Հայաստան

Դաշնակցական Եփրեմը՝ Իրանի Գարիբալդին

«Հաղթական զորամիավոր»-ը սկսեց պայքարել Ռահիմ խանի հակահեղափոպական շահսեվենների դեմ՝ Զանջան քաղաքից սկսյալ և նրանց վերջնականապես ջախջախեց՝ Ատրպատական նահանգի Արդաբիլ քաղաքի «Խուրուսլու» սահմանամերձ լեռան ստորոտում, 1910թ․ ամռանը։

Կարեն Խանլարի

Եփրեմ Դավթյանի նահատակության 110-ամյակի առիթով

1908թ․ Իրանում բռնկվեց Սահմանադրական Հեղափոխության երկրորդ շարժումը։ ՀՅ Դաշնակցությունը 1907թ․ Վիենայում կայացրած իր Ընդհանուր ժողովի որոշման հիման վրա, Ռոստոմի գլխավորությամբ բանակցության մեջ մտավ իրանի սահմանադրականների ղեկավար մարմնի հետ։ Այսպիսով՝ ստորագրված հատուկ պայմանագրով, Դաշնակցությունը Հայաստանի իր առևելյան ու արևմտյան ինչպես նաև Իրանի տեղական մարտական կառույցների մի բաժնին հանձնարարեց, Եփրեմ Դավթյանի գլխավորությամբ, ակտիվորեն մասնակցել Իրանի Սահմանադրական շարժմանը։

Ռոստոմը Թավրիզից էր ղեկավարում մասնակցության գործը, Նիկոլ Դումանը, Քեռին, Դաշնակցական Խեչոն, Մարտիրոս Չարուխչյանն ու Ջումշուդն առաջնորդում էին ֆիդայական և զինատար խմբերին՝ Երկրից ու Կովկասից դեպի Իրան, իսկ Եփրեմը մոբիլիզացնում էր Իրանի մարտական կառույցները։

Սահմանադրական երկրերդ Շարժումը հաղթանակեց և գահընկեց եղավ բռնատեր միապետ՝ Մեհմեդ Ալի Շահը։ Այնուհետ պաշտոնանկ շահի միջոցով և ցարական ու բրիտանական դեսպանությունների սերտ գործակցությամբ, մերթընդմերթ երկրով մեկ ծայր առան հակահեղափոխական զինված ընդվզումներ, որոնցից կարելի է հիշատակել պալատական բրիգադներ՝ «շահսեվենների» ապստամբությունը, Ռահիմ խանի գլխավորությամբ։ Սույն ապստամբությունը համեմված էր նաև անջատողական նկրտումներով, Ատրպատականը Իրանից անջատելու հստակ սպառնալիքներով։

Թավրիզի տեղական ինքնակառավարման մարմինները անկարող եղան սույն ապստամբությունը չեզոքացնելու գործում և օգնության դիմեցին կենտրոնական իշխանություններին։ Իրանի հեղափոխական կառավարությունն էլ սատարելու գործը հանձնարարեց՝ Իրանի զինուժի գլխավոր հրամանատար՝ Եփրեմին և նրա մտերիմ ընկերոջ, բախտիարցի հեղափոխական՝ Ջաաֆարղուլի խանին (Սարդար Բահադուր կրտսեր)։ Նրանց ջանքերով 1909թ․ կազմվեց հայ ու պարսիկ երկու հարյուր հիսուն հետևակից և չորս հարյուր հեծյալից բաղկացած հատուկ գունդ, որն էլ անվանվեց՝ «Օրդու-է- մանսուր» (հաղթական զորամիավոր)։

«Հաղթական զորամիավոր»-ը սկսեց պայքարել Ռահիմ խանի հակահեղափոպական շահսեվենների դեմ՝ Զանջան քաղաքից սկսյալ և նրանց վերջնականապես ջախջախեց՝ Ատրպատական նահանգի Արդաբիլ քաղաքի «Խուրուսլու» սահմանամերձ լեռան ստորոտում, 1910թ․ ամռանը։

«Հաղթական զորամիավոր»-ը, Եփրեմի և Ջաաֆարղուլիի գլխավորությամբ վերադարձավ Թեհրան։ Մեջլիսը, 1910թ․ հուլիսին, նրանց պատվին նախաձեռնեց աննախադեպ մի ընդունելություն, որի ընթացքին Մեջլիսի նախագահության անունից հնչեցին հետևալ խոսքերը․

«Այն ծառայությունը, որն արժանի է ամեն կարգի երախտագիտության ու մեծարանքի, և որը իրոք մեր պատմության էջը պայծառացրեց աշխարհի աչքին, ահա հենց այն ծառայությունն է, որը մատուցեցին երկու մեծ զորավարներ, Իրանի երկու քաջարի զավակներ՝ պարոն Սարդար Բահադուրը և պարոն Եփրեմը։ Բոլորը գիտեն հյուսիսից այնքան մեծ վտանգներ էին սպառնում մեզ, որոնցից սպասվում էր ամեն տեսակ ողբերգական իրադարձություններ։ Զանջանը, Ատրպատանն ու նրա սահմանամերձ շրջանները ապակայունացված էին՝ դրսից ու ներսից, և բոլորս սպասում էինք, որ այս գավառների չարագործները մեզ անդառնալի վնասներ պատճառեն։ Այդ ժամանակ դիմում կատարվեց այս երկու զորավարներին․․․ և նրանք ամենայն խիզախությամբ ու վճռակամությամբ շարժվեցին և․․․ տեսաք, որ կատարեցին այնպիսի ծառայություն, որի նմանը ցայժմ չի տեսնվել Իրանում․․․»։

(Մեջլիս, երկօրյա թերթ (պարսկերեն), 1910 հուլիսի 18, No 138, էջ 2)

Եփրեմ Դավթյանը, զոհվեց դիպուկահարի գնդակից, 1912թ․ մայիսին, երբ փայլուն հաղթանակ, «The Washington herald»-ի բնորոշմամբ՝ «brilliant victory» էր շահել մեկ այլ հակահեղափոխական ապստամբության դեմ պատերազմում, որը դարձյալ հրահրվել էր գահընկեց շահի կողմից, այս անգամ Իրանի Քրդստան նահանգում․․․

Իրանի պատմաբանները, հոգևորականներն ու քաղաքական գործիչները Եփրեմին անվանել են՝ «Իրանի Գարիբալդի» (Իտալիայի ազատագրման ազգային հերոսի անվամբ), «Իրանի Օյամա» (Ճապոնացի մեծ զորավարի անվամբ), «Իրանի Սահմանդրության առաջին Շեհիդ զորավար» և այլն։

Եփրեմի և իր Դաշնակցական գաղափարակից ընկերների գործի մեծությունը, ահագնությունը կայանում է, ոչ միայն Իրանի Սահմանդրական Շարժմանը մասնակցելու և նրան հաղթական ձեռքբերումներ ապահովելու, այլ նաև դարավոր հարևան՝ եղբայրական Իրանի տարածքային ամբողջականության անսասան պահպանելու համար կատարած զոհողության մեջ։

Գրառումը՝ Կարեն Խանլարիի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *