Սա անպայման չի նշանակում երես թեքել Ռուսաստանից։ Առավել ևս, պետք է նաեւ հստակ լինի, որ մենք մեր շահերն ենք սպասարկում, այլ ոչ թե իր շահերին ենք հակադրվում։
Վիգեն Հովսեփյան
Մոսկվային պետք է հասկացնենք, որ ՀՀ-ի շահերն այսօր պահանջում են բազմակողմանի գործընկերություններ․ ամերիկահայ գործիչ
Հարավային Կովկասում կատարվող վերջին իրադարձությունները աստիճանաբար բերում են մի համոզման, որ տարածաշրջանի երկրները ուժային կենտրոնների կամ արտաքին քաղաքական վեկտորի հստակեցման քաղաքականություն են դրսևորում։ Ամենախնդրահարույցը, թերևս, Հայաստանի վիճակն է, ով հայտնվել է Ռուսաստան-Արևմուտք հակասությունների թատերաբեմում։ Ի՞նչ է սպասում մեզ այս համատեքտսում, և ո՞րը կարող է լինել ողջամիտ ճանապարհային քարտեզը՝ Հայաստանի համար։
«Թեև համաձայն եմ, որ Արեւմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների պարունակի մեջ բարդ իրավիճակներ են ստեղծվել ՀՀ-ի համար, այսուհանդերձ տագնապը նաև կարելիություններ է ընձեռում։ Օրինակ, Խորհրդային Միության փլուզումից այս կողմ չի եղել որևէ ժամանակ, երբ Արևմուտքը այսքան հետաքրքրված լինի մեր տարածաշրջանով, կամ առհասարակ Ռուսաստանի հեղինակությունը նսեմացնելով»,–ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց ամերիկահայ հասարակական գործիչ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանը։
Նրա խոսքով, մյուս կողմից, 90-ականներից այս կողմ, չի եղել նման իրավիճակ, երբ Ռուսաստանը այս չափերով ապավինի թուրք-ադրբեջանական խարսխի վրա։ Հետևաբար, ըստ քաղաքագետի, Հայաստանին մնում է բաց լինել Արևմուտքից եկած զորակցական-օժանդակության առաջարկներին, հատկապես որ այսօրվա իրականության մեջ ԱՄՆ-ը այն ուժն է, որ ունի առավելագույն տնտեսական-ռազմական լծակները՝ ազդելու Ադրբեջանի վրա․
«Սա անպայման չի նշանակում երես թեքել Ռուսաստանից, որին պետք է անկեղծ հասկացնել, թե այսօրվա իրադրության մեջ մեր շահերը պահանջում են բազմակողմնակի գործընկերություններ, մանավանդ, երբ ինքը Ռուսաստանը անկարող է, կամ առնվազն անպատրաստ է կտրուկ դիրքորոշումի մեր պետական շահերի օգտին։ Առավել ևս, պետք է նաեւ հստակ լինի, որ մենք մեր շահերն ենք սպասարկում, այլ ոչ թե իր շահերին ենք հակադրվում»։
Մեր այն հարցին, թե բավարա՞ր են, արդյոք, ԱՄՆ-ի ջանքերը՝ ադրբեջանական ագրեսիան զսպելու իմաստով, Վիգեն Հովսեփյանն ասաց․
«Ո՛չ, բավարար չեն։ Այսուհանդերձ շատ լավ սկիզբ է դրվել ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված վերաբերմունքին, և այն կարելի է նոր բարձունքի հասցնել ներգործուն ճիգերով։ Այստեղ, ԱՄՆ-ում, բնականաբար ՀՀ արտաքին գործերով զբաղող կառույցների լուրջ և խոհուն աշխատանքն է կենսական, բայց շատ կարեւոր է նաեւ ամերիկահայ համայնքի ճիգերը։ Այսօր ևս, հսկայական առիթ և անհրաժեշտություն կա նմանօրինակ համակարգված աշխատանքի, որի անմիջական արդյունքը պետք է լինի ա) դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին բ) պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի հանդեպ, գ) մեծ չափերի տնտեսական և մարդասիրական օժանդակություն հասցնել Արցախահայությանը և դ) անվերապահորեն և ցայտուն կերպով տեր կանգնել Արցախի անվտանգության և ինքնավարության պաշտպանությանը»։
Արա Ալոյան
Հոդվածը՝ lurer.com կայքից։