Եվ ըստ երևույթին Հայաստանն էլ է կարևոր ԱՄՆ համար, որովհետև Հայաստանը կարծես թե մտավ ամերիկյան անվտանգության կարգավիճակի մեջ։
Կայծ Մինասյան
Հայ ժողովուրդը պետք է հաշիվ պահանջի վերնախավից՝ Լևոնից մինչև Նիկոլ, նույնիսկ եկեղեցուց։ Չի կարելի այսպես ղեկավարել Հայաստանը
Lragir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Կայծ Մինասյանը։
Անշուշտ, վտանգը միշտ կա։ Երկու ուղղությամբ գործողություններ պետք է անել։ Նախ, ամեն ինչ կախված է Հայաստանի ժողովրդից, որը վաղվա զարգացումների բանալին է։ Հայաստանի ժողովուրդը պետք է գիտակցի մարտահրավերի կարևորությունը և մոբիլիզացվի, Հայաստանի ժողովուրդն է, որ պետք է որոշի, թե ինչ է ուզում։ Սա ամենակարևորն է, որովհետև երբ ժողովուրդը ոտքի է կանգնում ու պայքարում մեկ բռունցքով, անհնար է հաղթանակ չունենալ։ Երկրորդը, Հայաստանի դիվանագիտությունը բավական մեծ աշխատանք պետք է իրականացնի, որպեսզի միջազգային համայնքը կենտրոնանա Հարավային Կովկասի իրադարձությունների և Ադրբեջանի սպառնալիքների դեմ։ Այսինքն՝ այսօրվա իրավիճակը հետևյալն է՝ վտանգը չի կարող գալ Վրաստանից ու Իրանից, Թուրքիայում գործողություններ կան, բայց Թուրքիայի կողմից Հայաստանի վրա ուղղակի հարձակում չեմ կարծում, թե կլինի։ Գլխավոր վտանգը, սպառնալիքը Ադրբեջանից է գալիս։ Եթե ԱՄՆ-ն ուզում է միջնորդի դեր խաղալ, ամեն ինչ պետք է անի, որ համոզեն ազերիներին, որպեսզի չհարձակվեն։ Իսկ եթե ոչ, Ադրբեջանը պետք է կանգնի մեծ ու կարևոր պատժի առաջ։
ԱՄՆ-ն ակտիվացրել է իր դերակատարությունը մեր տարածաշրջանում և քայլեր է ձեռնարկում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցով, ինչպե՞ս կմեկնաբանեք սա։
Դա տակավին հստակ չէ, բայց կան փոքր նշաններ, որոնք ցույց են տալիս, որ ԱՄՆ համար Հարավային Կովկասը շատ կարևոր է։ Եվ ըստ երևույթին Հայաստանն էլ է կարևոր ԱՄՆ համար, որովհետև Հայաստանը կարծես թե մտավ ամերիկյան անվտանգության կարգավիճակի մեջ։ Նենսի Փելոսիի այցը Հայաստան կարող ենք համեմատել մի քանի ամիս առաջ Թայվան կատարած նրա այցի հետ։ Եվ դա նշանակում է, որ նույն մակարդակի վրա են դնում Հայաստանն ու Թայվանը։ Դա շատ կարևոր է, բայց չեմ կարծում, թե ժողովուրդը և դիտորդները անդրադառնում են այդ կարևորությանը։ Անշուշտ, պետք է կոնկրետ քայլ արվի, Միացյալ Նահանգները պետք է անի այն, ինչ Ռուսաստանը չկարողացավ անել։ Ուրեմն, ամերիկացիներն այդ պատասխանատվությունն ունեն, և միայն խոսքերով չի կարելի հայերին ասել՝ ձեզ հարգում ենք և այլն։ Պետք է ուղղակի գործել։ Եվ եթե ամերիկացիները կոնկրետ գործով ցույց կտան, որ հաջողեցին այդ սպառնալիքը տկարացնելու հարցում, այն ժամանակ կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգները կարողացավ տարբերվել Ռուսաստանից։ Եվ սա մեծ պատասխանատվություն է ամերիկացիների համար, բայց հստակ չէ, թե ինչ տեսակի աջակցություն կտրամադրեն հայերին։ Բայց շատ զարմանալի է, որ ԱՄՆ-ն հետևողական է, այսինքն՝ Ցեղասպանության ճանաչում, Ֆիլիպ Ռիքերի, ով շատ կարևոր դեսպան է, նշանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնում, հետո Նենսի Փելոսիի այցելություն Հայաստան, Բլինքենի հայտարարություններ և նախաձեռնություններ, Բայդենի հայտարարություններ։ Սա ի՞նչ է նշանակում, այս հարցն ուղղակի պետք է ուղղել ամերիկացիներին՝ արդյոք սրանք միայն խոսքեր են, թե՞ հետևում գործ կա։
Հայաստանի դիվանագիտությունը պետք է ուժեղացնել այս փուլում, այդպե՞ս է։
Այո, դա վաղուց պետք էր անել, մենք իսկապես կորցրեցինք 30 տարի։ Պետություն ունենալը լրիվ ուրիշ բան է, ավելի իրատես ու պրագմատիկ պետք է լինել։ Եթե մեր առջև սպառնալիք կա, չպետք է սպասել, որ այն իրականացվի, պետք է արմատից կոտրել այդ սպառնալիքը։ Եվ մենք չկարողացանք դա անել, որովհետև 30 տարի շարունակ մեր անվտանգությունը տվել ենք ուրիշի ձեռքը՝ Ռուսաստանին։ Եվ մեր դիվանագիտությունը ուրիշի ձեռքերի մեջ ենք դնում՝ միջազգային համայնքի։ Այսինքն՝ մեր ինքնիշխանական կարողությունները օտարներին տվեցինք, դա չտեսնված բան է, որևէ պետություն նախ իր սեփական միջոցներով է ապահովում իր անվտանգությունը։ Դա մեծ սխալ էր, սարսափելի սխալ։ Եվ ո՞վ պետք է վճարի՝ ժողովուրդը, երիտասարդները։ Բայց ուրիշ ճար չկա, եթե մեզ ստիպում են ոտքի ելնել, կանգնել ու կռվել, պարզ է, որ ուրիշ ճար չունենք։ Եվ հատկապես Հայաստանի ժողովուրդը, որը վերնախավերի սխալների համար պետք է վճարի։ Բայց ես այլևս հույս ունեմ, որ հայ ժողովուրդը պետք է հաշիվ պահանջի վերնախավից՝ Լևոնից մինչև Նիկոլ, նույնիսկ եկեղեցուց։ Չի կարելի այսպես ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը։
Հարցազրույցը՝ lragir.am կայքից։