Հայաստան

Մեր Գողացած Հաղթանակի Օրը

Բոլոր մակարդակներում օտարեցինք մեզ մեր Հաղթանակից:
Հայաստանը կառուցվեց որպես պետություն, որը ձև էր թափում, թե կապ չունի Հաղթանակի հետ, ոչ էլ ընդհանրապես պատերազմի հետ:

Մարտական Եղբայրություն

28 տարի առաջ՝ 1994-ի մայիսի 9-11 ստորագրվեց՝ մայիսի 12-ի կեսգիշերից ուժի մեջ մտնող զինադարարի պայմանագիրը Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որով ավարտվեց 1991-1994-ի Արցախյան պատերազմը:
Փաստացի ազդարարվեց մեր Հաղթանակն այդ պատերազմում:

Բայց այդ օրը երբեք չնշվեց Հայաստանում որպես Հաղթանակի օր, չվերածվեց պետական խորհրդանիշի, չդարձավ հայկական նոր գաղափարախոսության և քաղաքականության հիմք:
Եվ դա մտածված քաղաքականություն էր, որովհետև բնականն ու ինքնին պարզը պետք է հակառակը լիներ՝ Հաղթանակի օրվա նշումը և դրա՝ կարևոր սիմվոլի վերածվելը (ինչպես Ադրբեջանում հիմա նշվում է նոյեմբերի 9-ը՝ որպես Հաղթանակ):

Դրա փոխարեն ամոթխած կերպով թաքցրեցինք հաղթանակի նշումը Մայիսի 9-ի ստվերում՝ սրան միացնելով Շուշիի ազատագրման նշումը՝ այն էլ կիսապաշտոնական, չգիտես ում խաբելով՝ ինքներս մե՞զ, թե՞ արտաքին աշխարհին: Բայց Շուշիի ազատագրումը 1992 թվին դեռ հաղթանակ չէր Արցախյան պատերազմում, մանավանդ, որ Շուշին երբեք էլ չվերածեցինք իրական հայկական քաղաքի՝ կիսավեր թողնելով մինչև վերջ: Իսկ մեր հաղթանակի նշումը խառնելով սովետական Մայիսի 9-ին՝ մի սովորական, գռեհիկ էկլեկտիկա սարքեցինք, ինչպես ամեն բան հետսովետական Հայաստանում՝ մի քիչ ամոթխած հայկական, մի քիչ սովետական:

Հարցը մենակ տոնն ու նշելը չէ:
Բոլոր մակարդակներում օտարեցինք մեզ մեր Հաղթանակից:
Հայաստանը կառուցվեց որպես պետություն, որը ձև էր թափում, թե կապ չունի Հաղթանակի հետ, ոչ էլ ընդհանրապես պատերազմի հետ:
Դա հոգեբանություն էր, գաղափարախոսություն, քաղաքականություն:
Իհարկե, ճոռոմ կենացների, ինչպես նաև ներկուսակցական պայքարի մակարդակում պատերազմի և հաղթանակի թեման շահարկվում էր, բայց միայն այդքանը:
Հայաստանը չէր ապրում որպես պետություն ու հասարակություն, որի ծնունդը, իրական արժեքը և հիմնական մարտահրավերը կապված էր պատերազմի հետ:
Հայաստանում չկար նույնիսկ նորմալ ռազմական կրթություն, էլ չասած՝ ռազմական միտք կամ սեփական փորձից բխած ռազմական դոկտրին:
Բանակը կառուցվում էր որպես ռուսական բանակի պատճեն:
Իսկ ժողովրդական շարժումից բխած տարրերը գիտակցաբար դուրս էին մղվում բանակի կառուցման փիլիսոփայությունից, կարծես Հաղթանակն արդյունք չէր Ժողովրդական շարժման և նրանից դուրս եկած ժողովրդական-զինվորական առաջնորդների, այլ միայն պրոֆեսիոնալ զինվորականներով հնարավոր դարձավ:

Նույնիսկ բուն Հաղթանակից հրաժարվեցինք:
Չնայած հանուն ներկուսակցական պայքարի տարբեր գործիչներ իրենց հաղթող էին հորջորջում, բայց ամենաբարձր մակարդակով հայտարարված էր, որ մենք պատերազմ չենք հաղթել, այլ միայն ճակատամարտ:
Սա մաքուր սքոլաստիկ դատարկաբանություն էր, քանզի աշխարհի պատմության մեջ պատերազմների ճնշող մեծամասնությունը կարելի է հայտարարել ընդամենը ժամանակավոր հաղթությամբ կամ պարտությամբ ավարտված: Ամեն բան էլ ժամանակավոր է, այդ թվում՝ հաղթանակն ու պարտությունը:

Այդքան դժվարությամբ ու զոհերով նորից գիտակցված՝ սեփական ուժերի վրա հենված ինքնապաշտպանության գիտակցությունն աստիճանաբար նորից փոխարինվեց “անկախություն՝ անվտանգության դիմաց” հնամաշ ու բազմիցս իր անարդյունավետությունն ապացուցած դոկտրինով:
Եվ Հայաստանի անկախությունը զիջեցինք քայլ առ քայլ, իբր՝ հանուն արտաքին անվտանգության երաշխիքների:
Որոնք ճակատագրական պահին բնականաբար չգործեցին:

Չէին էլ գործելու:
Ամբողջը հենց այդ պահի համար էր պատրաստված:
Պատահականություն չէր ոչ Հաղթանակից հրաժարվելը, ոչ այն ընդամենը հաղթած ճակատամարտ հայտարարելը, ոչ ժողովրդական տարրի ճնշումը՝ հանուն իբր պրոֆեսիոնալի, ոչ արտաքին պատճենով բանակ կառուցելը, ոչ անվտանգության զիջումը, ոչ էլ ճակատագրական պահին՝ Երրորդ Հանրապետության էլիտայի գրեթե ողջ կազմով դավաճանությունը:
Որովհետև ամեն բան ի սկզբանե կառուցվում էր, որպեսզի “խաղաղապահ զորքը” վերադառնալու հարմար առիթ ունենա: Հայաստանի անկախությունը գիտակցաբար կառուցվում էր՝ որպես ժամանակավոր երևույթ, որպես երբևէ վերադարձող կայսրության ոտատեղ:

Ոչ մի էական բան չի փոխվել նաև այսօր:
Նոյեմբերի 9-ը, որը սկսվեց 1994-ի մայիսի 12-ի Հաղթանակից հրաժարմամբ, առիթ չդարձավ նախկին փիլիսոփայության էական վերանայման:
Այսօր երկիրը կառավարվում է նույն փիլիսոփայությամբ:
Ոչինչ չի արվում պաշտպանության և անվտանգության ոլորտի իրական, արմատական վերակառուցման համար:
Չի դրվում Հայաստանի իրական, բովանդակային կառուցման խնդիրը:

Դրա փոխարեն նշվում է նույն Մայիսի 9-ը՝ արդեն առանց Շուշիի հիշատակման՝ ավելի ևս էկլեկտիկ, անիմաստ, գռեհիկ ոճով:

Այսօր հայությունը նորից հին՝ թշվառ, անտեր, խեղճ հայությունն է: Համայնքի հոգեբանությամբ, զուրկ քաղաքական գիտակցությունից ու կազմակերպությունից:

Այս իրավիճակը կարող է հաղթահարվել միայն ազգային հեղափոխությամբ՝ գաղափարով, ծրագրով, կազմակերպությամբ, որը պետք է հաղթահարի պարտությունը, պարտության հոգեբանությունը, պարտությունը՝ որպես պարտադրվող գաղափարախոսություն, և ճանապարհ բացի դեպի նոր հայկական Հաղթանակներ:

Գրառումը““ Մարտական Եղբայրության ֆեյսբուքյան էջից:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *