Հայաստան

Քաղաքացիականն Ու Հաստատութենականը

Պատահարներն էլ՝ մանրից մինչեւ ողբերգական, դժբախտաբար «թափառում» են մեր շուրջ, եւ համադրված ու համակարգված պայքարի տարիների բացակայությունն է այդ իրողության արմատը: Դրանք երբեմն լինում են ինտենսիվ, հաճախակի, երբեմն կարող են պասիվանալ, բայց այդ ամենը՝ որեւէ համակարգված վերահսկողությունից դուրս:

Հակոբ Բադալյան

Մի Քիչ Երկար Ստացվեց: «Թափառող Պատահարների» Ռեժիմը:

Գլխավոր խնդիրներից մեկն էլ այն է՝ ինչի մասին պարբերաբար կարծիք եմ հայտնել տարիներ շարունակ, որ մեզանում գործնականում զրոյական է անվտանգության մշակույթը: Մենք գործնականում ունենք այդ մշակույթի հետ «գենետիկ անհամատեղելիություն»:

«Բան չի լինի». սա է մեր կենսափիլիսոփայությունը, որ ձեւավորվել է տասնամյակների ընթացքում, մի շարք տարատեսակ գործոնների բերումով: Քանի՞սն են բենզինով խորովածի կրակ վառել, կամ թեկուզ վառարան սեփական տանը, կամ որեւէ այլ բան՝ էլեկտրականությունից մինչեւ շինարարություն, «բան չի լինի: Անվտանգության կանոնների վրա թքած ունենալը մեզանում կենսափիլիսոփայություն է: Ավելին, մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ դրանց վրա «թքած ունեն» նույնիսկ ինքնագնահատականի որոշակի բարձր զգացումով:

Կենցաղային եւ որեւէ բնույթի անվտանգոության կանոն պահպանելու որեւէ դրսեւորում մեզանում հաճախ արժանանում է քմծիծաղի:

Հենց դրա հետեւանքն է նաեւ այն սարսափելի վիճակագրությունը, որ կա օրինակ ճանապարհային երթեւեկության պարագայում:

Բայց, ով կամ ի՞նչը պետք է փոխի այդ պատկերը: Առաջին հերթին պետությունը՝ կառավարող ինստիտուտները: Դա շատ բարդ պրոցես է, որտեղ հաջողությունն ու արդյունավետությունը կախված են լինելու թե կանխարգելիչ, թե պատժիչ, թե վերահսկող, թե տեղեկատվա-քարոզչական գործառույթների եւ քաղաքականության օպտիմալ համադրումից, այդ թվում նաեւ խնդրի լուծման գործում հանրային ներառականության ապահովումից, բոլոր այն շերտերի ներգրավումից, որոնք կարող են գործնական օժանդակություն ցուցաբերել անվտանգության մշակույթի ներդրմանը:

Ասել, թե դա պետք է սկսել մանկապարտեզից, ըստ էության նշանակում է չասել ոչինչ կամ ասել, որ 1+1 հավասար է 2-ի: Կրկնեմ, պետք է գործողությունների եւ գործառույթների օպտիմալ համադրում, իսկ դրա համար պետք է հստակ ճանապարհային քարտեզի մշակում՝ ինչ է արվելու, ինչպես է չափվելու արածը, եւ այլն:

Օրինակ, 2018-ից հետո ներդրվել է ճանապարհային երթեւեկության կարգավորման երկու նոր մեխանիզմ՝ այսպես կոչված բալային համակարգը եւ հեռախոսներով խախտում նկարելու եւ իրավապահներին ծանուցելու մեխանիզմը: Այդ ամենի էֆեկտը ըստ էության զրո է, որովհետեւ այդ ներդրումները ոչ թե հանգամանալից մասնագիտական ուսումնասիրության, այլ ընդամենը «նստել-մտածելու» արգասիք են:

Ընդ որում, տպավորություն չլինի, թե 2018-ից առաջ պատկերը այլ էր: Խնդրի մասին գրառումներ ու մեկնաբանություններ եմ արել նաեւ 2018-ից առաջ:

Կարելի է թվարկել անվտանգության տեխնիկային առնչվող այլ օրենսդրական «լուծումներ», որոնք սակայն չեն ունեցել որեւէ էֆեկտ: Եվ չեն ունենա, որովհետեւ դրանք համակարգված ու համադրված գործառույթների ռազմավարական շղթայում չեն, այլ այսպես ասած «թափառող իդեաների» տրամաբանության մեջ:

Պատահարներն էլ՝ մանրից մինչեւ ողբերգական, դժբախտաբար «թափառում» են մեր շուրջ, եւ համադրված ու համակարգված պայքարի տարիների բացակայությունն է այդ իրողության արմատը: Դրանք երբեմն լինում են ինտենսիվ, հաճախակի, երբեմն կարող են պասիվանալ, բայց այդ ամենը՝ որեւէ համակարգված վերահսկողությունից դուրս: Այդ համակարգային աշխատանքի միջոցով է, որ կարող ենք հասնել անվտանգության մշակույթ-գիտակցության ձեւավորման, երբ արդեն գործնականում յուրաքանչյյուր քաղաքացի ինքը կդառնա անվտանգություն «արտադրող»: Այսօր ցավոք մենք, եթե չասեմ ավելի շատ ունենք կենցաղային ու այլ պատահարների վտանգ ստեղծող քաղաքացիներ, ապա թեկուզ տեսակարար կշռվո այդ քաղաքացիների թիվը մեզանում չափազանց շատ է:

Գրառումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *