Մարդ պետք է այդ երկրում ապրի, որպեսզի այդ երկրի ցավերին ու խնդիրներին ծանոթ լինի, ներսից իմանա: Որովհետև լուրերը, որ տարածվում են մամուլում, նայած, թե ով է գրում, կարող ես տարբեր պատկերացում կազմել:
Ժիրայր Քոչարյան
Սփյուռքը չպետք է մասնակցի Հայաստանի ներքին խնդիրներին. պետք է այդ երկրում ապրի, որ ցավերին ծանոթ լինի
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Բեռլինիհամալսարանի դասախոս, հայագետ Ժիրայր Քոչարյանը
Պարոն Քոչարյան, հոկտեմբերի վերջին Հայաստանում անցկացվելու է Համաշխարհային հայկական գագաթնաժողովը, որին Սփյուռքի շուրջ 600 ներկայացուցիչներ են մասնակցելու: Այսօր Սփյուռքն ի՞նչ առաջնահերթություններ է վեր հանելու, ի՞նչ քննարկումներ է ծավալելու, և դուք անձամբ ներկա լինելո՞ւ եք, թե՞ ոչ:
Ինձ ոչ ոք տեղյակ չի պահել, ես մամուլից գիտեմ այդ գագաթնաժողովի մասին, որը հոկտեմբերի 28-31-ն է տեղի ունենալու: Հավանական է, որ ես հոկտեմբերին լինեմ Հայաստանում, ուզում եմ Արցախ գնալ: Եթե կարողանամ, ես էլ կմասնակցեմ: Ես տեղեկություն կհավաքեմ, թե ինչի մասին է գագաթնաժողովը, իրենց առաջնահերթ ցանկությունն ինչ է և այլն: բայց ես կարծում եմ, որ ժամանակն է, որ Սփյուռքը մի քիչ ավելի շարժի իրեն: Հաշվի առնելով առկա իրողությունները, ես նպատակ ունեմ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերություններում բերեմ մեր օժանդակությունը, որպեսզի որևէ լուծում ի վնաս մեզ չլինի: Որովհետև ամեն մի հանդիպումից հետո մենք զիջումների ենք գնում: Սա ինձ շատ անհանգստացնում է:
Սփյուռքն ինչպիսի՞ դերակատարություն կարող է ունենալ նման հարցերում: Այսպիսի գագաթնաժողովներում ինչպիսի՞ հարցեր պետք է քննարկվեն:
Սփյուռքը կարող է օժանդակել Հայաստանի կառավարությանը, իշխանությանը, եթե նրանք իրապես ծրագիր ունեն, որը հետապնդում են: Սփյուռքը շատ բան կարող է անել, եթե իրենից խնդրեն, նա ունի այդ ներուժն ու կարող մարդիկ: Ես ուզում եմ մի օրինակ բերել. երբ մենք դեռ անկախ պետություն չունեինք, Սփյուռքին հաջողվեց պարտադրել, որպեսզի շուրջ 30 կազմակերպություններ, երկրների խորհրարաններ, խորհրդաժողովներ Հայոց ցեղասպանությունը ճանաչեն և դատապարտեն: Սա հեշտ բան չէ: Այս կառավարությունները Թուրքիայի հետ խնդիր են ունեցել, բայց Սփյուռքին դա հաջողվել է: Այսինքն Սփյուռքը կարող է օժանդակ լինել, եթե լուրջ ու հետևողական ծրագիր կա: Այդպիսի ծրագրեր Հայաստանում, դժբախտաբար, չեմ տեսնում:
Նշվում է, որ Սփյուռքն ընդհանրապես իրավունք չունի միջամտելու Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական և այլ գործընթացներին: Ինչպիսի՞ն է ձեր մոտեցումն այս հարցում:
Ես կարծում եմ, որ Հայաստանի ներքին խնդիրներին Սփյուռքը պետք է չմասնակցի: Օրինակ, ես, որ շատ հետաքրքրված եմ հայաստանով, տարին 1-2 անգամ գալիս եմ Հայաստան, հետևում եմ մամուլին, շատ խնդիրներ կան, որոնք ինձ համար բացահայտված չեն, ես լավ չեմ հասկանում՝ այդտեղ ինչ է կատարվում: Այդ ներքին խնդիրները Սփյուռքի համար շատ դժվար են: Բայց եթե, ասենք, Հայաստանը հարաբերություններ ունի ուրիշ երկրների հետ, ուզում է հայ-ադրբեջանական խնդիրն ի շահ Հայաստանի լուծել, և այլն, Սփյուռքը կարող է օժանդակել: Ես դեմ եմ Սփյուռքին Հայաստանի ներքին խնդիրներին մասնակցությանը: Մարդ պետք է այդ երկրում ապրի, որպեսզի այդ երկրի ցավերին ու խնդիրներին ծանոթ լինի, ներսից իմանա: Որովհետև լուրերը, որ տարածվում են մամուլում, նայած, թե ով է գրում, կարող ես տարբեր պատկերացում կազմել: Նույն լուրը կարդում ես 2-3 դիտանկյունից և տեսնում, թե որքան են իրարից տարբեր, իրարամերժ ու հակասական: Ես որպես հայ, որպես մեկը, որ 70-80 անգամ Արցախ է գնացել, կարող եմ ասել, որ Արցախին այսօր պետք է ոչ թե քաղաքական աջակցություն ցուցաբերել, այլ տնտեսական, բարոյական, մշակութային, ամեն ինչ արվի, որ արցախցիներն իրենց մենակ չզգան: Սա Սփյուռքի ամենագլխավոր պարտականություններից մեկն է:
Ընդհանուր առմամբ, այսպիսի գագաթնաժողովներն ինչո՞վ կարող են կարևորվել, առանձնանալ: Կա՞ նման պահանջարկ, թե ոչ:
Այսպիսի գագաթնաժողովները շատ կրևոր են: Նախ, այն ժողովները, որոնք տեղի են ունենում Հայաստանում, Սփյուռքից եկած մարդիկ մի քիչ Հայաստանի ներքին խնդիրներին ծանոթանում են: Երկրորդ, Սփյուռքի շատ ներկայացուցիչներ դրսում իրար հետ չեն հանդիպում, իսկ Հայաստանում հնարավորություն է ստեղծվում շփվելու: Օրինակ, մեկը Գերմանիայից է եկել և Երևանում հանդիպում է Ամերիկայից եկածի հետ: Հո չէ՞ր գնալու Ամերիկա, որ հանդիպեր այդ մարդու հետ: Հանդիխպման ամենալավ տեղը Հայաստանն է, որտեղ կարող են ճանապարհներ, միջոցներ գտնեն օժանդակելու Հայաստանին: Ինձ թվում է, որ Հայաստանն առայժմ չունի փորձառու դիվանագետներ, և պտք ունի Սփյուռքի աջակցության: Ոչ մի խնդիր չկա, մենք նույն ժողովուրդն ենք, ոմանք Հայաստանում են ապրում, ոմանք Հայաստանից դուրս: Մենք պետք է իրար օգնենք, բայց սփյուռքահայը շատ լավ տեղյակ չէ, թե Հայաստանի դրությունն ինչ է, Արցախինը՝ ինչ է, գլխավոր խնդիրները որոնք են: Սա շատ լավ առիթ է իրար հետ, նաև Հայաստանի խնդիրներին ծանոթանալու:
Օրակարգում նշվում է, որ այնպիսի թեմաներ են, ինչպիսիք են ազգային անվտանգությունը, հայկական շահերի պաշտպանությունը, հայրենիքի ռազմավարական ոլորտների զարգացումը, հայրենադարձությունը, ներդրումային ներգրավվածությունը, հայապահպանությունը, սփյուռքի ինքնակազմակերպումը: Ի՞նչ կարծիք ունեք այս օրակարգի վերաբերյալ:
Ես կարծում եմ, որ օրինակ, հայրենադարձության մասին խոսելն ավելորդ է: Եթե Հայաստանն ի վիճակի է, թող Հայաստանից հեռացողներին պահի, որ չհեռանան: Սփյուռքի ո՞վ կգա, երբ Հայաստանում տնտեսական խնդիրներ կան, անվտանգության խնդիր կա: Ով պետք է գար, արդեն եկել է: Բացի դրանից, այսօր գալու, Հայաստանում բնակարան գնելու և այդտեղ ապրելու համար պետք է շատ դրամ ունենաս: Ինձ նման սովորական մարդիկ ի վիճակի չեն ա անել: Այդուհանդերձ, պետք է բոլոր խնդիրների մասին խոսվի, քննարկվի, որպեսզի ավելի մանրամասնություններին ծանոթանան: Նույն խնդիրը Գերմանիայում, ԱՄՆ-ում ունի մի բնույթ, Հայաստանում՝ մի ուրիշ բնույթ: հայաստանում կան շատ խնդիրներ, որոնք ծանոթ չեն սփյուռքահայերին և գալ, Հայաստանում 1- շաբաթով մնալը շատ քիչ է, դա թույլ չի տալիս ծանոթանալ խնդիրների մանրամասներին:
Հոդվածը՝ 1in.am կայքից։