Հայաստան

Առաջին Հանրապետության Այլընտրանքային Պատմությունը

Մաս VII (նախավերջին). Հայկական ուտոպիա

Ոչ թե դասական այլընտրանքային պատմություն իր մանրամասներով, ճյուղավորումներով ու հիմնավորումներով, այլ ընդհանուր մի ակնարկ այն բանի, թե ինչ կարող էր լինել: Միայն ընդհանուր սահմաններ՝ առանց մանրամասների ու խորության: Մեր հիմնական նպատակին՝ այլընտրանքի միջոցով փորձել հասկանալ իրականը՝ պատմական անցյալը եւ քաղաքական ներկան, այս ձեւաչափը տվյալ դեպքում, կարծում եմ, նույնիսկ ավելի օգտակար կլինի:

Հրանտ Տէր-Աբրահամեան

Այս հոդվածի առաջին տողերը դիտավորյալ սկսել եմ գրել դեկտեմբերի 2-ին՝ 99 տարի անց այն օրվանից, երբ իրեն Հայաստանի իշխանություն հռչակած Հեղկոմը հասավ Երեւան, եւ դրանով Հայաստանում վերջնական հաստատվեց սովետական իշխանություն: Ճիշտ է, պաշտոնապես որպես Հայաստանի սովետականացման օր նշվել է նոյեմբերի 29-ը, քանի որ այդ օրը Հեղկոմն իրեն հռչակեց որպես այդպիսին Քարվանսարայում (այսօրվա Իջեւանում): Սակայն իշխանության վերջնական փոխանցումը տեղի է ունենում հենց դեկտեմբերի 2-ին Երեւանում: Այսպես է սկսվում Սովետական Հայաստանի պատմությունը՝ մի շրջան, որն իր բոլոր ենթափուլերով ու բազմաշերտությամբ դեռ սպասում է ամբողջական եւ խորքային գիտական վերլուծությանն ու գնահատականին: Այդ գիտական վերլուծությունը հնարավոր կլինի միայն ապագայի այնպիսի Հայաստանում, ուր քաղաքական, գաղափարական, տնտեսական, հոգեւոր եւ մնացած հարաբերությունները կկառուցվեն համապատասխան հայաստանակենտրոն իդեալի:

Որքան էլ լիարժեք լինի սակայն որեւէ գիտական, ակադեմիական վերլուծություն, մի տարր կա, որը պակասելու է՝ դա հենց այլընտրանքային պատմությունն է: Որովհետեւ լիարժեք գնահատելու համար մեր սովետական անցյալը՝ իր ձեռքբերումներով ու կորուստներով, մենք ոչ միայն պետք է կարողանանք վերլուծել բուն սովետականը, այլեւ այն, ինչ կարող էր լինել, եթե Հայաստանը սովետական լինելու փոխարեն շարունակեր զարգանալ որպես անկախ պետություն 1920-ից սկսած մինչեւ մեր օրերը: Միայն գոնե ընդհանուր գծերով կառուցելով այդ այլընտրանքի պատկերը՝ կարող ենք իրապես հասկանալ, թե հատկապես ի՛նչ կորցրինք՝ զրկվելով անկախ Հայաստանից: Սովետական Հայաստանի ձեռքբերումների իրական արժեքը գնահատելի է միայն ի համեմատություն այլընտրանքային անկախ Հայաստանի:

Հնարավո՞ր է արդյոք կառուցել գոնե ամենաընդհանուր գծերով ու մոտավոր պատկեր, թե ինչ եւ ինչպիսին կարող էր լինել մի անկախ Հայաստան 1920 թվից ի վեր: Այլընտրանքային պատմության, այսպես ասած, դասական մեթոդով լիարժեք աշխատանք անելու այս թեմայով անշուշտ պետք կլիներ առնվազն մի ամբողջ գիրք գրել՝ հիմնավորելով քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտների պատմության հնարավոր սցենարները, մանրամասն զարգացնելով առանձին կերպարների դերը, գծելով հնարավոր կոնֆլիկտների ու դրանց լուծման եղանակները: Ընդ որում՝ քանի որ խոսքը բավականին երկար ժամանակաշրջանի մասին է, անխուսափելի պետք է լիներ առնվազն երկու-երեք հիմնական՝ միմյանցից տարբերվող սցենարների զարգացումը: Անկեղծ ասած՝ նույնիսկ հնարավորություն ունենալու դեպքում ես նման աշխատանքի պատրաստ չեմ այս պահին:

Մնում է ուրեմն մի երկրորդ տարբերակ: Ոչ թե դասական այլընտրանքային պատմություն իր մանրամասներով, ճյուղավորումներով ու հիմնավորումներով, այլ ընդհանուր մի ակնարկ այն բանի, թե ինչ կարող էր լինել: Միայն ընդհանուր սահմաններ՝ առանց մանրամասների ու խորության: Մեր հիմնական նպատակին՝ այլընտրանքի միջոցով փորձել հասկանալ իրականը՝ պատմական անցյալը եւ քաղաքական ներկան, այս ձեւաչափը տվյալ դեպքում, կարծում եմ, նույնիսկ ավելի օգտակար կլինի:

Ես որոշեցի ընդհանուր ակնարկս կոչել՝ Հայկական ուտոպիա: Անունն առաջին հայացքից շատ հավակնոտ է, բայց այն ինձ համար պատահական չէ եւ զուտ հնչեղության համար չի ընտրված:

Գրելուս փորձը հուշում է՝ կան հոդվածներ, որոնց անունները գալիս են հոդվածից՝ այն գրելիս եւ նույնիսկ հիմնական մտքի հստակությունից առաջ: Կան հոդվածներ, որոնք գրվելուց առաջ էլ համառորեն չեն գտնում հարմար անուն: Չեմ խոսում այս երկուսի արանքն ընկած բազմաթիվ միջանկյալ տարբերակների մասին: Ինձ համար առավել սիրելի են առաջին տիպի գրվածքներս՝ նույնիսկ, եթե չի հաջողվում դրանք լավագույնս իրացնել, որովհետեւ դրանք արտահայտում են խորքից, ենթագիտակցությունից եկող ինչ որ ազդակներ, որոնք հեղինակն ինքը դեռեւս չի կարողանում մինչեւ վերջ հստակեցնել, բայց որոնք այնքան տիրական են եւ ուժեղ, որ պարտադրում են իրենք իրենց, սեւեռուն միտք են դառնում: Լինում է նույնիսկ, որ չգիտես էլ ինչ ես գրելու, բայց անունը կա եւ ստիպում է գրել, եւ հենց գրելու ընթացքում էլ քեզ համար պարզ են դառնում քո իսկ մտքերը, ավելի ճիշտ՝ սկզբում դեռ անորոշ զգացումները, ներքին ռիթմերը, որոնք գրելու ընթացքում են վերածվում մտքերի ու խոսքերի: Նյութը, որը հիմա գրում եմ հենց ա´յս՝ ուժեղ անուն ունեցողների շարքից է: Ես հիմա էլ դեռ չգիտեմ՝ ինչ է հայկական ուտոպիան: Միգուցե նույնիսկ չստացվի արտահայտել դա այս հոդվածով: Բայց գիտեմ, զգում եմ, որ անվանում է, որն այսօր մեզ պետք է, եւ որը պետք է ստանա այսօր կամ վաղն իր միս ու արյունը, իր գիտակցությունը: Եվ իհարկե, ուտոպիա անվանումը բռնում է այլընտրանքային պատմության էության հետ: Ինձ համար այլընտրանքային պատմության ենթատեքստն ու դրա առավել կարեւոր առումը կապն է ֆուտորոլոգիայի հետ: Պատմական նյութի վրա այլընտրանք գրելը կարեւոր նախավարժանք է ապագայի սցենարներկառուցելու գործում. այստեղ է այլընտրանքայինի առավել էական կիրառական նշանակությունը: Վերլուծելով անցյալի հնարավորությունները՝ բանալի գտնել ապագայի հնարավորությունների: Չէ՞ որ, ի տարբերություն անցյալի, ապագան բաց է եւ դրա բազմաթիվ հնարավորությունները դեռ իրացված չեն:

Ուտոպիան՝ որպես կանոն, կապված է ապագայի հետ, բայց, իհարկե, գիտենք, որ կան նաեւ անցյալին ուղղված ուտոպիաներ՝ «կորսված դրախտի» մասին պատմություններ ու պատկերացումներ, որոնք ազդում են կամ նույնիսկ առաջնորդում են հանրությունների գիտակցությունը եւ ներկայի ընկալումներն ու ուղղությունները: Մեր հանրությունն ունի Սովետական Հայաստանի (ավելի ստույգ դրա որոշակի շրջանի՝ 1960-80-ականների) կորսված դրախտի իր պատկերացումը (ի դեպ, սրա մասին բավականին հետաքրքիր խոսվել է Լեւոն Տեր- Պետրոսյանի 2008-ի նախընտրական ծրագրում, ինչի վրա կարծես ոչ ոք առանձնապես ուշադրություն չի դարձրել): Հիմա ես չեմ ուզում վիճարկել կամ քննարկել այդ պատկերացման հիմքերն ու լինել-չլինելու իրավունքը (ի վերջո, եթե մի բան կա, անիմաստ է դրա գոյության իրավունքը ժխտել):

Իմիջիայլոց ուզում եմ շեշտել, որ 60-80-ականների կորսված դրախտի զգացողությունը բնորոշ է ոչ միայն մեր եւ նույնիսկ ոչ միայն ընդհանրապես հետսովետական հանրություններիին, այլեւ շատ ավելի լայն միտում է, որն ընդգրկում է առնվազն Արեւմուտքի, նաեւ Մերձավոր Արեւելքի հանրությունների զգալի հատվածները, եւ որը որոշ չափով, թեկուզ անուղղակի այսօրվա, այսպես կոչված, «պոպուլիստական» շարժումների հիմքերից մեկն է: Մենք երբեք չեն հասկանա մերը, եթե վերագրենք այն զուտ «սովետական կարոտախտին» եւ չտեղավորենք ավելի լայն սահմանների մեջ: 
Փորձս գուցե անհամեստ է կամ նույնիսկ հուսահատ, եթե չասենք ինքնին՝ ուտոպիստական, բայց ես ուզում եմ գծել մեկ այլ ուտոպիայի սահմաններ մեր հանրության կամ գոնե նրա մի մասի համար: Ուտոպիա այն մասին, թե ինչ կարող էր լինել: Չէ՞ որ ի վերջո ուտոպիայի տեսակետից մեծ կարեւորություն չունի՝ կորուսյալ դրախտը իրապես գոյություն է ունեցել, թե այլընտրանքային պատմության մաս է: Միեւնույն է, ուտոպիան ինքնին խզում է իրականի հետ, ինքնին մարդկային ցանկությունների, երազանքների, ձգտումների, իդեալների ոլորտից է: Ուտոպիան բառացի նշանակում է՝ գոյություն չունեցող տեղ՝ «ոչ մի տեղ», այնպես որ, իմ կառուցելիք կորուսյալ դրախտի պատմությունը ոչ միայն չի տուժի, այլեւ գուցե նույնիսկ կշահի, որ հիմնված է ոչ թե իրական, այլ այլընտրանքային պատմության վրա: 

Ի տարբերություն իրականության հետ խզման շատ այլ ձեւերի՝ ուտոպիան հանրային կյանքի անհրաժեշտ եւ դրական մասն է: Ուտոպիկ, իդեալական պատկերներն անհրաժեշտ հակակշիռներ են մաքուր ռեալիզմի եւ պրագմատիզմի, որոնք եթե կորցնում են իրենց չափը, հակված են վերածվելու անհոգի «հաշվարկների» անհեռանկար ճահճի, ինչպես որ իդեալիզմն ու ուտոպիան առանց հակակշռի վերածվում են խելագարության ու կործանման: Ուտոպիան կամ անհասանելի իդեալը  նման են արեւի լույսի՝ արեւի պես անհասանելի են, անդիպչելի, անշոշափելի, բայց լույս ու ուղղություն են տալիս իրականությանը, հողին:

Իհարկե, իմ առաջարկելիք ուտոպիան ունի էական տարբերություններ սովորական ուտոպիայից: Գրելիքիս սեռը չի ենթադրում իդեալական պատկերի ստեղծում: Անհրաժեշտաբար իմ նկարագրությունը լինելու է հնարավորինս իրապաշտական, հնարավորինս ռեալիստորեն փորձելու եմ վերականգնել երբեւէ գոյություն չունեցած անկախ Հայաստանի պատմությունը 1920 թվից հետո: Բառիս բուն իմաստով՝ ուտոպիա չի կարող կոչվել: Բայց այն իմաստով, որով ուտոպիա կարող ենք կոչել Սովետական Հայաստանի կորուսյալ դրախտի մասին պատկերացումը, մերը լինելու է դրա այլընտրանք ուտոպիան: Ընդ որում՝ նույնիսկ պարտադիր չէ այդ երկու կորուսյալ դրախտներն իրար հետ կռվեցնել: Որքան էլ զարմանալի է, մեկը կարող է փոխլրացնել մյուսին: Սովետական Հայաստանի թերի կողմերն անսպասելիորեն կարող են շտկվել այլընտրանքային իրականությունից եկող ազդակներից, կարող են շատ մութ էջեր շտկվել:

Ինչո՞ւ է կարեւոր, որ մեր հանրությունն ունենա մեկ ուտոպիա: Երեւի պատասխանն ակնհայտ է: 20-րդ դարի մեր պատմությունն այնպես է դասավորվել, որ առիթ է դարձել բազմաթիվ ազգային բարդույթների, նախեւառաջ՝ անվստահության սեփական ներուժի նկատմամբ: Ղարաբաղյան պատերազմում հաղթանակը մասամբ կոտրեց այդ բարդույթները, բայց հետագայում Երրորդ Հանրապետության զարգացման առանձնահատկությունները նոր բարդույթների ձեւավորման առիթ դարձան հաճախ: Եվ այստեղ մի կարեւոր խնդիր կա, որը կապված է մեր թեմայի հետ:

Այն է, որ Երրորդ Հանրապետության անկախությունն ուշացած էր: Անկախ պետության կառուցման պաթոսը՝ ծնունդն ազգային-ազատագրական պայքարների դարի, համահունչ էր ավելի մոդեռն էպոխային՝ 19-20-րդ դդ.: Նորանկախ պետության կառուցման համար, բացի ամենից, անհրաժեշտ էր այդ համահունչ միջավայրը իր մոբիլիզացիոն էներգիայով, բարձր հավատքով, ֆուտուրիստական ձգտումներով եւ այլն: 20-րդ դարի ավարտի եւ 21-րդ դարի հետարդիական մթնոլորտը, գերիշխող նեոլիբերալ գաղափարախոսությունը՝ «մասամբ նովին» ամենեւին էլ  նպաստավոր միջավայր չէին նոր ազգային պետությունների կառուցման համար: Դրանք արդեն կայացած հանրությունների արդյունք էին, իսկ մեզ պետք էր եւ այսօր էլ պետք է 20-րդ դարասկզբի մոբիլիզացնող ոգին՝ սկիզբ դնելու համար մեր անկախությունը: Բայց մենք կորցրել էինք մեր ժամանակը, կորցրել էինք ինքնուրույն զարգացման մի քանի անհրաժեշտ փուլ: Հենց այդ կորսվածի այլընտրանքային վերականգնմանն էլ ուղղված է իմ ուտոպիան, որը կոչված է հավատք ներշնչելու ինքներս մեր նկատմամբ:

Դա մեզ պետք է՝ կազմաքանդելու համար շատ բարդույթներ, տեսնելու ու հասկանալու համար ոչ միայն այն, ինչ կարող էինք ունենալ, բայց չունեցանք, այլեւ այն, որ հայ ազգն իր անկախությունը պահելով շատ ավելիին կարող էր հասնել, քան այն, ինչ այսօր համարում է իր ծաղկման փուլը՝ 1960-80-ականների Սովետական Հայաստանը: Սրանով չենք ժխտում Սովետական Հայաստանի ձեռքբերումները, որոնք նույնքան մեր պատմության մասն են, որքան մնացյալ պատմությունները: Սրանով ցույց ենք տալիս, որ մեր իրական ներուժն ավելին էր եւ է՛, քան այն, ինչ ունեցել ենք, եւ այն, ինչով իրավամբ հպարտանում ենք:

ՀԱՍԿԱՆԱԼՈՎ, ԳԻՏԱԿՑԵԼՈՎ ԱՅԴ ՆԵՐՈՒԺԸ, ԼՑՎԵԼՈՎ ՆՈՐ ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ՝ ԿԱՐՈՂ ԵՆՔ ԱՎԵԼԻ ԼԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՌՈՒՑԵԼ, ՔԱՆ ՈՒՆԵՆՔ ԱՅՍՕՐ:

***

Կառուցելու համար մեր շարադրանքը պետք է հերթով՝ ոլորտ առ ոլորտ ուրվագծենք, թե ինչ էին լինելու 1920-ից այն կողմ գոյություն ունեցած անկախ Հայաստանի՝ ներքին ու արտաքին քաղաքական հարաբերությունները, հանրային կառուցվածքն ու միտումները (դասակարգային, ռեգիոնալ, ժողովրդագրական, քաղաքացիական հասարակություն), տնտեսական զարգացումը, գիտությունը, արվեստը (այդ թվում՝ գրականությունը):

Ներքին քաղաքական հարաբերությունները

Հայաստանի քաղաքական կյանքում 1920-30-ական թթ. հավանաբար կարտահայտվեին որոշակի ավտորիտար միտումներ, որոնք կուժեղանային 30-ականներին՝ ժամանակի ոգուն համապատասխան, սակայն սովետական տոտալիտարիզմի խելահեղությանն իրավիճակը ոչ միայն չէր հասնի, այլեւ մոտ անգամ չէր գա (ես, անկեղծ ասած, տոտոլիտարիզմ եւ ավտորիտարիզմ եզրերի մեծ սիրահար չեմ, համարում եմ, որ դրանք ստույգ իմաստով գիտական չեն, այլ ավելի նկարագրողական, բայց այս դեպքում օգտագործում եմ որպես ընդունված, քիչ թե շատ հասկանալի, պայմանական եզրեր):

Խնդիրն այստեղ սուբյեկտիվ չէ՝ այն չէ, որ «վատ» ռուսները/բոլշեւիկներն իրենց չարությունից դրդված տոտալիտար էին, իսկ լավ հայերը չէին լինի այդպիսին: Ոչ էլ խնդիրը մանկապարտեզային-իդեալիստական է՝ բոլշեւիկները չէին հասկանում, որ տոտալիտարիզմը վատ բան է, իսկ հայերը կհասկանային (ուռա՜): Խնդիրն օբյեկտիվ է: Քաղաքական իրականությունը բխում է այն սկզբնական մեծ նպատակադրումից, որն իր առաջ դնում է տվյալ քաղաքական ուժը, եւ այդ նպատակներին համապատասխան միջոցների, կարողությունների առկայությունից ու բացակայությունից: Սովետական տոտալիտարիզմը բխում էր «կապիտալիստական արեւմուտքի» դեմ տոտալ դիմակայության պայմաններում, հնարավորին արագությամբ այդ դիմակայության համար անհրաժեշտ տնտեսական եւ հասարակական հիմք կառուցելու խնդրից, որը դրել էր իր առաջ սովետական ղեկավարությունը (սրա մասին ավելի մանրամասն գրել եմ նախորդ հատվածներից մեկում): Բուն խնդիրը ձեւակերպել կամ չձեւակերպելը, իհարկե, սուբյեկտիվ է որոշ չափով, ընտրության հարց է, բայց մեկ անգամ ընտրություն կատարելով, մնացյալն արդեն բխում է մեծ մասամբ այդ մեկ ընտրությունից: Մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ, մի քիչ ավելի կոշտ, մի քիչ ավելի մեղմ, բայց սովետական համակարգը մանավանդ իր կայացման փուլում պետք է լիներ տոտալիտար: 

 Հայաստանն իր առջեւ չուներ «աշխարհին» («Արեւմուտքին») դիմակայելու խնդիր, այդ պատճառով տոտալիտարիզմի հեռանկարը դուրս էր գալիս ինքնին: Հայաստանն ուներ անկախ պետություն կառուցելու եւ զարգացման խնդիր, որի համար սկզբնական փուլում օբյեկտիվորեն պահանջվելու էր կառավարման որոշակի կենտրոնացում, քաղաքականի սովորականից մի քիչ ավելի գերակայություն իրավական, տնտեսական, հանրային հարաբերությունների նկատմամբ, միով բանիվ՝ «ավտորիտարիզմ»: Ավտորիտարիզմի միտումն անշուշտ ուժեղանալու էր համապատասխան համաշխարհային միտման ազդեցությամբ, մանավանդ 1929-ի տնտեսական ճգնաժամից հետո դա համատարած միտում էր արեւելյան, կենտրոնական ու հարավային Եվրոպայում, եւ նույնիսկ ամենանեղ իմաստով «արեւմուտքում»՝ Ֆրանսիա, Անգլիա, ԱՄՆ, որոշ արտահայտություններ ունեցավ:

Ավտորիտարիզմն ուժեղացնող միտումներից էր լինելու նաեւ երկրի հանրային կառուցվածքը՝ գերազանցապես գյուղատնտեսական, «հետամնաց» եւ արտաքին հարաբերությունները՝ հարեւանությունը ԽՍՀՄ-ի հետ, հետեւաբար սովետական ներթափանցման, ներքին քաղաքականության մեջ սովետական ազդեցության գործակալների դեմ գործուն միջոցների անհրաժեշտությունը:

Մյուս կողմից նույն այդ ավտորիտար միտումը մեղմացնող հանգամանքներ էին լինելու Թուրքիայի եւ մյուս հարեւանների հետ հաշտ հարաբերությունները, անգլիական քաղաքական ազդեցությունը (որն անշուշտ առավել ուժեղ էր լինելու Հայաստանում), հայ հանրության բազմատարր, բազմաշերտ կառուցվածքը (թեկուզ միայն տաճկահայ-ռուսահայ բաժանումը), ուր մրցակից հանրային խմբերից յուրաքանչյուրը բավականին ուժեղ էին լինելու՝ թույլ չտալու մեկնումեկի բացարձակ գերիշխանությունը, եւ որոշ չափով չեզոքացնելու էին մեկը մյուսի ազդեցությունը: Ընդհանրապես պատմականորեն Հայաստանը գերկենտրոնացած համակարգերի երկիր չէ՝ սկսած աշխարհագրությունից, նաեւ պատմական ավանդույթով՝ հին թե նոր:

ԵՐԲԵՔ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՐԵՎԷ ՓՈՒԼՈՒՄ ՉԻ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ՈՐՊԵՍ ԳԵՐԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՀԱՄԱԿԱՐԳ:

Կարճ՝ 1920-30-ականների Հայաստանը լինելու էր մեղմ ավտորիտար միտումներով մի երկիր, ուր ավտորիտարիզմի որոշակի տարրը նպաստելու էր երկրի արագ զարգացման, անկախության կայացման խնդրին, բայց ուր նույն այդ միտումն անխուսափելիորեն մեղմվելու, հավասարակշռվելու էր ազդու գործոններով:

Ինքնին պարզ է, որ անկախ Հայաստանի թիվ մեկ ու գերակայող քաղաքական ուժը լինելու էր Դաշնակցությունը: Այդ իմաստով մրցակցային քաղաքական դաշտի կայացումն ունենալու էր որոշակի խոչընդոտներ: Բայց մյուս կողմից պետք չէ թերագնահատել մյուս քաղաքական ուժերի դերը:

20-րդ դարի սկզբին հայկական միջավայրում ձեւավորվել էին բավականին բազմազան քաղաքական հոսանքներ: Դաշնակցությունից ավելի ձախ թեւում հիմնականում ռուսահայ անդամությամբ՝ հայ սոցիալ-դեմոկրատներն էին (այսպես կոչված՝ «սպեցիֆիկները»՝ ռուսական սոցիալ- դեմոկրատական կուսակցությունից անկախ հայկական ՍԴ կազմակերպության անդամները), հայ մենշեւիկներն ու բոլշեւիկները (սրանք արդեն ռուսական ՍԴ մաս էին), հայ էսեռները, հնչակյանները: Կային նույնիսկ հայ անարխիստներ, ինչպես նաեւ տաճկահայ Կոմունիստական կուսակցությունը (տարբեր արեւելահայ բոլշեւիկներից): Ճիշտ է, սրանք, ի տարբերություն Դաշնակցության, երբեք չեն եղել զանգվածային կուսակցություններ, այլ ավելի շուտ այս կամ այն թերթի շուրջ խմբված ակումբներ: Բայց նախ՝ բոլորն էլ բավականին հզոր մտավոր ներուժի տեր էին: Ձախակողմյան հայ հոսանքների ներկայացուցիչները՝ Դավիթ Անանուն, Բախշի Իշխանյան, Ռուբեն (Ալեքսանդր Ծատուրյան), Լեւոն Աթարբեկյան, Թադեւոս Ավդալբեկյան եւ այլք, բավականին հետաքրքիր տեսական՝ քաղաքական, հասարակագիտական եւ նույնիսկ գիտական՝ պատմագիտական, գրականագիտական եւ գեղարվեստական գրական ժառանգություն են թողել, որը սակայն գրեթե իսպառ մոռացված ու անտեսված է Հայաստանում:

 Անկախ Հայաստանի պայմաններում այս ժառանգությունը պտուղներ էր տալու, ստեղծելու էր ավանդույթ, որի հիմքով այսօր կունենայինք լրիվ այլ որակի քաղաքական միտք, քան ունենք, իսկ ձախ քաղաքական դիրքորոշումն ունենալու էր հզոր ազգային հիմքեր, այլ ոչ թե ընկալվելու էր օտարամուտ էկզոտիկա:

Ի դեպ, պետք է նշել, որ հայ հին բոլշեւիկների մեծ մասը, եթե ոչ բոլորը, երիտասարդ տարիքում եղել են կամ Դաշնակցության, կամ այլեւայլ հայկական ձախ հոսանքների, առաջին հերթին՝ «սպեցիֆիկների» կուսակցության անդամներ: Այսպես օրինակ՝ Շահումյանը՝ դաշնակցական, Մյասնիկյանը՝ դաշնակցական, ապա՝ «սպեցիֆիկ», նույնը՝ Մռավյանը, Աշոտ Հովհաննիսյանը եւ շատ ուրիշներ, որոնք առաջին դերերում էին 1920-ականների Սովետական Հայաստանում, իսկ 1930-ականների սկզբին հեռացվեցին ղեկավարությունից՝ մեղադրվելով հենց որպես «սպեցիֆիկներ», այսինքն՝ հայկական ուրույն գիծ տանողներ: Այնպես որ, հայ ձախակողմյան հոսանքները նաեւ քաղաքական դպրոցի դեր են խաղացել Սովետական Հայաստանի կադրերի համար: Իմիջիայլոց, կուսակցական բաժանումները հաճախ անցնում էին միեւնույն ընտանիքով: Օրինակ՝ Մյասնիկյանի եղբայրը, եթե չեմ սխալվում, մնաց դաշնակցական: Հայտնի դաշնակցական խմբապետ եւ «ավազակ» էր 26 կոմիսարներից բոլշեւիկ Ամիրյանի եղբայրը եւ այլն:

Հայկական քաղաքական դաշտի աջ թեւում էր Ժողովրդական կուսակցությունը, որը ներկայացնում էր թիֆլիսահայ լիբերալ բուրժուազիային եւ սերտորեն կապված էր նաեւ արեւմտահայ բուրժուազիայի հետ (Պողոս Նուբար եւ այլն): Սրանք հետագայում մասերից մեկը դարձան Ռամկավար կուսակցության: Ժողովրդականների համար ձախ էր ինքը՝ Դաշնակցությունը, եւ նրանք կողմնակից էին մաքուր ազգային-լիբերալ ծրագրի, որը ներքին հարցերում նշանակում էր հայ մեծահարուստների շահերի պաշտպանություն, իսկ արտաքին հարաբերություններում շեշտը դիվանագիտության, այլ ոչ թե զինված պայքարի վրա էր:

Թեեւ, ինչպես նշեցինք, սրանցից ոչ մեկը զանգվածային կուսակցություն չէր, սակայն անկախ Հայաստանի պայմաններում աստիճանաբար իրավիճակը կարող էր փոխվել: Դաշնակցությունը գերակայող ուժ էր, քանի դեռ գերակայող խնդիր էր ազգային-ազատագրական զինված պայքարը՝ հայկական հեղափոխությունը: Սակայն երբ այդ պայքարի հիմնախնդիրը՝ անկախ Հայաստանի ստեղծումը լուծված էր, եւ հաշտություն էր կնքված թուրքերի հետ, բնականից կարեւորվելու էին սոցիալական, տնտեսական եւ այլ խնդիրները, ներքին դասակարգային մրցակցությունը: Այս պարագայում արդեն մի կողմից հող էր ստեղծվելու ձախակողմյան հոսանքների տարածման համար, մանավանդ եթե դրանք միավորվեին մեկ կուսակցության կամ շարժման մեջ: Իսկ մյուս կողմից էլ աջակողմյան Ժողովրդականներն աջակցություն պետք է ստանային Հայաստան վերադարձող կամ Հայաստանում ներդրումներ անող բուրժուազիայից: Իր դերը կունենար նաեւ ռուսահայ-տաճկահայ բաժանումը: Աստիճանաբար կձեւավորվեր մրցակցային քաղաքական դաշտ:

Դաշնակցությունը նույնպես երբեք միատարր չի եղել: Նոր պայմաններում ներքին գաղափարական բաժանումները եւ առանձին առաջնորդների ու խմբերի քաղաքական հավակնությունները, ինչպես նաեւ նույն ռուսահայ-տաճկահայ հակադրությունը անշուշտ ուժեղացնելու էին Դաշնակցության ներսի ֆրակցիոն պայքարը: Եթե մրցակցային քաղաքական դաշտը նույնիսկ չձեւավորվեր Դաշնակցությունից դուրս, ապա այն կգոյանար աստիճանաբար Դաշնակցության ներքին պայքարի ու բաժանման հիմամբ: Արդեն վերը նշած ձախ ուժերի մեծ մասն այսպես թե այնպես ժամանակին առաջացել է որպես Դաշնակցության ներքին պառակտումների արդյունք (վառ օրինակ՝ հայ էսեռները, որոնք Դաշնակցությունից դուրս եկած ձախ թեւն էին): Այս գործընթացը կարող էր ավելի եւս ուժեղանալ անկախ Հայաստանում: Դաշնակցության սոցիալական ծրագիրն իր էությամբ սոցիալիստ-հեղափոխական էր՝ էսեռական, այսինքն՝ շեշտը դնում էր գյուղացիության շահերի վրա՝ ի տարբերություն սոցիալ-դեմոկրատականի, որոնց շեշտը բանվոր դասակարգի շահերն էին:

Ամենակարեւորը: Կունենային ոչ միայն պարզապես համեմատաբար մրցակցային քաղաքական դաշտ, այլեւ չընդհատվող քաղաքական ավանդույթ: Հայկական կուսակցությունները չէին կտրվի իրենց բնիկ հողից եւ բնականոն զարգացում կապրեին Հայաստանում, այլ ոչ թե Սփյուռքում: Ասել,  որ դա էական, կարեւորագույն խնդիր է, նշանակում է ոչինչ չասել: Լիովին տարբեր կլինեին հայկական ավանդական կուսակցությունները՝ նրանց գաղափարական, մարտավարական, կազմակերպչական զարգացումը, եթե դա տեղի ունենար Հայաստանում: Հայաստանից դուրս չի կարող լինել հայկական քաղաքականություն բառիս բուն իմաստով: Կարող է լինել համայնքային, հասարակական գործունեություն լավագույն դեպքում: Վատագույն դեպքում անխուսափելի է քաղաքական ուժերի վերածումը օտարերկրյա ազդեցության գործիքների: 20-րդ դարի ընթացքում հայկական ավանդական կառույցները՝ ոչ միայն կուսակցությունները, այլեւ, օրինակ, եկեղեցին առարկայական պատճառներով ենթարկվել են հզոր աշխարհաքաղաքական ազդեցությունների: Այսօր մեր ունեցած հիմնախնդրի արմատը ավանդական կառույցների հետ դա է:

ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՈՒՆԵՆԱՅԻՆՔ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԱՅԼ ՈՐԱԿԻ, ԲՆՈՒՅԹԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՈՒ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ:

Շատ կարեւոր է այստեղ հասկանալ նաեւ քաղաքական ավանդույթի, քաղաքական սերունդների խնդիրը: Որեւէ ավանդույթի կարեւորագույն հատկանիշը դրա շարունակականությունն է, ժառանգականությունը, փոխանցվող շղթայի անընդհատությունը: Ընդ որում՝ ժառանգականության մեջ էական է ոչ միայն սերնդեսերունդ փոխանցվող արժեքների պահպանումը, այլեւ դրանց շարունակական զարգացումը: Ավանդույթի կրողների համար զարգացումը կարող է նույնիսկ աննկատ լինել, նրանք կարող են պատկերացնել, բայց իրականում նույնիսկ իրենց առավել պահպանողական գիտակցող ավանդույթները (էլ չասած հենց զարգացման վրա շեշտը դնող արդիական ավանդույթները) կենդանի են ոչ միայն եւ ոչ այնքան պահպանման, այլ զարգացման տարրով: Զարգացման համար էական է անընդհատությունը: Այս կամ այն ավանդույթի մեջ ստեղծված որեւէ արժեք իր հերթին սերմ է՝ գցված հողի մեջ, որից եւ որի հիմքով աճելու են նոր արժեքներ, նոր պտուղներ, որոնք տարբեր ուղղություններով են տանելու «ծնող» արժեքի ժառանգությունը:

Բերենք օրինակ գրականությունից: Եթե 1930-40-ականներին Սփյուռքում գրված Կոստան Զարյանի կամ Օշականի եւ շատ այլ հայ գրողների ստեղծագործությունները, որոնք իրենց  ժամանակին չեն դարձել հայաստանյան գրական կյանքի, ավանդույթի, ժառանգականության մասը, տասնամյակներ անց՝ 2000-ականներին վերահրատարակվում են Հայաստանում, այլեւս երբեք չեն կատարելու այն դերը գրականության զարգացման մեջ, որը պետք է կատարեին, եթե իրենց ճիշտ ժամանակին դառնային գրական ավանդույթի մասը: Կարելի է ասել, որ այդ կորուստն անդառնալի է: Եթե, օրինակ, նույն Կոստան Զարյանի 1920-30-ականների բանաստեղծությունները դառնային մեր գրական ավանդույթի մասը, դրանցից կարող էր ճյուղավորվել, զարգանալ մեր պոեզիայի մի ուրույն ուղղություն, որը մի քանի տասնամյակ զարգանալով չգիտենք, թե ուր կհասներ (գուցե իր սկզբնաղբյուրից շատ հեռու տեղ տաներ): Բայց այսօր դրանք սերմեր են՝ գցված քարի վրա, որովհետեւ ամեն բան ունի իր ճիշտ ժամանակը կամ ավելի ճիշտ՝ իր ժամանակի ծնունդն է: Իհարկե, այդ բանաստեղծություններն այսօր էլ մեծ արժեք ունեն, այսօր էլ կարող են որոշակի ազդեցություն գործել, բայց դա նույնիսկ մոտ չէ այն ազդեցությանը, որը կարող էին ունենալ իրենց ժամանակին՝ տալով փարթամ սերունդ:

Նույնն է նաեւ քաղաքական մտքի դեպքում: Եթե, օրինակ, Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայ- թուրքական կնճռի» կամ «Հայաստանը միջազգային ճանապարհների վրա», Ռուբեն Դարբինյանի «Հայ քաղաքական մտքի դեգերումները», Նժդեհի, Հայկ Ասատրյանի երկերը, Դավիթ Անանունի «Ռուսահայ հասարակական զարգացումը» եւ բազմաթիվ այլ ստեղծագործություններ լինեին այսօր մեր ավանդույթի մասը, այլ ոչ թե միայն նեղ շրջանակին հայտնի ռարիտետ անվանումներ, այսօր մեր քաղաքական բանավեճում անհամեմատ ավելի հեռու գնացած կլինեինք: Ոչ թե խնդիրն այն է, որ դրանք հանճարեղ գործեր են, որտեղ ձեւակերպված են հանճարեղ մտքեր, այլ այն, որ լինելով մեկ քայլ առաջ իրենց նախորդների քաղաքական մտքից՝ իրենց հերթին հիմք էին դառնալու հետագա զարգացման, եւ եթե շղթան չընդհատվեր, այսօր ունենալու էինք այդ նույն գործերի, պատկերավոր ասած, երրորդ, չորրորդ, հինգերորդ սերնդի տարբերակները: Եթե այսօր մի քիչ ավելի լավ իմանայինք հայ քաղաքական եւ հանրային մտքի պատմությունը, կտեսնեինք, որ այսօր հաճախ քննարկում ենք խնդիրներ, որոնք քննարկվել են 19-րդ դարի վերջին, իսկ 1920-ականների քննարկումները մեր՝ հետնորդներիս համեմատ արդեն կարող են հաճախ ավանգարդ համարվել. մենք դեռ չենք հասել կամ նոր-նոր ենք հասնում այդ կողմերը:

Հատկապես քաղաքական ավանդույթի ընդհատման հետեւանքները դժվար վերականգնելի են, որովհետեւ քաղաքականությունն առավելապես փորձի ու փորձի փոխանցման, այլ ոչ թե զուտ տեսության ու գրքային ոլորտ է: Կենսունակ, տվյալ երկրի իրավիճակին համարժեք քաղաքական միտք կարող է ձեւավորվել միայն քաղաքական փորձի հիմամբ: Բացի մտքից, քաղաքականության մեջ շատ բան, եթե ոչ ամեն ինչ փոխանցվելի է միայն փորձով: Եթե խզվում է կապը սերունդների միջեւ, ապա քաղաքականության մեջ մտնող նոր սերունդը ստիպված է անհրաժեշտաբար սկսել այն կետից, որը վաղուց անցել են նախորդները՝ կրկնելով նույն սխալները: Որպես կանոն՝ ցանկացած առաջին քաղաքական սերունդը, փորձ չունենալով, առաջնորդվում է ոչ այնքան իրատեսական, գրքային, իդեոլոգիական պատկերացումներով, որոնց հաղթահարումը հաջորդ սերունդների խնդիրն է: 

Հայ ժողովուրդը չի ունեցել արդի իմաստով քաղաքական սերունդ մինչեւ 1880-ականները: 1880- 90-ականներին ձեւավորվեց մեր առաջին քաղաքական սերունդը, որը ժառանգեց երկրորդը՝ մոտավորապես 1900-ականների երկրորդ կեսից: Այս երկրորդ սերնդով էլ, կարելի է ասել, ավարտվեց, ընդհատվեց հայկական քաղաքական ժառանգության շղթան: Նրանց փորձը չփոխանցվեց հաջորդներին: Այսօրվա քաղաքական սերունդներն արդեն ձեւավորվեցին անկախ հենքով եւ ստիպված էին մեծ մասամբ սկսելու այնտեղից, որը վաղուց պետք է անցած լինեինք…

 Յուրաքանչյուր երկրի քաղաքական դաշտը տվյալ երկրի ինքնիշխանության կարեւոր մասն է: Իր բազմազանությամբ, ներքին մրցակցությամբ հանդերձ այն նաեւ միասնություն է, եթե, իհարկե, դրսի ազդեցությունները չափից ավելի չեն՝ աղավաղելու համար այդ միասնությունը: Այնպիսի քաղաքական դաշտի ձեւավորումը, որը ճիշտ արտահայտի տվյալ երկրի շահերը, լինի այդ երկրի հանրային կառուցվածքի քիչ թե շատ ճշգրիտ արտահայտությունը, լինի ինքնակենտրոն, բայց նաեւ բազմազան ու ճկուն, ինքնիշխանության կարեւոր հենարանի դեր խաղա, բարդ, ժամանակատար եւ ծախսատար գործ է: Մենք այսօր էլ չունենք դեռ այդ համակարգը եւ շատ բարդ է այսօրվա  աշխարհում ունենալ: Անկախ Հայաստանի տասնամյակների գոյության պարագայում այսօր կունենայինք նման դաշտ, որն ի զորու կլիներ պատասխանել եթե ոչ բոլոր մարտահրավերներին, ապա գոնե դրանց մեծ մասին:

Վերջին հատվածը՝ հաջորդիվ

Հեղինակ՝  Հրանտ Տէր-Աբրահամեան

Նկարազարդող՝  Դավիթ Փարթամյան

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Նախագծի ձեւավորման համար օգտագործվել է Էմանուել Սարդարյանի լուսանկարը

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *