ՄԵՐ ՈՒՂԻՆ

Նահանջ Առանց Երգի


Ինչպես կարող է պատերազմով հարցը լուծող ժողովուրդը հանկարծ հույսը դնի բանակցության վրա ու զարմանա, որ թշնամին պատերազմով ուզում է ռևանշ վերցնի: Ի՞նչ պատահեց մեզ, որ սեփական արյունով ազատագրելուց հետո սպասեցինք, որ ռուսը, ամերիկացին, ֆրանսիացին նստեն Մինսկում ու սկսեն չափել մեր իրավունքները, գծել մեր սահմանները:

Արայիկ Մկրտումյան

Մի քանի օր առաջ մայիսի 9-ը մենք դիմավորեցինք հապճեպ շնորհավորանքներով ու մխիթարանքներով, որ այսպես չի մնա ու որ մենք էլի նշելու ենք մայիսի 9-ը որպես հաղթանակի ու ոգևորության օր:

Ամենից շատ տառապում էին իհարկե 44-օրյա պատերազմի զոհերի ընտանիքները, ովքեր 2020-ից առաջ ունեին Շուշի, ունեին որդի, ընկեր, բարեկամ, ամուսին, ունեին հաղթական մայիսի 9-ը: 2022-ին, չկար ո՛չ որդին ու ամուսինը, ոչ էլ հաղթական օրվա տրամադրություն: Չկար նաև Շուշին:

Հասկանալի է, որ ուրախանալու շատ քիչ բան կա, տխրելու՝ շատ, իսկ հասկանալու՝ էլ ավելի շատ: Նախ մի փոքր պատմական ակնարկ:

Արցախը մշտապես քաղցր պատառ է եղել Հայաստանի հաշվով պլաններ ունեցող բոլորի համար: Արցախը մշտապես եղել է անհնազանդ ու ամեն կերպ փորձել է պահել ինքնուրույնությունը, թեկուզ և նահանգի տարածքով: Հայոց պետականության դարաշրջանի ավարտից հետո Արցախը քաջաբար է դիմադրել բոլոր զավթիչներին:

Բանն այն է, որ Արցախին տիրելու հիմնական բարդությունը Արցախի հայ բնակչությունն էր, որը բացարձակ մեծամասնություն էր կազմում: Արցախի հայերի հետ գլուխ դնելը հեշտ բան չէր: Իրենց սարերի նման անհնազանդ լեռնցիները երբեք մինչև վերջ չէին ենթարկվում ոչ ոքի և այդ է պատճառը, որ Արցախն իր կայսրության մեջ մտցրած Նադիր Շահը հասկացավ Արցախի տնտեսական, ռազմական կարևորությունը և Արցախի ազանվականներին արտոնյալ դիրք տվեց: Ստեղծվեց Խամսայի մելիքությունները, որոնք կիսաանկախ վիճակում էին: Կիսաանկախ լինել Նադիր շահի նման անողոք կայսեր պետությունում, մի տեղ, ուր անզգույշ բառի համար գլուխ էին կտրում և թեթև անհնազանդության համար ողջ ցեղեր շղթայվում, նշանակում է իրոք լինել ուժեղ և անկոտրում: Արցախը անկոտրում էր, քանի դեռ այնտեղ ապրում էր հայ բնակչություն:

Արցախի ողբերգության սկիզբը 

Վարանդայի մելիք Հովսեփը սպանվեց իր եղբոր՝ Շահնազարի կողմից, ով դրանից հետո տիրացավ Վարանդայի մելիքական գահին։ Հայ մելիքները փորձեցին նրան պատժել նման ստոր արարքի համար, իսկ մելիք Շահնազարը 1753թ. ռազմական օգնություն խնդրեց թուրքական սարըջալլու աննշան ցեղապետ Փանահից ու նրան նվիրեց Բերդաքար֊Շոշ ամրոցը(Շուշի)։ Առաջին անգամ այդ ժամանակ էր, որ թուրքը բնակություն հաստատեց Շուշիում։ Պարսից շահը Փանահին խանի կոչում տվեց։ 

Հայոց Արցախի սրտում օձի պես ծնունդ առավ, ստեղծվեց Ղարաբաղի խանությունը, որը և հետագայում դարձավ Արցախի հայերի դահիճը։

Հետոն էլ արդեն բոլորս գրեթե անգիր գիտենք: Ղարաբաղի խանություն կոչված թուրքական թշնամին ծաղկեց հայոց Արցախում և դարձավ այնտեղի հայ բնակչության ամենավտանգավոր թշնամին: Այդ թշնամին չնահանջեց նույնիսկ այն ժամանակ, երբ ռուսները մտան տարածաշրջան: Ղարաբաղի Խանությունը վերացվեց, բայց եկվոր թուրքերը մնացին և բազմացան ահռելի արագությամբ:

1918թ. արդեն Արցախում հսկայական քանակությամբ թուրքեր կային, իսկ 1921թ. այդ նույն թուրքերին նվիրված Արցախի ծվատված մասը, որ դեռ հայախոս էր, գերի դարձավ իր իսկ հայրենիքում:

Խորհրդային տարիներին Արցախը ենթարկվեց ամենավատ ճնշումների, մինչև որ 1988թ. պայթած շարժումն ու հայ ժողովրդի ցասումը պատերազմում հաղթեց՝ ազատագրելով ոչ միայն ԼՂԻՄ-ը, այլև յոթ գավառներ:

Իսկ հետո…հետո 2020թ. 44 օրյա պատերազմում մենք պարտվեցինք, յոթ շրջանների հետ Հադրութն ու Շուշին էլ կորցրինք: Ահա ողբերգությունը կարճ նկարագրությամբ:

Շուշին, որ մեր հաղթանակի խորհրդանիշն էր, դարձավ մեր պարտության խորհրդանիշը: Ու մենք արդեն իսկ հասցրել ենք մի քանի անորակ գրքեր ու բանաստեղծություններ գրել Շուշիին նվիրված: Իհարկե հարցը միայն Շուշին չէ: Հայոց ամեն բուռ հողն է կարևոր, պարզապես երբ Շուշի ասելով հասկանում էինք հաղթանակ, Շուշի ասելով հիմա հասկանում ենք պարտություն:

Ու լռում ենք, որովհետև հաղթանակը տեր ունի, իսկ պարտությունը՝ որբ է: Ցինիկներն ասում են, որ երջանկությունից ծնված արցունքները ևս աղի են:

Բանակցություններ, որ պատերազմ չլինի: Ահա այսպես էինք մտածում և ինքներս մեզ հարց տալիս. «Ի՞նչը կարող է պատերազմից վատ լինել»: 

2020-ին հասկացանք, որ պատերազմից վատ միայն մի բան կա՝ պարտվել այդ պատերազմը:

Ու հիմա ողջ թշվառությամբ մենք լալիս ենք Շուշիի համար՝ մեղադրելով իրար, որ գոնե մեկի գլխին թափված բարկությամբ հովացնենք զայրույթից ճաքած ու տարիների անբանությունից նեխած, թթված մեր սրտերը:

Ու հիմա, երբ Շուշին մերը չէ, մենք երազանքով ասում ենք. «հայոց բերդաքաղաքը..» ու լռում ենք: Լռում ենք, որ չամաչենք: Իսկ ամաչում ենք, ոչ  այն պատճառով, որ կորցրել ենք Շուշին: Շուշին կարելի է ետ բերել: 

Աշխարհում գրեթե ամեն ինչ էլ կարելի է ետ բերել, բացի ժամանակից, ասված խոսքից ու արձակված կրակոցից:

Իսկ մենք գիտենք, թե որն է մեր մեղքը Շուշիի ու Արցախի, ինչու չէ նաև ողջ Հայաստանի նկատմամբ: Դա մեր ամբողջական արհամարհանքն է, մեր երեսպաշտությունը, պարապությունը, կեղծիքը, ոսկեսիրությունը, ագահությունն ու երախտամոռությունը: Մենք որպես ժողովուրդ այնքան թույլ եղանք, որ չկարողացանք պաշտպանել ու հզորացնել մեզ ու մեր հայրենիքը: Իհարկե անուններ են տրվում, թե այսինչը այսքան թալանեց, իսկ այնինչը՝ այնքան:

Եվ ի՞նչ: Դա՞ է մեր արդարացումը: Այսինքն եթե Պողոսը չթալաներ, Պետրոսը թալաներ, արդյունքը ուրի՞շ էր լինելու, թե մենք գոհ էինք մնալու: Սա ի՞նչ խեղված մտածելակերպ է, ի՞նչ խեղճուկրակ հոգեբանություն:

Եվ ինչպե՞ս մի ողջ ժողովուրդ հանդուրժեց, որ մի քանի հոգի թալանեն: Ինչպե՞ս մի ողջ ժողովուրդ, ով մեծագույն զոհողությամբ հաղթեց թշնամուն ռազմաճակատում, պարտվեց մի քանի հոգու՝ թիկունքում: Եվ եթե այդ մի քանի հոգին կարողացան այնքան ուժեղ լինել, որ հաղթեցին հայ ժողովրդին, ապա մի՞թե այդ ցուցիչ է այն բանի, որ մենք այլևս չենք հասկանում, թե ինչ ենք անում:

Ինչո՞ւ մենք ազատագրեցինք Արցախը, եթե այն անտեր էինք թողնելու: Ինչո՞ւ էինք բանակցում, եթե գիտեինք, որ պատերազմով է հարցը լուծվելու: Ախր հենց ինքներս էինք պատերազմով լուծել Արցախի հարցը: Ինչպես կարող է պատերազմով հարցը լուծող ժողովուրդը հանկարծ հույսը դնի բանակցության վրա ու զարմանա, որ թշնամին պատերազմով ուզում է ռևանշ վերցնի: Ի՞նչ պատահեց մեզ, որ սեփական արյունով ազատագրելուց հետո սպասեցինք, որ ռուսը, ամերիկացին, ֆրանսիացին նստեն Մինսկում ու սկսեն չափել մեր իրավունքները, գծել մեր սահմանները: 

Այսինչը թալանեց: Իսկ ինչո՞ւ թողեցինք, որ թալանի: Ինչո՞ւ: Ինչպե՞ս պատահեց, որ տականքը հաղթեց մի ողջ ժողովրդի, այն էլ ուժերի ծաղկման շրջանում:

Ու անհոգության, կարճամտության ու սեփական գոռոզության մշուշից կուրացած, մենք թուլացանք, թույլ տվինք, որ թշնամին ուժեղանա ու պատերազմը ջարդեցինք նոր-նոր կյանք մտնել փորձող պատանիների ուսերին: Ու հիմա պատրաստվում ենք մի նոր պատերազմ ջարդել էլ ավելի երիտասարդ պատանիների ուսերին, որովհետև թալանողը չի կռվել ու չի կռվի, որովհետև ջահելներն են միշտ պատասխան տալիս ավագների մեղքերի համար: Որովհետև 2000թ. ծնված 22-ամյա ամերիկացի կամ շվեդ երիտասարդը ինքը չի վաստակել իր հարուստ և հզոր պետությունը: Նրան այդ թողել են իր ավագները և նրա համար հիմա շատ հեշտ է կողմնորոշվել, թե ինչը ինչպես անել: Իսկ 2000թ. ծնված հայ երիտասարդը որպես ժառանգություն ստացավ թալանված ու կոռուպցիայի մեջ թաղված մի երկիր և գլխավոր մրցանակը՝ պատերազմ: 

Ու հիմա երբ մենք վախենալով նոր պատերազմից ասում ենք, որ պատերազմը վատ բան է, մենք պիտի հասկանանք, որ ավելի վատ է պարտությունը պատերազմում:

Ու հիմա մենք չենք կարող ասել, որ սա այն բազմաթիվ պարտություններից է, որ հայ ժողովուրդն ունեցել է հազարավոր տարիների ընթացքում, բայց կարողացել է ոտքի կանգնել:

Ամեն հարվածը կարող է վերջինը լինել: Մեր հավաքական սիրտն այնքան շատ ցավ է տեսել, որ վշտից կարող է պարզապես կանգ առնել: Մենք այդ հասկանո՞ւմ ենք:

Մենք անվերադարձ կորցրել ենք հազարավոր եղբայրներին, մեր հայրենիքի մի մասը, վատնել ենք տասնյակ տարիներ: 

Այսօր մենք միայն մի ձևով կարող ենք հարգել հայրենիքն ու նրա համար զոհված մեր եղբայրներին: Այդ միջոցը հզորանալն է, ուժեղանալը, հետ բերել կորցրածը ու նոր սերունդներին ազատել հիմարության հետևանքով կոտորվելու ու կորցնելու վտանգից:

Մենք նահանջեցինք առանց երգի, արցունքով: Մենք դեռ կվերադառնանք Շուշի՝ երգով:

Մնացած ամեն ինչը պարապ խոսքեր են:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *