Հայաստան

Ռուս-Թուրքական Վանդակ

Մաս 10

Ընդհանրապես Անդրկովկասի անկախացումը թուրքերին ձեռնտու քայլ էր՝ կրկնակի առումով: Նախ անկախ Անդրկովկասը բուֆերային գոտի էր դառնում Ռուսաստանի ու  Թուրքիայի մեջ, որով Թուրքիան իր սահմաններն ավելի անվտանգ էր դարձնում և երկրորդ, եթե Անդրկովկասը ռուսներինը չէ, ապա կարող է դառնալ նաև թուրքերինը:

Հրանտ Տէր-Աբրահամյան

Ներկայացնում ենք Հրանտ Տէր-Աբրահամյանի և «Կողբ» հիմնադրամի կողմից հեղինակված «Ռուս-թուրքական վանդակ» պատմավերլուծական հաղորդաշարի հերթական, տասներորդ մասը:

Նախորդ մասում պատմությունն ավարտվեց նրանով, որ թուրքերը 1918թ. հունվարին արդեն անցել էին հարձակման, գրավել էին մի շարք բնակավայրեր՝ Վանը, Էրզրումը, Սարիղամիշը, Արդվին և այլն ու մոտեցել էին Ղարսին: Իրավիճակն ընդհանուր առմամբ շարունակում էր մնալ անհասկանալի,  քաոտիկ: Հայ-թուրքական պատերազմը շարունակվում էր, բայց իրավական առումով թուրքերը անհասկանալի է, թե ում դեմ էին կռվում: Չկար հայկական պետություն, կար միայն անհամատեղելի, անհասկանալի ու խայտաբղետ կազմով Անդրկովկասյան Սեյմը, որը հունվարին նույնիսկ պատերազմ չէր էլ հայտարարել թուրքերի դեմ: Հայ քաղաքական ուժերը գտնվում էին խիստ շփոթվածության մեջ և չգիտեին, թե ինչ անել:

Հրանտ Տէր-Աբրահամյանը բավական երկար շոշափեց այն փիլիսոփայությունը, թե ինչ արժե բանակցությունը և ինչ արժե զինված պայքարը: Նա հստակ արտահայտվեց այն մասին, որ բանակցություններն ընդամենը քաղաքականության և մի գործիք են և իրենք իրենցով պետք է հենված լինեն նաև ռազմական ուժի վրա: Ոչինչ չունենալու դեպքում ոչինչ բանակցել չի ստացվի: Հրանտ Տէր-Աբրահամյանը նաև այդ վիճակը համեմատեց այսօրվա վիճակի հետ, գտնելով, որ մենք հիմա էլ փախչում ենք պատասխանատվությունից և փոխանակ մեզ պետք եկած ուժը մեր մեջ գտնելու, փնտրում ենք դրսում, որն էլ մեզ թուլացնում է:

Մինչ այդ Սեյմը պատերազմ է հայտարարում Թուրքիային: Պատերազմ ասվածը տևում է ընդամենը 20 օր մոտավորապես: Եթե մինչ այդ եղած Տրապիզոնի բանակցություններում թուրքերը ստիպում էին, որ Անդրկովկասն անկախանա, ապա ասյ տանուլ տրված պատերազմից հետո, Անդրկովկասին ստիպում էին նաև նոր զիջումների, ընդ որում Նախիջևանով, Շարուրով, Սուրմալուվ, այսինքն կիպ մոտանալով Գյումրիին, որն այդ ժամանակ անվանվում էր Ալեքսանդրապոլ: Ընդհանրապես Անդրկովկասի անկախացումը թուրքերին ձեռնտու քայլ էր՝ կրկնակի առումով: Նախ անկախ Անդրկովկասը բուֆերային գոտի էր դառնում Ռուսաստանի ու  Թուրքիայի մեջ, որով Թուրքիան իր սահմաններն ավելի անվտանգ էր դարձնում և երկրորդ, եթե Անդրկովկասը ռուսներինը չէ, ապա կարող է դառնալ նաև թուրքերինը:

Հաղորդման ընթացքում էական առումով շոշափվեց նաև Ղարսի անկումը: Հրանտ Տէր-Աբրահամյանը ներկայացրեց, թե ինչպես վրացական պաշտոնյաները հրամայեցին Ղարսը հանձնել, և թե ինչպես Ղարսը հանձնվեց: Հայազգի գեներալ Նազարբեկովը կամ Նազարբեկյանը այն մշակութային ինքնուրույնությունը չուներ, որպեսզի չենթարկվեր կառավարության քաղաքական որոշումներին: Ղարսն ընկավ: Զորքի բարոյազրկումը հասավ գագաթնակետին: Սեյմի երեք հայ պաշտոնյաներ բողոքեցին այդ ամենի դեմ և հրաժարական տվեցին, բայց մի քանի օր հետո նորից վերականգնվեցին իրենց պաշտոններում, չնչին զիջումների դիմաց: Այստեղ նորից երևում է այն, որ հայ քաղաքական միտքը նույնիսկ այս պայմաններում չէր ցանկանում ինքնուրույության ու պատասխանատվության դաշտ մտնել և շարունակում էր իր փրկությունը սխալ տեղերում փնտրել:

Այնպես էր ստացվել, որ Սեյմի կողմից հաշտության բանակցությունների հիմնական ծանրությունն ընկավ հայերի վրա, քանի որ թուրքերն իրենց կովկասյան եղբայրներից պահանջելու ոչինչ չունեին, վրացիներից արդեն իսկ վերցրել էին այն ինչ հնարավոր էր և Սեյմը թուրքերին բավարարում էր հայկական տարածքները նրան տալով, իսկ հայ քաղաքական միտքը շարունակում էր դոփել տեղում և անուժ Սեյմից որևէ գործնական բան սպասել:

Այս ամենի արդյունքում թուրքերը հասան Ալեքսանդրապոլ և պատրաստվում էին երեք ուղղությամբ հարվածել Երևանին:

Ամբողջական տեսանյութը կարող եք դիտել՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *