Հայաշխարհ

Հայ-թուրքական Երկխոսության Տողատակում

Արայիկ Մկրտումյան

Այս երկխոսությունը պետք է լինի մեր առաջին լուրջ քայլը հայոց ցեղասպանության թրքական առերեսման ճանապարհին։

Երկխոսություն, ոչ թե բարեկամություն, կամ ինչպես ոմանք են սիրում կրկնել՝ «ախպերություն»: Իսկ խոսել՝ չի նշանակում բարեկամանալ: Սա պարզ է: Պարզ է նաև այն, որ մենք եկանք հասանք այն վիճակին, որ ուզած-չուզած պիտի խոսենք: Ցավոք, սա էլ է պարզ:

Իսկ հիմա անցնենք կարևորին:

Ինչպես բոլորս գիտենք, ընթանում է հայ-թուրքական բանակցությունների նախապատրաստում և այդ ֆոնին հին ցավն ու նոր վիշտը միախառնվում են իրար: Ակտիվանում են նաև պղտոր ջրում ձուկ որսել սիրողները, որոնք ասում են, թե տեսեք ձեր որդիների արյունը վաճառում են: Այդ պղտոր ջրի սիրահարները երազում են, որ ջուրը միշտ պղտոր լինի, որովհետև այնտեղ ձուկ որսալը հեշտ է, որովհետև շահ կա ու այդ շահի համար կարող են օգտագործել ժողովրդի ամենանվիրական զգացումներն ու ամենանուրբ լարերի հետ խաղալ:

  • Բայց նախ եկեք հասկանանք, թե ինչ է ընդհանրապես նշանակում հայ-թուրքական երկխոսություն: Մենք ուզո՞ւմ ենք դա: Թուրքերն ուզո՞ւմ են: Ու այնպես չէ, որ եթե մենք ասենք եկեք բանակցենք, թուրքերն իսկույն ասելու են այո, եկեք: Ո՛չ: Սա մեծ, շատ մեծ հարց է, որ մեկ երկու օրում չի կարգավորվելու (եթե ընդհանրապես կարգավորվելու է):

Կան բազմաթիվ հարցեր, որոնք հարկավոր է հաշվի առնել այդ երկխոսությունը նկատի ունենալիս: Որովհետև մենք չենք մոռացել, թե ովքեր են թուրքերը ու այնքան միամիտ չենք, որ հավատանք, թե կարելի է ուղղակի խոսքով եղբայրանալ մեկի հետ, որի համար իդեալական աշխարհն այն է, որտեղ հայեր չեն ապրում: Մենք միամիտ չենք, ոչ էլ՝ հիմար: Թուրքերն էլ միամիտ ու հիմար չեն: Հայ-թուրքական հարաբերությունները մշտապես արյամբ հեղված են եղել և հիմա, երբ խոսք է գնում հարաբերություններ հաստատելու կամ երկխոսության մասին, հասկանալի պատճառով մարդիկ վրդովում են, որովհետև մի տարի է անցել ինչ Արցախի մեծ մասը կորցրել ենք և Եռաբլուրում ավելացել են հազարավոր շիրիմներ:

Եկեք հասկանանք, թե մենք ինչ ենք ուզում: Շրջափակումն անշուշտ պիտի վերացվի, դա միանշանակ է: Մենք այլևս չենք կարող ապրել այսպես կիսախեղդ վիճակում: Բայց ինչպե՞ս: Զիջելով ու մոռանալո՞վ, իհարկե ոչ: Ցեղասպանությունից հրաժարվելո՞վ, ոչ և կրկին անգամ ոչ: Խելացի լինելու դեպքում մենք կարող ենք այս բանակցություններն այնպիսի ծանր բեռ դարձնել թուրքերի համար, որ նրանք ինքնակամ շատ զիջումների գնան: Իսկ դրա համար հարկավոր է խիստ աչալուրջ լինել, շատ ուշադիր:

Հայ-թուրքական հարաբերությունները նույնիսկ եթե փորձեն կարգավորվել, բազմաթիվ քաղաքական, տնտեսական, հոգեբանական բացեր կան, որոնք շատ երկար ժամանակում պիտի լուծվեն: Մենք ոչ թե պիտի տագնապենք, որ երկխոսելու ընթացքում մոռանալու ենք ու զիջելու, այլ պիտի հասկանանք, որ երկխոսելու դեպքում մենք առաջադրելու ենք ու պահանջելու: Մենք վաղուց պիտի նման կերպ անեինք: Մի անգամ նույնիսկ բավական առաջընթաց էր սկսվել: Երևի բոլորն էլ հիշում են, որ նախատեսվում էր հարաբերությունների կարգավորման արձանագրություններ ստորագրել, բայց ի վերջո ամեն ինչ այնպես ձգձգվեց, որ ի վերջո այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. «Չեք ստորագրո՞ւմ, գրողին ստորագրեք»:

Հիմա մենք կանգնած ենք բավական լուրջ առաջադրանքի առջև: Ինչպե՞ս չտապալել այդ երկխոսությունը և միաժամանակ չվնասել ինքներս մեզ:

Իշխանությունները, կարծում եմ հասկանում են, թե որքան նուրբ հարց է և որ անհրաժեշտ է չշտապել և սխալներ թույլ չտալ: Մենք սիրում ենք շտապել և այդ պատճառով էլ միշտ ուշանում ենք ամեն ինչում: Հիմա իրավունք չունենք շտապելու կամ էմոցիային տրվելու:

Այն բոլոր սուբյեկտները, որ լավ հարստացել են հայ-թուրքական հարաբերություններ շահարկելով, մի ձեռքով մոմ են վառել եկեղեցում, իսկ մյուսով քանդել են Հայաստանը, նրանք թող չոգևորվեն: Նրանք, ովքեր մշտապես ասել են, թե պետք չէ երկրում լարվածություն առաջացնել, որովհետև թուրքը նայում ուրախանում է, իրենք պակաս ուրախ չէին, երբ կրքեր բորբոքելուց հետո անցնում էին փող աշխատելու «հայրենասիրական պրակտիկային»՝ անունը դնելով հանուն հայրենիքի: Բիզնեսմեն գեներալները՝ վկա:

Իսկ թուրքերը շատ ավելի մտահոգություններ ունեն քան մենք ենք կարծում: Ոչ ոք թող չմտածի, որ թուրքերի վիճակը հրաշալի է: Էրդողանը կարողացել է հարաբերությունները փչացնել բոլորի հետ իր կայսերապաշտական հակումների համար և նա էլ գիտի, որ մենք բանակցությունների գնալու ենք հստակ պահանջներով: Թուրքերը գիտեն իրենք ով են, մենք էլ չենք մոռանում:

Հայ-թուրքական երկխոսություն ասվածը միակողմանի չէ: Թուրքերն իրենք դեռ պիտի ապացուցեն, որ կարողանալու են դրա տակից դուրս գալ: Ինչո՞ւ ենք մենք կարծում, որ մեր պատվիրակությունները համաձայնվելու են ու ասեն այո ամեն ինչին:

Ինչ վերաբերվում է այն բանին, որ թուքերի հետ առևտուր անելու մասին հնչում են կարծիքներ, որ դա դավաճանություն է, ուրեմն գնացեք տուն և ձեր զգեստների մի մեծ մասը, ափսե լվանալու հեղուկները, և բազմաթիվ այլ իրեր նետեք դուրս, որովհետև դրանք թուրքական են: Հայաստանն ամեն տարի մոտ 200 մլն ԱՄՆ դոլարի ապրանք է բերում և մանրածախ շուկաներում վաճառում, դա ինչ է առևտուր չէ՞: Կամ, որ տուրիստականները կազմակերպում և տանում են Անթալիա հանգստանալու: Դա առևտուր չէ՞: Հասկանո՞ւմ եք, առևտուր անել թուրքերի հետ, գնալ Թուրքիա հանգստանալու, բայց դավաճանություն համարել բանակցությունները՝ նշանակում է, որ այդ մարդիկ կամ լավ չեն հասկանում, կամ էլ…թուրքի հետ առևտուրը դավաճանություն է միայն այն դեպքում, երբ իրենք օգուտ չունեն:

Մայրաքաղաք Երևանի շատ թաղերի բնակիչներ շատ լավ գիտեն, որ հայրենասիրություն խաղացող մի քանիսին են պատկանում շատ առևտրի կետեր ու տարածքներ, որտեղ վաճառվում են թուրքական ապրանքներ: Կառավարությունն արգելե՞ց ներմուծումը: Հետո՞ ինչ: Միևնույն է ապրանքը գալիս է: Դրա մասին է պետք մտածել: Այդ երկակի ստանդարտների:

Իսկ բանակցություն՝ չի նշանակում արյուն վաճառել: Ոչ ոք երբևէ չի կարող մոռանալ ո՛չ ցեղասպանությունը, ո՛չ Առաջին Հանրապետությունը, ո՛չ Սարդարաբադը, ո՛չ Արցախյան պատերազմները:

Այս երկխոսությունը պետք է լինի մեր առաջին լուրջ քայլը հայոց ցեղասպանության թրքական առերեսման ճանապարհին։

Թուրքիայում մի ողջ սերունդ մեծանում է կեղծ պատմությամբ ու կեղծ անցյալով: Մենք պիտի կարողանանք քանդել այդ շղթան, հակառակ դեպքում կունենանք մշտապես արյան ծարավ մի կայսրություն: Մեր արյանը ծարավ:

Իսկ նրանք, ովքեր սիրում են այդ ամենի վրա բիզնես անել, կտխրեն իհարկե, որ եկամուտը քչանում է:

Ասում եք թուրքի հետ առևտուր չանե՞լ Է մի արեք: Թուրքական զգեստ հագած հակաթրքական պահվածը ծիծաղելի էլ չէ՝ տխուր է:

Երկխոսություններ պետք են՝ հստակ, գիտակցված, ազգային ու պետական շահն ընդգծված և պահանջած: Հակառակ դեպքում միշտ կմնանք կուչ եկած՝ «հայրենասիրական» բիզնեսմենների ձեռքում, որոնք իրենք կվաճառեն մեր ցավը, իսկ մեր տառապանքը տոկոսով կտան հենց մեզ:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *