Մասնավորապես, Մոսկվա-Երևան բարձր մակարդակի շփումը տեղի է ունենում Իրանի շուրջ զարգացումների ֆոնին, ինչպես նաև Եգիպտոսի նախագահի Ադրբեջան և Հայաստան այցերից հետո: Առավել ևս, որ դրան էլ հաջորդում է Եգիպտոսի արտգործնախարարի այցը Մոսկվա, որին Բայրամովի հետ հեռախոսազրույցի օրը ընդունել էր ՌԴ արտգործնախարարը:
Հակոբ Բադալյան
Փաշինյանի Մոսկվա զանգից հետո Լավրովը զանգահարել է Բաքու. մեծ խաղի մեծ թափը
Ռուսաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ, որի ընթացքում հայտնել է Միրզոյան-Բայրամով հանդիպում կազմակերպելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագիծ քննարկելու Մոսկվայի պատրաստակամության մասին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակն ու կարգավորման ուղիները: Թե այդ առնչությամբ ինչ են քննարկել Լավրովն ու Բայրամովը, մանրամասներ հայտնի չեն, սակայն ՌԴ արտգործնախարարը օրեր առաջ հայտարարել էր, թե կա Ադրբեջանի ու Արցախի ներկայացուցիչների միջև շփում և հարցերը «մոտ օրերս» կկարգավորվի: Մինչդեռ, հարցը ոչ միայն կարգավորված չէ, այլ ավելին՝ Ադրբեջանը թույլ չի տալիս նույնիսկ նորոգել Հայաստանից Արցախ գնացող էլեկտրագիծը, և ժամանակ առ ժամանակ «խաղում» է նաև գազատարի փականի հետ: Իհարկե պետք է նկատել, որ Ադրբեջանի վրա չի ազդում նաև միջազգային որևէ կոչ կամ հորդոր, որ հղում են Արևմուտքի երկրները և կազմակերպությունները: Այստեղ թերևս պատճառներից մեկը հենց այն մրցակցությունն է, որ կա Արևմուտքի և Ռուսաստանի միջև, որից էլ փորձում է օգտվել Ադրբեջանն ու «խաղալ»:
Ի վերջո, խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների առաջարկ-ջանք գործադրում է նաև ԱՄՆ-ը, հայտարարելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է բանակցությամբ կարգավորեն խնդիրները, այդ թվում Լաչինի հարցը: Հայաստանը հրաժարվում է բանակցել Լաչինի թեմայի շուրջ, ասելով, որ այդտեղ չկա բանակցելու հարց, քանի որ կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի միարժեք պարտավորություն, իսկ միջանցքն էլ Ռուսաստանի վերահսկողության ներքո է և Ռուսաստանն էլ պարտավոր է արդյունավետ իրացնել իր վերահսկողությունը: Միևնույն ժամանակ, Երևանը չմասնակցեց նաև դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ծրագրված արտգործնախարարական եռակողմ հանդիպմանը, ասելով, որ իր համար առաջնահերթ է Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ աշխատանքը, առանց որի հնարավոր չէ քննարկել խաղաղության պայմանագիր:
Չնայած դրան, միջանցքը դրանից հետո էլ արդեն ավելի քան մեկ ամիս փակ է, ինչը փաստորեն նշանակում է, որ միջանցքի բացման ուղղությամբ աշխատանքը արդյունավետ չէ: Երևանը պատրա՞ստ է այս անգամ գնալ Մոսկվայի միջնորդությամբ բանակցության, եթե Լավրովը կազմակերպի: Լավրովի այդ հայտարարությունը Բայրամովի հետ զրույցում համաձայնեցվա՞ծ էր Հայաստանի հետ: Ուշադրության է արժանի այն, որ Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը տեղի է ունեցել նույն օրը, երբ Հայաստանի նախաձեռնությամբ խոսել են Փաշինյանն ու Պուտինը: Ընդ որում, ժամանակագրական առումով Լավրով-Բայրամով հեռախոսազրույցի մասին տեղեկատվությունը ՌԴ ԱԳՆ կայքում հրապպարակվել է Կրեմլի կայքում Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին տեղեկության հրապարակումից ուղիղ երեք ժամ անց:
Նշանակու՞մ է դա, որ Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը բխել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից: Հնարավոր չէ միարժեք ասել որևէ բան, հատկապես եթե հաշվի առնենք այն, ինչ արձանագրել էի նախորդ հրապարակման մեջ: Մասնավորապես, Մոսկվա-Երևան բարձր մակարդակի շփումը տեղի է ունենում Իրանի շուրջ զարգացումների ֆոնին, ինչպես նաև Եգիպտոսի նախագահի Ադրբեջան և Հայաստան այցերից հետո: Առավել ևս, որ դրան էլ հաջորդում է Եգիպտոսի արտգործնախարարի այցը Մոսկվա, որին Բայրամովի հետ հեռախոսազրույցի օրը ընդունել էր ՌԴ արտգործնախարարը: Իսկ Եգիպտոսի նախագահը Երևանում հայտարարել էր, որ Կահիրեն պատրաստ է լինել չեզոք միջնորդ արցախյան հարցում, եթե դա ընդունելի լինի կողմերի համար: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ կանի Միացյալ Նահանգները, որը ևս հայտարարում է իր միջնորդական հանձնառության հարցում հաստատակամության մասին: Հատկանշական է, որ Եգիպտոսի հետ անցնող օրերին շփվել է նաև Վաշինգտոնը: Պետքարտուղար Բլինքենը Կահիրեից է սկսել իր մերձավորարևելյան այցը հունվարի 29-ին, որտեղ հանդիպել է Կովկասից վերադարձած նախագահ Սիսիին, իսկ Եգիպտոսի արտգործնախարարն էլ դրանից հետո է մեկնել Մոսկվա: Մեծ խաղը անկասկած ծավալվում է ավելի ու ավելի մեծ թափով:
Հոդվածը՝ 1in.am կայքից։