ՄԵՐ ՈՒՂԻՆ

Գիտնական-Մանկավարժ-Բանաստեղծ Հերոսը

Այսօր քանի՞սը կարող են մի կողմ դնել իրենց անձնական նեղ շահերը, լինել ավելի բարձր քան նեղ խմբակային «թայֆայական» հայրենասիրությունը և լինել միաժամանակ լավ մասնագետ, մշակութային գործունեություն ծավալել, լինել զինվոր… ու ամեն տեղ լինել լավագույններից մեկը:


Արայիկ Մկրտումյան

Այսօր Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է: Երևի կարիք չկա բոլորին հայտնի փաստերը նորից կրկնելու: Կրկնելու, որ Թաթուլը հերոս էր: Հավանաբար այն պատճառով, որ Թաթուլն ինքը չափից ավելի համեստ էր, իր արածը հերոսություն համարելու համար և համարում էր իր պարտքը: Այսօր շատերն են իրենց հերոս համարում ու իրենց «հերոսությունը» շատ թանկ գնով վերավաճառում սեփական ժողովրդի վրա: Բայց միայն ոչ Թաթուլը: Պատմաբան-ազատամարտիկը, ով ոչ միայն զենքով էր պայքարում, այլ նաև գրչով ու գիտությամբ: Ով ոչ միայն զինվոր էր, այլև ուսուցիչ:
Թաթուլը մի անգամ Երևանում գտնվելիս ասաց, որ ինքն այլևս Երևան չի գա, որ իրեն կբերեն…բերեցին: Բերեցին, քանի որ իր խոստմանը համաձայն Թաթուլը պահեց Գետաշենը: Նա ասում էր, որ չի կարող գալ օդանավակայանում իջնել ու ասել, որ Գետաշենը տվինք: Արդյո՞ք մենք հիմա հասկանում ենք բառերի ուժն ու իմաստն այնպես, ինչպես որ 90-ականների երդվյալները, որ գնացին պայքարելու իրենց ողջ էությամբ ու հոգու ուժով: Որ գնացին ոչ միայն կրակելու, այլև լուսավորելու, պաշտպանելու, հասկանալու և հասկացնելու:

Դժվար թե: 

Նայելով այսօրվա ճղճղացողներին, դժվար է հավատալ, որ նրանք էին վերցրել Թաթուլի գործը շարունակելու պատիվն ու պարտավորվածությունը:

Դեռ մինչև ճակատ մեկնելը, Թաթուլը ակտիվ ու եռանդուն քարոզչական աշխատանք էր ծավալում: ԵՊՀ-ում սովորելու տարիներին երգում էր «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի խմբում: Մոռացումից փրկել ու մարդկանց է վերադարձրել ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր, հիմնադրել է ազգագրական երգի-պարի խմբակ Կարսը: 

Թաթուլը մեր օրերի նման թքած չուներ սեփական ժողովրդի մշակութային գանձերի վրա: Թաթուլն ինքը պատմաբան էր, ով հայրենիքը սիրում էր ոչ միայն որպես մարդ ու հայ, այլ նաև մասնագիտորեն էր հասկանում ու գնահատում:

Այսօր քանի՞սը կարող են մի կողմ դնել իրենց անձնական նեղ շահերը, լինել ավելի բարձր քան նեղ խմբակային «թայֆայական» հայրենասիրությունը և լինել միաժամանակ լավ մասնագետ, մշակութային գործունեություն ծավալել, լինել զինվոր… ու ամեն տեղ լինել լավագույններից մեկը:

Ժողովրդական առակներում մի միտք է արծածվում, որ Աստված լավերին շուտ է տանում, որովհետև չի ուզում, որ նրանք երկար տանջվեն մեր մեջ: Շուտ է տանում. Քանի որ նրանք այս աշխարհ են գալիս հստակ առաքելությամբ ու առանց վարանելու գնում են այդ առաքելության կատարման հետևից ու երբ կատարում են իրենց գործը, նրանք այլևս չեն վերադառնում, այլ պարզապես հետ են գնում դեպի այն լույսը, որտեղից եկել էին:

Իհարկե ցինիկները կասեն, որ էմոցիոնալ խանգարում է այս ամենը, երբ մահկանացու մարդուն դարձնում ես երևույթ ու տարիների հետ միասին նրան վերագրում էլ ավելի մեծ առաքինություններ ու դարձնում մի կիսաստված:

Բայց ցինիկները հենց նրանով են ցինիկ, որ կարող են քննարկել ու քննադատել և՛ Աստծուն, և՛ զոհին, կարծելով, որ իրենց «գոլ ու պղտոր» ձեռնպահությունը իմաստության և հասունության նշան է:

Այսօր հայկական ֆեյսբուքը լի էր ամեն տեսակ աղտեղությամբ ու փոխադարձ վիրավորանքներով: Տասնյակ հազարավոր օգտատերեր հայհոյում ու պղտորում էին միմյանց արյունը և շատ շատ քչերը հիշեցին, որ այսօր անմահացել է Թաթուլ Կրպեյանը: 

Իսկ չհիշեցին, որովհետև մենք ինքներս մեր ձեռքով կարողացել ենք այնպես արժեզրկել բոլոր բառերն ու գաղափարները, որ Թաթուլի ու իր գաղափարակից-զինակիցների արածը թվում է ինչ որ առասպելական բան: Ու հատկապես այն բանից հետո, երբ 2020թ. ահեղ պատերազմը մեզ զրկեց խոսելու կարողությունից:

Ի՞նչ կասեր այսօր Թաթուլը մեզ: Ես նույնիսկ չեմ ուզում պատկերացնեմ, թե ինչ կասեր նա, ինչ կասեին նրա զինակից ընկերները, երբ մենք այսօր ինչ որ միջազգային իրավունքներ ենք մեջբերում՝ փորձելով տրամաբանորեն հիմնավորել այն, որ Արցախը կարող է նաև Ադրբեջանի կազմում լինել և ունենալ ինչ որ իրավուքներ:

Թաթուլը հավանաբար կաթված կստանար այդ ամենին նայելով ու գուցե վշտից մահանար տեսնելով, որ իրենց պաշտպանած ու ազատագրած Արցախը մենք տասնամյակներով վերածեցինք բիզնես-ծրագրի, որ իր պաշտած հայոց պատմությունը դարձրինք օժիտային դիպլոմի ստատուս, որ իր հավաքագրած ու փայփայած ազգային մշակույթի կտորները դեն նետեցինք ու զբաղված ենք լատինատառ ու ռուսատառ գրելով, կարդալով իրար վրա թքած ունենալու արվեստի մասին: 

Թաթուլը շա՞տ կզարմանար այս ամենից:

Իսկ ինչ կասեր Թաթուլը հայկական կուսակցություններին, որ լեշի վրա հավաքված ագռավի պես իրար են կտցահարում ևս մեկ կտոր փախցնելու համար:

Թաթուլը, ով զոհվեց «Օղակ» գործողության ժամանակ, երբ խորհրդային ջոկատը ադրբեջանցիների հետ համերաշխորեն հայերին էին հալածում, կդառնանար, տեսնելով, որ մենք այսօր էլ ավելի նեղ օղակի մեջ ենք հայտնվել՝ սեփական մտքի անգործության ու հոգու պարապության մեջ:

Ես չգիտեմ, թե ինչ կասեր Թաթուլը՝ տեսնելով, թե ինչպես են ԱԺ-ում «ազգի ընտրյալները» շշերով իրար ծեծում ու մեկը մյուսի կողմնակիցներին զոմբի է համարում, իսկ մյուսը նրան՝ «պիցցայակեր»: Հենց իր ժողովրդին, որի կյանքը փրկելու համար գնաց դեպի անմահություն: Ի՞նչ կարող էր ասել բանաստեղծը այս գռեհկության մթնոլորտին:

Բայց կա մի հարց, որ ավելի է տանջում:

Իսկ մենք այսօր կլսեի՞նք Թաթուլին, թե նրան ևս հայհոյելու էինք ու համարեինք ծախված դավաճան:

Մենք Թաթուլին կորցնելով միայն ազատամարտիկ չենք կորցրել, մենք կորցրել ենք սկզբունք, մենք կորցրել ենք հոգեբանություն և դրվածք:

Այն ինչ թողեցին մեզ Թաթուլն ու իր ընկերները, մենք ինքներս մեր ձեռքով այնպես այլանդակեցինք, որ դրա համար պատասխան տվին մեր հազարավոր եղբայրները 2020թ. ու դրանից առաջ և հետո:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *