ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ռուսական Վտանգը

Մենք կռվել ենք Ռուսաստանի համար ավելի մեծ անձնվիրությամբ ու անվերապահությամբ, քան ինքը՝ ռուս ժողովուրդը: Տվել ենք ռուս պետության համար անթիվ զոհեր, կրել անչափելի վնասներ: Եվ այդ բոլորն արել ենք այն միամիտ հավատով, որ մենք միաժամանակ կատարում ենք հայկական գործ

Առաջին հանրապետության արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանն իր «Ռուսական վտանգը» աշխատության մեջ առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հայ-ռուսական հարաբերություններին, միայն թե ոչ ուղղակի հայ-ռուս ժողովուրդների բարեկանությանը, այլ ռուսական պետության վերաբերմունքին՝ դեպի Հայաստան: Ռուբենն իրավամբ բազմաթիվ առանձնացումներ է անում, թե ինչպես է Ռուսական պետության հակահայ վերաբերմունքը կործանարար հետևանքներ թողնում հայկական իրականությունում՝ ընդ որում ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական ու մշակութային առումով: Հիմնական վտանգ՝ Ռուբենն առանձնացնում է հայերի մեջ հայկականության, հայականի ուծացումն ու արգելակումը:

Որպես փորձառու քաղաքական ու կուսակցական գործիչ, Ռուբեն Դարբինյանը ցավով նշում է, թե ինչ ծանր է նստում հայերի վրա ռուսական բարեկամությունը: Նա իր աշխատության մեջ նշում է.

«Ռուսամոլությունն այն աստիճան կուրացրել է մեր աչքերը, Ռուսաստանի զորությունն այնքան է կաշկանդել մեր քաղաքական միտքը, որ մենք կարծես զրկվել ենք ընդունակությունից՝ զատելու հայ ազգի ու Հայաստանի շահերը ռուս ժողովրդի ու Ռուսաստանի շահերից»: Այստեղ կա մեծ ճշմարտություն, որի հետ չհամաձայնվել չի լինում: Հենց այսօր, հենց հիմա մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչպես ՀՀ-ում ռուսական ազդեցության տակ մնացած, ռուսական ենթամշակույթի պաշտպան դարձած քաղաքական ուժերն ինչպես են Ռուսաստանն ընդունում որպես ամենամեծ հեղինակություն, միակ փրկիչ՝ ռուսների դերը հասցնելով աստվածային մակարդակի: Իհարկե դա արվում է հայկականության հաշվին, հայ ոգու, հայկական մտածելակերպի, երազանքի ու ինքնուրույնության հաշվին: Դա գիտակցելը բարդ է, շատ բարդ և այն, որ շատ դեպքերում գրեթե անտեսանելի ազդեցության ձևով էր լինում, էլ ավելի բարդ էր: Եվ այդ դեպքում բարդանում էր դա նկատելն ու պայքարելը դրա դեմ:

Ռուսականացման գործընթացի ազգային մակարդակի խնդիր լինելը դառնում էր ավելի ու ավելի ահռելի և էլ ավելի անկառավարելի հետևանքների հանգեցնում: Ազգային ուծացում՝ ահա թե ինչ էր օր օրի ծանրանում: Եվ դա այն վիճակում, որ հայերն ունեին և ունեն սեփական ամենածանր խնդիրները, որոնց լուծումն ակնկալվում էր միայն Ռուսաստանից: Ահա թե ինչ բնորոշում է տալիս Դարբինյանը՝ ցանկանալով ընդգծել իրավիճակի ողջ ողբերգականությունը՝

«Եվ կարելի է առանց չափազանցնելու ասել, թե ռուսական այն հախուռն օրիենտացիան, որ մենք ընդունել ենք ազգովին, ոչ թե արդյունք է ռեալ քաղաքական մտածողության կամ հաշիվների, այլ մի անհաղթելի հասարակական պսիխոզ է, մասսայական խենթություն: Մենք եղել ենք ավելի ռուսասեր, քան իրենք ռուսները: Մենք կռվել ենք Ռուսաստանի համար ավելի մեծ անձնվիրությամբ ու անվերապահությամբ, քան ինքը՝ ռուս ժողովուրդը: Տվել ենք ռուս պետության համար անթիվ զոհեր, կրել անչափելի վնասներ: Եվ այդ բոլորն արել ենք այն միամիտ հավատով, որ մենք միաժամանակ կատարում ենք հայկական գործ»:

Ի՞նչ է այս ամենը նշանակում: Առաջին հերթին հրաժարում սեփականից, հարազատ շահերի ոտնահարում՝ հանուն այն կեղծ պատկերի, որ ցանվել էր մեր ազգային դիմագծի ու գիտակցության մեջ և թունավորել ընդհանրապես ամեն ինչ:

Եվ այստեղ արդեն հնարավոր չէ պայքար մղել զուտ փիլիսոփայապես: Դարբինյանը համարում է, որ այս ախտահարված պարագայում պայքար պիտի մղվի հոգեբանական աստիճանից սկսած:

«Մենք պիտի անողոք պայքար մղենք ոչ միայն մեր սահմանների վրա, այլ նաեւ մեր ներսում այն բոլոր ռուսական տարրերի դեմ, որ ընդարմացնում են մեր միտքը և կասեցնում մեր կամքը: Մաքրենք մեր հոգին ռուսական ազդեցությունից, գաղափարներից, մղումներից, տրամադրություններից, պատրանքներից ու հիվանդություններից»:

Բայց Ռուբենը չգիտեր, թե ինչ է լինելու հետո և գուցե ավելի լավ իր համար, քանի որ մենք տեսանք այն բոլոր խնդիրների հաստատումը, որի մասին նա ասաց և մենք տեսանք այն բոլոր խնդիրների պայթեցումը, որի մասին Ռուբենը և մյուսները զգուշացրին:

Եվ հիմա, քանի դեռ Հայաստանը շարունակում է արնաքամ լինել, մեզ մի մեծ մասը շարունակում է պաշտպանել ռուսական շահերը, քանի որ իր էությամբ ու հոգեբանությամբ, վաղուց ախտահանված է «ռուսիզմով»:

Ամբողջական գրառումը՝

ՀՀ արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանի (Արտաշես Չիլինկարյան, 1883թ. Ախալքալաք – 1968թ. Բոստոն) «Ռուսական վտանգը» 1920թ. հունիս-հուլիս ամիսներին հրատարակվել է Երևանի «Յառաջ» օրաթերթում՝ «Ռուսական ճակատի վրա վերագնահատումներ» խորագրով: Ստորեւ հատվածներ այդ արժեքավոր աշխատությունից:

______

Ռուս ազգը, հանձին իր պետության, ոչ միայն ճնշում էր մեզ քաղաքականապես, այլ ամեն ջանք թափում էր տարալուծելու հայ ազգությունը, իր մեջ ձուլելու և կուլտուրապես ու բարոյապես դիմազուրկ անելու: Աստճանաբար, միշտ ավելի սպառնական չափերով ռուսական ոգին, ռուսական կուլտուրան իր տիրական դրոշմն էր դնում բարոյազրկվող հայ մտավորականության ու հայ բուրժուազիայի մտքի ու զգացմունքների վրա, որոնք կորցնում էին իրենց ազգային դիմագիծը, իրենց բնական կապերը հարազատ ժողովրդի հետ, անդիմադրելիորեն տոգորվում ռուսական շահերով ու մղումներով: Այս է պատճառը, որ մեր բարձր դասերի ազդեցությունը մեր ժողովրդի վրա եղել է բացասական, քայքայիչ, այլասերող:

Եվ հարաճունորեն հայ ժողովրդի առջև ծառացել է մի մեծ վտանգ՝ ռուսացման վտանգը: Հայ ղեկավար շրջանները, ստիպված լինելով ուղղել իրենց բովանդակ ուժերը թուրքական ճակատի վրա, հանկարծ զարհուրանքով նկատել են այդ վտանգը և զգացել, թե որ աստիճան անպաշտպան է մնացել հայ ժողովրդի թիկունքը՝ ռուսական ճակատը։ Ռուսամոլությունն այն աստիճան կուրացրել է մեր աչքերը, Ռուսաստանի զորությունն այնքան է կաշկանդել մեր քաղաքական միտքը, որ մենք կարծես զրկվել ենք ընդունակությունից՝ զատելու հայ ազգի ու Հայաստանի շահերը ռուս ժողովրդի ու Ռուսաստանի շահերից:

Եվ կարելի է առանց չափազանցնելու ասել, թե ռուսական այն հախուռն օրիենտացիան, որ մենք ընդունել ենք ազգովին, ոչ թե արդյունք է ռեալ քաղաքական մտածողության կամ հաշիվների, այլ մի անհաղթելի հասարակական պսիխոզ է, մասսայական խենթություն: Մենք եղել ենք ավելի ռուսասեր, քան իրենք ռուսները: Մենք կռվել ենք Ռուսաստանի համար ավելի մեծ անձնվիրությամբ ու անվերապահությամբ, քան ինքը՝ ռուս ժողովուրդը: Տվել ենք ռուս պետության համար անթիվ զոհեր, կրել անչափելի վնասներ: Եվ այդ բոլորն արել ենք այն միամիտ հավատով, որ մենք միաժամանակ կատարում ենք հայկական գործ։

Այժմ, երբ Ռուսաստանը նորից է բախում մեր դռները և հանցավոր միջոցներով նորից ճգնում զոհաբերել մեր ժողովրդին իր աշխարհակալ նպատակներին, մեր շարքերում կան մարդիկ, որոնք ինչ-որ տատանումների են ենթակա: Եվ այդպես է ոչ թե այն պատճառով, որ մենք բավականաչափ ուժ չունենք պատվով դիմագրավելու համար ռուսական վտանգը, այլ նրա համար, որ ռուսական վտանգը մեզ համար ունի գերազանցապես հոգեբանական բնույթ: Նա ոչ թե սահմանների վրա է միայն, այլ մեր ներսում, մեր հոգու խորքում: Վտանգը նրանումն է, որ ռուսական թշնամին մեր մտքի, մեր սրտի, մեր կամքի մեջն է և մեր հոգու ներսից է ջլատում մեր դիմադրական կարողությունները, ներսից է սպանում մեր ինքնուրույնությունն ու անկախությունը։

Մենք պիտի անողոք պայքար մղենք ոչ միայն մեր սահմանների վրա, այլ նաեւ մեր ներսում այն բոլոր ռուսական տարրերի դեմ, որ ընդարմացնում են մեր միտքը և կասեցնում մեր կամքը: Մաքրենք մեր հոգին ռուսական ազդեցությունից, գաղափարներից, մղումներից, տրամադրություններից, պատրանքներից ու հիվանդություններից, այլապես նոր կորուստներն անխուսափելի կլինեն։

Գրությունը վերցված է Արշալույս Զուրաբյան-ի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *