Մաս երրորդ
Փաստ է, որ հատկապես Արեւմտյան եւ Հարավարեւմտյան Հայաստանում բռնկված քրդական զարթոնքն անմիջական ազդեցություն էր գործում ծպտյալ հայության քաղաքական հայեացքների վրա։
Կարեն Խանլարի
Քրդական հարցը, որ 1984 թվականից Աբդուլլահ Օջալանի ղեկավարությամբ զինյալ պայքարի նոր փուլ էր մտել, Թուրքիայի զինվորական վերնախավին կրկին հանգեցրեց հարցի բիրտ, ավանդական մեթոդներով հանգուցալուծության: Այսպես, արեւելյան նահանգներում Թուրքիայի բանակը ոչնչացրել է բազմաթիվ բնակավայրեր եւ տեղահանել շուրջ 3 մլն. բնակչություն: Թուրքական պաշտոնական աղբյուրներում նշվում է, որ 1984-87 թթ. ընթացքում 2,400 գյուղ եւ 1,500 գյուղակ ամբողջությամբ կամ մասնակիորեն դատարկվել են բնակչությունից:
Մեզ դեռ հայտնի չէ հայկական գյուղերի կրած մարդկային եւ նյութական վնասների ճշգրիտ չափը։ Թուրքիայի մարդու իրավունքների հաստատության կողմից հրապարակված մի փաստաթղթում ասվում է, որ «անվտանգության ուժերի միջոցով տարհանկվել են թվով 729քրդական եւ քրիստոնեական գյուղերը»։ «Kurdistan Liberation» անունով քրդական կայքեջում
Արեւմտյան Հայաստանում այրված գյուղերի ցանկում հանդիպում ենք Սասունի Աջար գյուղի անվանը, որի հայ բնակչությունն ամբողջապես իսլամացման էր ենթարկվել 1983թ.։ Ըստ նշված կայքեջի, թուրքական բանակն Աջար գյուղը հրդեհել է 1995թ.։
ԱՄՆ-ի Ապաստանյալների կոմիտեի հրապարակած զեկուցագրերից մեկում մի ապաստան խնդրող անձը, նկարագրելով իր փախուստը, ասում է. «Ես Սղերտ նահանգի X գյուղից եմ: Փախել եմ 1994թ.։ Բանակը եկավ 1992թ.: 1994թ. ստիպեցին մեզ միանալ գյուղի զորամասին: Մեր գյուղի ավելի քան 80 տուն բնակչությունից միայն մեկ անձ միացավ զորամասին։ Զինվորներն մեղադրում էին ինձ PKK-ին օժանդակելու մեջ եւ ասում, որ ես հայ եմ: Իմ նախնիներին պարտադրեցին հայ քրիստոնյայից կրոնափոխվել իսլամի: Իսկ ներկայումս թերեւս ամեն ինչ լավ կլիներ, եթե քուրդի փոխարեն դառնայի թուրք։ Նախընտրեցի փախչել գյուղից»։
«Ապաստանյալի օժանդակություն» խորագրով մի այլ զեկուցագրում ոմն հողագործ Յուսուֆը, պատմելով իր եւ իր ընտանիքի նկատմամբ իրագործված դաժան հալածանքների մասին Մալազկիրտի (Մանազկերտ) Գուլալի գյուղում, նշում է, թե ինչպես անվտանգության ուժերը, 1993թ. իրենց գյուղը երեք անգամ հրդեհելուց հետո մուտքի մոտ փակցրել են «Սա հայկական գյուղ է, մուտքն արգելվում է» գրությամբ մի ցուցանակ։
ԱՄՆ-ի պետդեպարտեմենտի1994թ. հունվարի 31-ին հրատարակած զեկուցագրի հեղինակը հիշատակում է Մարդին նահանգի Հասսենա անունով հայկական գյուղի տեղահանման փաստը. «Մի տոհմապետի տված ցուցմունքների հիման վրա,- զեկուցում է հեղինակը,- հրաման արձակվեց գյուղի տեղահանման կապակցությամբ, քանզի գյուղը հայկական է, եւ թուրք պետական պատասխանատուները հաճախ հայերին մեղադրում են PKK-ին օժանդակելու մեջ»։ Հասսենայի հայաթափման իրողությունը հաստատում է հետազոտող Ռուդիգեր Բեննինգհաուսը եւ հիշատակում 1990-ականների կեսերին տեղահանված եւս երկու այլ հայկական գյուղերի անունը
Հերբոլ եւ Բեսպին։
Փաստ է, որ հատկապես Արեւմտյան եւ Հարավարեւմտյան Հայաստանում բռնկված քրդական զարթոնքն անմիջական ազդեցություն էր գործում ծպտյալ հայության քաղաքական հայեացքների վրա։ Հայկական կազմակերպությունների բացակայության պայմաններում, ծպտյալ հայերը, բնականաբար, զինվորագրվում էին քրդական կառույցներին։
Այս իմաստով հատկանշական է Թուրքական «Գյունեշ» օրաթերթի 1989թ. հունիսի 6-ին հրապարակած տեղեկությունը, համաձայն որի, քուրդ փիշմերգներից մի խումբ Մուշից դիմել է ամերիկյան եւ բրիտանական իշխանություններին` պնդելով, որ իրենք հայկական ծագում ունեն եւ ապաստանի իրավունք են խնդրում:
1989թ. նոյեմբերին Թուրքիայի պետական հեռուստատեսությունը հաղորդեց, որ. Նոյեմբերի 27-ին Հաքքյարի նահանգի գյուղերից մեկում ահաբեկչական հարձակում է կատարվել, որի ընթացքում զոհվել է 28 մարդ։ Պարզվել է, որ սպանվածներից մեկը Ջեմիլ Ըշըքն է` ծագումով հայ։
«Հուրրիեթը» 1993թ. հուլիսի 11-ի համարում հրապարակում է մի լուր` Աղրի (Արարատ) նահանգի Սեոյութլիփ գյուղում պատահած ահաբեկչական դեպքի մասին: Վիրավորված ականատեսներից մեկը թղթակիցներին պատմել է, որ PKK-ի զինյալները ո՛չ թուրք էին եւ ո՛չ էլ քուրդ, այլ «բոլորն էլ հայերեն էին խոսում»։
Նման դեպքերը հիմք հանդիսացան Թուրքիայի պետական քարոզչամեքենայի համար` քրդական շարժումներին «թաքուն՚ հայության մասնակցության հարցն այլեւս չկոծկելու համար։ «Ջումհուրիեթը՚ 1993թ. հուլիսի 11-ի համարում գրում է, որ վարչապետ Չիլլերի նախագահությամբ պետական մի հանձնախումբ, նպատակ էր ճշտել լուսանկարների եւ փաստացի այլ տեղեկությունների տարածմամբ, բացահայտել PKK-ի ղեկավարության հայկական ծագումը։
Հոլանդացի Ստելլա Բրամն ու թուրք Մեհմեթ Ուլգերը, նշում են, որ Թուրքիայում PKK-ն, հաճախ, ներկայացվում է, որպես՝ «հայ ստրուկներից» բաղկացած կառույց: Ըստ նրանց, գորրշգայլական Մե Հե Փե-ի հիմնադիրԹուրքեշը նույնիսկ բարձրաձայնել է, որ Աբո Օջալանը քուրդ չէ, այլ հայ է, եւ իր իսկական անունն էլ Ակոփ Արթինյան է։ Օջալանի հայկական ծագման մասին արտահայտվել է նաեւ Թուրքիայի ներքին գործերի նախարար Մերալ Աքշեները դեռ 1997թ.
Օջալանին «հայկական ծագումով մողես» անվանելով։
Թուրքիայի աջակողմյան «Մեյդան» թերթն անհարմար չեր զգում այս մասին վերջնական, սուր եւ «հանճարեղ» բնութագրումներ տալուց. «Թուրքիայում,- գրում էր թերթի 1994թ.,- Քրդական հարց գոյություն չունի, այդ հարցը Հայկական Հարց է»։
Նմանօրինակ բացահայտումներ է կատարում նաեւ թուրք պատմաբան Յուսուֆ Հալաջողլուն, 2007թ.: «PKK-ի կամ TIKKO-ի նման ահաբեկչական խմբերի անդամները,- պնդում է Հալաջողլուն,- իրականում, հայկական ծագում ունեն ու նրանց դատը, մեր գիտցածի պես, քրդական դատը չէ»։
Թուրքիայի ծայրահեղ ձախ հոսանքների, հատկապես, TIKKO կազմակերպության լրատուամիջոցներում կարելի է հանդիպել 1946թ. Ամասիայում ծնված Կարպիս Ալթինօղլուի անվանը, քաղաքական եւ տեսագիտական հոդվածներին։ Բազմիցս բանտարկված Կարպիս Ալթինօղլուն համարվում է հակապետական պայքարի գործիչ, որի կենսագրականում, անպայման, հիշատակվում է նրա հայ լինելու հանգամանքը։
Քրդական շարժման ղեկավար շրջանակների մասին խոսելիսթուրքական աղբյուրները, մշտապես, շեշտում են Բեհչեթ Ջանթուրքի հայկական ծագումը։ Դրանցից մեկը, օրինակ, Ջանթուրքին ներկայացնելով որպես PKK-ի նյութական գործերի եւ հայ ահաբեկչական խմբերի հետ կապերի պատասխանատու
իմիջիայլոց նշում է, որ նա «ծնվել է 1950թ. Դիարբեքիրում, քուրդ հորից ու հայ մորից»։
Իսկ PKK-ի նախագահական խորհրդի անդամ Նուրիե Գեսպիրի եւ նույն կազմակերպության Կենտրոնական կոմիտեի անդամներ` Բեքիր Բաքիրչյանի եւ Մուսա Հաճըեւի հայկական ծագման մասին, փաստեր է հրապարակել «Թուրքիե» օրաթերթը:
Թուրքիայի Հարավարեւելյան շրջանների ռազմական արտակարգ դրության կառավարիչ Յունիլ Էրքանը հայտարարում էր. «Մեր համակարգիչներում արձանագրել ենք հայկական ծագում ունեցող PKK-ի 800 անդամ»։
Բիթլիսի տանկային ստորաբաժանման հրամանատար գեներալ Թագման մամլո մի հարցազրույցի մեջ ընդգծում էր, որ «PKK-ի ամեն յոթերորդ անդամը հայ է։ PKK-ի այդ անդամները զավակներն են այն հայերի, ովքեր Օսմանական Կայսրությունը կռնակից դաշունահարեցին Առաջին աշխարհամարտի ընթացքում»: Գեներալ Թագման, 1995թ. ներկայանալով «մարդու իրավունքների եւրոպական դատարան», ասել է, որ PKK-ի դեմ իր մղած թեժ պատերազմի ժամանակ տեղի են ունեցել շատ ծանր մարտեր։ «Քրդեր չկային այդ մարտերում,- պնդել է գեներալ Թագման իր տված ցուցմունքներում,- նրանք, ովքեր մեր ստորաբաժանման ուժերի բուռն հարձակումների արդյունքում նահանջեցին դեպի բարձր լեռները, միայն հայեր էին»:
Հոդվածը՝ Կարեն Խանլարիի ֆեյսբուքյան էջից։