Արմեն Ռուստամյանն ասել է, որ հիմա ժողովուրդը հալած յուղի տեղ է ընդունում իշխանության կողմից հնչեցված ցանկացած բան, իսկ մոտ ապագայում դա կարող է վտանգավոր լինել այն առումով, որ ՀՀ լեգիտիմ իշխանությանը կարող են դրսի ուժերը մանրադրամ դարձնել միջազգային խաղերում: Արմեն Ռուստամյանի կարծիքով շատ մոտ ապագայում սպասվում են Արցախի կարգավիճակին սպասվող նոր մոտեցումներ և առաջարկներ, իսկ ՀՀ իշխանությունները, քանի որ նրանք կլինեն լեգիտիմ իշխանություն, գուցե և ընդունեն դիրքորոշում, որը ընդունելի չի լինի բոլորի համար:
1919թ. հունվարի 18-ին Փարիզում սկսում է գործել Խաղաղության վեհաժողովը, որը պետք է կարգավորեր Առաջին համաշխարհային պատերազմի հետեւանքով առաջացած միջազգային, տարածքային, ազգային եւ այլ խնդիրներ։
Հայերը մեծ հույսեր էին կապում Խաղաղության վեհաժողովի հետ եւ ակնկալում էին, որ Հայկական հարցը վերջապես արդարացի լուծում կստանա։ Հայկական շահերը Եվրոպայում ներկայացնելու նպատակով 1918թ. դեկտեմբերի սկզբին կազմավորվել էր հայկական պատվիրակություն։
Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավարը Ավետիս Ահարոնյանն էր, անդամներն էին Համո Օհանջանյանը եւ Միքայել Պապաջանյանը։ Փարիզում կար եւս մեկ Ազգային պատվիրակություն Պողոս Նուբար փաշայի գլխավորությամբ, որը ձեւավորվել էր դեռեւս 1912թ. նոյեմբերին Բալկանյան պատերազմից հետո Հայկական հարցը ներկայացնելու նպատակով։
Երկար ճանապարհ դեպի Փարիզ
Հայկական պատվիրակության ուղեւորությունը Եվրոպա դյուրին չէր. դեկտեմբերի վերջից մինչեւ 1919թ. հունվարի գրեթե կեսը պատվիրակության անդամները Թիֆլիսում էին, որտեղից չէին կարողանում հեռանալ. հայ-վրացական պատերազմի պատճառով Վրաստանի իշխանություններն ու բրիտանական ներկայացուցիչները չէին ձեւակերպում անհրաժեշտ փաստաթղթերը։ Հունվարի 9-ին միայն Ահարոնյանն ու Օհանջանյան Բաթումից ուղեւորվում են Պոլիս։ Միքայել Պապաջանյանը մնում է Թիֆլիսում «ընտանեկան գործերը» կարգավորելու համար եւ միանում է պատվիրակությանը միայն մայիսին։ Այս ձգձգումը, որն ուներ նաեւ անձնական պատճառներ, դառնում է պատվիրակության անդամներին մեղադրելու առիթ։ 1919թ. փետրվարի 4-ին՝ կազմավորվելուց ուղիղ երկու ամիս անց, հայկական պատվիրակությունը հասնում է Փարիզ։
Այդ ընթացքում Փարիզի խորհրդաժողովը սահմանում է, թե որ երկրներն ու ժողովուրդները ինչ կարգավիճակով կարող են մասնակցել նիստերին։ Հունվարին ձեւավորվում է, այսպես կոչված, 10-ի խորհուրդը, որի կազմում էին Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ղեկավարներն ու արտաքին գործերի նախարարները։ Ապրիլին այս խմբից դուրս է գալիս Ճապոնիան, ապա՝ Իտալիան։ Մյուս բոլոր, այդ թվում՝ նոր ստեղծվող երկրների ներկայացուցիչները մասնակցում էին միայն այն նիստներին, որի ժամանակ քննարկվում էր նրանց վերաբերող հարցերը։
Այսպիսով, հայկական պատվիրակությունը չէր մասնակցում նիստերին, ինչը խոր դժգոհություն էր առաջացրել։ Ավետիս Ահարոնյանը, հասնելով Փարիզ, հանդիպում է ազդեցիկ քաղաքական գործիչների հետ՝ փորձելով ապահովել հայկական պատվիրակության մասնակցությունը վեհաժողովի նիստերին։ Միաժամանակ Հայաստանի ներկայացուցիչները ձեւավորում էին իրենց հիմնական պահանջներն ու ակնկալիքները, որոնք բավականին հավակնոտ էին։
1919թ. փետրվարի 10-ին Ահարոնյանը հանդիպում է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Պիշոնի հետ եւ ներկայացնում հայերի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին։
«Կովկասում մենք մեն-մենակ բռնեցինք ռուսների լքած ճակատը, որ, կարող եմ ասել հպարտությամբ իմ ազգի համար, դարձավ հայկական ճակատ»:
Նա նշում էր, որ հայ ժողովուրդը մեծ զրկանքներ է կրել, սակայն ջանք չի խնայել Դաշնակիցների ընդհանուր թշնամիների դեմ կռվելու հարցում։ Ահարոնյանը հատկապես ընդգծում էր հայերի ռազմական դերակատարությունը բոլշեւիկյան հեղափոխությունից եւ ռուսների հեռանալուց հետո։
Պիշոնը հաստատել էր, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել հայ ժողովրդին։ Ահարոնյանի այն դիտարկմանը, թե հայկական պատվիրակությունն ընդգրկված չէ Խորհրդաժողովում, արտգործնախարարն ասել էր, որ նիստերին պետք է մասնակցեն միայն «կազմակերպված պետությունները»։ Ահարոնյանի պարզաբանումից հետո, որ թեեւ Թուրքահայաստանը կազմակերպված չէ, սակայն «Կովկասյան Հայաստանը» կայացած պետություն է. Պիշոնն առաջարկում է հուշագիր ներկայացնել Խորհրդաժողովին եւ խոստանում աջակցել։
Ներհայկական տարաձայնությունները
Արեւմտահայերի ու արեւելահայերի հակասությունները, որոնք դրսեւորվում էին Հայաստանի Հանրապետության հիմնադրման առաջին իսկ օրվանից, չէին կարող չարտահայտվել հայկական պատվիրակությունների գործելակերպում։ Հայ ժողովրդի երկու հատվածը, որ ճակատագրի բերումով բաժանված էր, ուներ տարբեր պատկերացումներ Հայաստան պետության մասին։ Եթե արեւելահայերի շրջանում գերիշխող էին առավել զուսպ ու չափավոր պատկերացումները, ապա արեւմտահայերը անկախ պետության սահմանները պատկերացնում էին գլխավորապես Արեւմտյան Հայաստանում՝ ներառյալ Կիլիկիան։
Կային նաեւ անձնական հակասություններ ու հավակնություններ, որոնք նույնպես զգացնել էին տալիս։ Խոսելով Եվրոպայում գործող հայկական երկու պատվիրակության մասին՝ Սիմոն Վրացյանը գրում է.
«Փաշան հուզված էր մինչեւ զայրույթ»
Դատելով Ահարոնյանի հուշերից՝ նա փորձել էր ամեն ինչ անել, որպեսզի Պողոս Նուբար փաշան լիակատար մասնակցություն ունենա դիվանագիտական աշխատանքներում, եւ Ազգային պատվիրակության մոտեցումները հաշվի առնվեն։
1919թ. փետրվարի 24-ին՝ Փարիզի իր բնակարանում ընթրիքի ժամանակ, որին ներկա էր նաեւ Պողոս Նուբարը, Ահարոնյանը ստանում է վեհաժողովին մասնակցելու հրավերը։ «Ընթրիքից վերջը անակնկալ կերպով ստացա Խաղաղության Կոնգրեսի հրավերը հաջորդ օրը, ճաշից հետո, ժամը 4-ին ներկայանալ Տասի Խորհրդին (Conseil de Dix)՝ հայկական պահանջները ներկայացնելու։ Բոլոր ներկաներին այդ ուրախություն պատճառեց, մնում էր միայն ճշտել, թե՝ արդյոք Պողոս Փաշա՞ն էլ ստացել է նման հրավեր, թե ոչ։ Հավատացած էինք, որ նույնպիսի հրավեր ղրկված կլինի Փաշայի բնակարանը։ Հեռախոսով եղած հարցումը, սակայն, բացասական պատասխան ստացավ։ Անհանգիստ եղանք ամենքս էլ, իսկ Փաշան հուզված էր մինչեւ զայրույթ եւ շտապով տուն գնաց»,- գրում է Ահարոնյանը։
Պատվիրակության ղեկավարն անմիջապես հրավիրում է անդամներին՝ քննարկելու հաջորդ օրվա իր ելույթը եւ մեկ անգամ եւս հստակեցնելու Հայաստանի պահանջները։ Որոշվում է, որ եթե Պողոս Նուբար փաշային թույլ չտան մասնակցել նիստին, ապա Ահարոնյանը կներկայացնի ամբողջ Հայաստանի դատը, իսկ թույլտվության դեպքում՝ Նուբար փաշան։
Մեծ Հայաստանը
Հայկական պատվիրակությունների քննարկումների արդյունքում 1919թ. փետրվարին ձեւավորվում է հայկական կողմերի ընդհանրական պահանջը՝ անկախ Հայաստանը պետք է ունենար հետեւյալ սահմանները.
1. Վանի, Բիթլիսի, Դիարբեքիրի, Խարբերդի, Սվազի, Էրզրումի, Տրապիզոնի վիլայեթները։
2. Կիլիկիայի չորս սանջակները՝ Մարաշը, Գոզանը (Սիս), Ջեբել-Բերեքեթը եւ Ադանան՝ Ալեքսանդրեթի նավահանգստով։
3. Հայկական Հանրապետությունը Կովկասում, ներառյալ Երեւանի նահանգը, Թիֆլիսի նահանգի հարավային մասը (Լոռին եւ Ախալքալաքը), Ելիզավետպոլի նահանգի հարավ-արեւմտյան մասը (Լեռնային Ղարաբաղը եւ Զանգեզուրը) եւ Կարսի մարզը՝ բացի Հյուսիսային Արդահանից (Ռիչարդ Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետություն, Երեւան, 2005թ.)։
Կիլիկիայում տնտեսական ու քաղաքական մեծ շահեր ուներ հենց Ֆրանսիան։ Դա էր պատճառը, որ Կիլիկիան հայկական պետությանը միացնելու պահանջի հայտնի դառնալուց հետո, Ահարոնյանին է այցելում ֆրանսիական Le Temps թերթի խմբագիրը, որի առաջին իսկ հարցը վերաբերում էր Կիլիկիային։
Ավետիս Ահարոնյանը նշում էր, որ ծով չունենալու պատճառով Հայաստանը միշտ թույլ է եղել. «Մեր անցյալի եւ շատ մոտիկ անցյալի դառն փորձերից խրատված՝ մենք ստիպված ենք, այո՛, անպատճառ ելք ունենալ դեպի Միջերկրական։ Եվ այս, նկատի առեք, ոչ թե Կիլիկիայի բամբակի կամ այլ հարստության համար, այլ որովհետեւ մենք արեւմուտքի ազգերեն մեկն ենք, ընկած Ասիայի մեջ եւ պետք է մեր ճամփան բաց լինի դեպի արեւմուտք»։ Խմբագիրն արձագանքում է, որ «Կիլիկիան ստանալու ձեր ցանկությունը ինձ խիստ տխրեցնում է, Ֆրանսիան չի կարող համաձայնել ձեզ հետ»։ Ահարոնյանը գրում է, որ վերջում խմբագիրն ասում է. «Շատ ցավում եմ եւ ես, որ Հայաստանը, տակավին չկազմակերպված, իմպերիալիստական (աշխարհակալական) հովեր է առնում», իսկ իր հոդվածն ավարտում է «L’Empire Armenien» – (Հայկական կայսրություն)» արտահայտությամբ։
Վեհաժողովում
Պողոս Նուբար փաշային Վեհաժողովի նիստին չէին հրավիրել, սակայն նա, հեռանալով Ահարոնյանի մոտից, շտապում է անգլիական պատվիրակության իր ծանոթների մոտ, հանդիպում Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բալֆուրին, որն էլ հեռախոսով խնդիրը ներկայացնում է Պիշոնին: Վերջինս տալիս է իր համաձայնությունը։ 1919թ. փետրվարի 26-ին Ահարոնյանն ու Պողոս Նուբար փաշան ներկայանում են Փարիզի Խաղաղության վեհաժողովին:
«Փաշան հարցրեց ինձ, թե ո՞վ պիտի առաջինը խոսի՝ ի՞նքը, թե՞ ես։ Ես պատասխանեցի, թե լավ կլիներ, որ առաջինը ես խոսեի։ Զարմացած մնացի, որ Պողոս Փաշան համաձայնեց։ Անկասկած, վերջինը խոսելուն նա առանձին կարեւորություն է տալիս, նկատելով այդ իբրեւ ավելի վայել իր դիրքին ու տարիքին։ Այդ շատ անգամ եմ նկատել – նրա խոսքն է՝ Փոքր դերերը ավելի առաջ կներկայացվին»,- գրում է Ահարոնյանը։
Խորհրդաժողովին Ավետիս Ահարոնյանը ներկայացնում է հայ ժողովրդի մասնակցությունը Առաջին համաշխարհային պատերազմին։ Պողոս Նուբար փաշան առավելապես կենտրոնանում է Հայկական լեգեոնի մարտական ուղու վրա, մասնակցությանը Պաղեստինի ճակատամարտին եւ գեներալ Ալենբիի գովասանքին։
Հայկական ներկայացուցիչները Վեհաժողովի անդամներին են բաժանում իրենց կազմած հուշագիրը, որտեղ ոչ միայն Հայաստանի սահմաններն էին նշված, այլեւ կարեւորված էր մանդատի խնդիրը. Հայաստանը առնվազն 20 տարով պետք է դրվեր Դաշնակիցների կամ Ազգերի լիգայի ընդհանուր՝ հավաքական մանդատի ներքո։ «Ակնկալվում էր, որ մանդատատեր պետությունը պետք է հայկական տարածքներից դուրս բերեր թուրքական պաշտոնյաներին, պատժեր նրանց, ովքեր հրահրել էին կոտորածները, վտարեր վաչկատուն այն ցեղերին, որոնք խռովություններ էին առաջացնում»,- գրում է Ռիչարդ Հովհաննիսյանը։
Մանրամասներ հաղորդել
Փարիզի բանակցությունների ընթացքի մասին Հայաստանում տեղեկությունները շատ քիչ էին, ինչը դժվարություններ էր ստեղծում գործադիր իշխանության համար։ Հիմնականում տարածվում էին մամուլի հրապարակումներ, որոնց հավաստիությունը կասկածելի էր։ Այս պայմաններում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը չէր կարողանում հստակեցնել իր դիրքորոշումը վրացիների, ադրբեջանցիների, բրիտանացիների հետ։ 1919թ. մարտի 6-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սիրական Տիգրանյանը Թիֆլիսից հեռագրում էր Ահարոնյանին՝ տեղեկություններ հաղորդելով Անդրկովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Միաժամանակ նա խնդրում էր հնարավորության դեպքում մանրամասներ հաղորդել Փարիզի Վեհաժողովից.
«Մենք այստեղ շատ զրկված ենք ինֆորմացիայից, անտեղյակ ենք վերջին մեկ-երկու ամսում Փարիզում անցած-դարձածին։ Զանազան լրագրական լուրերին կարեւորություն չենք ուզում տալ. մեծ մասամբ կամ խառնաշփոթ են լինում, կամ լիովին սուտ ու հնարովի։ Եթե դեռ ոչինչ չի որոշվել Հայաստանի վերաբերմամբ, մի՞թե ոչինչ նախապատրաստական, ենթադրական նախագծումներ էլ տեղի չեն ունենում։ Ի՞նչ պետությունների «թեկնածության» խնդիր կա. Անգլիա՞, Ամերիկա՞, Ֆրանսիա՞։ Ասում են, թե Անգլիան հրաժարվելով – հրաժարվում է Հայաստանի «մանդատարը» լինելուց, բայց հոժար է Վրաստանի եւ Ադրբեջանի հովանավորը լինել։ Ամերիկան իբր թե մի փոքր տրամադիր է այդ գլխացավանքն հանձն առնելու, սակայն, եթե Հայաստանը Կիլիկիայով լինի եւ իրեն տրվի նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը։ Ոմանք էլ ասում են, թե Ֆրանսիան համաձայնել է զիջել Կիլիկիան Հայաստանին, իսկ ոմանք թե՝ ընդհակառակը՝ չի զիջում։ Անգլիացիք իրենց ավելի կողմնակից են ցույց տալիս ավելի «համեստ» ծրագրին – Հայաստանը առանց Կիլիկիայի»։
Թեեւ Փարիզից հասնում էին հուսադրող տեղեկություններ, սակայն շատերը վերապահումով էին վերաբերվում Մեծ Հայաստանի շուրջ ստեղծված ոգեւորությանը, քանի որ Հայաստանի Հանրապետությում շատ էին «վիճելի» տարածքները, որոնց ճակատագիրը դեռ անհայտ էր։
«Զանգ», 23 փետրվարի, 1919թ., թիվ 22
«Այն խեղդիչ օղակի վրայով, որ շրջափակում է Հայաստան աշխարհը, երբեմն մեզ հասնում են լուրեր այն հեռավոր ու փառավոր ապագայի մասին, որ վերապահված է մեր սովատանջ ու մահացող ժողովրդին։ Ծրագրվում է մի մեծ եւ միացյալ Հայաստան Երեւանից մինչեւ Միջերկրականն ու Սեւ ծովը. կազմակերպվում է հայ նավատորմիղ, հույները փառահեղ ցույցերով ողջունում են Մեծ Հայաստանը, ցանկանալով նրան լինել դաշնակից, հայազգի զորքեր՝ ֆրանսիական փառապանծ եւ ազատասեր դրոշի տակ՝ գրավում են Ադանան, Ռուբինյան հարստության վաղեմի շահաստանը, ամերիկյան դրամատերերը ծրագրում են խճուղիներ ու երկաթուղիներ քաշել մեր լեռնաստանի ձորերով ու հովիտներով, եւ այս ամենը մի չարատանջ ժողովրդի համար, որ մինչեւ իսկ հնարավորություն չունի այդ լուրերի իսկությունը ստուգելու։
Մինչդեռ հեռուներում Հայաստան ասելով հասկանում են այն բոլոր երկրները, ուր մենք ունենք պատմական իրավունքներ, այստեղ, մեր մոտերքը վիճելի են համարվում Լոռին մինչեւ Խրամ, Ախալքալաքն ու Գանձակի լեռնամասը, Ղարաբաղն ու Զանգեզուրը, Նախիջեւանն ու Շարուրը։ …Նայելով լուրերին՝ մենք վաղը պիտի տեր հռչակվենք մի երկրի, որ մեծ է քան Ֆրանսիան, իրողության գալով՝ մեզ արգելում են տիրանալ նույնիսկ այն երկրին, որ Կովկասի հայաբնակ մասն է կազմում։ Մեզնից առնում են այսօր հայաշատ Հայաստանը եւ խոստանում են վաղը տալ մի հայազուրկ Հայաստան»։
***
Նախագծի վրա աշխատել են՝ Միքայել Յալանուզյանը, Մարի Թարյանը, Լուսինե Ղարիբյանը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան