Հայաստան

Մոսկվայից Բրյուսել՝ Խաչվող Խաղադրույքներ

Ի՞նչ է տեղի ունեցել այդ մեկ օրվա ընթացքում, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշել է դիմել ԱԳՆ հանդեպ արմատական, ըստ էության խուլիգանական քայլի, որը սակայն ունի բավականին «նրբորեն» մշակված նպատակ՝ Հայաստանի ԱԳՆ-ից «կորզել» արտահայտություն, որը կարող է կաթվածահար անել Բրյուսելի հանդիպմանը ձեռք բերված որոշակի համաձայնություններ, որոնք կարող են նպաստել Արցախի շուրջ, Հայաստանի սահմանների շուրջ իրավիճակի քաղաքական կառավարելիության աստիճանի բարձրացմանը:

Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր էջում գրում է՝

Բրյուսելում գնալով իրադրության քաղաքական կառավարման գործընթացի մեկնակետերի հարցում համաչափության շուրջ համաձայնության՝ Բաքուն անմիջապես հետո ձեռնմուխ է լինում այդ համաձայնությունները տորպեդահարելու: Բաքվի մոտիվը պարզ է. քաղաքական կառավարման աստիճանի բարձրացումը՝ որը ներառում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի մոտեցումների առկայություն քննարկումների սեղանին, էապես նվազեցնում է ռազմական շանտաժի գործիքի էֆեկտիվությունը:

Այդ ֆոնին, հերթական անգամ նշմարվում է Հայաստանի խորհրդարանական ընդդիմության մի գերակշռող մասի գործողությունների «սինքրոնություն» Բաքվի հետաքրքրությունների ուղղությամբ: Որովհետեւ, երբ տեղի է ունենում ներխուժում ԱԳՆ եւ «Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում» հայտարարություն անելու պահանջ փոխնախարարին, ապա այդ պահանջի «իրականանալու» դեպքում այն դառնալու է քաղաքական կառավարման հեռանկարին հարվածելու խաղաքարտ Բաքվի ձեռքին:

Ինքս հեռու եմ մտքից, թե այդ «սինքրոնությունը» ապահովվում է ուղիղ կապով: Կարծում եմ, որ «սինքրոնության» «միջնորդական» հետաքրքրվածությունը Ռուսաստանում է: Մոսկվայի համար մի կողմից կարեւոր է իրադրության քաղաքական կառավարելիությունը՝ եւ այդ հարցում կարծում եմ կա չբարձրաձայնված ընդհանուր հետաքրքրություն Բրյուսելի հետ, մյուս կողմից սակայն Մոսկվան ունի խնդիր թույլ չտալ, որ այդ կառավարելիության բարձրացումը լինի իր ազդեցության նվազման ռիսկով:

Այդ հանգամանքից էլ թերեւս օգտվում են ՌԴ իշխանական էլիտայի տնտեսա-քաղաքական խմբեր, որոնք ռուսական էլիտայում իրենց դիրքերը ապահովելու հարցում մշտապես խաղադրույքի մի էական մաս կատարել են ՌԴ պետական քաղաքականության հենց այդպիսի մոտիվացիաները սպասարկող ծառայություն մատուցելով՝ թե Ադրբեջանի, թե Հայաստանի նախկին կառավարող համակարգի մի թեւի հետ իրենց ունեցած կայուն եւ խորը կապերի ու բիզնես հետաքրքրությունների գործադրմամբ:

Ի դեպ, այդ հանգամանքով արտահայտվում է նաեւ այն, ինչի մասին խոսել եմ բազմիցս՝ ռուսական էլիտայի տարբեր խմբերի դիմակայության արտացոլվածություն Հայաստանի ներքաղաքական կյանքում:

Հ.Գ. մի անդրադարձս նաեւ մեկնաբանություն բաժնում

Վերը շարադրվածին ևս մեկ անդրադարձ քաղաքագետը կատարել է 1in.am կայքում, հետևյալ հոդվածում՝

Փողոցային անհնազանդության շարժում իրականացնող խորհրդարանական ընդդիմության մի խումբ պատգամավորներ մայիսի 24-ի առավոտյան ներխուժել են ԱԳՆ շենք և փոխնախարարից պահանջել, որպեսզի հայտարարի, որ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»: Նախ, մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ խորհրդարանի պատգամավորները փաստացի օգտագործելով մանդատից բխող իրավունքները և արտոնությունը, կատարում են դե ֆակտո խուլիգանություն՝ ներխուժելով գործադիր իշխանության մի կառույց, որի փաստացի կարգավիճակը հավասարեցված է ընդհուպ անվտանգության կառույցի կարգավիճակի: Հայաստանի ԱԳ նախարարը անվտանգության խորհրդի անդամ է:

Գործնականում, ուշադրության է արժանի հանգամանքը, որ մայիսի 22-ին տեղի ունեցած հանդիպման և դրանից հետո Շարլ Միշելի արած հայտարարության «հղումով» ընդդիմության գործողությունները և ներխուժումը ԱԳՆ տեղի է ունենում ոչ թե մայիսի 23-ին, այսպես ասած տաք հետքով, անմիջապես, այլ մեկ օր անց: Ըստ այդմ հարց է առաջանում, թե ի՞նչ է տեղի ունեցել այդ մեկ օրվա ընթացքում, որ խորհրդարանական ընդդիմությունը որոշել է դիմել ԱԳՆ հանդեպ արմատական, ըստ էության խուլիգանական քայլի, որը սակայն ունի բավականին «նրբորեն» մշակված նպատակ՝ Հայաստանի ԱԳՆ-ից «կորզել» արտահայտություն, որը կարող է կաթվածահար անել Բրյուսելի հանդիպմանը ձեռք բերված որոշակի համաձայնություններ, որոնք կարող են նպաստել Արցախի շուրջ, Հայաստանի սահմանների շուրջ իրավիճակի քաղաքական կառավարելիության աստիճանի բարձրացմանը: Ընդ որում, պետք է նկատի ունենալ մի հատկանշական հանգամանք էլ: Այդ ընթցքում, իրավիճակը «սնուցեց» նաև Ադրբեջանը, հայտարարելով, թե Բրյուսելում քննարկվել է «միջանցքի» հարց, այն դեպքում, երբ համենայն դեպս հանդիպումից հետո Միշելի արած հայտարարության մեջ հարցի արտացոլումը բոլորովին այլ է և խոսք կարող է լինել հաղորդակցության, բայց ոչ այն միջանցքային տրամաբանության մասին, որ տարփողում է Ադրբեջանը: Սակայն, Բաքուն անկասկած այդ կերպ սնուցում է հայաստանյան ներքաղաքական ալիքներ և հերթական անգամ նկատվում է Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանական ընդդիմության գործողությունների «սինքրոնություն»:

Բանն այն է, որ Բրյուսելի տապալմամբ շահագրգռված է Բաքուն, մի պարզ պատճառով՝ որքան ցածր է իրադրության քաղաքական կառավարելիությունը, այնքան բարձր է Բաքվի համար ռազմական գործիքակազմի մեծ կամ փոքր մասշտաբի կիրառման հնարավորությունը և էֆեկտիվության ներուժը: Քաղաքական կառավարելիության բարձր աստիճանը Բաքվին զրկում է ռազմական շանտաժի գործիքակազմի էֆեկտիվությունից: Բնականաբար, Ադրբեջանը շահագրգռված կլինի նաև, որ Բրյուսելի արդյունքների տապալման համար պատասխանատվությունը մնա Հայաստանի վրա: Հեռու եմ այն մտքից, որ Բաքվի հետաքրքրությունների և Հայաստանի ընդդիմության գործողությունների հերթական սինքրոնությունը ունի ուղիղ կապակցվածություն: Բայց, մեծ հավանականությամբ ակնառու է «միջնորդավորվածության» հավանականությունը, ինչի համար էլ թերևս գործողությունները հաջորդում են ոչ թե անմիջապես հանդիպմանը, այլ տեղի են ունենում մեկ օր անց՝ երբ Երևան ու Բաքու է խոսել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, և համապատասխան ազդակներ փոխանցել ընդդիմությանը՝ ՌԴ ոչ ֆորմալ դեսպան Միհրանյանի միջոցով, որը լինելով ՌԴ քաղաքացի, այս օրերին Երևանում երթ էր իրականացնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողքին: Թեև, այդ իմաստով թերևս զարմանալու ոչինչ չկա, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ՌԴ քաղաքացուն նշանակել է անգամ Հայաստանի պաշտպանության նախարար: Խոսքը Միքայել Հարությունյանի մասին է, որն այսօր պատսպարված է հենց ՌԴ-ում:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *