Հայաստան

Այլընտրանքային պատմություն

Հայերը ձգտում էին անկախ պետության վերականգնման: Եվ ոչ մի ազգ, որքան էլ քաղաքականապես միամիտ լինի, չի կարող որպես ազատագրում ընկալել միակցումը որեւէ օտար պետության, թեկուզեւ նախընտրելի օտարին:

Հրանտ Տէր Աբրահամյան

Ի՞նչ կլիներ, եթե Արեւելյան Հայաստանը 19-րդ դարի առաջին քառորդում չմիանար Ռուսաստանին:

Այս հարցադրումն ինքնին մեզ միանգամից ներքաշում է ոչ այնքան գիտական-վերլուծական, որքան կուսակցական, իդեոլոգիական, աշխարհայացքային գերզգայուն եւ գերզգացմունքային խոսակցության դաշտ: Պատասխանը թվում է ինքնին պարզ, հարցը՝ անհեթեթ: Կարծես հինավուրց եւ զարմանալի կոնսեսուս կա այս հարցում հայկական ներքին բանավեճի բոլոր կողմերի համար. չհաշված որոշ հատվածական, երբեք չամբողջացած, թույլ դրսեւորված՝ նախկինում թե այսօր, եւ այդքանով իսկ լուսանցքային տեսակետները՝ Ռուսաստանին միացումն իր բոլոր թերություններով հանդերձ ընդհանուր առմամբ դրական երեւույթ էր, նույնիսկ՝ ազատագրում, իսկ եթե դա չլիներ, հայ ազգը կամ կկործանվեր, կամ կգոյատեւեր լավագույն դեպքում որպես կրոնական փոքրամասնություն: Կարճ ասած՝ միացումը Ռուսաստանին ընկալվում եւ մեկնաբանվում է որպես հայ ազգի արդիականացման, մյուս կողմից՝ ֆիզիկական գոյատեւման ապահովման միակ տարբերակ, այդ պատճառով դրա գնահատման հարցում փաստացի միակարծիք են եղել եւ կարծես ե՛ն հայ պահպանողականը, հայ լիբերալը, հայ սոցիալիստը եւ նույնիսկ հայ ազգայնականը: 

Պահպանողական հայացքի համար միացումը Ռուսաստանին վերամիավորում էր քրիստոնյա աշխարհի հետ եւ ազատում օտար՝ մուսուլմանական տիրապետությունից: Նույն կերպ լիբերալ կամ սոցիալիստ հայացքների համար, որոնք պահպանողականին հակադիր էին միայն մակերեսայնորեն, միացումը Ռուսաստանին վերամիավորում էր «առաջադեմ մարդկության» հետ եւ խզում «հետամնաց ասիականությունից»: Որքան էլ Ռուսաստանը հետամնաց լիներ, ընկալվում էր որպես եվրոպական, հետեւաբար «առաջադիմական» մարդկության մաս կամ գոնե ավելի սերտ կապ ուներ վերջինիս հետ: 

Իր ժամանակին հայկական (այլեւ վրացական) ռուսամետությունն այլ բան չէր, քան արեւմտամետության մասնավոր դեպք միայն: Ռուսաստանի հետ միավորման գնահատականը որպես միանշանակ դրական՝ ազատագրմանը եւ գրեթե փրկությանը հավասարազոր վերջնական եւ ամբողջական ձեւակերպում ստացավ մեր պատմության սովետական շրջանում: 

Սովետական գնահատականում միավորվեցին բոլոր տարրերը՝ պահպանողական, առաջադիմական, սրան էլ գումարվեց սովետահայկական յուրահատուկ ազգայնականը իր շեշտված հակաթուրքական ուղղությամբ: Իր զարգացման գագաթնակետին այս տեսակետն ուներ նաեւ խիստ գործնական-քաղաքական հետեւանքներ՝ եթե Հայաստանն առանձնանա Ռուսաստանից, անկախանա, ապա անմիջապես կկործանվի թուրքական հարվածից: Ի դեպ, երբ փոքր էի, ասում էին, թե նաեւ պարսիկները կհարձակվեն մեզ վրա անկախանալուց անմիջապես հետո: Անկախության կործանարար հետեւանքներն իհարկե այսօր հերքված են գործնականորեն: Այնպես չէ, որ թուրքական ագրեսիայի վտանգ Հայաստանին չկա, եւ այնպես չէ, որ Ռուսաստանի ավելի թուլացումը, քան այսօր կա, չի արդիականացնելու այդ վտանգը, բայց մեր կյանքի փորձն ապացուցում է, որ պատմական հնարավորությունների դաշտը շատ ավելի լայն է, քան պարզունակ սեւ ու սպիտակ սխեմաները:

Միշտ չէ սակայն այնպես եղել, որ Ռուսաստանին միանալու միանշանակ դրական գնահատականը եղել է միակը եւ բացարձակ գերակայողը հայոց մեջ: Մեր հանրային մտքի եւ հանրային բանավեճի պատմությունը վերջին 200 տարվա մեջ բազմաթիվ՝ գրեթե իսպառ մոռացված փուլեր ու հոսանքներ ունի, որոնց ուսումնասիրումը պետք է լինի մեր պատմագիտության կարեւորագույն խնդիրներից մեկը, եթե մի օր ունենանք իրապես հայաստանակենտրոն պատմագիտություն, որի խնդիրը կլինի ոչ թե այս կամ այն պայծառ գաղափարախոսության, այս կամ այն արտաքին կողմնորոշման հաստատումն ու հերքումը, այլ հայկական տեսակետի բացահայտումը: Նոր շրջանի մեր պատմության գլխավոր, հիմնարար խնդիրներից է հանրային, քաղաքական մտքի ժառանգական շղթայի անընդհատ խզումը, սերունդների փորձի չփոխանցումը, եւ պատմագիտության գերխնդիրը պետք է լինի դա վերականգնելը: Սա ոչ թե զուտ գիտական, այլ խիստ գործնական խնդիր է, որովհետեւ վերագտնված ժառանգականության շղթան միանգամից մի քանի անգամ կավելացնի հայկական անկախ քաղաքականության ներուժը…

Իմ կարողություններից ու գիտելիքներից էլ վեր է ներկայացնել մեր հանրային մտքի, այդ թվում Ռուսաստանի հետ Հայաստանի միավորման գնահատականի զարգացումը նույնիսկ ամենաթռուցիկ կերպով, մանավանդ որ չեմ կարող հենվել որեւէ համապարփակ ուսումնասիության վրա: Ես միայն մի երկու անհրաժեշտ նշում կանեմ: 

Վաղուց ի վեր ստույգ է համարվում տեսակետը, համաձայն որի՝ հայերը չեն ձգտել անկախության Արեւելյան Հայաստանում: Իրականում այդ տեսակետը ճիշտ է միայն 19-րդ դարի վերջի, 20-րդ դարի սկզբի հայկական ազատագրական պայքարի նպատակների համար, որն անկախ Հայաստանի վերականգնումը պատկերացնում էր Արեւմտյան Հայաստանում, եւ նույնիսկ դա էր նույնացնում Երկրի՝ Հայաստանի հետ, չնայած նույնիսկ այստեղ կան կարեւոր նրբերանգներ (օրինակ՝ ծրագրային մակարդակում Հնչակյան կուսակցությունը դիտարկում էր նաեւ ռուսական եւ նույնիսկ պարսկական Հայաստանի ազատագրումը՝ թողնելով սակայն այդ խնդիրն անորոշ ապագային): Բայց երբ 18-րդ դարում եւ 19-ի սկզբին հայկական, նաեւ վրացական վերնախավերը կապեր էին հաստատում ռուսների հետ, որոնք դեռ չէին նվաճել Այսրկովկասը, ապա նպատակն ամենեւին էլ Ռուսաստանին միացումը չէր: Նախագծեր էին մշակվում, այդ թվում ռուսական պաշտոնական անձանց մասնակցությամբ՝ հայկական թագավորության վերականգնման Արարատյան դաշտում՝ ռուսաց հովանու ներքո: Այդպիսին էին Եկատերինա Մեծի օրոք կազմվող նախագծերը, բայց այդպիսին էին նաեւ Իսրայել Օրու ծրագրերը: Իսկ վրացիներն էլ հույս ունեին վերականգնել միավորված Վրաստանը եւ ռուսներից ստանալ անվտանգության երաշխիքներ, բայց ոչ իհարկե Ռուսաստանի հետ միաձուլվել:

Այս պահին էական չէ, թե որքանով էին իրատեսական նման ծրագրերը, կարեւոր է, որ այդպիսին էին նպատակները՝ հայերը ձգտում էին անկախ պետության վերականգնման: Եվ ոչ մի ազգ, որքան էլ քաղաքականապես միամիտ լինի, չի կարող որպես ազատագրում ընկալել միակցումը որեւէ օտար պետության, թեկուզեւ նախընտրելի օտարին: Այլ բան է, որ կյանքն այլ կերպ դասավորվեց, եւ ոչ միայն Հայաստանը միացվեց Ռուսաստանին հայկական թագավորության վերականգնման փոխարեն, այլեւ Վրաց թագավորությունը վերացվեց մուսուլմանական գերիշխանության տակ դարերով գոյատեւելուց հետո: Իսկ այն, որ ի սկզբանե ռուսների հետ պայմանավորվածությունը տարբեր էր եղածից, հիշեցնում էր միայն Հայկական մարզ անվանումը, որը գոյատեւեց մինչեւ 1840թ.: Եվ ի դեպ, շատ բնական էր, որ հայոց պետության վերականգնման հույսերը կապվում էին հենց Արեւելյան Հայաստանի հետ, քանի որ այստեղ էր Արշակունյաց թագավորության հին ոստանը, եւ այստեղ էր Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը: 

Այլ խնդիր է, թե ինչպես եղավ, որ հայերը, այլեւ մեծ հաշվով վրացիներն առանց լուրջ դիմադրության համակերպվեցին նման ելքի հետ: Այս հարցի քննարկումը շատ հեռուն կտանի մեզ: Նշեմ միայն, որ չի կարելի այդպես պատկերացնել, որ դեպքերի նման զարգացումն առաջ չի բերել որեւէ հիասթափություն կամ լուռ դժգոհություն եւ այլն: Հայերի մեջ առաջիններից, որ հիասթափվեց ռուսական քաղաքականությունից, Ղարաբաղի մելիքներից Մեժլումն էր, որը զինակցեց պարսից շահ Աղա Մոհամադի զորքերին եւ մասնակցեց Թիֆլիսի գրավմանը նրանց հետ: Վրացիները, ի դեպ, մինչեւ հիմա հիշում են մելիք Մեժլումի մասնակցությունը քաղաքի ավերմանն ու զայրանում այնպիսի միամտությամբ, կարծես Թիֆլիսի բնակչության մեծ մասն այն ժամանակ նույն հայերը չէին, եւ կարծես վրաց արքայազն Ալեքսանդրը նույն կերպ չէր զինակցել պարսիկներին եւ թուրքերին ռուսների դեմ, եւ հենց այդ պատճառով էլ այսօրվա Վրաստանում հերոս է համարվում: 

Ի դեպ, Ռուսաստանին միացմամբ վերացան ոչ միայն հինավուրց Բագրատունյաց թագավորությունը Վրաստանում (իրականում երկու Վրաստաններում՝ Արեւելյան եւ Արեւմտյան կամ Քարթլի-Կախեթիում ու Իմերեթիայում), այլեւ հայկական մելիքությունները՝ Ղարաբաղում, որով եւ հայկական երբեմնի անկախության վերջին մնացորդները: 

Հիասթափության պատմություններ են նաեւ Խաչատուր Աբովյանի եւ կաթողիկոս Ներսես Աշտարակեցու կյանքի պատմությունները: Ավելին՝ այսպես ասած տոտալ գոհունակություն չէր տիրում նաեւ շարքային արեւելահայերի մեջ: Երեւանի հայ (եւ ոչ միայն հայ) առեւտրականների գործերը կտրուկ վատթարացան ռուսական մաքսային քաղաքականության պատճառով: Տարանցիկ առեւտրի կենտրոնից Արարատյան Հայաստանը վերածվեց փակուղու: Ընդհանրապես երկրի տնտեսական կյանքը մինչեւ 19-րդ դարի վերջը վերելքի փուլում չէր: Նախաինդուստրիալ հանրության, հատկապես Հայաստանի այս կամ այն դարում իրական նյութական վիճակի լավագույն ցուցիչներից է եկեղեցաշինությունը: Երբ երկրում սկսում է «փող ֆռալ», այդ փողի ավելցուկը մարմնավորվել է եկեղեցիների մեջ, որոնք եղել են այն ժամանակվա կարեւորագույն հանրային կառույցներ, այլեւ հանրային հարստության ցուցիչներ: Պատահական չէ, որ միջնադարյան արեւմտաեվրոպական քաղաքների տնտեսական վերելքի մարմնավորումը գոթական տաճարներն են: Հայաստանում մինչեւ 20-րդ դարն ամենից շատ եկեղեցիներ կառուցվել կամ վերակառուցվել են 13-րդ եւ 17-րդ դարերում (17-ինն ավելի համեստ են)՝ չհաշված ավելի հին շրջաններինը, որոնց զգալի մասն ավերակ է: Ինչ էլ գրեն ժամանակակից վկաներն այդ դարերի մասին, օրինակ՝ եթե նույնիսկ նկարագրեն իրենց ապրած ժամանակը որպես անկում եւ այլն, իրենց սուբյեկտիվ ընկալումն է, իսկ եկեղեցական շինարարության վերելքը կարեւոր օբյեկտիվ վկայություններից առ այն, որ նյութական իմաստով սրանք եղել են առավել բարեկեցիկ շրջանները: Արդ, Ռուսաստանին միացած Հայաստանում մինչեւ 19-րդ դարի վերջը եկեղեցական շինարարությունը կամ բացակայում է, կամ դրա հուշարձանները շատ քիչ են ու խղճուկ՝ համեմատած նույն 17-րդ դարի հետ: Դա ուղիղ վկայություն է համայնքների աղքատության եւ ոչ տնտեսական վերելքի: Միայն 19-րդ դարի վերջից է, որ Ռուսահայաստանը որոշ տնտեսական վերելք է ապրում, այն էլ՝ բավականին համեստ: Իրավիճակի հեգնանքն այն էր, որ չնայած հայերն Այսրկովկասի առաջատար տնտեսական ուժն էին այդ շրջանում, սակայն միաժամանակ Հայաստանը նույն Այսրկովկասի առավել հետամնաց մարզն էր 20-րդ դարի սկզբին: Փաստացի Հայաստանը Ռուսական կայսրության մեջ տնտեսական փակուղի էր, ասենք՝ նույնիսկ կույրաղիք: Մեր միամիտ քննադատները թե՛ անցյալում, թե՛ ներկայում մեղավոր են համարում հայ բուրժուազիային՝ իբր ինչու փոխանակ հայրենի երկիրը զարգացնելու, գործեր էին անում Թիֆլիսում եւ Բաքվում: Կարծես հայ բուրժուազիան էր ընտրում եւ որոշում որտեղ կարող է լինել եկամտաբեր գործունեություն: Դա պայմանավորված էր մասամբ առարկայական հանգամանքներով, մասամբ էլ ռուսական քաղաքականությամբ: Համենայնդեպս փաստն այն է, որ ռուսական տիրապետության շրջանում Հայաստանը տնտեսապես չի զարգացել, իսկ հայկական բուրժուազիայի կուտակած կապիտալների մեծ մասը հետագայում դարձավ Վրաստանի, Ադրբեջանի եւ այլոց ազգային տնտեսությունների հիմքը, բայց ոչ Հայաստանի:

Դժգոհություն կար ոչ միայն առեւտրականների եւ բուրժուաների, նաեւ գյուղական բնակչության մեջ: Հենց նույն Արեւելյան Հայաստանում հաստատված թուրքահայ եւ պարսկահայ գաղթականներից շատերը դժգոհ էին եղած պայմաններից, եւ շատերն ուզում էին վերադառնալ բնակության նախկին վայրերը: Ընդհանրապես ռուսական տիրապետությունը հենվում էր գյուղացիությանը շահագործող ազնվական դասի վրա, իսկ ազնվական դասի մեծ մասն Այսրկովկասում վրացիներից ու «թաթարներից» էին, իսկ հայերի ճնշող մեծամասնությունը, մանավանդ բուն Հայաստանում գյուղացիներ էին: Մինչդեռ այսօր հաճախ ենք մոռանում, որ հայկական հարցը ե´ւ Ռուսաստանում, ե´ւ Թուրքիայում ոչ միայն ազգային էր, այլեւ սոցիալական: Հայկական ազատագրական պայքարը ոչ միայն ազգային անկախության, այլեւ սոցիալական էր՝ հանուն հայ գյուղացիության ազատագրման: Եվ պատահական չէ, որ ազատագրական պայքարի զանգվածային հենքը հենց գյուղացիությունն էր, իսկ ղեկավարների մեծ մասը նույն գյուղացիությունց դուրս եկած մտավորականները: 

19-րդ դարի կեսից մինչեւ 1870-ականները հասարակական կյանքը՝ հոսանքները, միտքը, մարդիկ, առավել մոռացված ու անտեսված շրջաններից է մեզանում: Մի երկու անուն ենք միայն հիշում, այն էլ՝ ավելի շատ ծիսականորեն, առանց խորանալու դրանց ասելիքի եւ դիրքերի էության մեջ: Մինչդեռ այդ շրջանում կա տեսակետների բավականին հետաքրքիր բազմազանություն, այդ թվում մեզ հետաքրքրող թեմայով: Այդ շրջանում դեռ կարծես բացակայում է հետագա շրջանների միանշանակ կոնսեսուսը ռուսական տիրապետության գնահատականի վերաբերյալ: Թե՛ արեւմտահայ, թե՛ արեւելահայ գործիչների մի մասի մեջ կային ռուսական կողմնորոշման հակառակորդներ, ընդ որում՝ տարբեր գաղափարական դիրքերից՝ ե՛ւ պահպանողական, ե՛ւ ավելի հեղափոխական: Այդ տեսակետներն օդից չէին ծնվում, այլ ունեին նյութական հիմքեր հանրային հարաբերություններում:

Միայն 1870-80-ականներին է, որ Թիֆլիսի հայ բուրժուազիայի տեսակետներն ու շահերն արտահայտող հայկական լիբերալիզմը Գրիգոր Արծրունու գլխավորությամբ ամբողջացրեց ռուսական տիրապետության միանշանակ դրական ընկալման տեսակետը, վերածեց այն յուրահատուկ ազգային գաղափարախոսության, եւ նույն հոսանքն էլ ազատագրական պայքարի խնդիրը նույնացրեց միայն արեւմտահայկական խնդրի հետ: Ընդ որում՝ արեւմտահայերի ազատագրումը պատկերացնում էին ոչ թե որպես գյուղացիական զանգվածների հեղափոխական պայքար ընդդեմ բռնապետության, այլ որպես օտար «առաջադիմական»՝ ռուսական ուժով երկրի «ազատագրում», փաստացի նվաճում: Այս՝ հայ լիբերալիզմի աշխարհայացքի եւ ծրագրի ազդեցությունից ի զորու չեղան վերջնականապես ազատվել նույնիսկ հայկական հեղափոխական կուսակցությունները, որոնք թեեւ գործնականում վարում էին հեղափոխական քաղաքականություն՝ կազմակերպելով հայկական զանգվածներին, բայց ռազմավարական մտածողության մակարդակում մնում էին օտար ուժով՝ առաջադեմ մարդկության օգնությամբ (ռուսներ թե եվրոպացիներ) ազատագրման ծրագրի գերին: Հայ լիբերալիզմի քաղաքական ծրագրի գագաթնակետն ու իրացումն էր 1914-ի կամավորական շարժումն ու դրա հետ կապված ոգեւորությունը, որին նույնպես ոչ միայն ի զորու չեղան հակադրվել հայկական կուսակցությունները, այլեւ գործակիցը դարձան այդ ծրագրի: Ռուսական ուժով Հայաստանի ազատագրման ժամը եկել էր: Այն ավարտվեց Արեւմտյան Հայաստանի կորստով եւ Մեծ եղեռնով: 

Այս մեծ ողբերգությունը որոշակի ազդեցություն ունեցավ հայկական աշխարհայացքի վրա, թեեւ ոչ այն արմատապես սթափեցնող ազդեցությունը, որ թվում էր, թե պետք է ունենար նման մասշտաբի ողբերգությունը (որքան էլ ներկայացնենք հայոց պատմությունը որպես ողբերգությունների շղթա, այն այդպիսին չի եղել, եւ միակ իրապես մեծ ողբերգությունը, որ եղել է մեր ամբողջ պատմության մեջ՝ 1915-16-ի դեպքերն են): 1920-30-ականներն այն ժամանակներն են, երբ թե՛ Սփյուռքում, թե՛ Սովետական Հայաստանում փորձ կա ավելի քննադատական մոտեցման ցարական Ռուսաստանի տիրապետության նկատմամբ Հայաստանում: Այդ փուլը, ցավոք, նույնպես մնաց կիսատ եւ շարունակություն չստացավ: 1940-60-ականներին վերականգնվեց նախկին կոնսեսուսը, եւ այստեղ էլ Սփյուռքն ու Հայաստանը միասնական էին: Այդ կոնսեսուսի գերիշխանությանը մեծ հաշվով ոչինչ չի սպառնում ցայսօր: 

Իսկ ինչո՞ւ է դա խնդիր: Միգուցե կասի ընթերցողը, հենց այդպես էլ պետք է լինի, եւ հեղինակը հարց է տալիս այնտեղ, ուր պատասխանն արդեն գտնված է: 

Միանգամից ասեմ, որ խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ գերակայող պատկերացման պլյուսը փոխենք մինուսով, սպիտակը՝ սեւով, ու որտեղ ասում ենք՝ լավ էր ու դրական, այժմ ասենք՝ վատ էր ու բացասական: Խնդիրը ոչ մի դեպքում Ռուսաստանին Հայաստանի միացման, ռուսական տիրապետության սեւացումը չէ, այն բացառապես մռայլ գույներով ներկայացնելը չէ: Ընդհանրապես նման հայելային մոտեցումները տհասության, մանկամտության ցուցիչներ են: Որեւէ երեւույթի վերաիմաստավորումը, քննադատությունը երբեք չի կարող լինել պլյուս-մինուսի տեղերով փոփոխությունը, ինչպես հաճախ մտածում կամ անում են: Եթե ուզում ենք իրապես գիտական, վերլուծական եւ միաժամանակ ազգային քաղաքականության տեսակետից գործնական մոտեցում, պետք է միանգամայն այլ ճանապարհով գնանք:

Իմիջիայլոց, պետք է ասել, որ գիտական մոտեցումը՝ որպես կանոն, ամենաձեռնտուն է հենց ազգայնական աշխարհայացքի տեսակետից: Այս միտքը կարող է տարօրինակ թվալ, բայց այն ունի հիմնավորում: Բոլորս էլ գիտակցում ենք, որ պատմագիտությունը քաղաքական գիտություն է, կարելի է ասել նույնիսկ՝ քաղաքագիտության այլ անվանումը: Մեղմ ասած՝ մեծ է քաղաքական շահերի ազդեցությունը պատմական գիտության վրա: Որպես պատմագիտական ճշմարտություններ՝ ամրագրվում են այն տեսակետները, որոնք ունեն առավել հզոր քաղաքական հենարան: Զարմանալի չէ, որ դրանք հիմնականում մեծապետական տեսակետներն են՝ մեծ տերությունների շահերը ներկայացնող եւ ամրագրող: Մեծապետության կարեւոր գործիքներից է միշտ եղել եւ կա պատմական մեծ միֆերի միջոցով սեփական գերիշխանության հաստատումը: Իսկ մեծ միֆերը լինում են սեւի ու սպիտակի, բացարձակ բարու եւ բացարձակ չարի պատմություններ: Զարմանալի չէ ուրեմն, որ ազգերի պայքարը հանուն անկախության, հանուն մեծապետական գերիշխանություններից ազատագրման՝ պետք է դիմի հակառակ մեթոդի՝ միֆերի ապակառուցմանը, գիտական, վերլուծական մեթոդին, որտեղ գերակայում են ոչ թե սեւ ու սպիտակ պարզ հարաբերությունները, այլ արտահայտվում իրականության բարդ, բազմաշերտ, ոչ միանշանակ կառուցվածքը: 

Գիտական մեթոդն ընդհանրապես չի սիրում գնահատականներ տալ: Գերնպատակը ոչ թե ինչ-որ երեւույթ դրական կամ բացասական գնահատելն է, ոչ թե դատապարտելը կամ արդարացնելն է, այլ հասկանալը: Միայն հասկանալու հիմամբ կարելի է կառուցել համարժեք գործնական քաղաքականություն: Դրա համար մեր խնդիրն այս հոդվածի հաջորդ մասում պետք է լինի ոչ թե գնահատելը, այլ հենց հասկանալը՝ ի՞նչ էր Ռուսաստանին միանալը Հայաստանի պատմության համար իր ամբողջ բազմաշերտությամբ, բազմերանգությամբ, բարդությամբ: Եվ դա անելու համար կդիմենք մեր սիրած այլընտրանքային պատմության օգնությանը՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե Հայաստանը չմիանար Ռուսաստանին: Քննելով հնարավորությունների դաշտը՝ մի փոքր ավելի լավ կսկսենք հասկանալ իրականում եղածը: Եվ հուսամ, հիմա արդեն հասկանալի է, որ չարժի սպասել տրված հարցի պարզունակ պատասխանի՝ կլիներ շատ լավ կամ կլիներ շատ վատ, հայ ազգը կփրկվեր կամ կկործանվեր: Ավելի լավ է ուղեւորվենք հնարավորությունների արկածային աշխարհ: 

Շարունակելի

Հեղինակ՝  Հրանտ Տէր-Աբրահամեան

Նկարազարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *