Հայաստան

Ռուս-Թուրքական Վանդակ

Մաս 9-րդ

«Հայական քաղաքական միտքը չէր կողմնորոշվում, թե ինչ անել և շարունակում էր կառչած մնալ ռուսական դիրքորոշումից, չնայած, որ ռուսներն արդեն ոչ մի ներկայություն չունեին Անդրկովկասում և նույնիսկ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով թուրքերին էին զիջում նաև 1877-78թթ. պատերազմի հետևանքով ռուսներին անցած տարածքները»:

Հրանտ Տէր-Աբրահամեան

Շարունակում ենք  պատմաբան Հրանտ Տէր-Աբրահամյանի և «Կողբ» հիմնադրամի կողմից ներկայացվող «Ռուս-թուրքական վանդակ» պատմավերլուծական հաղորդաշարի հերթական մասը:

Նախորդ՝ 8-րդ հատվածում դեպքերի ժամանակագրությունը բերեց մինչև 1917թ. դեկտեմբեր և որին արդեն հաջորդեց 1918թ. հունվարին թուրքերի կողմից Անդրկովկաս ներխուժումը:

Հրանտ Տէր-Աբրահամյանը նախ խոսեց մի կարևոր խնդրի՝ քաղաքական նեղմտության մասին: Քաղաքական միակողմանիությունը, որ բնորոշ էր այդ տարիներին և ցավալիորեն արտահայտվում է նաև հիմա, մեծ խնդիրների առաջ կանգնեցրեց և՛ հայկական զինված ուժերին, և՛ Անդրկովկասի հայությանը:

Ինչպես նշում է Հրանտ Տէր-Աբրահամյանը, քաղաքական այդ գավառային մակարդակը հաշվի չէր առել քաղաքական շատ նրբություններ, այդ թվում և, թե ինչպես է ընթանալու հայերի ճանապարհը տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: Հայկական քաղաքական միտքը երբեք չի աշխատել այն ուղղությամբ, թե ինչ կարող է պատահել, եթե ռուսական ներկայությունը Անդրկովկասից վերանա: Հայկական քաղաքական հոտառությունը միայն խոշոր կետերի վրա էր հիմնված, որն էլ արտահայտվում էր այն պարզունակ տրամաբանությամբ, որ ռուսները ավելի ուժեղ են և քանի, որ նրանք հաղթելու են, մենք հաղթողի կողմն ենք կանգնում: Այդ տրամաբանությամբ էլ հայերը դարձան Անտանտի դաշնակիցներ ու թեև Անտանտը իրոք ավելի կայուն ռազմաքաղաքական ղեկավարում ունեացավ, քան Կենտրոնական տերությունները, բայց ամեն ինչ չընթացավ այնպես, ինչպես հայերը կարծում էին: Ու հենց այդ նրբությունների և շեղումների մասին է, որ հայերը չէին մտածել և նույնիսկ չէին էլ փորձում պատկերացնել:

Իրական քաղաքականությանը բնորոշ երևույթներից է նաև նույնիսկ անհնարին թվացող տարբերակի քննարկումն ու հաշվի առնումը, քանի որ ամեն ինչ չի կարող և չի գնում այնքան հարթ, ինչքան, որ կարելի է թվալ թղթի վրա տեսական հաշվումներում:

Հայերի անտանտյան կողմնորոշումն ունեցավ այն հետևանքը, որ, թեև Անտանը հաղթեց, բայց տեղի ունեցավ հայերի կարծիքով ամենաանհնարինը՝ ռուսները հեռացան Անդրկովկասից:

Հավանաբար հիշում ենք, որ դեռևս 1917թ. Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունների հետևանքով ձևավորվեց մի իրավիճակ, որ Ռուսական կայսրությունը որպես պետություն փլուզվեց, սկսվեց անիշխանության ու քաղաքացիական պատերազմների մի անվերջանալի շղթա և ռուսական զորքը, որ գրավել էր արևմտյան Հայաստանի գրեթե ողջ տարածքը, հեռացավ: Հեռացավ ոչ միայն գրաված տարածքներից, այլև Անդրկովկասից ընդհանրապես, որը և ազատեց թուրքերի ձեռքերը:

Եվ այսպես, տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով Անդրկովկասը ուզած-չուզած անկախացավ և ձևավորվեց Անդրկովկասյան Սեյմը: Խնդիր կար այն առումով, որ միացյալ հայ-վրացական-կովկասյան թաթարական(ադրբեջանական) պետությունը չէր կարող գոյատևել մի շարք սկզբունքային պատճառներով: Կարևոր էր այն, որ կովկասյան թաթարները թուրքերի դեմ չէին կռվում, վրացիները ևս, իսկ հայերը կռվում էին: Անդրկովկասյան պետությունն ինքը խայտաբղետ և ոչ լիովին հասկանալի մի երևույթ էր և առավելապես վրացական կառավարություն ուներ:

Հայական քաղաքական միտքը չէր կողմնորոշվում, թե ինչ անել և շարունակում էր կառչած մնալ ռուսական դիրքորոշումից, չնայած, որ ռուսներն արդեն ոչ մի ներկայություն չունեին Անդրկովկասում և նույնիսկ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով թուրքերին էին զիջում նաև 1877-78թթ. պատերազմի հետևանքով ռուսներին անցած տարածքները:

Դա ուղղակի հրաշալի հնարավորություն էր թուրքերի համար: Նրանք թե ինքներն էլ էապես թուլացել էին չորս տարի անընդմեջ պատերազմելուց, բայց հիմա ռւոսական զորքը չկար ու թուրքերը ներխուժեցին Անդրկովկաս այն պատճառաբանությամբ, որ իրենք ռուսական զորքերի հետ խնդիրներ չունեն և կանգ կառնեն այնտեղ, որտեղ հանդիպեն ռուսական զորքի՝ շատ լավ տեղյակ լինելով, որ Անդրկովկասում ռուսական զորք չկա: Իսկ ներխուժման պատճառն էլ իբրև թե թուրքերին ու քրդերին հայերից պաշտպանելն էր:

Հրանտ Տէր-Աբրահամյանը նշեց, որ նույնիսկ լավագույն բանակը պարտվում է, եթե կա քաղաքական սխալ ղեկավարում, օրինակ բերելով գերմանական զինուժը և ասաց, որ թեև իրականում այդ տարիներին տեղի էր ունենում հայ-թուրքական պատերազմ, բայց հայկական պետություն չկար, անորոշ էր նաև Սեյմի դիրքորոշումը: Այսինքն  1918թ. հունվար փետրվար ամիսներին հասկանալի չէր, թե իրավական առումով թուրքերը ում դեմ էին կռվում: Փաստացի՝ հայկական զորքերի, իսկ պաշտոնապես անորոշ ու անհասկանալի իրավիճակ էր:

Այդ ամենի հետևանքը եղավ այն, որ թուրքերը գրավեցին Երզնկան, գրավեցին Տրապիզոնը, Էրզրումը, Արդվին և այլն: Թույլ դիմադրություն եղավ Վանում, որտեղից ևս նահանջ տեղի ունեցավ ու թուրքերը մոտեցան Կարսին:

[շարունակելի]

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *