Մաս 17-րդ
Չի կարելի ասել թուրք-ադրբեջանական տանդեմ, քանի որ տարածաշրջանում թուրքերը որևէ բան անել չեն կարող առանց ռուսների համաձայնության։
Հրանտ Տէր Աբրահամեան
Շարունակում ենք ներկայացնել պատմաբան Հրանտ Տէր-Աբրահամյանի և «Կողբ» հիմնադրամի կողմից նախաձեռնված «Ռուս-թուրքական վանդակ» պատմավերլուծական հաղորդաշարի արդեն 16-րդ մասը:
Իրադարձությունները վերաբերում են 1919թ․ վերջին և 1920թ․ սկզբին՝ ավելի կոնկրետ 1920թ․ Ադրբեջանի խորհրդայնացմանը։ Հրանտ Տէր-Աբրահամյանը բացատրեց, որ Ադրբեջանի խորհրդայնացման հարցով բավական նեղ մտայնություններ կան և մենք խոշոր հաշվով լավ չենք հասկանում, թե իրականում ինչ է տեղի ունեցել և այդ ինչ նշանակություն է ունեցել։ Մինչդեռ դրա հասկանալը կարևոր է այն առումով, որ գրեթե զուգահեռ ու նմանօրինակ իրադարձություններ տեղի ունենում են այսօր ու մենք կրկին չենք կարողանում հասկանալ, թե ինչ կատարվեց, որովհետև կեղծ հետքի վրա ենք։
Եվ այսպես, 1920թ․ ապրիլի 28-ին, Կարմիր բանակը տապալեց իշխող մուսավաթական ռեժիմը Ադրբեջանում և հիմնադրվեց Խորհրդային Ադրբեջան պետությունը։ Այն ձևականորեն անկախ էր, բայց իրականում ռուսները այդկերպ հետ բերին իրենց ազդեցությունը, որը չեզոքացել էր նախորդ տարիների իրադարձությունների պատճառով։
Քանի դեռ Ռուսաստանում շարունակվում էր քաղաքացիական պատերազմը, Ադրբեջանում իշխող կուսակցությունն էր Մուսավաթը, իսկ ընդդիմադիր գործունեություն իրականացնում էր Իթթիհատ կուսակցությունը։ Կուսակցությունները երկուսն էլ թուրքական կողմնորոշում ունեին, բայց եթե Մուսավաթը անկախ Ադրբեջանի կողմնակիցն էր, ապա Իթթիհատն ամբողջովին ղեկավարվում էր թուրքական գործակալների կողմից՝ սպասարկելով միայն թուրքական շահերը։
Այն բանից հետո, երբ բոլշևիկները կարողացան հաղթել իրենց գլխավոր թշնամիներից մեկին՝ Դենիկինի բանակին, որը գործում էր հարավ-արևմտյան Ռուսաստանում, նրանք կրկին ձեռնամուխ եղան իրենց կորցրած ազդեցությունը վերադարձնելու հարցին։ Նրանք գրավեցին հյուսիսային Կովկասը և մոտեցան Անդրկովկասին, ապա և 1920թ․ ապրիլի 28-ին մտան Բաքու՝ Ադրբեջանը դարձնելով կումունիստական երկիր։
Եվ այստեղ բավական հետաքրքիր իրադարձություններ կան, որոնց մենք չենք անդրադառնում։ Մենք, երբ խոսում ենք Ադրբեջանի խորհրդայնացման մասին, սովորաբար ասում ենք, որ ադրբեջանական էլիտան կարողացավ բավական հեռատես և իմաստուն գտնվել ու առանց դիմադրության հանձնվել բոլշևիկներին, որոնք էլ խիստ բարեհաճ եղան ադրբեջանցիների հանդեպ՝ ի տարբերություն մեզ, որ դիմադրեցինք, ունեցանք կորուստներ և նաև կորցրինք ռուսական բարեհաճությունը։
Իրականում, ինչպես արդեն նշվեց, թուրքերը շատ մեծ ազդեցություն ունեին Ադրբեջանի վրա, իսկ Իթթիհատ կուսակցությունն ամբողջապես թուրքական գործիք էր։ Հենց Իթթիհատ կուսակցությունը սկսեց ամենաակտիվ քարոզներն առ այն, որ ռուսներին պետք չէ դիմադրել, որ պետք է հանձնվել և այդպես էլ եղավ։ Ռուսներին հանձնվելը ոչ թե ադրբեջանական իմաստությունն էր, այլ թուրքական քաղաքական շահը։ Թուրքերը Ադրբեջանի անկախությունը վաճառեցին ռուսներին ու դրա դիմաց մեծ բոնուսներ ստացան Արևմուտքի դեմ պայքարելու համար։ Այդ է, որ մենք չենք հասկանում, որովհետև մեր ուղեղում արդեն իսկ ներդրված է քառակուսի մտածելակերպ շատ բաների նկատմամաբ և կարծես թե քարոզ է տարվում նաև այն, որ միշտ պետք է հանձնվել ռուսներին՝ նույնիսկ անցյալի մասին խոսելով։
Հրանտ Տէր Աբրահամյանը բավական հետաքրքիր զուգահեռներ անցկացրեց նաև մերօրյա իրադարձությունների հետ կապված, թե ինչպես թուրքերը օգնեցին ռուսներին մուտք գործել Արցախ, իսկ դրա դիմաց բոնուսներ ստացան ուրիշ ճակատներում։ Քննարկվեց, թե ինչպես է ծագել պանթուրքիզմը և որ չի կարելի ասել թուրք-ադրբեջանական տանդեմ, քանի որ տարածաշրջանում թուրքերը որևէ բան անել չեն կարող առանց ռուսների համաձայնության։
Ամբողջական տեսանյութը՝