Հայաստան

Թուրքիան Կպահպանի Ամերիկյան Օրակարգը

Զարմանում եմ, որ մինչեւ օրս Հայաստանի որոշ իշխանավորներ հայտարարում են, որ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է։ Լավ է գոնե դաշնակից արդեն չեն ասում․․․այնպես որ, այդ խզումը բերել է նրան, որ Հայաստանն ուզի-չուզի փորձում է իր համար անվտանգային այլ աղբյուրներ գտնել։

Հովսեփ Խուրշուդյան

ԱՄՆ կենտրոնական հետախուզական գործակալության ղեկավարի՝ ՀՀ այցի հետ կապված ռուսական փորձագիտական շրջանակներում այս օրերին մեկնաբանություններ են շրջանառվում, թե այցի նպատակն էր Հայաստանի իշխանության համաձայնությամբ Արցախում ռուս խաղաղապահների դեմ սադրանքներ անել, ու այդ կերպ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում խզում առաջացնել։ Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի զրուցակիցն է «Ազատ քաղաքացի» հ/կ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

-Պարոն Խուրշուդյան, ըստ ռուսաստանցի փորձագետների՝ ԱՄՆ-ն այսպես նպատակ ունի Ռուսաստանի համար լեգիտիմ հիմք ստեղծել՝ կարծելու, թե Արցախում անկայունությունը Թուրքիան է սատարում՝ Ադրբեջանի միջոցով երկրորդ ճակատ բացելով Ռուսաստանի դեմ։ Որքանո՞վ եք հիմնավոր համարում այս պնդումը:

-Շատ մտահոգիչ է, որ ռուսական փորձագիտական շրջանակները նման բաներ են ասում, որովհետեւ դա նշանակում է, որ Ռուսաստանն ինքն է պատրաստվում նման սադրանքներ կազմակերպել։ Ակնհայտ է, որ նրանք չէին կարող իմանալ, թե կենտրոնական հետախուզական գործակալության պետի այցն ինչ բովանդակություն է ունեցել։ Այնպես որ, վստահաբար, նրանք պատրաստում են սադրանքներ, պետք է զգուշանալ։ Ընդ որում, մտահոգությունը կապված է հատկապես նրա հետ, որ կփորձեն Թուրքիային ներքաշել սադրանքներում՝ հայկական կողմի դեմ ինչ-որ գործողությունների համար։ Հիմա դա համաձայնեցված է թուրքական կողմի հետ, թե նախերգանք է, թե նոր են պլանավորում անել ու հնչեցնում են փորձագետների խոսքերով (նախապես մեղավորությունը բարդելով ԱՄՆ-ի վրա), կդժվարանամ ասել։ Բայց որ պետք է սպասել հենց ՌԴ-ի կազմակերպմամբ սադրանքների, վստահաբար այդպես է։

-Ռուսաստանցի փորձագետները նաեւ կարծում են, որ ԱՄՆ-ի այս պաշտոնյայի այցով Արեւմուտքն ուզում է վերջնակապես խզել Հայաստան-Ռուսաստան գործակցությունը ու Հարավային Կովկասում Ռուսաստանին զրկել հայկական հենարանից։ Կարդացեք նաև Թե ի՞նչ կոնկրետ համաձայնությունների մասին է խոսքը, ոչ մի տեղ հրապարակային չի նշվում. Արտակ Զաքարյան ԱԶԿ խոսնակ. «Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացն ընթանում է Թուրքիայի և Ադրբեջանի համաձայնությամբ» «Թուրքիան Ադրբեջանի հետ կոնսուլտացիաներ է անում, թող անեն, մեզ մեր շահը պետք է հետաքրքրի չէ՞, որ սահմանը բացվի եւ Հայաստանը շնչի». Մարիա Կարապետյան

-Հայ-ռուսական գործակցությունը խզել է ռուսական դավաճանությունն արցախյան պատերազմի ժամանակ եւ դրանից առաջ։ Պատերազմից առաջ Ադրբեջանին զինեց եւ լավագույնս նախապատրաստեց, պատերազմի ժամանակ չմատակարարեց կամ ուշացրեց ՀՀ-ին անհրաժեշտ զինատեսակները։ Ամենակարեւորը՝ Ռուսաստանն Ադրբեջանին թույլատրեց այդ հարձակումը։ Պատերազմից հետո էլ ՀՀ սահմանների հանդեպ ադրբեջանական ներխուժումներ ու գրավումներ եղան, որոնց հանդեպ ՌԴ-ն անհաղորդ եղավ։ Իմ կարծիքով՝ նաեւ հենց սադրողը եղավ, որովհետեւ ՌԴ-ի հրահրմամբ է Ադրբեջանը գնացել նման քայլերի՝ ՀՀ-ում ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու եւ ընտրություններում ռուսական «5-րդ շարասյանն» իշխանության բերելու համար։ Բարեբախտաբար, չհաջողվեց։ Այս բոլոր քայլերն են, որ խզում են առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում։

Զարմանում եմ, որ մինչեւ օրս Հայաստանի որոշ իշխանավորներ հայտարարում են, որ ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է։ Լավ է գոնե դաշնակից արդեն չեն ասում․․․այնպես որ, այդ խզումը բերել է նրան, որ Հայաստանն ուզի-չուզի փորձում է իր համար անվտանգային այլ աղբյուրներ գտնել։ Դրանք հիմնականում արեւմուտքում են։ Բնականաբար, Չինաստանն այստեղ նման հետաքրքրություն չունի, Չինաստանի հետախուզության պետը չի գալիս Հայաստան, այլ ԱՄՆ-ինը, որն ունի հետաքրքրություն ու որոշակի անվտանգություն կարող է ապահովել։ Իսկ այն, որ Ադրբեջանը Փառուխի դեպքերից հետո կոշտ հանդիմանանք ստացավ արեւմուտքից, հատկապես՝ ԱՄՆ-ից, կտրուկ դադարեցրեց սադրանքները եւ այլեւս առաջխաղացում չի իրականացրել։ Սա ցույց է տալիս, որ արեւմտյան անվտանգային բարձիկները ՀՀ-ի համար շատ ավելի արդյունավետ են, քան ռուսականը, որոնք լրիվ հակառակ ուղղությամբ են գործում՝ սադրում են Ադրբեջանին, որպեսզի նա ինչ-որ բաներ մեզանից խլի ու գրավի, հետո էլ ՌԴ-ն խաղաղարարի դերով կգա, որ մենք խնդրենք աջակցել։ Այսպես տպավորություն է, որ կարծես թե դաշնակցային պայմանագրեր չունենք ՌԴ-ի հետ, իսկ փոխարենը կա ինչ-որ «բարի ցար», որին ամեն անգամ պետք է խնդրենք մեզ փրկի։ Իսկ որպեսզի շուտ-շուտ խնդրենք, ինքը պետք է շուտ-շուտ սադրի Ադրբեջանին մեր վրա հարձակվել։ Ուստի ակնհայտ է, որ մեզ շտապ անհրաժեշտ է փոխել մեր անվտանգային համակարգը ու նորմալ դաշնակիցներ գտնել։

-Այս ամսում Հայաստան եկան Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը եւ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Ըստ ձեզ, ՀՀ-ի անվտանգային միջավայրի շուրջ ի՞նչ է տեղի ունենում։

-Որեւէ մեկը փորձագիտական շրջանակներում չի կարող ասել, թե ինչ նպատակ ու բովանդակություն է ունեցել Ուիլյամ Բըրնսի այցը։ Միայն կարող եմ կռահել, որ ՀՀ-ն կանգնած է եղել անվտանգային լուրջ սպառնալիքների շեմին, եւ այդ այցը, հետագա այցերը եղել են հենց այդ սպառնալիքների շուրջ։ ԱՄՆ-ի դեպքում այդ սպառնալիքները զսպելու եւ կանխելու, ՌԴ-ի եւ Իրանի դեպքում՝ դրանք ինչ-որ ձեւով կառավարելու մասին է խոսքը։ Տեսանք, որ Իրանը եւս մտահոգ է։ Ռուսաստանն ավելի շատ հրահրողն է այդ սպառնալիքների՝ Ադրբեջանի միջոցով սադրելով նոր բախումներ ու պատերազմ, իսկ Իրանը դեմ է դրան եւ հայտարարություն արեց հայ-իրանական սահմանի մասին։ Այստեղ, իմ կարծիքով, Իրանի եւ ԱՄՆ-ի շահերը համընկնում են։ Հիմա Թուրքիան հրահրիչ Ռուսաստանի կողմը կբռնի, թե գործիք կդառնա, թե արեւմուտքի անվտանգային շրջանակում կմնա, դժվար է ասել։ Թուրքիայի նախագահը կտրուկ քայլերով է հայտնի։ Ամեն դեպքում, հիմա Թուրքիայի վրա ճնշումը մեծ է, նա կպահպանի արեւմտյան օրակարգը եւ չի մասնակցի ռուս-ադրբեջանական սադրանքներին։ 

Հոդվածը՝ aravot.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *