Հայաստան

Հայոց Ցեղասպանության Լրագրումը

(Մաս առաջին)

Թերթն ի սկզբանե տպագրվել է որպես քաղաքական ուղղվածությամբ պաշտոնաթերթ, որն առաջ էր քաշում նաև կրթական խնդիրների, հասարակական անցուդարձի, առևտրային հարաբերությունների, առողջապահական խնդիրների, տեղական ինքնակառավարման խնդիրների շուրջ որոշ դիտարկումներ

Էլինա Միրզոյան

«ԱԼԲԱՅՐԱՔ» ԹԵՐԹԸ՝ «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ» ԺԽՏՈՂԱԿԱՆ ԹԵԶԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՂ (1919-1920 ԹԹ.)

Հիմնաբառեր. «Ալբայրաք» թերթ, իթթիհաթականները, Էրզրում, իթթիհաթականություն, երիտթուրքական մամուլ, «Միություն և առաջադիմություն» կոմիտե, Ռայըֆ Բեյ: 

«Ալբայրաք» թերթը «Միություն և առաջադիմություն» կոմիտեի պաշտոնաթերթն էր Էրզրումում, որը կոմիտեի թյուրքականության քարոզչական խողովակներից էր հրատարակման առաջին շրջափուլում: Այն տպագրվել է 1913 թ., ապա ընդհատումից հետո վերահրատարակվել է 1919 թ., և իր հրատարակչական գործունեության ամենաազդեցիկ շրջանը 1919-1920 թթ. էր, երբ թերթը դառնում է իթթիհաթական քաղաքականության քարոզչական գործիք՝ ուղղված ընդդեմ հայերի և Հայկական հարցի: Թերթը վերահրատարակվում է որպես ի պատասխան Մուդրոսի զինադադարի՝ սկիզբ դնելով «Արևելյան նահանգները Հայաստան չեն դառնալու» լայնածավալ թեզին, որը հետագայում փոխվում է որպես Ալեքսանդրապոլի պայմանագրի արձագանք՝ դառնալով «Արևելյան նահանգները թուրքի հայրենիքն են»: Թերթն ատելություն էր սերմանում հայերի նկատմամբ, որով իբրև թե աշխարհին ի ցույց էր դնում այն «փաստը», որ Արևելքում սպանվում են ոչ թե հայերը, այլ թուրքերը՝ հայերի կողմից: Առանցքային ընդգծված դիրքորոշում էր բոլոր այն պետությունների քննադատումը, որոնք այս կամ այն կերպ սատար էին կանգնում հայկական կողմին:

Մուտք: «Ալբայրաք» թերթի ընդհանուր պատմության համառոտ ակնարկ: «Ալբայրաք» թերթն ունի հրատարակչական պատմության երկու շրջափուլ: Առաջին տպագրական շրջափուլն սկսվել է 1913 թ. մարտի 14-ին Էրզրումում որպես «Միություն և առաջադիմության» մասնաճյուղի պաշտոնաթերթ: Այն լույս է տեսել 93 օրինակով 1913 թ. մարտի 14-ից մինչև 1915 թ. ապրիլի 11-ը: Քանի որ այդ օրինակներից միայն երկուսն են թրքական արխիվներում պահպանվել, հետևապես այդ շրջափուլի մասին ծավալուն ուսումնասիրություններ գրեթե չկան թրքական գիտատեղեկատվական աղբյուրներում, ինչը փաստում են նաև թուրք հետազոտողները (Uca, 2010, 259-282; Temiztürk, Seyhan, 2014, 2349): Եվ, ընդհանրապես, նշենք, որ առհասարակ այս թերթի և դրա առաջ քաշած թեզի շուրջ ուսումնասիրություններ բացակայում են նաև հայկական մասնագիտական աղբյուրներում: 

Թերթի հիմնադիրը Սելիմ Փոլաթ1 անունով մի երիտասարդ էր: Թերթն իթթիհաթական կարևորագույն պարբերաթերթերից էր: Հրատարակման սկզբնական տարիներին «Ալբայրաքի» հիմնական ուղեգիծը թյուրքականությունն (Çoşar, 1964, 199) էր, ինչը, սակայն, հետագայում՝ գլխավորապես երկրորդ շրջափուլում, փոխվել է, ինչի մասին ստորև կխոսենք: 

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին որոշ ժամանակով փակված թերթը վերատպվում է 1919 թ. մարտի 5-ից 1921 թ. փետրվարի 14-ը. «Ռուսների կողմից Էրզրումի բռնազավթումից հետո թերթը որոշ ժամանակ դադարեցնում է իր հրատարակչական կյանքը։ Ապա վերահրատարակվում է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին տարածաշրջանից ռուսների դուրս գալուց հետո» (Albayrak Gazetesi, 03.03.2022; Temiztürk, Seyhan, 2014, 2349-2365)։ Թերթի խմբագրակազմում ընդգրկված էին Սուլեյման Նեջաթին (Գյուների)2 և իր եղբայր Միթհաթը (Թուրանլը), Ջևաթ (Դուրսունօղլու)3 և Մուշտակ Սըթքը (Դուրսունօղլու)4 եղբայրները (Uca, 2010, 259), գրաշարող Իզմիրցի Արիֆը և Համզա Դեմիրելը (Uca, 2010, 259): Սուլեյման Նեջաթի Բեյն այն առաջին անգամ տպագրել է Էրզրումի «Թաշմաղազալարի» դիմաց գտնվող «Թրքական տպարան» կոչվող վայրում, իսկ հետո՝ «Ալբայրաք տպարանում», և թերթը թրքական լրագրության պատմության կարևորագույն ձեռքբերումներից մեկն է (Akbulut, Aslan, Aslan, Başak…, 2009, 9-10; Uca, 2010, 259-282)։ 

«Ալբայրաքը» լույս էր տեսնում շաբաթը երկու անգամ՝ երբեմն երկուշաբթի և ուրբաթ (Temiztürk, Seyhan, 2014, 2349; Akbulut, Aslan, Aslan, Başak…, 2009, 259-282), երբեմն էլ՝ կիրակի ու հինգշաբթի օրերին (Özçelik, 2005, 14) ։ Երկրորդ շրջանի ընդհանուր օրինակները 131-ն են, որից մենք օգտվել ենք շուրջ 110 համարից (Akbulut, 2012, 10) ։ 

Թերթն ի սկզբանե տպագրվել է որպես քաղաքական ուղղվածությամբ պաշտոնաթերթ, որն առաջ էր քաշում նաև կրթական խնդիրների, հասարակական անցուդարձի, առևտրային հարաբերությունների, առողջապահական խնդիրների, տեղական ինքնակառավարման խնդիրների շուրջ որոշ դիտարկումներ (Albayrak, 21 Eylül 335/1919, S.29, s.2.; նույնի` 17 Mayıs 336/ 1920, S.92, s.1.; 25 Eylül 335/ 1919, S.30, s.2.; 15 Şubat 336/ 1920, S.68, s.2.; 22 Teşrîn-i sânî 336/ 22 Kasım 1920, S.119, s.2.; 28 Kânûn-ı evvel 335/ 28 Aralık 1919, S.56, s.2.; 30 Ağustos 336/ 1920, S.107, s.2.; 14 Haziran 336/ 1920, S.96, s.2.; 23 Ağustos 336/ 1920, S.106, s.2.; 22 Teşrîn-i sânî 336/ 22 Kasım 1920, S.119, s.2.; 29 Teşrîn-i sânî 336/ 29 Kasım 1920, S.120, s.2.; 16 Teşrîn-i evvel 335/ 16 Ekim 1919, S.36, s.2.): Ինչպես այդ շրջանում տպագրվող յուրաքանչյուր թերթում, այնպես էլ «Ալբայրաքում» ևս որոշ գովազդներ են հրապարակվել վերջին էջում՝ նորությունների և այլատեսակ հոդվածների շարքում։ Թեև այդ գովազդները բնութագրվում են որպես հատուկ նպատակով ամենօրյա տեղեկատվական նյութեր, որոնք, թվում է, թե մեծ ուշադրություն չեն գրավում, սակայն դրանք իրականում այդ թերթերի պարագայում ժամանակ առ ժամանակ կարող էին պատմական տեղեկատվություն տալ արդեն գալիք-նախաձեռնած իրադարձությունների մասին, որոնք առավել ռազմաքաղաքական բնույթ էին կրում: Նշենք, սակայն, որ պակաս չէին նաև հասարակական ոլորտին վերաբերող նյութերը (Uca, 2010, 259-282), որոնք լայն ուսումնասիրության անհրաժեշտություն ունեն, քանի որ այդ գովազդներից գրեթե յուրաքանչյուրը կարևոր հուշումներ ու պատկերացումներ է տալիս այդ շրջանի հասարակական կյանքի վերաբերյալ (Uca, 2010, 259-282)։

Էլինա Միրզոյան բ․գ․թ․, ՀՑԹԻ Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի գիտաշխատող

Հոդվածի ծանոթագրությունները  եւ  գրականության ցանկը տե’ս գիտական հոդվածի սկզբնաղբյուրում հետեւյալ հղումով`

https://journals.ysu.am/index.php/hist-cult/article/view/8241?fbclid=IwAR1-aXbXxWxUjAoDXZnScRsUazYaDJ4XTgLcxBiR0NNdXA5Ff8KE_p4XCXg

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *