Սահմանադրությունը դարձավ ինչ որ փափուկ ու լպրծուն բան, որը օրվա իշխանության համար վերածվեց սեփական անճարության ու ապիկարության թաքցման ու արդարացումների: Սահմանադրությունը, որից պիտի ծնվեին մյուս բոլոր օրենքների սկզբունքները, դարձավ անգույն մի երևույթ, որին ծռմռեցին հանուն ինչ որ մեկի շահերի կամ հանուն ինչ որ խմբի սեփական ցանկությունների:
Մեր Ուղին
Ի՞նչ օր է այսօր: Երեքշաբթի: Ամառային տաք օր: Եվ որ ամենակարևորն է, ոչ աշխատանքային օր:
Ահա այսօրվա մասին ամենատարածված կարծիքներն ու գնահատականները: Իհարկե ոչ միշտ է հուլիսի 5-ը երեքշաբթի, ամեն տարի կարող է ուրիշ օր լինել:
Այս բոլոր հրաշալիքներից բացի այսօր՝ հուլիսի 5-ը նաև Սահմանադրության օրն է:
Սահմանադրության: Պետության ողնաշարի օրն է: Օրենքների օրենքի օրը: Սահմանադրության, այսինքն պետության սկզբունքի, էության, կողմնորոշման օրը:
Բայց այս ամենը դեռևս շարունակում է խորթ մնալ մեր հասարակությանը: Խորթ իր իմաստային և բնազդային մակարդակով: Սահմանադրությունն այսօր Հայաստանում այն բարձրության և վեհության վրա չի գտնվում, որ պիտի լիներ: Սահմանադրությունը, կարելի է ասել, պետական Աստվածաշունչն է, պետության ռեզյումեն:
Սահմանդրությունը, որ այսօր ավելի շատ իրենիցներկայացնում է մեռյալ տառակույտ, քան թե «մայր օրենք», այդպես էլ այս 30 տարիների ընթացքում չամրապնդվեց, չհարազատացավ, չընդունվեց այնպես, ինչպես պիտի լիներ: Ընդհակառակը: Փոփոխվեց մի քանի անգամ, տաշվեց, հարմարեցվեց…Սահմանադրությունը դարձավ ինչ որ փափուկ ու լպրծուն բան, որը օրվա իշխանության համար վերածվեց սեփական անճարության ու ապիկարության թաքցման ու արդարացումների: Սահմանադրությունը, որից պիտի ծնվեին մյուս բոլոր օրենքների սկզբունքները, դարձավ անգույն մի երևույթ, որին ծռմռեցին հանուն ինչ որ մեկի շահերի կամ հանուն ինչ որ խմբի սեփական ցանկությունների:
Երկրի մայր օրենքը դարձավ «որբի գլուխ, ով ուզեց խուզեց»: Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ քաղաքացիների գերակշիռ մասի համար Սահմանադրությունը հասարակ մի բառ է, անհասկանալի մի եզրույթ, անտեսանելի, չշոշափվող, անհամ, անհոտ մի բան: Ուրվական: Լսում ես դրա մասին, բայց չկա:
Դեռևս 1762թ. մի խելացի ֆրանսիացի, ում անունն էր Ժան Ժան Ռուսո, գրեց մի աշխատանք, որ մինչև հիմա չի կորցրել իր նշանակությունը: Աշխատանքը, որ կոչվում էր «Հասարակական Դաշինք», ինչ որ առումով սկսեց համարվել սահմանադրության նախատիպ: Թեև սոփեստները վիճում են, ասելով, որ այդ աշխատանքը ոչ թե սահմանադրության մասին է, այլ քաղաքակրթության և դրանից բխող անհավասարության և մնաց այլնի, բայց Ռուսոյի աշխատանքի հիմնարար արժեքներից մեկն էլ այն էր, որ ներկայացնելով անհավասարությունն ու դրա քաղաքակրթական էությունը, նաև ներկայացնում էր հասարակության մեջ առկա խմբի, անհատի ու պետության մեջ անհրաժեշտ դաշինքի անհրաժեշտության մասին:
Կարող ենք ասել, որ սահմանադրությունը հենց այն դաշինքն է հասարակության ու իշխանության, կառավարության միջև, որը կարգավորում է ներպետական գործողությունները, իրողությունները, իրականությունը:
Բայց մեզանում Սահմանադրությունը, ոչ թե այդ դաշինքի գիտակցումն է, այլ ԽՍՀՄ օրերին գնած դաշնամուր, այսինքն դեկորատիվ մի բան, որը կա գեղեցկության համար, համ էլ ամոթ է, որ միջազգային հանրությունն ասի, որ մենք Սահմանադրություն չունենք: Ցավոք այդպես է: Ինչքան էլ բարձրաստիճան պաշտոնյաները գեղեցիկ, հարթ ու հղկված բառերով խոսեն և շնորհավորեն, միևնույն է, ոչ իրենք են հավատում, ոչ էլ մարդիկ են հասկանում:
Սահմանադրության օրը դեռևս շարունակում է մնալ ընդամենը ոչ աշխատանքային օր: Մասնավոր ընկերություններում աշխատողների մի մասի համար ընդհանրապես մեկ է, որովհետև իրենք այդ օրն էլ են աշխատում, իսկ մասնավորի մոտ աշխատող չգրանցված աշխատակիցները ոչ միայն աշխատում են, այլև ոչ մի պարգևավճար չեն ստանում:
Իսկ այդ մարդկանց շնորհավորել Սահմանադրության օրվա առթիվ, նշանակում է ավելի շատ ծաղրել հենց այդ նույն մարդկանց: Օրինակ ի՞նչ մտքով են այսօր շնորհավորել հասարակությանը ներկա և նախկին իշխանավորները: Ի՞նչ են հասկացել հասարակ մարդիկ այդ ճռճռան բառերից:
Ի՞նչ է Սահմանադրությունը: Ինչպե՞ս ենք փորձել ընդունել Սահմանադրություն ասվածը: Ինչքանո՞վ ենք արդարացրել Սահմանադրական մեր սկզբունքներն ու համոզմունքները: Ինչ ենք հասկացել ընդհանրապես:
Երևի ոչինչ էլ չեն հասկացել: Եթե հասկացած լինեինք, չորս հինգ անգամ չէինք ձևափոխի այնպես ինչպես հարմար է այդ օրվա տերերին:
Այսօր տոն չէ:
Կուզեի շնորհավորել սահմանադրության տոնը, բայց առայժմ ՀՀ-֊ում Սահմանադրությունը հասարակ բնակչության համար անծանոթ ու խորթ մի բան է, իշխանության կողմից էլ արհամարված մի զսպաշապիկ, որով իշխանությունը ընդդիմության բերանն է փակում(խոսքը միայն այսօրվա մասին չէ, Սահմանադրության հերն անիծողները 90֊ականներից են սկսել):
Այսօր դեռևս տոն չէ:
Ապագայում գուցե և գա մի օր, երբ Սահմանադրություն ասվածը մենք կընկալենք իր ողջ լրջությամբ ու կհասկանանք, որ Սահմանադրությունը դաշինք է պետության ու հասարակության մեջ, իսկ այսօր կներեք, բայց չեմ կարող շնորհավորել մի բան, որը ոչ տեսնում եմ, ոչ զգում, մի բան, որ մեռյալ տառակույտ է այս պահին։ Սահմանադրության մասին մարդիկ գիտեն միայն մի բան, որ օրն աշխատանքային չէ։
Մինչ այդ մենք կշարունակենք շնորհավորել միմյանց, արհեստական խպիտով կասնենք մայր օրենք…հետաքրքիր է, թե Սահմանադրական հաջորդ փոփոխությունները երբ տեղի կունենան:
Ինչպե՞ս շնորհավորենք մի տոն, որը գոյություն չունի:
Ինչպե՞ս նշենք մի տոն, որը չենք հասկանում:
Կա՞ աշխարհում մի մարդ, ով աղթում է այն աստծուն, որին չի հավատում: Եթե այո, ապա մենք այսօր այդ մարդու նման Սահմանադրություն ենք շնորհավորում:
Մենք կարող ենք տասնյակ անգամներ փոխել, կտրե, կարել, կպցնել, բռնաբարել Սահմանադրությունն ինչքան ուզենք: Դրանից Սահմանադրությունն ավելի լավը կամ վատը չի դառնում…պարզապես այլևս չի աշխատում: Այլևս ոչ ոք չի հավատում, չի վստահում: Սահմանադրության արհամարհելով սկսում ենք չվստահել օրենքին, օրինականությանը, տեղ ենք տալիս հանցանքին, կեղծիքին, ստին, որովհետև մեր վերաբերմունքը Սահմանադրության հանդեպ հենց այդպիսին է, որովհետև Սահմանադրությունը մտրակ է օրվա իշխանության ձեռքին և դեկորատիվ զարդարանք պետական խորհրդանիշների դարակում:
Ցավոք պետական այս տոնը, այս օրը, որ պիտի նշվեր գիտակցության և ընկալման սկզբունքով, տոն չէ:
Պարզապես հերթական ոչ աշխատանքային օր;