Հայաստան

Համաշխարհային Ռազմի Պատմություն՝ 20-րդ Դար

Մաս ութերորդ

Ամերիկա-ֆրանսիական ճակատից դեպի հյուսիս, այսինքն՝ գրեթե ռազմաճակատի կենտրոնում, սեպտեմբերյան հիմնական հարձակումների ժամանակ գործում էր ֆրանսիական 10-րդ բանակը, որի հյուսիսային հարեւանը ֆրանսիական 1-ին բանակն էր:

Արծրուն Հովհաննիսյան

Անտանտի զորքերի ընդհանուր հարձակումը

Դաշնակիցները ոգեւորված էին վերջին հարձակման արդյունքներով, ամերիկացիների օգնությամբ եւ նրանց զորքերի մարտունակության աճով, ինչպես նաեւ գերմանական բանակի թուլացման մասին իրենց հասնող հավաստի լուրերով: Պլանավորվում էր մեկ մեծ միասնական հարձակում: Բրուսիլովյան ճեղքման նման հարձակումը պետք է սկսվեր տարբեր տեղամասերում` մեկօրյա հաջորդականությամբ: Համատեղ հարձակումով պետք է շրջապատվեին գերմանական 7-րդ, 1-ին եւ 3-րդ բանակները: Գերմանական բանակի  վերջին պաշտպանական բնագիծը կոչվում էր Հինդենբուրգի բնագիծ: Ըստ էության՝ օգոստոսից սկսված հարձակումները տեղ-տեղ շարունակվում էին տարբեր մասշտաբներով եւ համարվում էին «հարյուրօրյա հարձակումների» մի մասը:Հինդենբուրգի բնագիծըՀինդենբուրգի բնագիծը

1918թ. սեպտեմբերի 26-ին սկսվեց մեծ հարձակումը: Նախ Հինդենբուրգի բնագծի, ռազմաճակատի հարավային հատվածում հարձակումը սկսեցին դաշնակից ուժերը, որոնք բաղկացած էին ամերիկյան 1-ին, 2-րդ, ֆրանսիական 4-րդ, 5-րդ բանակներից, ինչպես նաեւ օժանդակ այլ ուժերից: Այս հատվածում տեղի ունեցավ մի քանի առանձին ռազմական գործողություն, որոնք բոլորը միասին կոչվեցին Մեց-Արգոնյան ճակատամարտ: Այս հատվածից հարավ կիրառվում էին նաեւ ամերիկյան 1-ին եւ 2-րդ կորպուսները: Հոկտեմբերից ստեղծվեց ամերիկյան 3-րդ բանակը, որը գործում էր հարավային հատվածում: Հարձակումը տեղի ունեցավ երեք փուլով, եւ առաջին նշանակալի հաջողությունն արձանագրվեց հոկտեմբերի 17-ին:Պաուլ ֆոն ՀինդենբուրգըՊաուլ ֆոն Հինդենբուրգը

Սեպտեմբերի 28-ին Հինդենբուրգի գծի հյուսիսային՝ Իպրի հատվածում հարձակումը սկսեց դաշնակիցների բանակախումբը, որի հրամանատարն էր Բելգիայի թագավոր Ալբերտ Առաջինը: Բանակախմբի կազմում էին բելգիական բանակը, բրիտանական 2-րդ եւ ֆրանսիական 6-րդ բանակները: Նրանցից աջ գործում էր բրիտանական 5-րդ բանակը: Այս ճակատամարտը երբեմն անվանում են նաեւ Իպրի հինգերորդ ճակատամարտ:Բելգիայի թագավոր Ալբերտ Առաջինը ռազմի դաշտումԲելգիայի թագավոր Ալբերտ Առաջինը ռազմի դաշտում

Սեպտեմբերի 29-ին բնագծի կենտրոնական հատվածում հարձակումը սկսեց բրիտանական 4-րդ բանակը, որի կազմի մեջ էին մտնում բրիտանական, ավստրալական եւ ամերիկյան ուժեր եւ ֆրանսիական 1-ին բանակը: Այս ճակատամարտը երբեմն անվանում են Սուրբ Քվենտինի ջրանցքի ճակատամարտ: Այս ուժերից հյուսիս գործում էին բրիտանական 3-րդ եւ 1-ին բանակները:

Ամերիկա-ֆրանսիական ճակատից դեպի հյուսիս, այսինքն՝ գրեթե ռազմաճակատի կենտրոնում, սեպտեմբերյան հիմնական հարձակումների ժամանակ գործում էր ֆրանսիական 10-րդ բանակը, որի հյուսիսային հարեւանը ֆրանսիական 1-ին բանակն էր:

Առաջին նշանակալի հաջողությանը հասան բրիտանական 1-ին, 3-րդ եւ 4-րդ բանակները, որոնք արդեն հոկտեմբերի 8-ին Կամբրեի երկրորդ ճակատամարտում կարողացան ճեղքել Հինդենբուրգի գիծը: Հոկտեմբերի 14-20-ը ձեռնարկված հարձակումը գերմանացիներին ստիպեց նահանջել, բայց նրանց քանդած ճանապարհներով հարձակումը շարունակել չհաջողվեց: Հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 5-ը բրիտանական, ֆրանսիական եւ ամերիկյան բանակները նոր ճեղքում իրականացրին:

Սեպտեմբերի 29-ին Անտանտի հետ զինադադար կնքեց Բուլղարիան, հոկտեմբերի 30-ին` Թուրքիան (Բրիտանիայի հետ), նոյեմբերի 3-ին կապիտուլացվեց Ավստրո-Հունգարիան, իսկ նոյեմբերի 11-ին՝ Կոմպյենյան անտառում՝ Ռեդոնտ կայարանում, Գերմանիան:

Առաջին համաշխարհային պատերազմը տեւեց 51 ամիս 2 շաբաթ:

ԱՀՊ-ին մասնակցում էր 33 երկիր, որտեղ ապրում էր 1.5 մլրդ մարդ կամ աշխարհի բնակչության 2/3-ը: Ռազմական գործողությունները տեղի էին ունենում  Եվրոպայում, Ասիայում եւ Աֆրիկայում` մոտավորապես 4 մլն ք/կմ տարածքում: Մոբիլիզացվեց ավելի քան 73 մլն մարդ (Անտանտը` 48 մլն, Քառյակ դաշինքը` 25 մլն): Պատերազմի ժամանակ զոհվեց 10 մլն (չհաշված հայերի Ցեղասպանությունը Թուրքիայում եւ այլ՝ ոչ մարտական զոհերը) եւ վիրավորվեց 20 մլն մարդ: Ռազմական գործողությունները տեղի էին ունենում 2.5-4 հազար կիլոմետր ճակատով:

Ռազմարվեստի մյուս նորությունը ծայրահեղ դաժան քիմիական պատերազմն էր:

ԱՀՊ-ի ընթացքում նոր որակով դրսեւորվեց մարդկային ներուժը: Նոր տեղ տրվեց տնտեսական գործոնին: Անտանտի հաղթանակում կարեւոր դեր ունեցան գաղութները: Պատերազմի տարիներին բանակում ծառայելու եւ գյուղատնտեսությունում աշխատելու համար Ֆրանսիա բերվեց մոտավորապես 1 մլն մարդ:

Սառը զենքը կորցրեց իր նախկին նշանակությունը: Կտրուկ աճեց հրետանու կրակից զոհերի քանակը (կորուստների 75 %-ը): Դա չէր կարելի կանխատեսել նախկին փորձի հիման վրա: Այսպես` ԱՀՊ-ին նախորդած ռուս-ճապոնական պատերազմի ժամանակ հրետանու կրակից զոհերը չէին անցնում 14 %-ից: Եթե մինչեւ ԱՀՊ-ն ավերող ու խոցող միջոցները հրաձգային էին (թնդանոթ, գնդացիր, հրացան), ապա պատերազմի ընթացքում կիրառվում էին նորերը` ինքնաթիռներ, տանկեր, սուզանավեր, զենիթային ու հակատանկային թնդանոթներ, ականանետներ, գազաբալոններ, գազային ու ծխային արկեր, տարբեր այրող միջոցներ, օպտիկական եւ չափիչ սարքեր:

Միլիոնավոր  զորքերի կողմից ծովից ծով կամ ծովից չեզոք երկրի սահման ռազմական գործողությունների վարումը բանակների խմբերի ստեղծման պահանջ առաջ բերեց: Ձեւավորվեցին ռազմաճակատներ կամ այլ կերպ՝ բանակախմբեր:

Գլխավոր զորատեսակ հանդիսացող հետեւակը պայմանավորում էր մարտի եւ ռազմական գործողության արդյունքը: Միաժամանակ գնդերում աճեց գնդացրային վաշտերի ե՛ւ թվակազմը, ե՛ւ քանակը: Հետեւակային զորամասերի կազմում մտցվեցին փոքր տարածությունների վրա մարտ վարելու համար նախատեսված ստորաբաժանումներ, գրոհող խմբեր: Սակայն հետեւակը հարձակվում էր մի բնագծից մյուսը` սպասելով մինչեւ հրետանին առաջ բերի իր կրակադիրքերը, եւ նորից հրետանային պատրաստություն սկսի: Այստեղ շահում էին գումարտակներում սեփական հրետանի ունեցող զորքերը: Հրետանային պատրաստությունն աստիճանաբար դառնում էր կարճատեւ:

Հեծելազորը զիջում էր իր դիրքերը: ԱՀՊ-ի ընթացքում ինժեներական զորքերի տեսակարար կշիռը աճեց 1,5-2 անգամ: 1916թ. վերջին ռուսական բանակում ինժեներական գունդ ստեղծվեց: Այն ուներ երկու գումարտակ` սակրավորական, տեխնիկական, ինչպես նաեւ դաշտային ինժեներական հավաքակայան:

Բարդացավ թիկունքի զորքերի աշխատանքը: Չնայած պատերազմի փորձով ցույց տրվեց մեծ նավերի անարդյունավետությունը, այնուամենայնիվ շարունակվում էր գծային նավերի շինարարությունը: Բերդերը կորցրին իրենց նշանակությունը, նույնը նաեւ զրահագնացքները, քանի որ դրանք օդուժի հզոր հարվածների տակ անիմաստ էին դառնում: Զորքերի բազմաէշելոն նախնական պաշտպանության ճեղքման հարցը, չնայած ճեղքման որոշ դեպքերի, անկատար մնաց նույնիսկ տանկերի պարագայում: Այս պատերազմում տեղ գտած բոլոր նորարարությունները հաջորդ աշխարհամարտում դարձան հիմնական: Ռազմատեսական միտքը կենտրոնացավ այս հարցերի լուծման վրա:

Առաջին համաշխարհային պատերազմն ավարտվեց Անտանտի բլոկի հաղթանակով: Կենտրոնական բլոկը (Քառյակ միություն) պարտություն կրեց: Չնայած գերմանական ռազմական մեքենայի ակնհայտ առավելությանը`չդիմացավ երկարատեւ հյուծիչ պատերազմին: Պատերազմի արդյունքում կործանվեցին ավստրո-հունգարական, ռուսական եւ գերմանական կայսրությունները, մեծապես թուլացավ նաեւ բրիտանական կայսրությունը: Նոր ու ավելի ազդեցիկ դեր ստացավ ԱՄՆ-ը, որը հաստատեց հաղթողի ու փրկողի կարգավիճակը: Ինչպես դիպուկ նկատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Զորջը. «Ամերիկյան զորքերի փաստացի քանակը լիովին չէր արտահայտում այն նշանակությունը, որ մեր համար ունեցավ ամերիկյան ներդրումը հաղթանակի գործում: Ամերիկյան քսան դիվիզիայի ներկայությունը մեզ ոչ միայն տալիս էր քանակական առավելություն Գերմանիայի նկատմամբ, այլև գիտակցումն այն բանի, որ մեր թիկունքում կազմավորվում է նույնքան ամերիկյան դիվիզիա, եւ եթե անհրաժեշտ լինի, ԱՄՆ-ից կգան միլիոնավոր զինվորներ: Թույլ տրվեց ֆրանսիացիներին ու անգլիացիներին մարտի նետել վերջին ուժերը եւ հասցնել կացնի վերջին, ջախջախիչ հարվածը»: 

Հիմնականում ամերիկյան բանակի ներգրավելն ու հաղթանակներն էին, որ վերջնական պարտության մատնեցին Գերմանիային եւ թույլ տվեցին անգամ բոլշեւիկյան Ռուսաստանին վերադարձնել բոլշեւիկների կողմից Գերմանիային հանձնած տարածքները: Այս կայսրությունների փլուզումից գաղութներում ու հիմնական տարածքներում ձեւավորվեցին բազում նոր պետություններ, որոնց ազգերը սկսեցին լայնորեն դավանել ազգային գաղափարախոսություններ: Այդ գաղափարախոսությունները հետո դառնալու էին նոր խնդիրներ, սակայն այդ մասին հաջորդիվ:

ԱՀՊ-ն քաղաքական առումով չլուծված խնդիրներ շատ թողեց, որոնք էլ հանգեցրին Երկրորդ աշխարհամարտին: Այդ ամենին գումարվեցին նաեւ Ռուսաստանի խորհրդայնացումը եւ նախկին կայսրությունը վերականգնելու համար բոլշեւիկների սկսած պայքարը: Իրավացի էր դաշնակիցների գերագույն գլխավոր հրամանատար մարշալ Ֆ. Ֆոշը, երբ կարդալով Վերսալյան խաղաղության պայմանագիրը` նշել էր, որ սա ոչ թե խաղաղություն է, այլ հրադադար է  քսան տարով:

Առաջին մասը կարդացեք այս հղումով:

Երկրորդ մասը կարդացեք այս հղումով:

Երրորդ մասը կարդացեք այս հղումով:

Չորրորդ մասը կարդացեք այս հղումով:

Հինգերորդ մասը կարդացեք այս հղումով:

Վեցերորդ մասը կարդացեք այս հղումով:

Յոթերորդ մասը կարդացեք այս հղումով:

Շարունակելի

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *