Մեզ անհրաժեշտ են ահռելի ֆինանսական, ու վաղուց թերեւս կադրային ու մասնագիտական առավելություն ստացած Ադբեջանին այդ տիրույթում հակադրելու ասիմետրիկ լուծումներ:
Հակոբ Բադալյան
Մեկ անգամ չէ, որ խոսվել է սփյուռքի կարևորության ու նրա ամրության, կայունության ծայրահեղ անհրաժեշտության մասին: Սփյուռք ասվածը ոչ թե հուզական ելևէջներում տեղավորվող հետաքրքիր ու ռոմանտիկ ասք է, որի մասին պետք է երգել և երազել, այլ քաղաքական-տնտեսական հզոր ուժ: Բայց ամեն մի ուժ կարող է թուլանալ, փչանալ, եթե ժամանակին հոգ չտարվի նրա մասին: Կացինն անգործությունից է ժանգոտվում:
Մենք այս պահին լրջագույն խնդիրներ ունենք հայկական սփյուռքի հաշվով: Տարիներ շարունակ սփյուռքը երկու ընկալում է ունեցել հայկական հասարակությունում: Առավել ստվար զանգվածը սփյուռք ասելով հասկացել է ցեղասպանությունից փրկվածների սերունդներ, որից այնքան է հեռացել, որ մինչև հիմա տարօրինակ են նայում երևմտահոյ լեզվական ոճին, իսկ մյուս ու փոքր հատվածը սփյուռքն ընդունել է կթու կով, որից կարելի է հայրենիքի անունով փող ստանալ: Հայերն աշխարհում իրենց կորցնում են առաջին հերթին ազգային ու մշակութային առումով, որն էլ առաջ է բերում այդ նույն հայերի միջև մշակութային խորթության՝ սոցիալ-կենցաղային մակարդակից մինչև հասարակական-հոգեբանական: Ու մինչ մենք ամբողջովին կորցնում ենք կապը իրականության ու անհրաժեշտության մեջ, ադրբեջանցիներն ու թուրքերը կարողանում են սեփական «գասթերբայթերներին» իրացնել ու նրանցից կազմակերպել ուժեղ սփյուռք, որի զենք ուղղվելու է առաջին հերթին հայերի դեմ:
Սփյուռքի ամերիկյան հատվածի, ավելի կոնկրետ Գլենդեյլի հայ քաղաքապետ ունենալու և միաժամանակ ադրբեջանական սփյուռքում կատարվող իրադարձությունների մասին է կարճ գրառում կատարել քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, որ ներկայացնում ենք ստորև՝
Գլենդելը ունի հայազգի նոր քաղաքապետ: Լավ է իհարկե, ոգեւորիչ, ուրախ պետք է լինել մեր հայրենակցի ու ամբողջ հայության համար, որ այս կարեւորագույն քաղաքային իշխանությունը երկար չմնաց հայերից «թափուր»:
Այդ ընթացքում Ադրբեջանում սփյուռքի համաժողով է: Իհարկե «աշխարհասփյուռ» ադրբեջանցիները հայության հետ համեմատությունից շատ են հեռու, առավել եւս, որ ադրբեջանական սփյուռք ասվածը հիմնականում Ադրբեջանն էլ հենց ձեւավորում է: Բայց, այդ սփյուռքը ձեւավորվում է չափազանց լավ պատրաստված սխեմաներով ու մեխանիզմներով, բավականին պատրաստված կադրերով, ու բավականին կենսունակ դառնում անգամ այն երկրներում, որտեղ մենք դիտարկում ենք ավանդաբար ուժեղ հայկական սփյուռքի գոյություն:
Այդ պրոցեսը բավականին ինտենսիվ շարժվում է առնվազն մեկուկես տասնամյակ: Դրա տակ նավթի ու գազի փողն է, բայց մեզ համար դրանից չի փոխվում այդ մարտահրավերի վտանգավոր էությունը, առավել եւս այն կուսակցական բաժանումների ֆոնին, որ առկա են ու խորանում են հայկական սփյուռքում:
Մեզ անհրաժեշտ են ահռելի ֆինանսական, ու վաղուց թերեւս կադրային ու մասնագիտական առավելություն ստացած Ադբեջանին այդ տիրույթում հակադրելու ասիմետրիկ լուծումներ: Սուբյեկտիվ կարծիքս է, բայց գրեթե համոզված եմ, որ մեր սփյուռքի ավանդական մեխանիզմները ժամանակի ընթացքում դառնալու են ավելի ու ավելի անկենսունակ, ընդ որում օբյեկտիվորեն՝ առաջին հերթին աշխարհաքաղաքական եւ աշխարհակարգային վերափոխումների բերումով: Հետեւաբար, համազգային միասնության անբովանդակ եւ ոչինչ չասող կոչերի փոխարեն, պետք է լրջորեն մտածենք այդ հարցի շուրջ:
Գրառումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։