Իշխանության ամենամեծ սխալը իր գերկենտրոնացվածությունն է, քանի որ իշխանությունը որպես երևույթ ոչ թե դառնում է ինստիտուտ և համակարգ, այլ կենտրոնացվում է մեկ անձի ձեռքում: Իսկ ընդդիմությունն այդ իշխանության դեմ այլևս պայքարի ձև չունի, քան ահաբեկչությունը:
Էդվարդ Անտինյան
1inAM-ի հյուրն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը:
Զրույցի ընթացքում շոշափվել է ՀՀ ներքին քաղաքական դաշտը, Հայաստանի արտաքին քաղաքական վտանգները, ինչպես նաև, թե ինչ է նշանակում ռուս-ուկրաինական պատերազմը և ինչ սպասել այդ ամենից:
Ամենից առաջ Անտինյանը նախ բավական մանրմասնորեն վերլուծեց Հայաստանի ներքին քաղաքական դրությունը: Հատկապես ուշադրություն դարձվեց ընդդիմություն-իշխանություն հարաբերություններին: Անտինյանը հատկապես ընդգծեց այն, որ Հայաստանում թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը շատ ուրախ են այս վիճակից, քանի որ երկուսն էլ միմյանց փոխլրացնում են: Իշխանությունն անընդհատ, ամեն առիթով շեշտում է, որ նախկինները թալանչի են, իսկ ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը ներկայիս սխալների համար:
Ընդհանուր առմամբ Անտինյանը նշեց, որ իշխանության ամենամեծ սխալը իր գերկենտրոնացվածությունն է, քանի որ իշխանությունը որպես երևույթ ոչ թե դառնում է ինստիտուտ և համակարգ, այլ կենտրոնացվում է մեկ անձի ձեռքում: Իսկ ընդդիմությունն այդ իշխանության դեմ այլևս պայքարի ձև չունի, քան ահաբեկչությունը: Իսկ այդ ամենն այնքան էլ անհավանական չէ, քանի որ ներկայիս ընդդիմության ամենակարկառուն անդամները շատ լավ ծանոթ են ահաբեկչությանը: Դա հենց իրենց ձեռագիրն է: Դրան հավելած այն, որ ընդդիմությունը ոչ մի շանս չունի իշխանության գալու: Հիմա ընդդիմությունը ոչ թե փորձում է իշխանության գալ այնպես ինչպես պիտի լինի նորմալ պայմաններում, այլ իրեն համարում է «թուրքին սպանող», այսինքն որոշել է իրեն Սողոմոն Թեհլերյանի տեղը դնել:
Փողոցում հավաքվող մարդկանց Անտինյանը խորհուրդ տվեց գնալ հենց Արցախ ու այնտեղ ապրել և աշխատել, եթե իրոք մտահոգ են: Հայաստանի սահմանները մի քանի հարյուր կիլոմետրով երկարացել են, այնպես, որ մի քանի հազարով թող չհավաքվեն և հայտարարեն, թե պաշտպանում են Արցախը, երբ գործնականում ոչինչ չեն անում:
Անտինյանը վրդոված ասաց, որ Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, բայց երբ նրան հարցնում են, թե ինչ է լինելու, ինչ ենք անելու, նա ասում է գնացեք Նիկոլին հարցրեք:
Անտինյանը քաղաքական մեծ անգրագիտություն համարեց այն, որ ընդհանրապես ասում էին, թե Արցքխը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Դրա փոխարեն Հայաստանը պիտի հայտարարեր, որ ինքը Արցախի ինքնորոշման երաշխավորն է: Դրա փոխարեն Սերժ Սարգսյանն իրեն այնպես պահեց, որ Հայաստանը բոլորի աչքում օկուպանտ դարձավ: Էդվարդ Անտինյանը հատուկ ընդգծեց, որ Ռ. Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրենց գավառամտությամբ հայերին դարձրին ինտելեկտուալ խոպանչիներ, այդ դեպքում, երբ տոտալիատար ԽՍՀՄ-ում հայերն առանձնահատուկ դեր ունեին ու կարողանում էին Մոսկվայից խոշոր գումարներ պոկել և բերել Հայաստան: Իսկ Ռ. Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վերացրին ու փչացրին մի ողջ դարաշրջան:
Էդվարդ Անտինյանն ամեն դեպքում զգուշացրեց իշխանությանը, որ միշտ էլ որևէ դիպուկահար կգտնվի: Նույնիսկ ԱՄՆ նախագահները չկարողացան ապահովել սեփական անվտանգությունը, ուր մնաց այստեղ:
Խոսելով ռուս-ուկրաինական պատերազմի մասին Անտինյանը նշեց, որ այն նաև շատ լավ առիթ է, որ բոլորն իրար ցույց տան, թե ով ինչ է ուզում: Ադրբեջանը հիմա տեսնում է, որ Ռուսաստանն այնքան էլ ուժեղ չէ և փորձում է այս խառը օրերին պոկել ինչ որ հնարավոր է:
Ռուսները ուզած-չուզած պիտի ատամ ցույց տան ադրբեջանցիներին, քանի որ եթե ատամ ցույց չտվեցին, ապա նմանատիպ ատամներ իրենց են ցույց տալու շատ ուրիշ հատվածներում ու մասերում, այնպես, որ ռուսներն այլընտրանք չունեն:
Պատերազմը դեռ չի ավարտվել, նշեց Անտինյանը և հատուկ զգուշացրեց, որ մենք ևս գտնվում ենք ռիսկի ամենածանր աստիճանում:
Մենք այս վիճակում ժամանակ չունենք հիմարություններով զբաղվելու: Ընդիմությունը որքան էլ որ գեղեցիկ ու վեհանձն բառերով ներկայացնի, թե ինչ հրաշալի բաներ է պատրաստվում անել, միևնույն է կա իրականություն, որի հետ հնարավոր չէ հաշվի չնստել:
Ամբողջական տեսանյութը՝