Հայաշխարհ

Խաչագողի Հիշատակարանը

Եկեղեցու պատերի, խաչերի ու խաչվառների շքեղությունն ուղիղ համեմատական է նրա սպասավորների հոգեկան աղքատությանն ու դատարկությանը:

Արայիկ Մկրտումյան

Եկեղեցու մասին շատ ենք խոսել, բավական շատ: Խոսել և՛ լավի, և՛ վատի մասին: Պետք է ընդգծել, որ եկեղեցու լավի մասին խոսելը համարվում է պարտականություն, իսկ վատի մասին՝ չարակամություն: Եկեղեցու մասին նախորդ հոդվածում արդեն իսկ անդրադարձել եմ եկեղեցի երևույթին, դրա ինստիտուցիոնալ ու ադմինիստրատիվ խնդիրներին ու մարդկային գործոնին, ինչպես նաև եկեղեցու մասին խոսելու հետևանքների ու դրդապատճառների մասին, այնպես, որ այստեղ դրան չեմ անդրադառնա, այլ կփորձեմ ավելի կոնկրետ արտահայտված խնդրի մասին խոսել:

Վերջին շրջանում խիստ արտահայտված են դարձել հայկական չորս եկեղեցական առաջնորդների մասին խոսակցությունները, որտեղ հաճախ հանդիպում ես բավական իրարամերժ ու հակասական կարծիքների: Այն, որ հայկական եկեղեցու ամեն մի առաջնորդ իրեն ավելի լավն ու կարևոր է համարում՝ անվիճելի է, միավորման ու մեկ կենտրոն ունենալու մասին խոսակցություններն էլ հեքիաթի ժանրից: Այն, ինչ կատարվում է քաղաքական դաշտում, այսինքն իրար ատում են և ոչ մի դեպքում չեն զիջի իրար, այնպես էլ մեր եկեղեցականները, ամեն մեկն իրեն համարում է իրական առաջնորդ: Նույնիսկ պատերազմն էլ չփոխեց մեր ազգային այդ ախտի՝ անմիաբանության մակարդակն ու չափսերը:

Ինչևէ: Այս անգամ ուզում եմ անդրադառնալ հատկապես Երուսաղեմի հայ պատրիարքարանի առաջնորդությանը, իսկ ավելի կոնկրետ՝ մի չափազանց մտահոգիչ երևույթի՝ եկեղեցապատկան հողերի վաճառքին:

Ինքս այդ մասին ոչինչ չգիտեի, թեև շատ էի լսել բազմաթիվ շահատակությունների ու շնորհավաճառությունների մասին, բայց փորձել էի ամեն կերպ շրջանցել այդ թեման, քանի որ ինձ համար ոչ միայն տհաճ է խոսել այդ մասին, այլև հոգեպես վիրավորանք՝ եկեղեցական հայրերի կողմից նման անօրինություններ կատարելը:

Սույն թվականի նոյեմբերի 10-ին ֆեյսբուքյան օգտատեր Mihran Kurtoglian-ը գրեց, որ Սիոնի վանքի վրա գտնվող  տասը հազար քառակուսի մետր հայապատկան հողից յոթ հազարը 99 տարի վարձակալությամբ տրված է ինչ որ ավստրալացի գործարարի՝ յոթաստղանի հյուրանոց կառուցելու համար:

Մի պահ զարմացա, բամբասանք կհամարեի, բայց իր գրառման մեջ հեղինակը մանրամասն անդրադարձ է կատարել այդ թեմային, իսկ մի քանի օր հետո նաև գրեց այդ ստատուսի երկրորդ հատվածը՝ խոսելով նաև իր անձնական ծանոթության մասին պատրիարքարանի անդամների հետ:

Գրառման հեղինակը նաև նշել է, որ ըստ պատրիարքարանի կանոնադրության՝ այդ տարածքի վարձակալության ժամկետն առավելագույնը 49 տարի է, իսկ թե ինչպես են հաջողեցրել 99 տարով տալ, գոնե ինձ համար լրիվ հասկանալի չէ: Եվս մեկ բան, հեղինակը նշում է, որ դեռևս պարզ չէ, թե այդ 99 տարով վարձակալությունը վերանորոգելի է, թե ոչ, այսինքն վարձակալության ժամկետը հնարավո՞ր է երկարացնել, թե ոչ, և գալիս այն եզրահանգմանը, որ երկարացնել, նշանակում է հրաժարվել այդ հողից:

Գրառման մեջ նաև հիշատակվում էր, որ այդ ամենի հանրայնացումից հետո պատրիարքարանի 12 միաբաններ բողոքել են և պահանջել չեղարկել գործարքը:

Ընդհանրապես մի քանի հարցեր են առաջանում: Ինչպե՞ս է ընդհանրապես նման բան տեղի ունեցել: Չեմ կարողանում և չեմ ուզում հասկանալ, թե ինչպես կարող էր Պատրիարքարանը նման բան թույլ տալ: Այսինքն ի՞նչ է ստացվում, գողությո՞ւն, դավադրություն հայ եկեղեցու դեմ՝ հայերի կողմի՞ց: Ու ոչ թե հակակրոն հայի կողմից, այլ հենց Պատրիարքարանի՞:

Սա ու այս տեսակ տեղեկատվությունները դժվար են մարսվում ու ընդհանրապես չեմ կարծում, թե պետք է մարսել: Ես նույնիսկ ժամանակ չեմ ունեցել փորձելու հասկանալ, թե ինչ կարծիք ունեն այս մասին հայ մյուս երեք աթոռները՝ Էջմիածինը, Մեծի Տանն Կիլիկիո ու Պոլսի պատրիարքարանը:

Հող վաճառել Երուսաղեմո՞ւմ, այն էլ հիմա, երբ այնտեղ հողը ոսկու գին ունի, երբ արաբներն ու հրեաները պատրաստ են միմյանց կոկորդ կտրել մի բուռ փոշու համար, հայերը ձեռքից բաց են թողնում  յոթ հազար քառակուսի մետր տարածք: Ու ինչի՞ համար: Հյուրանոց սարքելու համա՞ր: Ու մանավանդ այն դեպքում, երբ հայ եկեղեցին ամեն տեսակ ճնշումների է ենթարկվում, երբ պետք է միաբան լինել ավելի քան երբևէ, խնդրեմ անակնկալ՝ հողերի վաճառք:

Ու ինչի՞ սպասել հետոյի համար: Նոր վաճառքնե՞ր, նոր թողտվություննե՞ր, նոր շնորհավաճառություննե՞ր:

Կասկած չունեմ, որ այնքան շատ ու համոզիչ արդարացոումներ կլինեն, որ կհամոզեն շատ շատերի, միայն թե այն բանից հետո, երբ այդ տարածքին նայողները կտեսնեն շքեղ հյուրանոց, բոլոր արդարացումները կհնչեն զուտ բառեր, որոնցով հնարավոր չի լինի մարդու հայացքից հեռացնել այդ շենքը:

Իսկ եթե այդ ամենը անօրինական չէ, ապա ինչո՞ւ է գաղտնի եղել: Ինչո՞ւ 12 միաբաններ բողոքեցին և պահանջեցին չեղարկել այդ ամենը: Ի՞նչ է կատարվում ընդհանրապես Երուսաղեմում ու ով պիտի պատասխան տա այս ամենի համար:

Իհարկե հասկանալի է, որ այս ամենը մեկ երկու հոգու գործ չէ: Մի քիչ ավելի կոպիտ արտահայտվելով, կարելի է նույնիսկ ասել, որ դա կազմակերպված բանդա է հիշեցնում, ընդ որում ավելի վտանգավոր այն առումով, որ պատրսպարվում են ազգայինի, մտավորի, հոգևորի հետևում ու իրենց ուղղված ամեն մի մեղադրանք, միանգամից ընկալվում է հարձակում՝ ազգայինի, մտավորի ու հոգևորի դեմ և հնարավոր չի լինում այդ ողջ քաոսի մեջ տարբերել մեղավորն ու անմեղը, ճիշտն ու սխալը:

Եվ ավելի տխուրն այն է, որ այդ ողջ քաոսը լավ հնարավորություն է տալիս պղտոր ջրում ձուկ որսալու համար, այս դեպքում՝ մի շքեղ հյուրանոցի կառուցում:

Ո՞ւր է կորել մեր եկեղեցու երբեմնի պարզությունն ու նրբությունը: Ո՞ւր է մեր Խրիմյան Հայրիկը, Գևորգ 5-ը, Վազգեն Ա-ն, Զաքարիա Աղթամարեցին, Ստեփաննոս Դ Տղան, Հակոբ Ջուղայեցին…ո՞ւր են կորել այն կերպարները, որոնց անունը կապված է բազմաթիվ պայծառ ու լուսավոր դեպքերի, իրադարձությունների հետ: Էս ի՞նչ է կատարվում, ի՞նչ է տեղի ունեցել մեր եկեղեցու հետ:

Անհասկանալի է, անհասկանալի:

Եվ ի վերջո ո՞ւր է Էջմիածինը, ուր են Պոլսի ու Կիլիկիո պատրիարքները: Մարդկանց կոչ անելով հո չի: Ի՞նչ են նրանք պատրաստվում անել: Ինչո՞ւ հենց հիմա փոթորիկ  չեն բարձրացնում և ողջ հայությանը չեն հասցնում իրենց կամքը, որ այս հարցն այդպես չի մնալու՝ հարցը լուծելու, ապագայում նման դեպքերի կրկնություններից խուսափելու համար: Թեև ինքս էլ չեմ հավատում: Ո՞վ պետք է պայքարի, Էջմիածի՞նը, երբ միջնադարյան եկեղեցին քանդվում է Տավուշի լեռներում, իսկ Էջմիածինը կիսաքաղաքական խաղերի մեջ է, Պոլսո պատրիարքարա՞նը, որ ցեղասպանության մասին այնպիսի հայտարարություններ էր տարածում, որից թուրքերն ավելի շատ էին գոհ մնում:

Իսկ քրիստոնեությո՞ւնը, քրիստոնեական համեստությունը, պարզությունն ու սերը, անպատսխանատվությունը…վե՞րջ այդ ամենին: Գուցե միանգամից հայտարարենք, որ սուտ է ամեն ինչ, հայրենիքն էլ, պետությունն էլ, եկեղեցին էլ, հավատն էլ ու միանգամից առանց արդարացումների վաճառենք, ծախենք ու ավիրենք ամեն ինչ: Էլ ժամանակ չենք կորցնի ձևակերպումների վրա, թե չի վաճառվել, վարձակալությամբ է տրվել, կամ նման մի բան: Եթե հողը քոնը չէ, ուրեմն քոնը չէ, անունն ինչ ուզում ես դիր:

Հիշեցի Րաֆֆու «Խաչագողի հիշատակարանը» ու թե ինչպես էին խաչագողերը ձևանում հոգևորականներ ու խաբում, թալանում՝ Աստծո անունով, թե ինչ այլանդակություններ էին անում: Հիշեցի նաև, թե Րաֆֆին ինչպես էր վրդովում եկեղեցու հնացածության դեմ, ինչպես էր զայրույթով խոսում, որ եկեղեցին դարձել է փարիսեցիների, անբանների ու ծույլերի ապաստարան, շնորհավաճառության և կաշառակերության բույն, որտեղ արդեն շատ քիչ մաքուր օդ է մնացել շնչելու ու շատ նվազ ոգի՝ գործելու համար:

Ու ահա մերօրյա խաչագողերը շարունակում են հաստացնել իրենց գրպանները և պատսպարվում են Աստծո անունով, քանի դեռ իրենց իսկ արածների ու հատկապես չարածների հետևանքով այսօր քրիստոնեական արժեքներն արհամարվում են ու այլանդակվում, ծաղրվում: Հենց նրանց պատճառով է, որ հոգևորականի, այսպես ասած «տերտերի» կերպարն այլևս միանշանակ չի ընդունվում, որ այս ամենի հետևանքով եկեղեցին արդեն սկսվում է նույնացվել մաֆիայի ու չարաշահումների հետ: Էլ չեմ ասում, որ եկեղեցիներ կան, որտեղ պատերին գրված է, որ մոմեր չբերեն իրենց հետ, որովհետև Աստծուն էլ հաճելի չէ, որ դրսից բերված մոմ վառեն: Հասկանո՞ւմ եք այս խայտառակության աղետալի աստիճանը:

Գուցե նրանք վաղը մեզ արգելեն, որ աղոթենք, ասելով, որ միայն իրենք իրավունք ունեն Աստծուն դիմելու, կամ գուցե ավելի թանկացնեն կնունքի, հարսանիքի ու թաղման արարողնությունների գինը: Հը՞, տհա՞ճ է: Իսկ ի՞նչ ասեն իրական քրիստոնյաները, որոնց արգելում են եկեղեցում վառել դրսից բերված մոմերը:

Եկեղեցու պատերի, խաչերի ու խաչվառների շքեղությունն ուղիղ համեմատական է նրա սպասավորների հոգեկան աղքատությանն ու դատարկությանը: Մի՞թե այդպես էր Քրիստոսը: Ի՞նչ էր պատվիրում՝ բիզնե՞ս անել, եկեղեցապատկան հողերը վարձով տալ սրան նրան, թե հոգալ մարդու մասին, նրա հոգում հավատ ու սեր ջերմացնել…չնայած երևի հետամնաց բաներ եմ ասում: Մեր այս զարգացած օրերում ինչ հավատ ինչ բան:

Պարզապես, եթե արդեն Պատրիարքարանն է իր հողերը վաճառում, ապա Քրիստոսը վաղուց է հեռացել այնտեղից:

Գրված է, եթե Աստծուն չտեսար հասարակ աղքատի մեջ, ապա էլ ոչ մի տեղ չես տեսնի:

Ցավով վերահաստատում եմ Րաֆֆու խոսքերն առ այն, որ «մենք երբեք լավ եկեղեցի չենք ունեցել, այլ միայն անձնազոհ եկեղեցականներ»:

Տե՛ր, գիտես, որ Քեզ ուղղված մի աղոթք ունեմ միայն, մի գայթակղիր և փրկեա մեզ հոգևորականներից:

Իսկ որպես վերջաբան, հիշենք մեծն Թումանյանի տողերից՝

Եվ աստվածները նըրանց զանազան,

Եվ սուրբերը խիստ, խըտրող ու դաժան։

Տեսավ՝ ուտում են ամենքն ամենքին.

Ամեն հայրենիք՝ իրեն զավակին,

Եվ իր պաշտողին՝ ամեն մի աստված…

Աստված պահապան բոլորիս

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *