Հույներն ասում էին, թե պատրաստ են Ռիզեի նավահանգիստը տալ հայերին, եթե նրանք ելք չստանան դեպի Միջերկրական ծով։
Փարիզի խաղաղության համաժողովում 1919թ. հուլիսին շարունակվում էր քննարկվել Հայկական հարցը, եւ թվում էր, թե աշխարհի հզորները եկել էին համաձայնության, որ Միացյալ Հայաստանի սահմաններում պետք է ընդգրկվեն Արեւմտյան Հայաստանն ու Կիլիկիան։
Թեեւ արդեն հայտնի էր, որ բրիտանական զինված ուժերը հեռանալու են Կովկասից, վերջնական որոշումն անընդհատ փոփոխվում էր, եւ հակասական տեղեկություններ էին տարածվում։ Մասնավորապես, խոսք կար իտալական ռազմական ներկայության մասին, սակայն ակնհայտ էր, որ Իտալիան ոչ միայն հետաքրքրված չէ Կովկասով, այլեւ չունի բավարար կարողություն բարդ տարածաշրջանում ռազմական առաքելություն իրականացնելու համար։
«Ջոջերը լռում էին»
Զգալիորեն ակտիվացել էր նաեւ հունական գործոնը։ 1919 թվականի մայիսին՝ Իզմիրի գրավումից հետո, հույները վստահ էին, որ կարողանալու էին շարունակել հաջողությունները, եթե լիներ Եվրոպական պետությունների համաձայնությունն ու աջակցությունը։ Իսկ այդ աջակցությունը երբեմն ամիսներով հետաձգվում էր՝ անորոշության մեջ պահելով անկախության ձգտող փոքր ժողովուրդներին։
Ավետիս Ահարոնյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ Հունաստանի վարչապետ Էլեֆտերիոս Վենիզելոսն ասել էր, որ Հայկական հարցն անպատճառ լուծվելու է Հայաստանի երկու մասի միավորումով, եւ պետք չէ մտահոգվել, որ եվրոպական դիվանագետներն ուշացնում են այդ որոշումը։ «Ես ամբողջ երեք ամիս ստիպված էի բոլորովին առանց պատճառի սպասել մինչեւ որ թույլ տվին ինձ գրավել Զմյուռնիան։ Երբ ես շարունակ պնդում, խնդրում էի, ջոջերը լռում էին, եւ հանկարծ, երբ ես վճռել էի համբերել, ինձ թույլ տվին գրավել Զմյուռնիան եւ ես գրավեցի։ Այդպես է միշտ։ Իզուր է փնտրել սիստեմ կամ դիտավորություն ամեն անգամ Կոնֆերանսի վճիռներում։ Սպասեցեք էլի մի փոքր, եւ հավատացեք ինձ, որ ձեր հարցը լավ ճամփու վրա է»,- Ահարոնյանին հուսադրել էր Վենիզելոսը։
1919թ․ հուլիսին քննարկվում է նաեւ Պոնտական՝ Եվքսինյան հանրապետության ստեղծման հարցը, որտեղ հայկական կողմը փորձում էր համաձայնության գալ հույների հետ։ 1919թ. հուլիսի 5-ին Կ.Պոլսի «Ճակատամարտ» թերթը թարգմանաբար տպագրում է Էմիլ Դիլոնի հարցազրույցը Պոնտոսի ներկայացուցիչների հետ, որտեղ անդրադարձ կար նաեւ հայերի հետ հարաբերություններին։ Խնդիրն այն էր, որ հայկական կողմը նույնպես հավակնություններ ուներ Տրապիզոնի որոշ շրջանների նկատմամբ, եւ հույներն ասում էին, թե պատրաստ են Ռիզեի նավահանգիստը տալ հայերին, եթե նրանք ելք չստանան դեպի Միջերկրական ծով։
«Ճակատամարտ», 5 հուլիսի, 1919թ., թիվ 198
«Մենք միշտ ունեցած ենք լավագույն զգացումներ հայերու հանդեպ, որոնք ամենապզտիկ փոքրամասնությունը կկազմեն Եվքսինյան բնակչության, որովհետեւ անոնք ալ մեզ պես տառապած են միեւնույն քաղաքակրթության թշնամիներեն։ Մենք եղբայրներ ենք եղած դժբախտության մեջ եւ կհուսանք եղբայրներ ըլլալ բարօրության մեջ։ Իրենց ապագա պետությունը սահմանակից պիտի ըլլա մեզի, եւ մենք կհուսանք սիրալիր հարաբերություններ մշակել նրանց հետ։ Պատրաստ ենք մեր հայ եղբայրներուն թողնելու Ռիզեի նավահանգիստը»։
Հայ-հունական հարաբերություններին անդրադարձել է նաեւ Ռուբենը՝ գրելով, որ թեեւ հայկական պատվիրակությունը որոշել էր, որ Պոնտոսը պետք է անկախ Հայաստանի կազմում լինի, սակայն իրենք ցանկանում էին պահանջել միայն նավահանգիստ Ռիզեի եւ Ճորոխի միջեւ։ Պոնտոսը, որտեղ հույները բնակչության գրեթե 35 տոկոսն էին, պետք է լիներ անկախ պետություն՝ Հայաստանի հետ դաշնային հարաբերություններով։
Ըստ Ռուբենի՝ այս որոշումը հնարավորություն կտար ակտիվորեն գործակցել հույների հետ՝ ընդդեմ Թուրքիայում գլուխ բարձրացնող ազգայնական ուժերի։ Սակայն նախագիծը հաջողություն չի ունենում, քանի որ Ազգային պատվիրակությունը դեմ է լինում։ «Ազգային պատվիրակության բացասական տրամադրությունները Երեւանի զիջող քաղաքականության հանդեպ, ստիպում են պատվիրակության նկատողություն անել Երեւանին, որ նման ծրագիրները չեն համապատասխաներ ազգային մեր պահանջներին եւ ձգտումներին»,- գրում է Ռուբեն Տեր-Մինասյանը։
«Ժողովուրդների իրավունքը մենք բացարձակ չենք համարում»
Փարիզում հայկական պատվիրակության հանդիպումներում ուշագրավ տեղ ունեին Ռուսաստանի ներկայացուցիչների հետ շփումները։ Թեեւ Խորհրդային Ռուսաստանը պաշտոնական ներկայացուցիչ չուներ, ինչը հնարավոր էլ չէր քաղաքացիական պատերազմի պատճառով, այնուամենայնիվ, նախկին իշխանությունների դիրքորոշումները կարեւոր էին՝ հասկանալու համար Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի անկախությանը։
1919թ․ հուլիսի 10-ին Ահարոնյանն ու Քաջազնունին հանդիպում են դեռեւս Ժամանակավոր կառավարության կողմից Փարիզում դեսպան նշանակված Վասիլի Մակլակովին։ Հայկական կողմը հույս ուներ, որ ռուսները գոնե կիսապաշտոնական հայտարարություն կանեին եւ ինչ-որ չափով կնպաստեին Հայկական հարցի լուծմանը։ Մակլակովն Ահարոնյանին ասում է, որ իրենք չեն կարող նման հայտարարություն անել, քանի Ռուսաստանում ստեղծված քաոսի պայմաններում հասկանալի չէ, թե որն է պաշտոնական դիրքորոշումը։ Միաժամանակ Մակլակովը ակնարկում է, որ իրենք թեեւ դեմ չեն Հայաստանի անկախությանը, սակայն ստիպված են «ձեւականորեն, մեղմորեն բողոքել» այդ որոշման դեմ Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը պահելու նպատակով։ Ըստ Մակլակովի՝ հետագայում Սահմանադիր ժողովը կընդունի հայերի ինքնորոշման իրավունքը եւ կճանաչի անկախությունը։ Քաջազնունին եւ Ահարոնյանն առարկում են, թե հայերը չեն կարող անվերջ սպասել Ռուսաստանի Սահմանադիր ժողովի գումարմանը, որը շատ խնդրահարույց է։ Ի պատասխան Մակլակովն առաջարկում է գտնել ինչ-որ միջանկյալ ձեւակերպումներ, որոնք ժամանակավոր լուծում կտային խնդրին։ Ինչ վերաբերում էր Անդրկովկասի մյուս հանրապետություններին, Մակլակովն ասում էր, որ իրենք, ի տարբերություն Հայաստանի, դեմ են Վրաստանի ու Անդրբեջանի անկախությանը եւ Ռուսաստանից անջատմանը։
«Ժողովուրդների իրավունքը՝ ինքնօրինաբար տնօրինել իրենց բախտը,- ասաց Մակլակով,- մենք բացարձակ չենք համարում։ Անհնարին է թույլատրել, որ յուրաքանչյուր ժողովուրդ, իր ուզած ժամին զատվի այս կամ այն պետությունից։ Բայց մենք ընդունում ենք, որ կան հանգամանքներ, երբ անջատումը անխուսափելի է։ Մենք ոչ մի պայմանով չենք համաձայնի, օրինակ, մի Ադրբեջանի կամ մի Վրաստանի անջատումին մեզնից, մենք ընդառաջ կերթանք հաճությամբ կովկասյան հայերի վճռական ցանկության՝ միանալ Թուրքաց Հայաստանին… Մենք հավատացած ենք, որ այսպիսով ստեղծված Միացյալ Հայաստանը լինելու է Ռուսաստանի բարեկամը եւ դաշնակիցը Արեւելքում»։
Բրիտանացիները գնում են, ամերիկացիները՝ գալիս
1919թ․ հուլիսին Միացյալ Նահանգները ստանձնում է Հայաստանի մանդատը, եւ Խաղաղության համաժողովի Հինգի խորհուրդը որոշում է Կովկաս ուղարկել ամերիկացի գնդապետ Ուիլյամ Հասքելին, որը հանդես էր գալու որպես Պետդեպարտամենտի ներկայացուցիչ։ Մինչ այդ Հասքելը Ռումինիայում կազմակերպում էր փախստականների օգնության բաշխումը։ Փարիզի համաժողովը որոշում է, որ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում եւ Կ.Պոլսում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի կառավարությունների բոլոր ներկայացուցիչները պետք է սերտորեն գործակցեն եւ աջակցեն գնդապետ Հասքելի առաքելությանը (Armenia in documents of the U. S. Department Of State 1917-1920, Yerevan 2012)։
«Ամերիկյան բանակեն գնդապետ Ուիլյամ Հասքել Հինգերու Խորհուրդին կողմե Հայաստանի լիազոր պատվիրակ (Քոմիսեր) (Դիկտատոր՝ ըստ Ռոյթեր գործակալության) անվանվեցավ, չափազանց լայն իրավասություններով։ Գնդապետ Հասքել անմիջապես Հայաստան կմեկնի իբրեւ Համաժողովի ներկայացուցիչ՝ լիազոր իշխանությամբ։ Անիկա պիտի զբաղի նախ եւ առաջ տնտեսական խնդիրներով, եւ, Փարիզի մեջ տրվելիք որոշումներու համաձայն, պիտի կարգադրե քաղաքական խնդիրները։ …Ամերիկյան գնդապետ Հասքել, որ Հայաստան կմեկնի անմիջապես, պիտի զբաղի ամենեն առաջ Թուրքերու կողմե տարագրված հայերու ներգաղթով», – 1919 թվականի հուլիսի 9-ին գրում էր «Ճակատամարտ»-ը:
Շուտով Հասքելը ժամանում է Կ.Պոլիս, որտեղ հանդիպում է նաեւ հայկական համայնքի ներկայացուցիչներին։ Հայերը մեծ ոգեւորությամբ են ընդունում ամերիկացի գնդապետին։ Պոլսի հայ ուսանողական միությունը ողջույնի նամակ է ուղարկում Հասքելին.
«Ժողովուրդ», 5 օգոստոսի, 1919թ., թիվ 6 (Կ.Պոլիս)
«Դուք կխորհրդանշեք, հարգելի պարոն, Ամերիկյան ազգին արդարության եւ զոհողության ոգին, որուն զավակները զոհեցին իրենց կյանքն ու արյունը, երբ տեսան, թե իրավունքը խեղդվելու վտանգին մեջ էր։ Մենք՝ Կ.Պոլսի Հայ ուսանողներս, …կխնդրենք ընդունիլ մեր հիացումի եւ երախտագիտության զգացումները եւ կվստահեցնենք ձեզ, որ դուք մեզ պիտի գտնեք միշտ պատրաստ ամեն զոհողությանց եւ ծառայելու, երբ դուք մեզ կկանչեք՝ հանուն մեր այրիացած, բայց տակավին սիրելի Հայաստանին»։
Տրամադրությունները հակասական էին
1919թ. հուլիսին Կ.Պոլսում տիրող տրամադրությունները հակասական էին. եթե թուրքերը խոր տագնապով ու մտահոգությամբ սպասում էին իրենց ճակատագրի հանգուցալուծմանը, ապա հայերը հուսավառ էին ու ոգեւորված, որ Թուրքիան պարտվել է, եւ Միացյալ Հայաստանի ստեղծումը ամիսների հարց է։ Այդ ոգեւորությանը նպաստում էր ոչ միայն Թուրքիայի հանդեպ գերտերությունների դիրքորոշումը, այլեւ Երիտթուրքերի դատավարությունը, որը հուլիսին գրեթե ամբողջությամբ ավարտվել էր։ Իթթիհատ կուսակցության առաջնորդները, որոնք Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներն էին, դատապարտվել էին մահապատժի, իսկ մի շարք այլ պաշտոնյաներ՝ 10-15 տարվա բանտարկության։ Հայերի շրջանում թեւածում էր արդարության հաղթանակի հույսը։
1919թ․ հուլիսի 14-ին Կ.Պոլսի հայկական տարբեր կազմակերպություններ մեծ շուքով նշում են Բաստիլի գրավման օրը, եւ հայ երիտասարդները ջահերով երթ են կազմակերպում դեպի Ֆրանսիայի դեսպանատուն։
Հայերի ոգեւորությունը չէր կարող չառաջացնել թուրքերի զայրույթը. չնայած պարտությանը, նրանք հասկանում էին, որ Միացյալ Հայաստանի ստեղծումը սպառնալիք է Թուրքիայի արեւելյան նահանգներին, ինչն անդառնալիորեն խորտակելու էր թուրքական պետությունը։ Կ.Պոլսի հայկական թերթերը ժամանակ առ ժամանակ գրում էին թուրքական ռեւանշիզմի մասին՝ փորձելով վտանգը հասցնել եվրոպական մեծ տերություններին։ «Ճակատամարտը», հուլիսի 9-ին անդրադառնալով թուրքերի շրջանում տարածվող խոսակցություններին, գրում էր.
«…Մոտակա փուռի մը քով նստած էինք, գաղտնի ոստիկան Ահմեդ էֆենդի եւ լրագրավաճառ Հիտայեթ քաղաքականության մասին խոսելով հետեւյալ կերպ արտահայտվեցին. «Ո՜վ անմիտ հայեր, ուրախացաք թե Հայաստանն ու Կիլիկիան ձեզի պիտի տրվին եւ սկսաք թուրքերուն դեմ անկրթություն ընել, բայց Հայաստանն ու Կիլիկիան դարձյալ ետ պիտի առնենք, ինշալլահ, դարձյալ ձեզ պիտի փճացնենք։ Այսօր Հնդկաստանի 300 միլիոն իսլամները եւ աֆղանները մեզի համար ոտքի կեցած են. Թուրքիան նորեն մեզի պիտի տրվի»։
Թուրքիայում աստիճանաբար ուժեղանում էր ազգայնական շարժումը, որը թեեւ չէր նկատվում մայրաքաղաքում, սակայն լայն թափ էր հավաքում հենց Արեւմտյան Հայաստանի տարածքում։ Այդ շարժման ակտիվ քարոզիչներն ու կազմակերպիչները Իթթիհատ կուսակցության ներկայացուցիչներն էին, որոնք զգալի դիրքեր ունեին Անկարայում, Էրզրումում եւ արեւելյան այլ շրջաններում։ Միաժամանակ արեւելյան նահանգներում աստիճանաբար մեծանում էր Մուստաֆա Քեմալի հեղինակությունը, ով գարնանը Կ.Պոլսից տեղափոխվել էր Սամսուն։ Քեմալը ստանձնում էր ազգայնական շարժման առաջնորդի դերը, եւ լինելով Իթթիհատի անդամ` լայնորեն հենվում էր կուսակցության աջակիցների ու կազմակերպչական կառույցների վրա։
«Վերջին շրջանում հրատարակված մի շարք աշխատությունների հեղինակների հավաքած բազմաթիվ փաստերն անհերքելիորեն վկայում են, որ նա [Քեմալը – հեղ.] եղել է այդ կուսակցության անդամ եւ մաս է կազմել նրա ղեկավար խմբավորման։ Որոշ լավատեղյակ հեղինակներ գրում են, որ նա եղել է այդ կուսակցության գաղտնի կազմակերպության՝ «Թեշքիլյաթ-ը Մահսուսայի» ամենավստահելի անդամներից մեկը» (Ռուբեն Սաֆրաստյան, Մուստաֆա Քեմալ. Պայքար Հայաստանի Հանրապետության դեմ, 1919-1921թթ., Երեւան, 2019)։
«Չկա ուժ մը, որ չդողա թուրքի կամքին եւ իսլամի հավատքին դեմ»
Քեմալական կամ Ազգային ուխտի (Միսաքը Միլլի) շարժման հիմքը դրվում է 1919թ. հուլիսի 23-ից օգոստոսի 10-ը Էրզրումում տեղի ունեցած ժողովում, որտեղ միավորվում եւ առավել համակարգված են դառնում Թուրքիայի արեւելյան նահանգների ազգայնական կառույցները։ Մինչ այդ, Էրզրումի «Ալ-Պայրաք» թերթը գրել էր, որ Արեւելյան նահանգների իրավունքները վտանգված են՝ ակնհայտորեն նկատի ունենալով Միացյալ Հայաստանի կազմում այդ նահանգներն ընդգրկելու միջազգային որոշումները։ Թերթը նշում էր, որ տեղի ունեցածը մեծ անարգանք է թուրքերի համար, եւ «Իսլամի նվիրյալներին» միավորման կոչ էր անում.
«Ահա այսօր է, որ պիտի միանան իրավունքի համար բաբախող առաքինի սրտերը, Իսլամի նվիրական իրավունքին վեհ ձայնը մեզ միության կհրավիրե։ Տարակույս չկա, թե այս հրամանին կատարյալ համակրանքով պիտի դիմավորեն այն ամենքը, որոնք տեղյակ են կրոնքի վեհության եւ ազգին մեծությանը։
Չկա ուժ մը, որ չդողա թուրքին կամքին եւ իսլամին հավատքին առջեւ։ Ամենեւին ճիշտ չէ խրտչիլ կառավարության ներկա քաղաքական տկարութենեն։ Թող սեւ հողերը մեզ բնակավայր դառնան, եթե մենք, Արեւելյան նահանգներու զավակները չպաշտպանենք մեր իրավունքները։ Մենք կհավատանք, թե պիտի չթերանանք փաստեր ցուցնելե անոնց, որ կկարծեն, թե մենք զուրկ ենք այնքան մը կամքե ու հարատեւութենե, որ կարեւորություն տանք չորս հայ «քոմիթաճիներու» կողմե աշխարհիս մեջ կատարել ուզած աղմուկներուն։ Տարակույս չունինք, թե մեր այս հավատքը ունին նաեւ ամբողջ Արեւելյան նահանգներու մեր ընկերները»։
Էրզրումի ժողովի մանրամասների մասին տեղեկությունները շատ չեն, սակայն հայտնի է, որ այն գլխավորապես ուղղված էր Հայաստանի եւ հայերի դեմ։ «Էրզրումի համաժողովի ընդունած որոշման հենց առաջին կետում նշվում էր թուրք նացիոնալիստների վճռականությունը Անատոլիայի վեց վիլայեթները (Արեւմտյան Հայաստան) Օսմանյան կայսրության կազմում պահելու հարցում։ Այստեղ «հայկական համայնքի ստեղծումը» կանխելը հռչակվում էր թուրքերի սրբազան գործ» (Ջոն Կիրակոսյան, «Հայաստանը միջազգային դիվանագիտական եւ սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում», Երեւան, 1972թ.)։
«Միացյալ, անկախ Թուրանիա կամ ի՞նչ կծրագրեն թուրքերը» գրքում Զարեւանդը (Զավեն Նալբանդյան) գրում է, որ «միլլիականները հայտարարում էին, որ «Արեւելյան Անատոլուի բնակչությունը պատրաստ է մինչեւ մահ դիմադրելու հայ պետության մը կազմության»։ 1919թ․ հուլիսի 15-ին Էրզրումի համաժողովը հեռագրով կդիմեր Սուլթանին, հայտնելով անոր թուրք Ազգային Ուխտը։ Հեռագիրը կվերջանար դաշնակիցներու հասցեին հետեւյալ սպառնալիքով – Մենք ցույց պիտի տանք աշխարհին, թե ինչ կրնան ընել թուրքերու եւ օսմանցիներու կամքն ու քաջությունը»։
***
Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Հոդվածը՝ Mediamax.am կայքից։