Հայաստան

Հանրապետություն

Վրացիները պահանջեցին անմիջապես պալատից հեռանալ, մենք հեռացանք՝ նախքան մեզանից պահանջեին, թուրքերը համառեցին, բայց այսօր նրանց պարզապես վռնդել են։

1918թ. մայիսի վերջին սկսում է քննարկվել Հայաստանի ապագա կառավարության հարցը՝ ո՞վ պետք է ձեւավորեր, եւ հասարակական-քաղաքական ո՞ր ուժերը պետք է ընդգրկվեին կազմում:

1918թ. մայիսի 30-ին անդրադառնալով ապագա կառավարությանը՝ Հայոց ազգային խորհրդի դաշնակցական անդամները նշում էին, որ կառավարությունը պետք է կազմի Դաշնակցության ներկայացուցիչը, որովհետեւ «միայն ՀՅԴ-ն կարող է վերցնել այդ ծանր բեռը թե՛ ժողովրդի եւ թե՛ Օսմանյան կառավարության վստահությունը վայելելով»: Նախապես վարչապետի թեկնածու համարվում էր Ալեքսանդր Խատիսյանը: Հենց այդ օրերին ակնհայտ է դառնում Դաշնակցության եւ Հայ ժողովրդական կուսակցության անհաշտ դիրքորոշումը կառավարության ղեկավարի եւ կազմի հարցում: ՀԺԿ-ն ցանկանում էր, որ կառավարության ղեկավարը լինի ոչ դաշնակցական, իսկ անդամներն ընտրվեին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներից:

Կառավարությունը պետք է ձեւավորվեր հնարավորինս արագ, որպեսզի Երեւան տեղափոխվելով՝ կարողանար ամբողջովին իրականացնել իր գործառույթները: Բացի այդ, Թիֆլիսը, որն Անդրկովկասի մայրաքաղաքն էր համարվում, եւ այնտեղ էին գործում ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական ազգային խորհուրդները, այլեւս նախկինի պես հյուրընկալ չէր: Անկախության հռչակումից հետո վրացիները պահանջում էին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները գնան իրենց երկրները:

1918թ. հունիսի 1-ին վրացական «Էրթոբա» թերթը գրում էր, որ «ո՛չ մահմեդականների կառավարությունը, եւ ո՛չ էլ Հայոց ազգային խորհուրդը, որն իրեն Արարատյան հանրապետության կառավարություն է հայտարարել, Թիֆլիսից դուրս չեն գնացել», ինչն անընդունելի էր: «Անկարելի է, որ որեւէ պետության մեջ, նրա տերիտորիայի վրա գոյություն ունենա երկու կառավարություն։ Յուրաքանչյուր կառավարություն իր սեփական տերիտորիայի վրա է իրականացնում իր պարտականությունները։ Մենք չենք կարող ընդունել, որ նույնիսկ մի վայրկյան մեր տերիտորիայի վրա գտնվի ուրիշ պետության կառավարությունը։ Դրա համար չի կարող գոյություն ունենալ ոչ մի արդարացուցիչ ապացույց ու պատճառ։

…Անհապաղ պետք է ձեռք առնվեն անհրաժեշտ միջոցներ եւ վերջ դրվի այսպիսի ոչ բնական երեւույթին։ Բացի դրանից, անհրաժեշտ է, որ մեր Ազգային խորհուրդն անհապաղ ձեռք զարկի Վրաստանի տերիտորիայի սահմանները որոշելուն։ Ճիշտ է՝ մեզ այդ սահմանները հայտնի են, բայց որպեսզի մեր հարեւանները սխալներ չգործեն, մենք պետք է հատկապես նշանակենք այն սահմանները, որոնց մենք առանց կռվի ոչ-ոքի չենք զիջի»:

Նույն օրը Վրաստանի կառավարության նախագահի պարտականությունները կատարող ռազմական նախարար Գեորգաձեն գրություն է ուղարկում Հայոց ազգային խորհրդին՝ անթույլատրելի համարելով Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության տարածքում «օրենսդիր եւ վարչական գործառույթներով օժտված որեւէ այլ քաղաքական մարմնի գոյությունը»:

Ազգային խորհուրդը մեկնելու է Երեւան

Հունիսի 2-ին Հայոց ազգային խորհուրդը նամակ է ուղարկում Երեւանի ազգային խորհրդին՝ հայտնելով, որ ՀՀ կառավարությունը կազմելուց հետո Ազգային խորհուրդը մեկնելու է Երեւան: «Վրացիները պահանջեցին անմիջապես պալատից հեռանալ, մենք հեռացանք՝ նախքան մեզանից պահանջեին, թուրքերը համառեցին, բայց այսօր նրանց պարզապես վռնդել են։ Ռուսաստանի հեռանալով եւ Վրաստանի անջատվելով՝ հայերն ու թուրքերը կարծես մենակ մնալով մոտենալ են փորձում իրար։ Գուցե այս ճանապարհը մեզ ավելի նպաստավոր լինի եւ թուրքերի շնորհիվ հաջողվի մեզ տաճիկների վայրագությունը մեղմել եւ ապահովել հայ տարրի ֆիզիկական գոյությանը»,- գրված էր նամակում:

Երեւան գնալու եւ Հայաստանի Հանրապետության կառավարումն ամբողջապես ստանձնելու կոչ է հրապարակվում «Աշխատավոր» թերթի հունիսի 6-ի համարում: «Արդեն շատ երկարեց այս աննորմալ ժամանակաշրջանը… Հայ ժողովուրդը նմանվել է մի աննորմալ, անհեթեթ, այլասեռ օրգանիզմի, որի բուն մարմինն ու վերջավորությունները եւ նյարդային կենտրոնը՝ ուղեղը, «ապրել» են իրարից համարյա բաժան, տարբեր միջավայրերում։ Թիֆլիսը շատ էր հեռու, շատ էր խորթ, շատ անիրազեկ մեր բնաշխարհի ցավերին ու կարիքներին, որպեսզի կարողանար հարկավոր չափով հայրենաղեկ ու ժողովրդաճանաչ լինել։ Հայրենախույս ու ժողովրդամերժ Թիֆլիսն ունեցավ ամեն տեսակի օրիենտացիա, բացի հայկական օրիենտացիայից»,- գրում էր թերթը:

Էսէռները մերժում են

Կոալիցիոն կառավարությունը մերժելու առաջին որոշումն ընդունում են Էսէռները (սոցիալիստ-հեղափոխականները): 1918թ. հունիսի 7-ին Երեւանում տեղի է ունենում Էսէռների ընդհանուր ժողովը, որը որոշում է «չմտնել ապագա հայկական մինիստրական կազմի մեջ՝ ի նկատի ունենալով սոցիալիստ-հեղափոխականների կուսակցության ուրույն քաղաքականությունը»: Նույն օրը Թիֆլիսում տեղի ունեցած Հայոց ազգային խորհրդի նիստում Էսէռները հայտնում են, որ Հայաստանի կառավարությունը պետք է կազմվի Երեւանում եւ ենթարկվի տեղի Ազգային խորհրդին: Խաչատուր Կարճիկյանն այդ նիստում անդրադառնում է Հայ ժողովրդական կուսակցության կողմից Դաշնակցությանը ներկայացված որոշ մեղադրանքների, մասնավորապես՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին հայ կամավորական ջոկատներ կազմելուն, որոնք համարվում էին հետագա դժբախտությունների պատճառը: Դաշնակցականները նշում էին, որ ՀԺԿ-ն նույնպես մասնակցել է կամավորական շարժման նախաձեռնությանը, որին ի պատասխան՝ ՀԺԿ ներկայացուցիչ Միքայել Պապաջանյանն ասում է, թե իր պատկերացմամբ կամավորական ջոկատները պետք է լինեին ռուսական գումարտակների կազմում:

Նիստի ավարտին որոշվում է, որ Հայոց ազգային խորհուրդը պետք է դառնա հայկական պետության օրենսդիր մարմինը եւ կոչվի Հայաստանի պետական խորհուրդ: Ազգային խորհուրդը նաեւ որոշում է հանձնարարել Հովհաննես Քաջազնունուն կոալիցիոն սկզբունքով կազմել կառավարությունը՝ «անձնավորությունների ընտրությունը վերապահելով իրեն»:

Հունիսի 9-ին Թիֆլիսի Արտիստական ընկերության դահլիճում տեղի է ունենում բազմամարդ ժողով, որտեղ քննարկվում է Հայաստանի կառավարության կազմումը Դաշնակցության ներկայացուցչին վստահելու որոշումը: Ժողովի մասնակիցները արձանագրում են, որ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության «տարիների ընթացքում վարած քաղաքականությունն ու նրա գործելակերպը, որոնց հետեւանքը եղավ հայ ժողովրդի ներկա օրհասական վիճակը, չեն համապատասխանում մոմենտին, եւ որ այդ կուսակցությունը չի վայելում հարեւան ազգերի կողմից այն անհրաժեշտ հավատն ու վստահությունը, որ պետք է այսուհետեւ հիմք ծառայեն մեր քաղաքականության» (Հայաստանի անկախության հռչակումը եւ իշխանության կենտրոնական մարմինների ձեւավորումը, 1918թ. մայիս-հուլիս, Երեւան, 2009թ.): Ժողովը որոշում է, որ Հայոց ազգային խորհուրդը կառավարություն կազմելու գործը պետք է վստահի Հայ ժողովրդական կուսակցությանը՝ հանձին Միքայել Պապաջանյանի:

Կուսակցական պայքարի այս օրերին Երեւանում հրատարակվող «Զանգ» թերթն անդրադառնում է Հայոց ազգային խորհրդի Երեւան ժամանելու անհրաժեշտությանը՝ նշելով, որ պատերազմը դեռ չի ավարտվել, եւ անհրաժեշտ է ուժեղացնել ռազմաճակատը: «Տեղը եւ ժամանակը չէ ո՛չ քննադատության դիմելու, ո՛չ էլ մեղադրանքի սյունին գամելու նրանց, որոնք դեռ երեկ փառապսակ էին արվում։ …Այսօրվա հրամայական պահանջն է՝ ուժեղացնել ֆրոնտը, ունենալ կազմակերպված բանակ՝ հետագա անակնկալների դիմացն առնելու։ Ամեն ինչ ֆրոնտի համար, ամեն զոհողություն անակնկալներից ազատվելու համար՝ ահա օրվա հրամայական պահանջը»։

Ագիտացիայի թույլատրելի եւ անթույլատրելի միջոցները

Թե՛ Դաշնակցությունը, թե՛ Հայ ժողովրդական կուսակցությունը քարոզչական լայն արշավ են սկսում միմյանց դեմ: Երկուսն էլ ժողովներ ու հանդիպումներ էին կազմակերպում, որտեղ ներկայացնում էին իրենց դիրքորոշումը: Քիչ չէին նաեւ կուսակցությունների գործունեությունը գովաբանող հայտարարություններն ու մամուլի հրապարակումները:

«Հորիզոն», 15 հունիսի, 1918թ., թիվ 115

«Հայ Յ. Դաշնակցությունն է միակ իրավասու կուսակցությունը, որ պիտի ղեկավարի հայ կյանքը եւ առաջիկայում, մինչեւ հայկական սահմանադիր ժողովի ընտրությունները, երբ հայ ժողովուրդը կգա իր քվեով լիազորելու այս կամ այն կուսակցության ղեկավար հանդիսանալ հետագայի նկատմամբ: Միեւնույն ժամանակ ընդհանուր ժողովը գտնում է անհրաժեշտ, որ սահմանադիր ժողովը գումարվի ըստ հնարավորին կարճ ժամանակում եւ որ կազմվելիք հայկական կառավարությունը ունենալով փոքր տերիտորիա, ապա եւ փոքր բյուջե, լինի կազմով խիստ սահմանափակ»:

ՀԺԿ-ն նույնպես հետ չէր մնում իր գաղափարական հակառակորդից:

«Մշակ», 16 հունիսի, 1918թ., թիվ 113

«Այս շաբաթվա ընթացքում քաղաքի զանազան վայրերում՝ այգիներում, մասնավոր եւ հայրենակցական զանազան միությունների նախաձեռնությամբ գումարվեցին ժողովներ եւ միտինգներ, ուր, գրեթե ամեն տեղ, ձայների ջախջախիչ մեծամասնությամբ, կայացավ ռեզոլյուցիաներ այն մտքով, թե Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը պետք է այլեւս չքանա ազգային գործերի ղեկավարության ասպարեզից: Եղել են առաջարկներ, որ Ազգային Խորհուրդը ամբողջապես լուծվի: Մի քանի ռեզոլյուցիաներ գրված են շատ խիստ ոգով: Մի խոսքով, զայրույթը Դաշնակցության դեմ ընդհանուր է»:

«Երկիրը չի կարող առանց իշխանության մնալ»

Հունիսի 24-ին տեղի է ունենում Հայոց ազգային խորհրդի հերթական նիստը, որտեղ Քաջազնունին տեղեկացնում է, թե կոալիցիոն կառավարություն կազմել չի հաջողվում, եւ նախարարական պորտֆելներն ամբողջությամբ համալրված չեն: Կրկին քննարկվում է կառավարության Երեւան մեկնելու դժվարությունը, որը պայմանավորված էր նաեւ ճանապարհների փակ լինելով ու վտանգներով: Քաջազնունին ասում է, որ անհանդուրժելի է կառավարության բացակայությունը. «Ռուսաստանից փաստորեն կտրված ենք, Վրաստանն ունի կառավարություն, Ադրբեջանն ունի, մենք էլ ուզենք-չուզենք ունենալու ենք եւ այն էլ Երեւանում։ Երկիրը չի կարող առանց իշխանության մնալ»։

Մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը նույնպես մասնակցում էր Հայոց ազգային խորհրդի նիստին եւ մտահոգված էր, որ տեւական ժամանակ կառավարությունը չի ձեւավորվում. «Կառավարությունը պետք է երկրում լինի, նրա գոյության մասին ժողովուրդը ոչինչ չգիտի։ Պետք է գնալ, տեր դառնալ եւ կառավարել երկիրը։ Եթե երկիրը բանտ է, թող կառավարությունը մեր բանտում լինի։ Եթե հեղինակավոր կառավարություն լինի, շատ բան կփոխվի եւ թերեւս շատ բան այսպես չլիներ, եթե այստեղ կառավարություն լիներ»։

Միաժամանակ, Թումանյանը պատրաստակամություն է հայտնում կառավարության անդամներին Սանահինով ու Դիլիջանով հասցնել Երեւան:

«Ամենքը զարմանում են ձեր անտարբերության վրա»

Կառավարության ձեւավորման ձգձգումն ու քաղաքական պայքարը սպառնալից դրություն էին ստեղծել Երեւանում: 1918թ. հունիսի 26-ին Արամ Մանուկյանը նամակ է ուղարկում Հայոց ազգային խորհրդին, որտեղ խիստ քննադատում է Ազգային խորհրդի դանդաղկոտությունը: Նա ասում էր, որ չկա Բաթումի դաշնագրի կրկնօրինակը, ինչի պատճառով հնարավոր չի լինում սահմանային, երկաթուղային, գաղթականների եւ բազմաթիվ այլ հարցերի շուրջ բանակցել թուրքերի հետ: Բացի այդ, շատ ծանր էր երկրի ֆինանսական դրությունը, որն ուղղակիորեն կարող էր ազդել բանակի վրա:

«Բոլոր հասարակության դրամները գրավել ենք, բոլոր ձեռքի տակ եղած դրամները սպառել ենք, իսկ յուրաքանչյուր օր ավելի քան 100.000 ռուբլի ծախք ունենք, եկամուտ՝ ոչ մի կոպեկ: Սպայությունն ամիսներով ռոճիկ չի ստացել, խեղճերը ման են գալիս կամ չարուխներով, կամ ոտաբոբիկ ու գրեթե մերկ։ Սոսկալի, չտեսնված թանկություն է, ապրել չի լինում, աշխատեք դրամ հասցնել, այլապես զորքը կարող է մի օրում ցրվել, եւ մենք կխայտառակվենք»,- գրում էր Արամը:

«Իմացեք, որ հուսահատվածները կարող են ավելի սոսկալի միջոցների դիմել»

Ֆինանսական միջոցներ չլինելու պատճառով չէր ձեւավորվում ներքին վարչարարությունը, միլիցիան, հետեւաբար անհնարին էր լինում կարգուկանոն հաստատել երկրի ներսում, իսկ «անարխիան սոսկալի չափեր էր ընդունում»: Ավելի քան 200 հազար գաղթականներ սփռված էին փոքրիկ Հայաստանի տարբեր շրջաններում՝ սովի ու հիվանդությունների սպառնալիքի առջեւ: Արամը, անդրադառնալով բոլոր դժվարություններին, վերջում հավելում էր, որ Երեւանի ազգային խորհրդի որոշմամբ պատվիրակ են ուղարկում Թիֆլիս՝ Հայոց ազգային խորհրդի պատասխանն իմանալու:

«Որոշեցինք այստեղից ձեզ մոտ ուղարկել մի պատգամավոր, որը կհայտնի ձեզ հետեւյալ պայմանները. որ եթե այս նամակը ձեր ձեռքը հասնելու օրից հաշվելով երկու շաբաթվա ընթացքում դուք Երեւան չհասնեք, հայտարարել Թիֆլիսի եւ ուրիշ տեղերի թերթերում, որ դուք այս երկրի ներկայացուցիչները չեք։ Որ ձեզնից հուսահատված՝ անմիջապես կազմակերպվելու է սահմանադիր ժողով՝ ժողովրդի կամքով որոշելու երկրի բախտը։ Որ սահմանադիր ժողովի եւ նրանից բխած ու հաստատված կառավարության առաջ դնել ձեր պատասխանատվության հարցը այս երկրի ճակատագիրն այսպես անտարբեր եւ անպատասխանատու ձեւով վարելու համար։

Իմացեք, որ հուսահատվածները կարող են ավելի սոսկալի միջոցների դիմել։ Այս բոլորը հայտնում եմ ձեզ ի գիտություն եւ ի տնօրինություն։ Խնդրում ենք մեր ուղարկած պատգամավորին իսկույն վերադարձնել՝ ուղարկելով նրա հետ ձեր գրավոր պատասխանը։ Հարգանոք՝ ի դիմաց Երեւանի Հայոց ազգային խորհրդի, Արամ (Հայաստանի անկախության հռչակումը եւ իշխանության կենտրոնական մարմինների ձեւավորումը, 1918թ. մայիս-հուլիս, Երեւան, 2009թ.):

Տեսնելով, որ հնարավոր չէ կոալիցիոն կառավարություն ձեւավորել, Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդը 1918թ. հունիսի 27-ին վերաքննում է հարցը եւ ձայների մեծամասնությամբ «որոշում կազմել կառավարությունը ոչ թե կոալիցիոն սկզբունքով, ինչպես որոշված էր, այլ պերսոնալ սկզբունքով եւ հանձնարարեց Հ. Քաջազնունուն կազմել կառավարություն»:

***

Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *