Հայաստան

Հաջողակ Բանակցություն Թե Քարացած Հանդիպում

Միշելը Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո խոսում է այն մասին, որ գործընթացը ներառելու է «բոլոր կարևոր բաղադրիչները», ապա հիմք կա դիտարկելու, որ խոսքը վերաբերում է նաև այն կետին, որ առաջ է քաշում Երևանը, որպեսզի ամբողջացնի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության բովանդակային հասցեականությունը:

Հակոբ Բադալյան

Գերազանց և կառուցողական: Սրանք ԵԽ նախագահ Շարլ Միշելի բնորոշումն է, որ նա տվել է ապրիլի 6-ին Բրյուսելում իր նախաձեռնությամբ տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպմանը: Ըստ ԵԽ նախագահի, իհարկե կա կողմերի դիրքորոշումների և մոտեցումների հարցում դժվարությունների, զգայուն կետերի մեծ շրջանակ, սակայն հանդիպումը նաև առաջընթաց է այդ ամենի մասին խոսելու և համատեղ աշխատանքի ուղիներ գտնելու տեսանկյունից: Միշելը հայտարարությունն արել է ավելի քան 4 ժամ տևած քննարկումներից հետո, ներկայացնելով նաև այդ քննարկումների որոշ մանրամասներ: Միշելը հայտարարել է, որ կողմերը համաձայնել են քայլեր կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության ուղղությամբ: «Այդ գործընթացում շոշափվելու են խաղաղության հավանական համաձայնագրին առնչվող բոլոր կարևոր բաղադրիչները», նշել է Միշելը: Այդ դիտարկումը ուշադրության է արժանի առաջին հերթին այն համատեքստում, որ ի պատասխան խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության առնչությամբ Հայաստանին ներկայացված Ադրբեջանի հայտնի 5 կետերի, Երևանը խոսել էր դրանց ընդունելի, սակայն ոչ ամբողջական լինելու մասին, հայտարարելով, որ Հայաստանի համար ամբողջական հասցեականությունը անհրաժեշտ է դարձնում Արցախի բնակչության իրավունքների և ազատությունների հարցի լիարժեք ներառումը, այդ թվում կարգավիճակի հարցը:

Ըստ այդմ, երբ Միշելը Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո խոսում է այն մասին, որ գործընթացը ներառելու է «բոլոր կարևոր բաղադրիչները», ապա հիմք կա դիտարկելու, որ խոսքը վերաբերում է նաև այն կետին, որ առաջ է քաշում Երևանը, որպեսզի ամբողջացնի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության բովանդակային հասցեականությունը: Միշելը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը համաձայնել են հանձնարարել արտաքին գործերի նախարարներին սկսել աշխատանքը խաղաղության բանակցության նախապատրաստման ուղղությամբ: Միաժամանակ, Միշելը հայտարարել է, թե մինչև ապրիլի վերջ կստեղծվի սահմանագծման և սահմանազատման հարցերի աշխատանքային խումբ, համաձայն 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանը տեղի ունեցած քննարկումների: Այստեղ հատկանշական է այն, որ դեռևս Սոչիից հետո հայտարարվեց, թե այդպիսի խումբ կստեղծվի մինչև տարեվերջ, սակայն այսօր 2022 թվականի ապրիլն է և այժմ ԵԽ նախագահի միջնորդությամբ հանդիպումից հետո հայտարարվում է, որ խումբ կստեղծվի մինչև ապրիլի վերջ: Ո՞րն է դրա երաշխիքը, կամ արդյո՞ք վերացված են այն խանգարող հանգամանքները, որոնք թույլ չտվեցին ստեղծել այդ խումբը մինչև 2021 թվականի վերջ կամ 2022-ի հունվարին: Հարցերը այդ առնչությամբ շատ են և ընդհանրապես, Բրյուսելի հանդիպումից հետո Միշելի արած հայտարարությունները առաջացնում են շատ հարցեր: Մասնավորապես, նաև այն առումով, թե ինչու՞ որևէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի մասին, ինչո՞ւ որևէ կերպ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն ձևակերպումը: Արդյո՞ք դա փոխզիջում է Ալիևին, այն բանի դիմաց, որ նա համաձայնել է խաղաղության բանակցության շուրջ պայմանագրի ուղղությամբ աշխատանքի շրջանակ Հայաստանի բերած կետի ներառմանը՝ Արցախի բնակչության իրավունքների և ազատությունների լիարժեք բաղադրիչ, ներառյալ կարգավիճակի հարցը: Թե՞ Եվրոպայի Խորհրդի նախագահի միջորդական նախաձեռնության շրջանակը ներառում է Հայաստան-Ադրբեջան տիրույթը, իսկ Լեռնային Ղարաբաղի մասը վերապահված է Ռուսաստանին, որի հովանու ներքո գործընթացներում Լեռնային Ղարաբաղ  ձևակերպումը կիրառվում է պարբերաբար: Ասել կուզի, արդյո՞ք Եվրամիությունն ու Ռուսաստանն այդ իմաստով կատարել են «աշխատանքի բաժանում»: Թե՞ Եվրամիությունը այդ կերպ փորձում է «չխառնվել» Ռուսաստանի «մանդատի»  տակ հայտնված դաշտին, այդպիսով զսպելով ՌԴ խանդը Հայաստան-Ադրբեջան տիրույթում Եվրամիության դերակատարության բարձրացմանն ուղղված քայլերի հանդեպ:

Բավականին բարդ է գնահատել խիստ բազմաշերտ և տարածական գործընթացը, որը անկասկած էապես ազդվում է նաև Ուկրաինայում խտացած մեծ դիմակայությունից: «Վստահ եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում մենք կստեղծենք հաղորդակցության հզոր խողովակներ, որոնք թույլ կտան ուսումնասիրել այն ամբողջ առաջընթացը, որն ակնկալվում է առաջիկա շաբաթների ընթացքում», հայտարարել է Միշելը հանդիպումից հետո: Ի՞նչ «հզոր խողովակի» մասին է խոսքը և առաջիկա շաբաթների ինչ քայլերի մասին, որոնք պետք է վերահսկվեն: Եվ ի՞նչ է լինելու, եթե այդ շաբաթների ընթացքում տեղի չունենա այն, ինչ ազդարարել է Շարլ Միշելը: Կա՞ պատասխանատվոության մեխանիզմ, եթե որևէ նկատառումով տեղի ունենա որևէ շեղում կամ խախտում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *