Հերոսը կես֊մարդ, կես֊աստվածն է։ Մարդ՝ բնույթով, աստված՝ ունակությամբ։
Արայիկ Մկրտումյան
Մեզանում այսօր հերոս բառն օգտագործվում է ավելի շատ, քան երբևէ: Ինչպես նաև վեճ ու կռիվ, թե ով է հերոս, իսկ ով՝ ոչ: Ոմանք հերոսներ են համարում զոհվածներին, ոմանք՝ գերիներին: Ոմանք էլ հերոս են համարում ներկա ու նախկին իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների: Շատերը համաձայն չեն այդ ամենի հետ և հերոս համարում են բացառապես 1800-ականների երկրորդ կեսերին պայքարած ֆիդայիներին, իսկ ոմանք էլ՝ Գարեգին Նժդեհին, Վազգեն Սարգսյանին: Իհարկե անհամաձայնություն կա նաև այս դեպքում: Կան մարդիկ, ովքեր հերոս են համարում Վազգեն Սարգսյանին և Նժդեհին, կան մարդիկ, ովքեր հերոս են համարում Վարդան Մամիկոնյանին…Մի խոսքով այսօրվա Հայաստանում հերոսների բավական խայտաբղետ ցանց կա ու ոչ մի դասակարգում, թե ինչ չափանիշներ է պետք կիրառել հերոսի նկատմամբ:
Հերոս եզրույթը նշանակում է մարդ, ով կանգնած է հնարավորի ու անհնարի սահմանագծում: Հերոսը նա է, ով կարողանում է անել այն, ինչը չի կարող ուրիշ ոչ ոք: Նրա գործողությունները անչափ կարևոր են, վճռական: Հերոսն ինքն իրենով դառնում է առանձին երևույթ, առանձին հոգեբանություն:
Հերոսների մասին պատմությունները գալիս են դեռ ամենահնուց: Կարող ենք վերցնել օրինակ Գիլգամեշի պատմությունը, Նոյի առասպելը: Այս դեպքերում հերոսները ոչ թե ռազմական մարդիկ են և հանդես են գալիս ռազմական ոլորտում, աչքի են ընկնում ռազմավարական ու մարտավարական գործունեությամբ այլ ունեն ավելի խորը էություն: Գիլգամեշը գնում էր անմահական խնձորի և բացարձակ ճշմարտության, իմաստության հետևից, Նոյը՝ փրկեց մարդկության վերջին մասնիկներն ու նրան նոր կյանք ու նոր հնարավորություն տվեց:
Հետագայում, մարդկության զարգացման հետ նաև էապես սրվեցին ռազմական հարցերը, քանի որ առաջացած բազմաթիվ մեծ ու փոքր երկրները կարիք ունեին ռազմական առումով ապահովել իրենց տարածքը, ուստի առաջին պլան էր մղվում ռազմական կերպարը: Հասարակությունների ռազմականացման հետ մեկտեղ որոշակի փոփոխությունների էր ենթարկվում նաև մարդկային մտածողության տրամաբանությունն ու սկզբունքները: Հին դիցարաններում առաջանում էին ռազմի աստվածներ: Կոպիտ ասած ռազմական ոլորտի պատասխանատու կերպարներ, ովքեր տանում էին Գերագույն գլխավոր հրամանատարի դերը: Հետաքրքիր է և այն, որ հեթանոսական պանթեոնների լիակատար ձևավորումից առաջ գոյություն ուներ ստորին դիցարան ասվածը: Ստորին դիցարանը կարելի է համարել նախահեթանոսական շրջան, երբ բոլոր աստվածները չար էին: Մարդիկ նրանցից վախենում էին և նրանց զոհեր էին մատուցում, որպեսզի վերջիններս խնայեն իրենց և վնասներ չտան: Այդ ժամանակաշրջանում մարդկային հասարակությունը հերոսներ չուներ: Չկար որևէ ոլորտ, որտեղ մարդը կարող էր հերոսանալ: Նա ապրում էր խեղճ և համեստ առօրյայով, իսկ բնության արհավիրքները բացատրել չկարողանալու պատճառով նրանց տալիս էր անբացատրելի և անմեկնելի կարգավիճակ: Հնարավորություն չկար պայքարելու ու հաղթելու: Դա մարդկության հեզության ժամանակաշրջանն էր:
Զարգացմանը զուգահեռ մարդը սկսեց ավելի ու ավելի շատ ազդել իր, իր շրջապատի վրա: Այն պահից սկսած, երբ նա կարողացավ փոխել ինչ որ բան, նա սկսեց տիրապետել, նա սկսեց հաղթել: Դարերի ընթացքում նա սկսեց նշաձողեր սահմանել հնարավորի ու անհնարինի մեջ: Առաջացան անհնարինի ֆունկցիաների կատարող աստվածները և սովորական մարդիկ, ովքեր դեռևս չէին կարող մարտահրավեր նետել աստվածներին, բայց արդեն կարող էին հարաբերվել նրանց հետ: Այդ դաժան հարաբերությունները կարգավորելու նպատակով առաջացավ կես-մարդ, կես-աստվածը՝ հերոսը՝ ով մարդ էր իր բնույթով և աստված՝ իր կարողություններով:
Հետագա ժամանակներում, գիտության ու տեխնիկայի զարգացմանը զուգահեռ, փոխվեց նաև մարդու և աստվածների հարաբերությունները: Մարդը քիչ քիչ ավելի անկախ էր դառնում և հերթով խլում էր աստվածներից նրա գործառույթները: Փոխվում էր նաև հերոսի կերպարը: Քանի որ աշխարհում առաջինն ու ամենակարևորը ռազմականն էր մնում, հերոսն առավելապես սկսում էր գործել ռազմական դաշտում: Առաջանում էր հերոսների նոր դասակարգ: Հին հունական առասպելաբանությամբ մարդկային 5 դարերից մեկը՝ հերոսների դարն է: Նրանք բոլորն էլ պայքարում են չարի ու դժբախտության դեմ և որպես կանոն՝ զոհվում ու անմահանում: Ի դեպ, երբ ուշադրություն ենք դարձնում տարբեր ժողովուրդների էպոսներին՝ հերոսապատմանը, գլխավոր հերոսի ճակատագիրը ողբերգական է: Մեծ մասամբ այդ հերոսի վերջը շատ դաժան է լինում, մահվան կամ հավերժ բանտարկման երևույթներով: Այդպես է Վիլհելմ Թելը, այդպես է Սասնա Ծռերը, այդպես է Սկանդինավյան առասպելաբանությունը, այդպես է հունական, սլավոնական դիացաբանությունը: Հերոսի ճակատագիրը մեկն է՝ պայքարել ու զոհվել:
Հերոսի, մշտապես զոհվելու կամ ծանր ճակատագիր ունենալը գալիս է դեռ նախապատմական և նույնիսկ նախաժամանակներից, երբ մարդը ստիպված էր խնդրելու, հարմարվելու և համաձայնվելու: Նրա դաժան կյանքը, որից միայն հեռավոր հիշողություններ են մնացել այն էլ միայն գիտնականների մոտ, հերոսներին դարձրեց այդ կյանքի դեմ պայքարելու միջոց:
Բայց անցան ժամանակներ և գիտությամբ զինված մարդը, ըստ էության սկսեց հրաժարվել աստվածներից և սկսեց պայքարել ինքն իր դեմ: Աստվածների հետ վերացան նաև հրեշները և մարդու համար հերոսը ոչ թե նա էր, որ պայքարում էր առասպելական հրեշի այլ մեկ ուրիշ մարդկանց դեմ: Բնականաբար փոխվում էր նաև հերոսի տրամաչափը: Հերոսն արդեն հիմնականում ռազմական գործիչ էր, ով կարողանում էր ոչ թե փրկել, այլ ավելի շատ սպանել: Մարդիկ այլևս աստվածների ու հրեշների դեմ չէին պայքարում՝ այլ միմյանց: Ուստի հերոսն էլ սկսեց պայքարել մարդու դեմ:
Ինչքան զարգանում էր մարդկությունը, այնքան ավելի էր փոխվում ու փոքրանում մարդու պատկերացումն աշխարհի նկատմամբ և փոքրանում էր հերոսի նկատմամբ սպասելիքները: Ի վերջո հերոս ասվածը սկսեց որոշակի ֆունկցիաներ չունենալ, այլ դարձավ դեպքերի հիմնական ժամանակում գործող կերպարը: Ֆինանսերի և մնացած այլ ժամանակակից երևույթների շրջանում հերոսի պահանջ էր ներկայացնում նաև ֆինանսական հսկան:
Առանց հակառակորդ մնացած հերոսը դառնում էր ավելորդ հասարակության համար:
Հիմա՝ մեր օրերում և հայկական իրականությունում մենք առավելապես հերոս կոչում ենք ռազմական գործիչներին, ռազմական ակնառու հաջողություններ գրանցած մարդկանց՝ օրինակ Դավիթ Բեկը, Մխիթար Սապարապետը, այնուհետև Գարեգին Նժդեհ և նրա հետ միաժամանակ նաև այդ շրջանի այլ կերպարներ՝ Արամ Մանուկյան, Դրաստամատ Կանայան, Նեմեսիսի գործիչները:
Խորհրդային շրջանում ըստ էության հերոսի կերպարը ռազմականից դարձավ նաև տնտեսական բնույթի կրող: Առաջացան սոցիալիստական աշխատանքի հերոսներ օրինակ:
Այնուհետև մենք հերոսներ ունեցանք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ: Այդ ժամանակ առաջին անգամ մենք սկսեցինք ունենալ նաև ազգային հերոսներ: Ազգային հերոսների մեջ մտան ոչ միայն ռազմական գործիչները, այլև մտավորականներ, ինչպես օրինակ Վիկտոր Համբարձումյանը, Շառլ Ազնավուրը, գործարարներ՝ Ալեք Մանուկյանը, Էդուարդո Էռնեկյանը, ինչպես նաև ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն 1-ը:
Կոնկրետ 1991թ. սկսած հերոս սկսեցին կոչվել հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդիկ: Նրանց մեծ մասը Արցախյան ազատամարտիկներ էին: Հերոսներ ունեցանք նաև 2016. Քառօրյա պատերազմից առաջ, ընթացքում և հետո: Ազգային հերոսներ ունեցանք 2020թ. հուլիսյան դեպքերի և 44 օրյա պատերազմի ժամանակ:
Հիմա բազմաթիվ կամավորականներ և զինվորականներ հերոս են կոչվում, ընդ որում շատ է այնտեղ նաև քաղաքական տուրուդմբոցը: Մեծ վեճ առաջացավ նաև այն առումով, թե գորի ընկած զինվորները հերոսներ են թե ոչ:
Օրինակ հարց՝ Էդուարդո Էռնեկյանը՝ արգենտինահայ մեծահարուստ և որոշ տեղեկությունների համաձայն նաև բարերար, ունի ՀՀ ազգային հերոսի կոչում: Նա հերո՞ս է թե ոչ:
Ո՞վ է հերոսը:
Իմ կարծիքով նման հարց չպետք է ընդհանրապես ծագեր: Չպետք է նաև լիներ մի իրավիճակ, երբ հանրությանը հայտնի զոհված զինվորը համարվեր հերոս, իսկ համեմատաբար քիչ հայտնիները և ոչ հայտնիները՝ անտեսվեին:
Սա շատ բարդ ու ոչ միանշանակ թեմա է:
Ու հիմա մի իրավիճակ է ստեղծվել, երբ մի գծի վրա են հայտնվել հայոց համար զոհված տղաները, հարուստ բիզնեսմենները, քաղաքական նախկին ու ներկա դեմքերը, բազմաթիվ անհասկանալի մարդիկ: Ու նրանց բոլորին կոչում են հերոս:
Եվ այսպես՝ ո՞վ է հերոսը:
Կարելի է ասել, որ բոլոր նրանք, ովքեր հանուն Հայաստանի ինչ որ լավ բան են ասում: Ինձ թվում է, որ մենք չափից ավելի պահանջկոտ ենք և չափից ավելի կասկածամիտ: Գուցե այդ է պատճառը, որ մենք այդքան քիչ ողջ հերոսներ ունենք: Գուցե այդ է պատճառը, որ մեր բոլոր հերոսները մահացած են: Որովհետև մենք կարողանում ենք զարմանալի արագությամբ փչացնել ու ավերել բոլոր տպավորությունները: Մենք հերոս չենք պահանջում, այլ՝ նահատակ: Մենք ոչ թե հերոս ենք պահանջում, այլ՝ կիսաստված, մաքրամաքուր և անսխալական մի իդեալի, ով աստծո պես հզոր է, աստծո պես անսխալական: Մենք հերոսից պահանջում ենք ամեն ինչ և չենք հանդուրժում փոքր ինչ սխալ, վրիպում: Մենք հերոսին կարող ենք մեկ վայրկյանում դարձնել սատանա և ամեն փչացած կարիերիստի՝ մեկ վայրկյանում դարձնել հերոս, նրան երկրպագել, ուռեցնել փուչիկի նման, իսկ հետո ատել: Մենք այդպես ոչ միայն կորցնում ենք մեր հերոսներին, իրական հերոսներին, այլև կորցնում ենք հավատը նրանց նկատմամբ: Մեզ թվում է, թե նրանք այլևս չկան, կամ կեղծ են:
Մենք շատ հեշտ ենք հրաժարվում մեզնից, մեր հերոսներից:
Իրական հերոսներ կան այսօր: Բազմաթիվ: Սկսած անդուլ աշխատող լուռ ու համեստ գիտնականից մինչև երիտասարդ զինվոր, ով իր կյանքը տալիս է Հայաստանի համար:
Հերոսներին բնորոշ գիծը նաև համեստությունն է: Այն ինչ մենք համարում ենք հերոսություն, նրանք անվանում են՝ պարտականություն:
Մենք այսօր ունենք նաև, այսպես ասած ծալովի, գրպանի հերոսներ: Նրանք հիմնականում ներկայանում են որպես պատերազմի մասնակից և աշխատում որքան հնարավոր է թանկ վաճառել իրենց արածը: Մենք այսօր ունենք գովազդային հերոսներ, որոնց հերոս դարձնում են և նաև ունենք պահանջատեր հերոսներ, ովքեր փորձանք են դառնում հենց նույն ժողովրդի գլխին: Բազմաթիվ վիճելի կերպարներ կան, որոնց հերոս են անվանում, բայց և ովքեր խրված են կամ էին բազմաթիվ քրեական ու կոռուպցիոն մութ ու կասկածելի գործարքներում: Նրանք հերո՞ս են թե ոչ: Անկախ, թե ով ում ինչքան է բրենդավորել:
Մենք ստիպված ենք խոսել այս ամենի մասին, որովհետև այսօր այնքան «հերոսներ» ունենք, որ արդեն չես հասկանում, թե հերոսն ինչ է, և կարող է հերոսացվել, իսկ ով՝ ոչ:
Հերոսը մարդն է: Մարդը կարող է մի պահ վախենալ, սխալվել, բայց ուղղել իրեն, կայունանալ ավելի ուժեղանալ համարձակություն հավաքել և ողջ ուժի կուտակման մեկ վայրկյանում՝ հերոսանալ: Դա նրա աստեղային ժամն է: Ինչպես անհատ մարդիկ, այնպես էլ ողջ ժողովուրդներ կարողանում են ի մի բերել իրենց ողջ ներուժը և մեկ վայրկյան հերոսանալ, լուսավորել իրենց ներկան ու ապագան:
Մենք պահանջում ենք, որ հերոսները հերոս լինեն օրը 24 ժամ: Ստեֆան Ցվայգը գրում է, որ ոչ մի արվեստագետ օրը 24 ժամ արվեստագետ չէ: Նրա ապրած հազարավոր ժամերից միայն մի ժամի մի ակնթարթն է լուսավորվում ու պայթում ու նա, ոգեշնչված դրանից, ստեղծում է այն, ինչն ապրում է դարեր: Եվ ինչպես այդ մեկ վայրկյանը կարող է մի քանի դար արժենալ, նույն կերպ էլ բազմաթիվ դարեր կարող են աննպատակ ու անարժեք անցնել:
Ամեն մարդ ու ժողովուրդ, երբ կուտակում է իր ներքին ուժը, նպատակը, ցանկությունը, մոլեգնելու մի պահի ծնված հախուռն կատաղության ու ստեղծագործ ըմբոստացման միաձուլման վայրկյանին հասարակ հողագործը, բժիշկը, գիտնականը դառնում են անցյալի ու ապագայի հատման կետը և այդ սրբազան ներշնչանքով ծնված բախման պայթյունում ծնվում է հերոսը: Ահա նա է հերոսը: Ոչ ոք օրը 24 ժամ հերոս չէ: Նա հերոս դառնում է և հենց այդ վերափոխման սքանչելի վայրկյանն է հիացնում, երբ սովորական երիտասարդը վերածվում է անզսպելի մի ուժի:
Ժողովուրդը, ինչպես ամեն մի ստեղծագործ երևույթ, հրում ու մերժում է ցանկացած կեղծիք: Նա իր ոգով, բայց ոչ դեմքով է ճանաչում իր հերոսներին: Ինչքան էլ գովազդեն, այդ պահին հերոսի պիտակ կախեն տարբեր մարդկանց վզից, միևնույն է, ժամանակը զտում է, քամուն է տալիս դարմանն ու փոշին և տակը թողնում միայն ամենամաքուրն ու ամենաարդարը: Հենց այդ պատճառով է նաև, որ Մովսես Խորենացու ժամանակ «սուրբ հայր» հորջոջված բազմաթիվ կեղծ եկեղեցականների ժամանակը սրբել և անհետացրել է: Հենց այդ պատճառով է, որ բազմաթիվ կեղծ զորավարներից ու կեղծ հերոսներից միայն առանձին կերպարներ են դիմացել ժամանակի ու պատմության փորձությանը: Ժամանակն է չափել նրանց արածն ու չարածը և ժողովուրդն է որոշել, թե նրանք հերոս են թե ոչ:
Հիմա խառը օրեր են: Թացն այրվում է չորի հետ: Բազմաթիվ կասկածելի հերոսներ են ի հայտ գալիս, բազմաթիվ իրական հերոսներ են մնում մոռացման փլատակներում: Բայց ամենազոր ժամանակը մրրկելու է բոլորին և դիմանալու են միայն իրականները: Հարյուր տարի հետո անգամ չեն էլ հիշվելու այսօրվա կիսատ պռատ անձինք, որոնց քաղաքական շահը հերոսի զգեստ է հագցրել, մնալու են հասարակ զինվորը, գիտնականը, բժիշկը: Եթե նրանյց անուններն էլ մոռացվեն, ապա նրանց էներգիան կկուտակվի նրանցից որևէ մեկի կերպարում: Չէ որ հերոսները չեն սիրում պարծենալ: Նրանք հերոս են նաև իրենց լռությամբ: Հերոս են, որովհետև լուռ աշխատանքն ամենադժվարն է, որովհետև լռելն ընդհանրապես դժվար է:
Շատերն են այսօր «հերոսանում», բայց եզակիներն են նրանցից մնալու հիշվելու: Ժամանակը ջնջելու է բոլոր կեղծ կերպարներին ու մեկօրյա հերոսներին:«Որովհետև շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված»:
Բավականին կարևոր և օրահունչ խոսույթ է սկսում հեղինակը, ինչի համար շնորհակալություն: ՀԵՐՈՍ հունարեն բառ է, որ նախնական իմաստով նշանակում է երկրածին: Անշուշտ, ինչպես նշում է հոդվածագիրը, կան բազմաթիվ հատույթներ (գրական հերոս, ազգային հերոս, ժամանակի հերոս և այլն): Նախ՝ ՀԵՐՈՍԻ սահմանումը պետք է տալ, նրա ընկալումը հստակեցնել, որ հաջողությամբ արված է մեր մատենագրության մեջ. այնտեղ երբեք ՀԵՐՈՍԸ շփոթված չէ ՍՐԲԻ կամ ԽԻԶԱԽԻ, ԱՆՍԽԱԼԱԿԱՆԻ կամ ԲԱՐԵԳՈՐԾԻ հետ: Երկրորդ՝ հերոս ԿՈՉԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ պետք է գիտակցել – ո՞վ իրավունք ունի ՀԵՐՈՍԻ, այն էլ՝ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍԻ կոչում տալ. դա բացառապես ազգի իրավունքն է, որն ամենևին մեկ սերնդով չի սահմանափակվում: Այսինքն՝ ժամանակից անդին գոյող ազգի իրավունքը որևէ անհատ, նույնիսկ հանճարեղ, իրավունք չունի ուզուրպացնելու: Հերոսը, որպես պետության ղեկավար մարմնի կողմից տրվող ԿՈՉՈՒՄ, խայտառակ մնացուկ է խորհրդային ամբողջատիրական մտածողության ու աշխարհընկալման: Հերոսի ծագումնաբանության լավագույն ուսումնասիրությունը, ըստ իս, Ջոզեֆ Քեմբլի «Հազարադեմ հերոսը» գիրքն է (ցավոք, հայերեն թարգմանությունը չկա այդ հետազոտության):
Եթե մենք ուզում ենք մի կողմից՝ «ժառանգությունից փախչող» չլինել (ինչպես Պատմահայրն է որակում), և մյուս կողմից՝ վերջապես լինենք ժամանակակից պետական ազգ, ապա նախ պետք է առանց էմոցիաների մեզ համար պարզենք, թե ինչն ենք կոչում ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ, ճշտենք բառ-հասկացության սահմանները, որից հետո նոր միայն այդ հերոսությունը կատարողին կարող ենք մեր գիտակցականի ու ենթագիտակցականի մակարդակներում ընկալել ու ամրակայել որպես ՀԵՐՈՍ: Այսինքն՝ մեր ճգնաժամը տվյալ դեպքում ԱՐԺԵՔԱՅԻՆ է, ՀՈԳԵՎՈՐ է:
Այսպիսի խոսույթի բացումն ինքնին շատ կարևոր է, ինչի համար շնորհակալություն հոդվածագրին: