Հայաստան

Ռուս֊Թուրքական Նոր Օպերացիա

Արցախի ժողովուրդը մինչև հիմա Ռուսաստանի նկատմամբ շատ լոյալ է, ուզում են այնպես անել, որ արցախցիներն է՞լ դառնան նրանց թշնամիները։

Դավիթ Ստեփանյան

Խաղաղապահների հետ համաձայնություն է եղել. Ադրբեջանն այնքան երես չի առել, որ առանց տեղյակ պահելու նման սադրանքի գնար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։

-Պարոն Ստեփանյան, Ադրբեջանի դիվերսիոն գործողության արդյունքում  զոհվել է ոստիկանության 3 զինծառայող, ևս մեկ ոստիկան ծանր վիրավորում ստացել։ Ուշագրավ է, որ այս դիվերսիային նախորդեց Լավրովի՝ Բաքու կատարած այցը։ Արդյոք կարծում եք, որ այս գործողությունները կապ ունեն Ռուսաստանի՝ Հայաստանից դժգոհության հետ։

-Իհարկե փաստեր չկան հիմա, բայց ակնհայտ է, որ  դա եղել է ցուցադրական սադրանք, որին նախորդել է Լավրովի՝ Բաքու կատարած  այցը։ Եթե նախկինում նման շփումներից հետո, մշտապես հարձակում էր լինում Հայաստանի վրա, մենք բազմիցս այդպիսի դեպքերի ականատեսն ենք եղել, հիմա՝ ԵՄ դիտորդների տեղակայումից հետո, Հայաստանի վրա հարձակվելու հնարավորություն Ադրբեջանը չունի՝ համենայնդեպս այս փուլում։ Եվ պարզ է, որ սադրանքները պետք է լինեն Արցախում։ Ինչի՞ են դրանով ուզում հասնել.ուզում են ցույց տալ, որ հանգիստ չեն թողնելու մեզ, հերթական անգամ փորձում են գոնե այդպիսով ճնշում գործադրել Հայաստանի վրա, փորձում են Հայաստանին ներքաշել Արցախի մասով բանակցությունների մեջ, ինչից Հայաստանը հրաժարվում է։

Նշեմ, որ Ադրբեջանը կարող է հարձակվել Հայաստանի վրա միայն մեկ դեպքում, եթե Ռուսաստանն այնպիսի առաջարկ անի Ալիևին, որից Ալիևը չի հրաժարվի։ Ես պարզապես դժվարանում եմ պատկերացնել, թե ինչ պետք է առաջարկի Ռուսաստանն Ալիևին, որովհետև կարծես թե բոլոր առաջարկությունները սպառվել են և սպառվել են դեռևս 2020 թվականի  սեպտեմբերի 27-ից առաջ ընկած ժամանակահատվածում, երբ Ռուսաստանը համաձայնել է աչք փակել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի վրա՝ Արցախի ու Հայաստանի հանդեպ։

-Պաշտոնական Ստեփանակերտը, Արցախից տարբեր գործիչներ հայտարարություններով հանդես եկան, հնչեցին քննադատություններ միջազգային հանրության, ԵՄ պաշտոնյաների, բայց ոչ  Ռուսաստանի ու ռուս խաղաղապահների հասցեին։ Նոնսենս չէ՞ այս մոտեցումը, երբ հստակ է, թե ում պատասխանատվության գոտում տեղի ունեցավ սադրանքը։

Նոնսենս է այն մարդկանց համար, ովքեր ծանոթ չեն Արցախում իրավիճակին։ Արցախում այսօր իշխանության գլուխ են գտնվում մարդիկ, ովքեր 100 տոկոսով լոյալ են Ռուսաստանին։ Ես չգիտեմ՝ ինչից է գալիս, գուցե քաղաքական մազոխիզմ է կամ ինֆանտիլիզմ, դժվարանում եմ ասել պատճառները, գուցե հավատացել են, որ միայն Ռուսաստանը կարող է նրանց պահել իշխանության գլխին։Լսեք Դավիթ Բաբայանին կամ Արցախի մնացած չինովնիկներին… երբ նրանց լսում ես, հասկանում ես, որ այդ մարդիկ կա՛մ իրականությունից կտրված են, իսկ ես  այդպես չեմ կարծում, կա՛մ ուղղակի սպասարկում են ռուսական շահը։ Եվ դա այն դեպքում, երբ Ռուսաստանը դրա դիմաց գոնե նվազագույն անվտանգությունը չի ապահովում։ Միգուցե նրանց անձնական անվտանգությունն ապահովում է, բայց ինչպես մենք տեսնում ենք երեք զոհից ու մեկ վիրավորից, շարքային քաղաքացիների անվտանգությունը չի ապահովում։

-Կարծում եք՝ ցանկության դեպքում խաղաղապահները չէի՞ն կարող այդ միջադեպը կանխել։

-Միանշանակ կարող էին։ Ես չեմ կարծում, թե Ադրբեջանն այնքան է երես առել, որ առանց խաղաղապահներին ներքին կանոններով տեղյակ պահելու այդ պրովոկացիան աներ։ Նրանց միջև եղել է որոշակի համաձայնություն։ Չեմ հասկանում՝ ո՞րն է տրամաբանությունը, Ռուսաստանը դրանով ինչի՞ է ուզում հասնել։ Արցախի ժողովուրդը մինչև հիմա Ռուսաստանի նկատմամբ շատ լոյալ է, ուզում են այնպես անել, որ արցախցիներն է՞լ դառնան նրանց թշնամիները։

Հարցազրույցը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *