապես, երբ հարկ կլիներ համարձակվել իրեն համեմատել Արամի կերպարի ու անհատականության հետ: Բայց ո՞վ կարող է այսօր պարծենալ ՀՅԴ ղեկավարի կոչումով: Ոչ ոք, ո՛չ «ապարատչիկ» Հակոբ Տեր-Խաչատրյանը, ո՛չ էլ փոքրիկ զինվոր (caporal) Իշխան Սաղաթելյանը կուսակցության ներսում հեղինակություն չունեն, նաև չունեն  ՀՅԴ վերջին երկու իրական ղեկավարներ՝ Հրայր Մարուխյանի և Սարգիս Զեյթլյանի արժեհամակարգը, որոնք ճանաչված և հարգված էին ամբողջ աշխարհի ղեկավարների կողմից: Նրանց քաղաքական անհետացումից ի վեր`առաջինը 1994թ.-ին, երկրորդը` 1985թ.-ին, որբացած ՀՅԴ-ն տեսնում է իրար հաջորդող առաջնորդներ`առանց անհատականության և  հեռահար մտքերի: Բացի այդ, մեզ  ներկայացվում է Ընկեր Հակոբի և Ընկեր Իշխանի գրությունները, թե … <<Մենք միշտ փնտրում ենք նրանց>>, մեկը երգում է, մյուսը գոռում: իսկ ի՞նչ է անում Ռոբերտ Քոչարյանը: Նա փորձում է ազատվել Երևանի կարտելից` երրորդ ճանապարհի ավելի հասուն և պատասխանատու սահմաններ նախագծելով: Բայց Արամը Հայաստանի անկախության ճարտարապետն էր, այլ ոչ թե նրա գերեզմանափորը՝ ինչպիսին Ռոբերտ Քոչարյանն է, ով 2001 թվականին Ռուսաստանին վաճառեց ՀՀ ամբողջ էներգետիկայի համակարգը ընդամենը 100 միլիոն եվրո համեստ գումարով: Ռոբերտ Քոչարյանը տանուլ տվեց Հայաստանի անկախությունը, որը հակասում է Արամ Մանուկյանի պաշտպանած ինքնիշխանության գաղափարին:

Փաստորեն, Հայաստանում, այս պահին ոչ ոք չի մարմնավորում Արամի ճանապարհը: Որովհետև, եթե կառուցվածքային պայմանները բավարարվեն, չկա դեռ այն քաղաքական գործիքը, որն ի զորու է վերցնել Մանուկյան գծի առաջնությունը: Սակայն անհնար չէ հող նախապատրաստել Երրորդ ճանապարհի այս նոր օրինական տարածքի համար: Ինչպե՞ս: Հայաստանում ստեղծված բոլոր խմբերի բարի կամքը Արամի վարդապետության շուրջ համախմբմամբ՝ խիստ, ճշգրիտ, հակիրճ և իրագործելի օրակարգով՝ հեռու ներկա մեծամասնությունից և Երևանի կարտելի ուժերից: Դա հնարավոր է, քանի որ եթե յուրաքանչյուրն անի իր գործը՝  ընդհանուր շահը գերադասելով անձնականից, ապա Հայաստանում հույսը կարող է վերածնվել: Դա հնարավոր է, քանի որ եթե բոլորը կողմ լինեն ազգային անվտանգությանը և անկախությանը, օրենքի գերակայությանը և քաղաքացիությանը, ժողովրդագրությանը և իշխանությանը, ապա հույսը կարող է վերածնվել Հայաստանում, առաջին հերթին ՝ սթափ փոքրամասնության, ապա աստիճանաբար ՝ մեծամասնության շարքերում՝ հիասթափված Նիկոլ Փաշինյանի պարտությունից, նաև ընդդիմության այն շարքերում, որոնք հոգնել են այն փակուղուց, որում հայտնվել են իրենց  իսկ կուրությամբ:

Քանի որ Արամ Մանուկյանն ուներ համազգային պատվախնդրություն – այն ժամանակ դա կոչվում էր միություն Թուրքիայի հայերի և Կովկասի հայերի միջև – Երրորդ ճանապարհի սկզբունքը կարող է տարածվել նույնիսկ սփյուռքի մեջ, ով 2020թ.-ի պատերազմի փորձության ժամանակ ներդրեց իր ամբողջ կարողությունն ու կամքը՝մասնակցելու նոր Հայաստանի ճակատագրի կերտմանը, այնպես, որ այսօր, երբ Հայաստանը փռշտում է, Սփյուռքն է մրսում, և հակառակը, երբ Սփյուռքը գամված է մահճակալին, բժիշկ Հայաստանն է վազում նրան բուժելու: Հետևաբար, եթե Միացյալ Նահանգների արևմտյան ափին գտնվող այլընտրանքային «ասպարեզական» շարժումը չընտրի Երրորդ ճանապարհը, մինչդեռ ամբողջությամբ մարմնավորում է այն արտահայտելով իր կամքը` «դադարեցնել» Դաշնակցության փլուզմանը, էթիկա ներարկել հայ քաղաքական կյանքին և ազգային անվտանգությունը կապել անկախության հետ,  ապա նրա ապստամբությունը ոչ այլ ինչ է քան բռնկում թավայի մեջ և խաղ՝ համաձայնեցված ՀՅԴ ղեկավարության հետ, որի ավտորիտար գործելակերպը այս պահին իրավացիորեն վիճարկում է: Միացյալ Նահանգների արևմտյան ափին գտնվող դաշնակցականների «կանգ առնելը» (STOP) դեռ հնչում է Արամ Մանուկյանի կանչի պես՝ փրկել ՀՅԴ խորտակումից:

Հետևաբար, մնում է համախմբել նրանց, ովքեր սփյուռքում են՝ հին ու նոր կուսակցականներին, համախոհներին և  ոչ համախոհներին, և ձախերին և աջերին, որոնք հայտնվում են Արամի Երրորդ ճանապարհի իշխանության ներքո, և միևնույն ժամանակ սերտ համագործակցությամբ Հայաստանում համարժեք խմբերի հետ: Սա Արամ Մանուկյանի կառույցի առաջին քարն է՝ համախմբել Հայաստանի և սփյուռքի խմբակցություններին միակ ու եզակի հեռանկարում՝ նոր, ազատ, անկախ, ժողովրդավարական և արդար Հայաստանի հույսը վերականգնելու և ասելու, որ «Այո Ես իրապես պատիվ ունեմ» հաստատել, որ «կա իսկապես ապագա» «Հայաստանի իրական դաշինքում» և սփյուռքում: Այսպիսով, աշխատենք պարոնայք՝ հեռու երկրի հնացածներից և գերեզմանափորներից, բայց ի հիշատակ Արամ Մանուկյանի, ինչպես նաև ի պաշտպանություն մեր զոհվածների, մեր զինվորների, մեր երեխաների, մեր «պատվի», մեր «Հայաստանի» և մեր «ապագայի»:

    

One Response to “3-րդ Ուղին՝ Արամի Ավանդը”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *