Այն, ինչը նեղ, ակադեմիական, ինտելեկտուալ շրջանակի անելիք է, չի կարող լինել հանրության հետ քաղաքական հաղորդակցության ընթացիկ առաջարկ և գաղափար:
Հակոբ Բադալյան
Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի հեռանկարների վերաբերյալ խոսակցություններում նոր ուժի, նոր բովանդակության մասին դատողությունները բազմաթիվ են, գերակշռող, սակայն դրանցում ակնառու է մի բաց՝ առարկայականությունը: Առարկայականություն այն իմաստով, որ նոր ուժն ինքնին դիտարկվում է հիմնականում փաթեթավորման մակարդակում, կամ այսպես ասած՝ իլյուստրացիայի, իսկ ահա դրա ձևավորման մեթոդաբանության, գաղափարաբանության վերաբերյալ քննարկումները խիստ սակավ են: Մինչդեռ, նոր ուժի, նոր որակի և բովանդակության մասին խոսակցությունը հավասարազոր է սպեկուլյատիվ կամ փուչիկ տնտեսական աճի, եթե չի կառուցվում նոր գաղափարաբանական հենքի վրա: Մարդկանց համար գրավիչ առաջարկ պետք է լինի, դառնա գաղափարը, հետո նոր միայն դա առաջ քաշողներն ու դրա իրագործման սխեմաներ կամ մոդել, մեթոդաբանություն ներկայացնողները, առաջարկողները: Ընդ որում, երբ խոսվում է գաղափարի մասին, հաճախ դրա տակ դիտարկվում են վերամբարձ կատեգորիաներ, ընդհուպ փիլիսոփայական հայեցակարգերի մակարդակի: Դրանք անշուշտ խիստ կարևոր են, սակայն այդ տեսագործնական աշխատանքը գտնվում է որակական, բովանդակային, ինտելեկտուալ, իմացաբանական մի հարթության վրա, որը անհնարին է հասու դարձնել հանրային լայն շերտերի՝ մի շարք օբյեկտիվ պատճառներով: Այստեղ դասակարգման կամ «էլիտիզմի» հարց չէ, այլ պարզապես սթափ և պրագմատիկ սեգմենտավորման:
Այն, ինչը նեղ, ակադեմիական, ինտելեկտուալ շրջանակի անելիք է, չի կարող լինել հանրության հետ քաղաքական հաղորդակցության ընթացիկ առաջարկ և գաղափար: Այն կարող է իր խմորումներով նպաստել ավելի ընթացիկ քաղաքական գաղափարների խորքային մշակմանն ու ձևավորմանը, բայց չի կարող ինքնին դառնալ այդպիսին: Այլ կերպ ասած, գուցե փոքր ինչ պայմանական իմաստով, սակայն հաջորդական շղթայականությունը թերևս հետևյալն է՝ ինտելեկտուալ, ակադեմիական, իմացաբանական, փիլիսոփայական հանրույթը հաղորդակցվում է քաղաքական անմիջական վերնախավերի հետ և նրանց տալիս քաղաքական պրոդուկտի մշակման գաղափարաբանական հենքը: Քաղաքական վերնախավերը դրա վրա իրականացնում են արդեն ընթացիկ մշակումները և պատրաստում հանրային սպառման քաղաքական առաջարկները, այդ թվում լուծելով դրանց համոզիչ, առարկայական ներառականության հարցը:
Հայաստանում չկա այդ շղթան, չկա ընդհանրապես որևէ շղթա, այդ իսկ պատճառով խոսակցությունները հիմնականում կրում են սպեկուլյատիվ բնույթ, անգամ ակամա՝ եթե նույնիսկ բանախոսները մտահոգ և շահագրգիռ են ամենայն անկեղծությամբ: Ի վերջո, հարցը լոկ այդ անկեղծությունը չէ, որովհետև այն ինքնին պրոդուկտիվ չէ, եթե չի ուղեկցվում քաղաքական գաղափարի հունցման ու մշակման շատ թե քիչ օրինաչափ շղթայականությամբ: Չլուծվի այդ խնդիրը, Հայաստանում գործնական և լի իմաստով չի լուծվելու նաև նոր քաղաքական որակի և բովանդակության հարցը:
Լուսանկարը՝ panorama.am-ի:
Հոդվածը՝ 1in.am կայքից։