(մաս երրորդ)
Մուդրոսի զինադադարից հետո վերահրատարակված «Ալբայրաք» թերթն իր ընթերցողների առջև է հայտնվում «Արևելյան նահանգները Հայաստան չեն լինելու» կարգախոսով, որն այնքան է խորանում իր նշանակության և կիրառության ծավալների մեջ, որ դառնում է թրքական ժխտողական առաջին թեզերից։
Էլինա Միրզոյան
«ԱԼԲԱՅՐԱՔ» ԹԵՐԹԸ՝ «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ» ԺԽՏՈՂԱԿԱՆ ԹԵԶԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՂ (1919-1920 ԹԹ.)
Այսպիսով՝ «Ալբայրաքը» դարձավ Արևելյան շրջանի ամենաարդյունավետ քաղաքական քարոզչական գործիքը՝ բոլոր տարբերակներով առաջ մղելով «Արևելյան նահանգները Հայաստան չեն լինելու» ժխտողական թեզը2 և հայատյացության քարոզչական ուղեգիծը: Համագումարների ժամանակաշրջանում թերթն İrade-i Milliye-ի3 հետ եղել է Արևելքում պատմական ժամանակափուլի կարևորագույն աղբյուրներից մեկը (Ural, 2002, 170). այդ շրջանում թրքական ամենաարդյունավետ ժխտողական քարոզչական խողովակներից մեկն էր, որը մեծապես կենտրոնացած էր Հայկական հարցի վրա՝ որպես Մուդրոսի զինադադարին պատասխան ձայն (Başbakanlık Osmanlı Arşivi (BOA), Dosya No: 2877, Gömlek No: 11; BOA, Dosya No: 2877, Gömlek No: 37; Başbakanlık Cumhuriyet Arşivi (BCA), Dosya No: 277–258)4։
Այսպես, «Ալբայրաք» թերթի երկու կարևոր անձինք էին Սուլեյման Նեջաթին (Գյուների) և Ջևաթ (Դուրսունօղլու) Բեյերը, որոնք Էրզրումի իրավապաշտպան ընկերության խորհրդի կազմում էին (Akbulut, 2006, 16-20)։ Սակայն շատ ազդեցիկ քարոզչական ուղղություն է նաև թերթում ձևավորել և թերթով տարել Մուշտակ Սըթքըն: Ի սկզբանե թերթը ոգեշնչված չէր թրքական ազգային նկրտումներով, սակայն այն երբ Էրզրումի քաղաքապետարանի խորհրդի անդամ, ծնունդով Քղիից Սուլեյման Նեջաթի Բեյը (Özçelik, 2005, 13) դարձավ համանուն դպրոցի տնօրենը, խնդրո առարկա թերթն ակտիվ դիրքեր զբաղեցրեց (Özçelik, 2005, 10)։ Հենց նա էր, որ որոշեց վերահրատարակել իթթիհատական այս թերթը՝ հիմք դնելով նաև համանուն դպրոցին, որի նպատակն էր նաև թերթով առաջադրված քաղաքական հայացքները կրթական համակարգ ներմուծելու:
Մինչ «Գենչ Քալեմլերը» («Genç Kalemler1»-ը) և Զիյա Գյոքալփը պաշտպանում էին թյուրքականությունը Սալոնիկում՝ Օսմանյան կայսրության արևմտյան սահմանին, այդ ընթացքում արևելյան սահմանի վրա գտնվող «Ալբայրաք» թերթը նույն նպատակին էր լծված» (Baydar, Albayrak Matbaa ve gazetesi 1913-1921, 01.02.2022): Մինչ Սուլեյման Նեջաթին պատրաստում էր դպրոցի ուսումնական ծրագիրը, նրան հետաքրքրում էր նաև այս թերթի ազդեցության սահմանների ընդլայնումը իրենց նպատակային զեղծ ու ժխտողական պայքարում։ Միաժամանակ նա հետևում էր Էրզրումի համագումարի աշխատանքներին։ Մուստաֆա Քեմալն այս երիտասարդ լրագրողին հանձնարարել էր պատրաստել «Misak-ı Millî»-ի (Ազգային ուխտ) նախագծերը, որոնք հիմք կդառնային իր մտադրած նոր պետության առաջին սահմանադրության համար, և Սուլեյման Նեջաթին հաջողությամբ կատարեց իրեն հանձնարարված այդ գործը (Özçelik, 2021, 21-37)։ Թերթի հրատարակչական աշխատանքներն իրականացնում էր իզմիրցի հիվանդ ու ծեր Արիֆ Բեյը։ Երբ Սուլեյման Նեջաթին, որն ընտրվեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, ստիպված եղավ թողնել թերթի ղեկավարությունը, նրա տեղը զբաղեցրին Սըթքի և Ջևաթ Դուրսունօղլու եղբայրները (Akbulut, 1991, 8). Սըթքըն 24 տարեկան էր, երիտասարդ, որը կարողացավ այդ տարիքում կարևոր անձ դառնալ այդ գործընթացում։ Վերջինս չորս տարի գերության մեջ ապրել էր կովկասյան և սիրիական ճակատներում, 1919 թ. եկել էր Էրզրում և Սուլեյման Նեջաթիից ստանձնել «Ալբայրաք» թերթի պատասխանատվությունը եղբոր՝ Ջևաթ Բեյի հետ (Özçelik, 2021, 24)։ 1920 թ. վերջերին Սուլեյման Նեջաթին Անկարա է տեղափոխվում որպես պատգամավոր, իսկ Ջևաթ Դուրսունօղլուն Կարսի կրթական տեսչությունն էր կառավարում, իսկ Մուշտակ Սըթքըն ու Սուլեյման Նեջաթիի եղբայր Միթհաթ Բեյը մնում էին թերթի խմբագրությունում, սակայն այդ շրջանում, ինչպես նշվում է թրքական աղբյուրներում, «Միթհաթի մտքերն ու ձգտումները չգիտես ինչու չէին բացում Էրզրումի սահմանները և անընդհատ անցնում էին դեպի ռեգիոնալիզմ (Özçelik, 2005, 14)։ Փաստորեն, նա նույնիսկ չի հրապարակում Անկարայից ուղարկած Սուլեյման Նեջաթիի հոդվածները, ուստի «Ալբայրաք» թերթի հրատարակչական քաղաքականությունը զգալիորեն փոխվում է»։ Այս փուլում Ալբայրաք դպրոցն ու թերթը անջատված էին միմյանցից, իսկ թերթի տնօրենությամբ ամբողջությամբ զբաղվում էր Միթհաթ Բեյը: Թուրք հետազոտողներն այն գնահատականն են տալիս թերթի այս շրջանի ուղղությանը, որ այդպես «Ալբայրաքի» համար անհնարին դարձավ իր պարտականությունների կատարումը մինչև պայքարի ավարտը. «Կարծես «Թուրքիան թուրքերի համար» կարգախոսը, որը թերթը պաշտպանում էր տարիներ շարունակ, փոխարինվել էր «Էրզրումն էրզրումցիների համար» կարգախոսով» (Özçelik, 2021, 24)։ Սակայն մեր հետազոտությունը թույլ է տալիս նշելու, որ մինչև վերջին համարները բովանդակային ուղղվածությունն ընդգծված էր հայերի նկատմամբ ատելության ամրապնդմամբ: Թերթի խմբագրությունը նաև մեղադրվում էր Արևելքում գտնվող բանակի սպաներին ռուսներին զենք վաճառելու մեջ։ Այս զարգացումներից հետո՝ 1921 թ. մարտին, Քազըմ Կարաբեքիրը թաքցրեց Միթհաթին, և թերթը փակվեց։ Դրանից հետո Քազըմ Կարաբեքիրը հասկացավ, որ Արևելքը մնացել է առանց թերթի, և զինվորական տնօրենության ներքո գտնվող տպարանում «Վարլըք» անունով թերթ հրատարակեց։ Այս թերթը թեև ինչ-որ կերպ հանդես էր գալիս որպես Քազըմ Կարաբեքիրի խոսնակ, սակայն նրա տպագրական կյանքը նույնպես կարճ էր (Özçelik, 2005, 14)։ «Ալբայրաքի» հակահայ և հայատյաց քարոզչությունը: Մուդրոսի զինադադարից հետո վերահրատարակված «Ալբայրաք» թերթն իր ընթերցողների առջև է հայտնվում «Արևելյան նահանգները Հայաստան չեն լինելու» կարգախոսով, որն այնքան է խորանում իր նշանակության և կիրառության ծավալների մեջ, որ դառնում է թրքական ժխտողական առաջին թեզերից։ Այն կիրառում էր նշված կարգախոսը թերթի յուրաքանչյուր համարում որպես արդեն մշտական ձևաչափ՝ մեծ արձագանք ստանալով Արևմտյան Հայաստանի նահանգները հայերին որպես հայրենիք վերադարձնելու դեմ պայքարի գործում։ Այս վերնագրով նա թե՛ լուրերով, թե՛ վերլուծական-քարոզչական սյունակներով հարցը օրակարգ բերեց և պարբերաբար տեղեկացրեց հանրությանն իրենց նպատակադիր խնդրի մասին, այն է՝ «մենք ընդդեմ հայերի Մեծ Հայաստան ստեղծելու երազանքի» (Özçelik, 2003, 18)։ Թերթի 121-րդ համարից այս կարգախոսը փոխվել է՝ «Արևելյան նահանգները թուրքի հայրենիքն են1»-ի՝ պայմանավորված Ալեքսանդրապոլի պայմանագրով (Aslan 2012, 7, տե՛ս նաև` Temiztürk, Seyhan, 2014):
Էլինա Միրզոյան բ․գ․թ․, ՀՑԹԻ Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի գիտաշխատող
Հոդվածի ծանոթագրությունները եւ գրականության ցանկը տե’ս գիտական հոդվածի սկզբնաղբյուրում հետեւյալ հղումով`