ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ով Է Հայը

(Մաս 2)

Այդպես գովում են հիրավի հզոր և մեծ պոտենցիալով ազգին, որն այնքան հզոր է, ում անվանում են մեծ եղբայր, ճանաչում են նրա աստվածային ծագումը, փորձում են նախասկզբնային մակարդակում հարազատ կապեր գտնել նրա հետ կամ նույնիսկ ցույց տալ, որ իրենք նույնն են:

Արայիկ Մկրտումյան

«Հայի» կերպարը հասկանալու և սեփական անձին, մեր ներկային ու տարածությանը նույնացնելու համար մենք ոչ միայն պետք է փորձենք հասկանալ թե ով է հայը հիմա, այլ ով է եղել հայը առաջ՝ ամենասկզբում, երբ ընդհանրապես այդ ազգանունը սկսեց կիրառվել ու ընդունվել ոչ միայն մեր, այլև ուրիշների կողմից:

Ազգային ծագման ու էթնիկական բարդ հարցերի մեջ չենք խորանա, այլ միայն կփորձենք հասկանալ, թե վերջին մի քանի հազար տարում հայ ասելով ինչ ենք պատկերացրել մենք ու ինչ են պատկերացրել ուրիշները: Այդ անելն առավել քան անհրաժեշտ է, քանի որ եթե նախորդ հատվածում մենք ըստ էության կանգնած ենք մշակութային ինքնության աղավաղված սահմանների առաջ, ապա վաղ անցյալում այդ սահմանները ավելի հստակ են եղել, ինչպես նաև հայ ասելով շատ ավելի ամբողջական կերպար է եղել, քան հիմա:

Հայերի ծագման մասին առավել տարածված են ու կան հրեական, հունական, արաբական, վրացական և հենց հայկական առասպելները: Հայկական ծագման առասպելի մասին բոլորն էլ շատ թե քիչ գիտեն. Դա Հայկ Նահապետի և Բաբելոնի բռնակալ Բելի պատմությունն է: Հրեական, հունական առասպելներում հայերին փորձ է արվում նույնացնել իրենց հետ, այլ կերպ ասած ջանում են ցույց տալ, որ հայերը իրենց հետ կապ ունեն: Հունականում օրինակ հայերը ներկայացվում են «Ոսկե գեղմը» լեգենդի վաղ և ուշ տարբերակներում: Վաղ տարբերակում Յասոնը գալիս է գեղմը գտնելու մի տարածաշրջանում, որ համընկնում է Հայակական Լեռնաշխարհի հետ, իսկ ավելի ուշ շրջանում տարածաշրջանը տեղափոխվում է Կողքիս(Վրաստան): Այդ լեգենդում Յասոնի ուղեկիցներից մեկը՝ Արմենիոսը ծնունդով Հունաստանից էր և նա հետ չի վերադառնում, այլ հիմնադրում է իր տոհմը՝ այսինքն Արմենինան՝ Հայաստանը: Հունական լեգենդում կա նաև այլընտրանքային տարբերակ, որ հայերի հիմնադիրը Մակեդոնացու ժամանակ էր եկել Հայկական լեռնաշխարհ…

Վրացական առասպելաբանության մեջ հայերի հիմնադիր է համարվում յոթ եղբայրներից Հայոսը, որի փոքր եղբայրն էր Քարթլոսը(վրաց ժողովրդի անվանադիր նախնին), արաբական լեգենդում հայերի ծագումը վերագրվում է Նոյի ժառանգներից մեկին, նույնը և հրեականում:

Շատ չխորանալով փաստենք, որ այս բոլոր լեգենդները, անկախ նրանից, թե որը ինչ քաղաքական մտայնությամբ է ստեղծվել և ինչ շահեր է հետապնդել, դրանք բոլորը մի ընդհանրություն ունեն. Դրանց բոլորի ասելիքը հայի մասին է և ընդ որում ոչ թե հպանցիկ կերպով, այլ մի ողջ լեգենդ: Թույլ և անկամ ժողովրդի մասին ուրիշները գովերգող լեգենդ չեն հորինում, ավագ եղբոր պատվանուն չեն տալիս, մարդկության փրկչի՝ Նոյի ժառանգ չեն ճանաչում: Այդպես գովում են հիրավի հզոր և մեծ պոտենցիալով ազգին, որն այնքան հզոր է, ում անվանում են մեծ եղբայր, ճանաչում են նրա աստվածային ծագումը, փորձում են նախասկզբնային մակարդակում հարազատ կապեր գտնել նրա հետ կամ նույնիսկ ցույց տալ, որ իրենք նույնն են(ինչպես օրինակ հունական լեգենդի պարագայում): Այս ամենը հստակ ցուցիչ է, որ հայն իր նախնական կերպարում ուժեղ է, հզոր, հաստատակամ, աստվածային: Ահա թե ինչպես են մեր մասին խոսում տարբեր ժողովուրդների լեգենդները:

Ավելի ուշ շրջանում ևս հայի կերպարն ամբողջացնող ու լրացնող բազմաթիվ վկայությունների ենք հանդիպում: Օտարների կողմից հատկապես զարմանքի ու հիացմունքի առարկա էր, որ հայերն ունեն հյուրասիրության աստված՝ Վանատուրը, ով հովանավորում է հյուրին, նրան կերակրում, օթևան տալիս: Այո,՛ հայերն ունեին հյուրասիրության աստված, ոչ թե աստվածներից մեկը նաև հյուրերի հովանավորն էր, ինչպես օրինակ Զևսը հունական պանթեոնում, այլ հայն ուներ աստված, ով հովանավորն էր բոլոր նրանց նկատմամբ, ովքեր խնամքի և օթևանի կարիք ունեին: Սա բարոյականության և արժեքների հստակ ցուցիչ է: 

Միջնադարում հայկական զինվորական վարպետությունն ու հավատարմությունը ասելիք էր դարձել ողջ լեռնաշխարհով մեկ: Բյուզանդական կայսրերի թիկնապահները հիմնականում հայեր էին: Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ այն, որ հայերը ունեին իրենց հստակ արժեքները, որ մեծապես գնահատվում էին: Հայկական էր նաև բյուզանդական արքայատոհմերից մեկը:

Հայ առևտրականները 15-16-րդ դարում իրենց հավասարը չունեին: Նույնիսկ Տիբեթում, ուր օտարերկրացիների մուտքն արգելված էր, հայերը կարողանում էին մուտք գործել: Եվրոպացի վաճառականները շատ անգամ հայերի նման էին հագնվում, որ վստահություն շահեն արևելքի վաճառականների մոտ և ասում էին, որ «հայի խոսք ենք տալիս»: Հայի խոսքը իրավական փաստաթղթի ուժ ուներ, այն անսահման մեծ ու լավ համբավի մասին էր վկայում, որ ուներ հայը:

Այս շարքը կարելի է անվերջ շարունակել: Գիտությունից մինչև պատերազմական արվեստ, կրթությունից մինչև ճարտարապետություն, ամենուր հայն ուներ իր հայկական հայ ասելիքը:

Հայն ուներ իր հստակ կերպարը:

Բայց ի՞նչ պատահեց նրա հետ: Այսօր, երբ նայում ենք մեր իրականությանը, մի՞թե կարող ենք հավատալ, որ մենք այդ հզոր ու հրաշալի կերպարի ժառանգներն ենք: Այդ կերպարն ուներ ռազմական, տնտեսական, կրթական և շատ այլ ուրիշ ոլորտների զարգացած ու կայուն տնտեսական համակարգ ու ավանդույթներ, ինչն էլ նրան հնարավորություն էր տալիս, զարգացնելու և զարգանալու, ուժեղացնելու և ուժեղանալու:

Այսօր միայն փշրանքներ են պահպանվել երբեմնի փառահեղ կերպարից, մասմաբ ուրիշների մեղքով, մեծ մասամբ հենց մեր՝ հայերի:

Նախորդ մասում հարցը հետևյալն էր, թե ինչպե՞ս հասկանանք, թե ով է հայը, ի՞նչն է հայկական, որտե՞ղ է սկսվում և ավարտվում հայկականությունը:

Այս հատվածում փորձեցինք ներկայացնել, թե ով ԷՐ հայը:

Հաջորդ հատվածում կհասկանանք, թե ինչպես նորից դառնալ նա, ով էինք մի ժամանակ, բայց դա անել առանց մեծամտության, ինքնասիրահարվածության, սնապարծության և դատարկամտության: 

Մեր ախտերն են մեզ այս օրին հասցրել և դրանցից ազատվելը լինելու է ծանր ու բարդ, տանջալից մի գործընթաց: Բայց հակառակը ամբողջական ուծացումն է, լճացումն ու մահը:

Ու կարևոր չէ, թե մենք կհամաձայնվենք ու կընդունենք, որ դա այդպես է, թե ոչ, դա նշանակություն չունի, մեր կարծիքը նշանակություն չունի, որովհետև փաստ է այն, թե ով ենք եղել և ով ենք, բայց ով ենք ուզում լինել:

Բայց ուզո՞ւմ ենք արդյոք:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *