Հայաստան

Այլընտրանքային Պատմություն

«Հայաստանի գյուղացիությունը երկրի անկախության հենարանն էր, հիմնական զոհաբերողը պատերազմում, բայց նաեւ նվիրվածը ազգային իղձերին: Մյուս կողմից՝ այն հիմնական ճնշված դասակարգն էր դեռեւս ցարական տիրապետության ժամանակվանից, եւ նրա խնդիրները մնում էին նույնը նաեւ անկախ Հայաստանի օրոք, քանի որ կամ հերթ չէր հասնում դրանց լուծմանը, կամ կոմպրոմիսային քաղաքականությամբ տարված Հայաստանի ղեկավարները, հակառակ Դաշնակցության ծրագրի կետերի, չէին շտապում արմատապես լուծել գյուղացիության խնդիրները»։

Հրանտ Տէր-Աբրահամեան

Առաջին Հանրապետության այլընտրանքային պատմությունը

Մաս IV. Ազգային հեղափոխություն

Երեւանում գործերը կարգավորելուց հետո Ռուբեն Տեր-Մինասյանն անմիջապես մեկնում է Ալեքսանդրապոլ, իսկ Դրոն վերադառնում է ճակատ: Ճանապարհին նրանք կանգ են առնում գյուղերում եւ բոլոր տեղերում կոչ անում դիմադրության, ինքնապաշտանության կազմակերպման:

Նույն ժամանակ Երեւանում շտապ գումարված խորհրդարանի հատուկ նիստում հրաժարական է տալիս կառավարությունը, եւ հաստատվում է ժամանակավոր կառավարման մասին որոշումը, որով մինչեւ պատերազմի ավարտը հատուկ լիազորություններով է օժտվում Ռուբեն Տեր-Մինասյանը, իսկ նրան որպես օգնականներ են նշանակվում Դրոն ու Նժդեհը: Ճակատ մեկնելուց առաջ Ռուբենը Երեւանում գործերի կառավարումը հանձնում է արդեն հրաժարական տված կառավարության արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանին՝ իր ջավախքցի հայրենակցին, մանկության ընկերոջը եւ գաղափարակցին:

Ռուբեն Դարբինյանը, որը նաեւ «Յառաջ» թերթի խմբագիրն էր, հայտնի էր անհաշտ հակաբոլշեւիկյան դիրքով, եւ հայ գործիչների մեջ առաջիններից էր, որ իր խմբագրած թերթի էջերում բարձրաձայնեց Հայաստանին սպառնացող ոչ միայն թուրքական, այլեւ ռուսական վտանգի մասին համանուն հոդվածաշարով: Նա չուներ ռազմական փորձ, բայց որպես գործիչ օժտված էր վճռականությամբ եւ ամուր գաղափարականությամբ, միաժամանակ խիստ իրատեսական, դոգմատիզմից զուրկ մտածողության կրող էր: Մինչ դիկտատորական լիազորություններվ օժտված Ռուբենի, նաեւ Դրոյի, հետագայում Նժդեհի գործը հիմնականում ճակատներում էր, Ռուբեն Դարբինյանի վրա էր ընկնում արտակարգ իրավիճակում քաղաքացիական գործերի ղեկավարումը:

Դրանց մեջ առաջին տեղում էին դասալիքների դեմ անխնա պայքարը, հակապետական կազմակերպված քարոզչության արմատախիլ անելը, այսինքն՝ բոլշեւիկյան բոլոր տեսակի ընդհատակյա բջիջների բացահայտումն ու ոչնչացումը, բոլոր տեսակի հնարավոր հակապետական ելույթների կանխումը կամ ճնշումը, երկրով մեկ կազմակերպվող կամավորական ինքնապաշտպանական շարժման կազմակերպումն ու հսկումը, կուսակցական աշխատանքը, ռազմաճակատին թիկունքից հասցվող օգնության վերահսկողությունը եւ այլն:

Պետական պաշտոնեության վրա հույս չկար. մեծ մասը մնում էին հին ցարական վարչակազմի անգույն, ազգային, ժողովրդական եւ սոցիալական պայքարից հեռու մարդիկ, որոնց էությամբ խորթ էր այն շարժումը, որը ծավալվում էր երկրում: Միակ լուրջ հենարանը ձեռնարկված միջոցառումների կարող էր լիներ նախ՝ կուսակցական կազմակերպությունը, որի միջոցով այժմ պետք էր կառավարել երկիրը, եւ ինքնակազմակերպվող հայ գյուղացիությունը՝ լայն ժողովրդական շարժումը, որը պետք էր արագ ստեղծել՝ մի կողմից ոգեշնչելով ժողովրդին, մյուս կողմից՝ տալով ոգեւորությանը կազմակերպված, կարգապահ բնույթ:

Հայաստանի գյուղացիությունը երկրի անկախության հենարանն էր, հիմնական զոհաբերողը պատերազմում, բայց նաեւ նվիրվածը ազգային իղձերին: Մյուս կողմից՝ այն հիմնական ճնշված դասակարգն էր դեռեւս ցարական տիրապետության ժամանակվանից, եւ նրա խնդիրները մնում էին նույնը նաեւ անկախ Հայաստանի օրոք, քանի որ կամ հերթ չէր հասնում դրանց լուծմանը, կամ կոմպրոմիսային քաղաքականությամբ տարված Հայաստանի ղեկավարները, հակառակ Դաշնակցության ծրագրի կետերի, չէին շտապում արմատապես լուծել գյուղացիության խնդիրները:

Հայաստանի գյուղացու հիմնական խնդիրը սակավահողությունն էր եւ հողերի անարդար բաժանումը: Ըստ հնուց եկող ավանդույթի՝ գյուղական համայնքների հողերը պետք է ժամանակ առ ժամանակ վերաբաշխվեին համայնքի անդամների միջեւ: Սակայն գյուղերի մեծ մասում վերաբաժանումը տասնամյակներով տեղի չէր ունենում, ինչը ձեռնտու էր առավել ունեւոր հողատերերին: Բացի այդ, մասամբ պատմական հանգամանքների բերմամբ, մասամբ էլ ռուսական քաղաքականության հետեւանքով հայկական գյուղերի հողաբաժիններն իրենց չափերով զիջում էին թուրքական ու ռուսական (մոլոկան) գյուղերի հողերին, այնպես որ, դասակարգային հարցն այստեղ էլ առնչվում էր ազգայինի հետ:

Ի տարբերություն հայ քաղքենիության (քաղաքաբնակների, բուրժուազիայի)՝ վերին ու միջին շերտերի, մանավանդ գաղութահայ քաղքենիության, որը հիմնականում գոհ կարող էր մնալ ցարական տիրապետությունից, եւ որն էլ ստեղծել էր հայկական ռուսամոլության իդեոլոգիան եւ միֆը, հայ գյուղացին, մանավանդ հայաստանաբնակն, առանձնապես բան չուներ գոհ մնալու ռուսական տիրապետությունից, բայց հայ գյուղացին չուներ նաեւ իր լեզուն ու հարթակները՝ արտահայտելու համար զգացածն ու մտածածը (բացի մասամբ մի քանի գյուղագիր գրողի, որոնք դուրս էին եկել նույն գյուղական միջավայրից, եւ գյուղական ծագում ունեցող մտավորականության ու քաղաքական գործիչների հատվածի): Հայ գյուղացին անկախության գաղափարի պոտենցիալ գլխավոր հենարանն էր, բայց այդ պոտենցիալն ակտուալ դարձնելու համար անհրաժեշտ էր սոցիալական, տվյալ դեպքում՝ հողային հարցի արմատական ու վճռական լուծում:

Դեռ Միքայել Նալբանդյանն էր նախանշել ազգային հեղափոխության այդ ուղին ու գաղափարը: Ըստ այդմ՝ ազգային եւ սոցիալական հարցերը նույնանում են. ազգը ազգի մեծամասնությունն է, իսկ ազգի քաղաքական անկախությունը չի կարող լիարժեք լինել, չի կարող բովանդակություն ստանալ, եթե քաղաքական ազատության հետ չի լուծվում նաեւ տնտեսական եւ ընկերային ազատությունների հարցը, եթե ազատվելով օտար տիրապետությունից՝ ազգը նաեւ իր ներսում չի դառնում ազատ եւ չի կառուցում ներքին արդար հարաբերություններ: Հայաստանը հողագործական երկիր էր, եւ Հայաստանի պայմաններում ազատ ազգը նշանակում էր ազատ հողագործների, ազատ երկրագործական տնտեսությունների ազգ:

Հողային հարցի լուծումն անկախ Հայաստանում ձգձգվում էր ոչ միայն առարկայական պատճառներով՝ պատերազմական վիճակ, տնտեսական փլուզում եւ այլն, այլեւ քաղաքական պատճառներով: Չնայած Դաշնակցության ծրագրում ամրագրված էին հողային հարցի լուծման հեղափոխական դրույթները՝ հողի համայնացում, կալվածքների բռնագրավում եւ այլն, սակայն նման ծրագրերի իրականացմանը կտրականապես դեմ էին հայկական գաղութահայ (թե՛ թիֆլիսահայ, թե՛ տաճկահայ) բուրժուազիայի շահերը ներկայացնող ուժերը՝ Ժողովրդական կուսակցությունը եւ այլն, մասամբ նաեւ եկեղեցին, որոնց հետ գործակցության կամ փոխզիջման էին ձգտում Հայաստանի առաջին երկու՝ Քաջազնունու եւ Խատիսյանի կառավարությունները, որոնք հենց իրենք էլ Դաշնակցության մեջ ներկայացնում էին ազգային-լիբերալ, քաղքենիական թեւը:

Նրանք ազգային հարցի լուծումը պատկերացնում էին «դիվանագիտությամբ»՝ սպասելով մեծ տերությունների կողմից հայկական հարցի լուծմանը, եւ համապատասխանաբար սոցիալական հարցում էլ արտահայտում էին հայկական բուրժուազիայի շահերը եւ նույն մեծ տերությունների տեսակետներին հարմարվելու քաղաքականությունը ներքին խնդիրներում:

Սակայն գաղութահայ բուրժուազիան երբեք չէր մասնակցում հայ ժողովրդի ազատագրական պայքարին, ոչ էլ այժմ պատրաստվում էր ոչ միայն իր արյունը թափել հանուն Հայաստանի անկախության, այլեւ իր դրամը զոհաբերել հանուն այդ նպատակի: Իսկ հայկական բանակը, Հայաստանի համար արյուն թափողը եւ բանակին իր վերջին ունեցվածքը տվողը հայ գյուղացին էր: Նրա շահերն էլ պետք է արտահայտեր իրատեսական քաղաքականությունը:

Գյուղացիական հարցն ի դեպ ճիշտ հասկացան բոլշեւիկները, որոնք Ռուսաստանում իշխանությունը վերցրին ու պահեցին՝ իրացնելով սկզբնապես հողային հարցերում ոչ թե իրենց, այլ էսէռների ծրագիրը, որն ավելի մոտ էր գյուղացիության պատկերացումներին, եւ միայն իշխանությունն ամրապնդելուց հետո անցան հողային հարցի բուն բոլշեւիկյան լուծմանը՝ կոլեկտիվիզացիային: Հայաստանում հակապետական գործունեություն ծավալելով՝ բոլշեւիկները նույնպես շահարկում էին հայ գյուղացու դժգոհությունը հողային հարցի ձգձգման հետ կապված: Այնպես որ, խնդիրը ոչ թե ինչ-որ իդեոլոգիական՝ ձախ կամ աջ քաղաքականությունն էր, այլ միանգամայն պրակտիկ քաղաքական հաշվարկը. պետությունը պետք է իրացներ իր միակ հուսալի հենարանի շահերի սպասարկման ծրագիրը….

***

Հասնելով Ալեքպոլ՝ Ռուբեն Տեր-Մինասյանն անցկացնում է նոր խորհրդակցություն ռազմական եւ քաղաքական ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ճամփորդության արդյունքներն ու նոր դրությունը: Ապա նոր կարճ ելույթով դիմում է Ալեքպոլում հավաքված ժողովրդին ճակատ մեկնելուց առաջ:

Նրա խոսքի սկիզբը կրկնում է 1918-ին Սարդարապատի նախօրեին Արամ Մանուկյանի՝ Երեւանի ժողովրդի համար արտասանած ճառերից մեկը:

«Անձերը չեն հերոս, հերոսը ժողովուրդներն են: Ես առանց ձեզ ոչինչ չեմ կարող անել: Ժողովուրդը պետք է ոտքի կանգնի հանուն իր պաշտպանության: Ոտքի կանգնած ժողովուրդն անպարտելի ուժ է, նույնիսկ աշխարհի հզորների դեմ:

Հայ ժողովուրդը միլիոնից ավել կրավորական զոհ է տվել Տաճկահայաստանում: Տասնյակհազարավոր հայեր զոհվել են՝ կռվելով ռուսական բանակում գերմանական, ավստրիական եւ կովկասյան ճակատներում՝ հանուն Անտանտի, բայց փոխարենը չեն ստացել ոչինչ: Սրա դիմաց՝ ընդամենը մի քանի տասնյակ զոհ պահանջեց մեզնից Սարդարապատի ճակատամարտը, որը ոչ թե հանուն Անտանտի էր, այլ հանուն մեր կյանքի: Հայ ժողովուրդը կշարունակի ահռելի զոհեր տալ մեծ տերությունների վարած կռիվներում, քանի դեռ պատրաստ չէ զոհաբերել հանուն իր անկախության շատ ավելի փոքր մասնաբաժին: Եթե հանուն Անտանտի զոհված հայերի թվի միայն մեկ տասներորդը պատրաստ է ինձ հետ իր կյանքը տալ Կարսի պատերի տակ, մենք ոչ միայն Կարսը, այլեւ ամբողջ Հայաստանը կազատագրենք: Միայն այս տասնորդն եմ պահանջում ձեզնից՝ տասնորդը ձեր տված զոհերի հանուն Անտանտի ու մեծ տերությունների: Վճարելով այդ տասնորդը այս աշխարհի անողոք Տիրոջը՝ դուք կստանաք ազատություն, որպեսզի չմնաք ստրուկներ, եւ որպեսզի ձեր հաջորդ սերունդն իմ եւ ռազմի Աստծո ուզածի տասնապատիկը չվճարի մեծ տերությունների հաջորդ մեծ պատերազմում:

Պարտվողի մուրած եւ ստացած խաղաղությունը պատրանք է: Եթե այսօր ընկրկեք թշնամու առաջ, վաղը ձեր որդիները եւ որդիների որդիները ստիպված են լինելու մղել միեւնույն կռիվը՝ ո՜վ գիտի, թե որքան ավելի դժվար պայմաններում: Կռիվները չեն ավարտվում, քանի դեռ լուծված չեն լինում դրանց պատճառ խնդիրներն ու նպատակները: Այսօր դուք կարող եք մեկ հարվածով լուծել սերունդների խնդիրը, որպեսզի ձեր սերունդներն այլեւս երբեք ստիպված չլինեն կրել նույն զրկանքները, ինչ այսօր ձեզ է պարգեւած, որպեսզի ձեր սերունդների միջի քաջ հոգիները անիծեն իրենց ապրած հանգիստ ժամանակները եւ սեւ նախանձով նախանձեն ձեզ՝ վիպական հաղթողների սերնդին:

Հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ կլինի խաղաղություն, եթե այսօր հաղթենք: Եթե պարտվենք, նահանջենք, պատրանքային խաղաղության հետեւից ընկնենք, հոգնենք, ապա հայ-թուրքական կնճիռը կմնա հաջորդ սերունդներին, որոնք ստիպված կլինեն անել այն զոհաբերությունը, որն այսօր դուք չարեցիք: Նրանք գուցե անիծեն ձեզ սրա համար, գուցե օրհնեն, որ իրենց թողեցիք պայքարողի փառքն ու պատիվը:

Ով կռվող է, թող զենք վերցնի եւ մտնի կամավորական ջոկատներ: Ով թույլ է եւ տկար, թող օգնի թիկունքում: Ինչպես Վարդանն Ավարայրից առաջ, ես ասում եմ ձեզ՝ ով չի ուզում կռվել, դեռ ուշ չէ, թող հետ կանգնի, բայց ով վճռել է, թող գա ինձ հետ:

Ես այստեղից, այս պահին մեկնում եմ ճակատ՝ իմ կռիվը վարելու, Կարնո պատերի տակ իմ յարին՝ իմ մահը կամ իմ հաղթանակը գտնելու, ինձ մղողն իմ սերն է, երազում ինձ եկած չքնաղ գեղեցկուհին է՝ բերդը Կարնո, որտեղից դուրս են եկել իմ պապերը, այդ գեղեցկուհու գրկում կուզեմ ապրել կամ մեռնել, եւ առանց նրա ապրածս էլ ոչինչ է»:

Առաջին եւ վերջին անգամ իր կյանքում Ռուբենը՝ սակավախոս, զուսպ, ինքնամփոփ, բացում էր հոգին որեւէ մեկի առաջ այս աստիճանի, ի ցույց դնում սառը դիմակի տակ թաքնված իր անզուսպ կիրքը: Եվ նրա խոսքն այնքան ավելի ազդու էր, որքան ավելի անսպասելի էր նրա նման մարդուց:

***

Ալեքպոլում որպես գործերի կառավարիչ թողնելով իր վաղեմի զինակից Կարո Սասունուն՝ Ռուբենը մեկնում է ճակատ: Թուրքերը, որքան էլ զարմանալի է, չէին շտապում Կարսի վճռական հաղթանակից հետո նոր գրոհի դիմել: Նրանք միայն դանդաղորեն առաջ էին շարժվում դեպի Ախուրյանի ափը՝ մի քանի հետախուզական թույլ մարտերի բռնվելով նահանջող հայկական զորքերի հետ (սա այդպես է եղել հենց իրական՝ ոչ այլընտրանքային իրականության մեջ):

Հասնելով ճակատ՝ Ռուբենը նրանց թիկունք է ուղարկում՝ վերակազմավորվելու առավել բարոյալքված զորամասերը: Որքան էլ դրանով մերկանում էր ճակատը, սակայն այդ աստիճանի հուսալքված զինվորներով կռվի մեջ մտնելն է՛լ ավելի մեծ անմտություն էր: Պետք էր մի որոշ ժամանակ մի կերպ պահել ճակատի գիծը՝ հենվելով  Ալեքսանդրապոլի բերդի վրա, մինչեւ տեղ կհասնեին նոր կազմակերպվող ժողովրդական ջոկատները երկրի զանազան մասերից: Հին կռիվն ավարտված էր, իսկ նոր կռիվը վարելու էր նոր՝ ժողովրդական եւ հեղափոխական հայկական բանակը, որը վարելու էր ոչ թե կանոնավոր ռուս-թուրքական պատերազմ, այլ երկու կողմից միմյանց են բախվելու երկու ազգային կամքեր, երկու հեղափոխություններ, երկու ժողովրդական դիմադրություններ, երկու իրար արժանի հակառակորդներ, կարելի է ասել՝ երկվորյակ «եղբայրներ»:

 Մի կողմից թուրք ժողովուրդն էր իր ազգային հեղափոխությամբ, իր պատկերացրած հայրենիքը մեծ տերություններից փրկելու կամքով, մյուս կողմից՝ հայ ժողովուրդը հանուն իր պատկերացրած հայրենիքի փրկության: Անտիկ լեգենդների արժանի մի ողբերգական եւ վիպական բախում էր սա, որը պետք է երգեին պոետները, մի նոր Տրոյական պատերազմ, որտեղ ոչ թե անարժանները բախվում են արժանիներին, այլ որտեղ կա երկու կողմից էլ սեփական ճշմարտության գիտակցում ու հերոսություն:

Եվ եթե բախվելով միմյանց՝ այս երկու կամքերն ի վերջո… միանային իրար, նրանք անհաղթահարելի ուժ պետք է դառնային ցանկացած մեծապետության դեմ, ով կհավակներ գերիշխեր Մերձավոր Արեւելքի այս հատվածի ժողովուրդներին:

Մի փոքրիկ ելույթ Ռուբենն ունեցավ նաեւ ճակատի սպաների ու զինվորների առաջ: Բացի սովորական քաջության կոչերից, նա ասաց նաեւ հետեւյալը.

«Սպաներ եւ զինվորներ, ձեր դիմաց կանգնածը նախկին օսմանյան բանակը չէ, որը թեեւ տկար մյուս մեծ տերությունների համեմատ, սակայն եւ կանոնավոր, պետական զորք էր, որի դեմ մենք ունեինք ֆիդայական կամ հետագայում ժողովրդական ուժեր միայն: Ձեր դեմ կանգնածը մի բեկոր է այդ հին բանակի, բայց ոչ սովորական բեկոր, ոչ մնացորդ միայն: Ձեր դեմ կանգնածը թուրք գյուղացին է, որը համախմբվել է իր մի քանի քաջ սպաների շուրջ՝ կարծելով, թե կռվում է հանուն իր պարտված, ստորացված, լքված հայրենիքի անկախության: Ձեր դեմ մի ժողովրդական ուժ էորը, թեեւ քանակապես թույլ է, վատ զինված եւ չունի նույնիսկ կանոնավոր հանդերձանք, բայց դա այն ուժն է, որը վճռել է կռվել ամբողջ աշխարհի դեմ հանուն իր պատկերացրած իրավունքի: Նույնիսկ սեփական երկրում նրանք ապստամբ են համարվում: Մինչ Պոլսի թուրք էֆենդիները առնում-տալիս են իրենց երկիրը պարտության մատնած անգլիացիների հետ, ստորագրում են իրենց պարտությամբ պարտադրած բոլոր պայմանները, Անատոլիայի խորքերի այս ապստամբ, կիսամերկ, հաճախ բոբիկ իսկ գյուղացիների զորքն ասում է ո՛չ այն ամենին, ինչ ինքն իրավացի չի համարում: Նրանք երկար ժամանակ մենակ էին, բայց նրանց վճռականությունը նրանց համար դաշնակից գտավ՝ բոլշեւիկյան Ռուսաստանը: Բայց սա ժամանակավոր դաշինք է, ստիպողական, թուրքերն աշխարհում ամենից քիչ առիթ ունեն վստահելու ռուսին՝ ինչ գույնի էլ դա լինի:

Մենք սխալվում էինք, երբ արհամարհում էինք սրանց ուժը, ես սխալվում էի: Մենք պարծենում էինք, որ ունենք պետական, կանոնավոր բանակ, որը վարում են մասնագետ սպաները, որը զինված է անգլիական զենքով, լավ հագնված է, կուշտ է: Իսկ մեր դեմ կանգնած է բաշիբոզուկների մի բանդա: Այդ սխալի համար մենք թանկ վճարեցինք: Մեր դիմաց ավազակներ չեն, թափառականներ չեն, այլ ժողովրդական, հեղափոխական մի բանակ: Չխաբվենք արտաքին տեսքին: Ուժը տեսքով չէ որոշվում:

Մենք էլ պետք է լինենք այսուհետ ժողովրդական մի ուժ, հեղափոխական բանակ՝ պատրաստ կռվելու բացարձակ մենակության մեջ ու բոլորի դեմ հանուն այն ամենի, ինչ մեր սեփականն ենք համարում: Միայն այդ դեպքում կհաղթենք, ինչպես հաղթեցինք, հակառակ ամենի, երկու տարի առաջ Սարդարապատում»: 

***

Թուրքերի առաջխաղացումը կանխելու նպատակով հրաման տրվեց Վարդան զրահագնացքին մի արագ գրոհ կազմակերպել Կարսի ուղղությամբ, որքան հնարավոր է, դեպի ճակատի խորքը: Զրահագնացքը հաջողությամբ իրականացնում է այդ առաջադրանքը՝ որոշակի խուճապ առաջ բերելով թշնամու զորքի մեջ, որը կարծում է, թե հայերը հակահարձակում են կազմակերպում: Միաժամանակ հյուսիսային ճակատում մի քանի տեղական գրոհ են ձեռնարկում զորավար Սմբատի ուժերը: Առաջ գնալով դեպի թուրքերի դիրքերը եւ որոշակի կորուստներ պատճառելով նրանց, նրանք գիշերվա կողմ հետ են դառնում իրենց դիրքերը: Հաջորդ առավոտյան Ռուբենը, սասունցի ոչ մեծաթիվ հեծյալներին առաջնորդելով, մի խելահեղ ռեյդ է անում թուրքերի խոր թիկունքը նույն հյուսիսային ուղղությամբ:

Մահապարտների այս ռեյդի նպատակը նույնպես կոչված էր զգաստացնելու հակառակորդին, հոգեբանություն փոխելու ճակատում, մինչեւ հիմնական մարտերը:

Կամաց-կամաց ճակատ են հասնում նոր ուժեր՝ կամավորական եւ կանոնավոր՝ նոր հավաքագրված: Հայերն ակտիվ նախապատրաստությունների նշաններ են տալիս Կարսի ճակատում: Թուրքերը նույնպես շտապում են համախմբել իրենց ուժերը՝ զգալով հայերի ակտիվացումը, նրանք ուզում են աճապարել՝ մի վերջին հարվածով խորտակելու այս նոր կազմավորվող դիմադրությունը: Մինչ Ալեքպոլ-Կարս ճակատի վրա այս երկկողմանի նախապատրաստումը եւ նյարդերի խաղն էր գնում, հայկական հիմնական հարվածն այստեղ չէր լինելու:

Կարսի ուղղությամբ հայկական հրամանատարությունն առայժմ միայն ցուցադրական ակտիվություն էր կազմակերպում: Առաջին մեծ հարվածը, ըստ ծրագրի, պետք է հասցվեր հարավում՝ Իգդիրի ուղղությամբ, եւ եթե հնարավոր է, ավելի խորքերը՝ դեպի Կաղզվան՝ Կարսի թիկունքում: Մինչ այդ սակայն, թուրքերը հասցնում են իրացնել իրենց գրոհն Ալեքպոլի ուղղությամբ: Մի պահ հայկական զորքը տեղի է տալիս, սակայն  Ալեքսանդրապոլի բերդի թնդանոթներն ու քաղաքի ինքնապաշտպանության նորակազմ ջոկատի շուտափույթ հասնելը ռազմի դաշտ կայունացնում են վիճակը, եւ թուրքերը նահանջում են ելման դիրք: Սա առաջին փոքր հաղթանակն էր այս պատերազմում: Սակայն դեռ անհրաժեշտ էր մի փոքր էլ ուժեր լարել՝ անցնելու համար գրոհի Կարսի ուղղությամբ:

Դրոյի ուժերը, կենտրոնացած Արարատյան դաշտում, արդեն պատրաստ էին գործողությունների: Այս զորամասերն ի սկզբանե ավելի մարտունակ էին, ավելի պակաս բարոյալքված ու համալրվելով ժողովրդական նոր ուժերով՝ թուրքերի համար անսպասելի անցնում են Արաքսը Մաստարայի կամրջով եւ գրոհով հետ վերցնում Իգդիրը: Թուրքերն այս ուղղությամբ չունեին էլ շատ ուժեր, եւ առանց դադարի հետապնդելով անակնկալի եկած թշնամուն՝ Դրոյի ուժերը հասնում են Կաղզվան: Ճիշտ է, այս դիրքում Դրոյի զորամասն իր հերթին վտանգվում է՝ չափից ավելի առաջ գնալով դեպի թշնամու թիկունքը, բայց մյուս կողմից այն դուրս է գալիս Կարսի թիկունք հարավից, ինչը միանգամայն անսպասելի էր թուրքերի համար: Ռուս-թուրքական պատերազմների հարուստ փորձը չէր տալիս նման օրինակ, սակայն 1877-78-ին կար նման գործողության որոշ չափով մոտիկ զարգացում, երբ ռուսական բանակի հյուսիսային մասը գրոհում էր Կարսի ուղղությամբ Ալեքպոլից, իսկ հարավայինը, Իգդիր-Բայազետ ուղղությամբ գրոհելով, շարժվում է Բայազետից հյուսիսարեւմտյան ուղղությամբ, եւ երկուսը միանում են Հասանքալեում՝ Կարին տանող գլխավոր մայրուղու վրա: Մի երրորդ ռուսական ջոկատ էլ գործում էր հյուսիսում՝ Ախալքալաք-Արդվին ուղղությամբ:

Կաղզվանի ազատագրումից հետո Դրոյի զորքերը կանգ են առնում եւ փորձում ամրացնել իրենց դիրքերը: Թուրքական բանակը Կարսում սկսում է անհանգստանալ եւ ուշադրությունն ուղղել դեպի հարավ: Կաղզվանի գրավման լուրն առնելու պես Կարսի ճակատում հայկական զորքերը նույնպես անցնում են գրոհի, բայց այստեղ էլ ոչ թե կենտրոնական ուղղությամբ, այլ վերը բերած օրինակի նման դեպի հյուսիս՝ Արդահանի ուղղությամբ: Այստեղ նույնպես խոշոր թուրքական ուժեր չկային, եւ զորավար Սեպուհի զորքերը հասնում են հաջողության՝ այս անգամ հյուսիսից կախվելով Կարսի բերդի վրա:

Այս գործողություններին զուգահեռ տեղի է ունենում եւս երկուսը: Նախ՝ թուրքերին բանակցությունների առաջարկ է ուղարկվում՝ Կարսը հետ հանձնելու նախապայմանով, եւ հետագա սահմանային հարցերը փոխզիջմամբ լուծելու եւ ավելի լայն դաշինքային հարաբերություններ կազմելու առաջարկով: Թուրքերն առայժմ մերժում են այս առաջարկները, եւ առաջ քաշում իրենցը, սակայն կարեւոր էր, որ երկուստեք կտրուկ հրաժարում բանակցությունների բուն մտքից՝ չի լինում:

Մյուս կարեւորը՝ Շարուրում տեղակայված Շելկովնիկովի զորքերը մի հանդուգն գրոհ են ձեռնարկում Նախիջեւանի ուղղությամբ եւ փոքրաթիվ ուժերով կարողանում են խուճապի մատնել այստեղի թուրքերին, ազատագրել Նախիջեւանը եւ անմիջական կապ հաստատել այդ ժամանակ արդեն Գորիսը վերագրաված Նժդեհի հետ: Նժդեհին կարեւոր դեր էր վերապահված մեծ ծրագրում. նա պետք է ապահովեր Հայաստանի թիկունքը բոլշեւիկյան հնարավոր գործողություններից՝ ամբողջ արեւելյան սահմանի երկայնքով եւ թիկունքում՝ Քարավանսարայից (Իջեւան) մինչեւ Զանգեզուր: Սա մարդկային ուժերից վեր մի առաջադրանք էր, բայց պետք է իրականացվեր:

Այսպիսով, երեքը՝ Ռուբենը, Դրոն ու Նժդեհը, կազմում են յուրահատուկ տրիումվիրատ Հայաստանի փրկության գործում: Այս երեքը երբեք չեն եղել մոտ ընկերներ: Ավելին՝ ամեն մեկը մյուսի հետ ունեցել է բավականին սառը հարաբերություններ, նաեւ ընդհարումներ եւ սուր բանավեճեր: Երեքն էլ տարբեր էին իրենց խառնվածքով, անցած ուղով, աշխարհայացքով: Երեքն էլ ունեին մեծ հավակնություններ, որոնք ստիպում էին միմյանց մեջ տեսնել մրցակիցների: Բայց այս պահին երեքն էլ անհրաժեշտաբար միասին էին: Պատմության մեջ հայտնի բոլոր նման տրիումվիրատները, դուումվիրատները եւ այլն ժամանակավոր բնույթ են կրել. ուժեղ անհատականությունները, միավորվելով հանուն կոնկրետ իրավիճակի թելադրանքի, հետագայում գժտվել են միմյանց հետ: Ռուբեն-Դրո-Նժդեհ եռյակում այդ ամենը դեռ առջեւում էր: Այժմ նրանք գերմարդկային ջանքեր էին գործադրում հանուն Հայաստանի անկախության եւ սեփական ապագայի:

Շարունակելի

Հեղինակ՝  Հրանտ Տէր-Աբրահամեան

Նկարազարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *