Հայաստան

Հանրապետություն

Ուսանողներն ակնկալում էին, որ պետությունը ֆինանսական հնարավոր աջակցություն պետք է տրամադրի ուսանողներին, քանի որ ստեղծված ծանր սոցիալական պայմաններում նրանք հարկադրված են աշխատել, ինչը խանգարում է ուսումնառությանը։

Հանրապետություն

Առաջին Հանրապետության պատմության ամենաուշագրավ դրվագներից մեկը համալսարանի հիմնադրումն էր շրջափակման, սովի, պատերազմի ու ավերածության պայմաններում։

Հայաստանում համալսարան հիմնադրելու որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել էր դեռեւս 1919թ. մայիսի 16-ին, սակայն քննարկումները սկսվել էին դեռեւս անկախության հռչակումից առաջ։

1909-1918թ. Թիֆլիսում գործում էին Կանանց բարձրագույն կուրսերը՝ բանասիրական եւ ֆիզիկամաթեմատիկական բաժանմունքներով։ 1918թ. հունիսին կուրսերը վերանվանվեցին Թիֆլիսի ռուսական, իսկ հոկտեմբերին՝ Անդրկովկասյան մասնավոր համալսարանի։ Այստեղ սովորում էր շուրջ 1700 ուսանող, որոնցից մոտ 700-ը հայ էր։

Անդրկովկասի երեք հանրապետության ստեղծումից հետո, երբ պատերազմներն ու տնտեսական դժվարությունները չէին ավարտվում, համալսարանի դասախոսները ֆինանսական օգնության խնդրանքով դիմում են Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին։ Ազգային խորհուրդը դիմումն ուղարկում է Հայաստանի կառավարությանը։ Վերջինս հրաժարվում է գումար տրամադրել ֆինանսների բացակայության պատճառով։ Անդրկովկասյան համալսարանին հրաժարվում է օգնել նաեւ Վրաստանի կառավարությունը, քանի որ 1918թ. փետրվարին հիմնադրվել էր Թիֆլիսի վրացական համալսարանը։

Ջամալյանի նամակը

1918թ. հոկտեմբերի սկզբին Վրաստանում Հայաստանի դիվանագիտական հավատարմատար Արշակ Ջամալյանը Արտաքին գործերի նախարարությանը հայտնում էր, որ Անդրկովկասի համալսարանի խորհուրդը խնդրում է գոնե 25 հազար ռուբլի հատկացնել, որպեսզի ուսումնական հաստատությունը չփակվի։

Միաժամանակ Ջամալյանը հայտնում էր, որ շուրջ 1500 ուսանող չի ցանկանում ուսումը շարունակել վրացական համալսարանում, իսկ Ռուսաստան մեկնելու հնարավորություն չունի։ Նա նաեւ միջնորդում էր, որ Հայաստանը ֆինանսական օգնություն ցուցաբերի.

«Հրավիրում եմ Ձեր ուշադրությունը այն հանգամանքի վրա, որ մենք հնարավորություն չունենք եւ երեւի երկար ժամանակով հնարավորություն չենք ունենա մեր սեփական համալսարանը ունենալու, մինչդեռ որոշ քանակության երիտասարդների բարձրագույն կրթություն ստանալը պետական անհրաժեշտություն է։ Տալով Անդրկովկասի համալսարանին 25 հազար ռուբլի նպաստ, մենք կդժվարացնենք այդ հաստատության զավթումը վրացիների կողմից»։

Բաքու, թե՞ Երեւան

Համալսարան հիմնելը ենթադրում էր բավարար թվով մասնագետների, ուսանողների, ուսումնամեթոդական ձեռնարկների, շենք-շինությունների առկայություն: Այդ ամենը Հայաստանում չկար։ Տասնամյակներ շարունակ հայ երիտասարդները հիմնական կրթությունը ստացել էին արտասահմանյան բուհերում՝ գլխավորապես ռուսաց լեզվով։ Հանրային կրթության նախարար Գեւորգ Մելիք-Ղարագյոզյանը նշում էր, որ «գիտական, համալսարանական մշակված լեզվի չգոյությունը, մայրենի լեզվով գիտական անհրաժեշտ ձեռնարկների բացակայությունը, հայ գիտական պատրաստված դասախոսող ուժերի սահմանափակ թիվը, առեւտրի եւ արդյունաբերության կանգ առած վիճակը թույլ չեն տալիս կազմակերպելու համալսարանական հիմնարկություններ՝ լաբորատորիա, կլինիկա եւ կաբինետ՝ հայկական համալսարան ստեղծելու միտքը ներկա ժամանակում դարձնում են անիրագործելի եւ ցնորական»։ Փոխարենը, ըստ Մելիք-Ղարագյոզյանի, կարելի էր Երեւան տեղափոխել Անդրկովկասյան համալսարանը, որն ուներ ուսումնամեթոդական անհրաժեշտ պարագաները։ Հանրային կրթության նախարարը կառավարությանը տեղեկացնում էր, որ քննարկվում է համալսարանը Եկատերինոդար տեղափոխելու տարբերակը, որտեղ ֆինանսական մեծ միջոցներ էին հատկացվել պոլիտեխնիկում հիմնադրելու համար։

Թիֆլիսի Անդրկովկասյան համալսարանը Բաքու տեղափոխելու պատրաստակամություն էին հայտնում նաեւ ադրբեջանցիները: Ադրբեջանի կառավարությունը խոստանում էր ապահովել անհրաժեշտ պայմանները եւ բարձր վարձատրությունը։ Սակայն համալսարանի ուսանողները չէին ցանկանում տեղափոխվել Բաքու, քանի որ այնտեղ հայերի նկատմամբ հալածանքներ էին սկսվել։

Երկար քննարկումներ

Համալսարանի բացման հարցում հաջորդ կարեւոր մտահոգությունն ուսանողների թիվն էր եւ դասախոսական կազմի վարձատրությունը. կարո՞ղ էր արդյոք Հայաստանը ապահովել պատշաճ թվով ուսանողներ։

Անդրկովկասյան մասնավոր համալսարանի եկամուտը տարեկան շուրջ 900 հազար ռուբլի էր, որից մոտ 800 հազարը ուսանողների վարձն էր։ Երեւան տեղափոխվելու դեպքում ուսանողների թիվն ակնհայտորեն նվազելու էր։ Բացի այդ, համալսարանի դասախոսները Թիֆլիսում մասնավոր դասեր էին տալիս, ինչը քիչ թե շատ բարելավում էր նրանց սոցիալական դրությունը։ Երեւան տեղափոխվելու դեպքում դասախոսական կազմը չէր կարող հավելյալ վարձատրություն գտնել։ Մտահոգություն կար նաեւ, որ Թիֆլիսից տեղափոխված դասախոսները Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի ավարտից եւ իրադրության բարելավումից հետո կարող են հեռանալ։

Այս համատեքստում քննարկվում էր համալսարանի փոխարեն միջնակարգ դպրոցների ու աշակերտների թիվն ավելացնելու տարբերակը։ Ի վերջո բուռն քննարկումների արդյունքում որոշվում է, որ համալսարանը, այնուամենայնիվ, պետք է հիմնադրվի։ Ուսանողների նվազագույն թիվը սահմանվում է 200-ը։

1919թ. մայիսին համալսարանի բացումը հնարավոր չեղավ, եւ հիմնական պատճառը անհրաժեշտ շենքերի բացակայությունն էր։ Նախապես քննարկվում էր, որ ապագա համալսարանին տրամադրվելու է նախկին սեմինարիայի շենքը, սակայն այն տրված էր Ամերիկյան նպաստամատույց կոմիտեին, եւ այնտեղ հայ որբեր էին ապրում։ Համալսարանի գյուղատնտեսական եւ բնագիտական բաժանմունքի աշխատանքների համար տարածք էր նախատեսվում հատկացնել Սարդարի այգում (այժմյան Գինու եւ կոնյակի գործարանների միջեւ ընկած տարածքում)։

1919թ. հուլիսին Հայաստանի կառավարության որոշմամբ Երեւանի համալսարանի տեսուչ է նշանակվում իրավագիտության պրոֆեսոր Յուրի Ղամբարյանը։ Նույն ամսին Թիֆլիսում՝ Ղամբարյանի տանը, պրոֆեսոր Դավիթ Զավրյանի նախագահությամբ տեղի է ունենում հանդիպում մի խումբ ուսանողների հետ, որոնք տեղեկություններ էին ցանկանում ստանալ համալսարանի հիմնադրման մասին։ Ղամբարյանի հարցին, թե Թիֆլիսի հայ երիտասարդները կգա՞ն արդյոք Երեւան ուսանելու, երիտասարդները պատասխանում են, որ եթե համալսարանն ունենա միջազգային հեղինակություն ու գործակցություն եվրոպական եւ ռուսական բուհերի հետ, ապա՝ այո։ Բացի այդ, ուսանողներն ակնկալում էին, որ պետությունը ֆինանսական հնարավոր աջակցություն պետք է տրամադրի ուսանողներին, քանի որ ստեղծված ծանր սոցիալական պայմաններում նրանք հարկադրված են աշխատել, ինչը խանգարում է ուսումնառությանը։

Համալսարանի գործունեությունը պատշաճ ապահովելու համար անհրաժեշտ էր Երեւանում ունենալ ազատ բնակարաններ դասախոսներին եւ ուսանողներին տրամադրելու համար։ Համալսարանի հարցերով զբաղվող խորհուրդը նշում էր, որ ազատ բնակարաններ Երեւանում չկային, սակայն հույս կար, որ մայրաքաղաքում հաստատված գաղթականների՝ հայրենի տները վերադառնալուց հետո բնակարանային հարցը հնարավոր կլիներ լուծել։ Կառավարությունը նաեւ հանձնարարում է դասախոսներին տրամադրելու համար բնակարաններ բռնագրավել։

1919թ. հոկտեմբերի դրությամբ լուծված չէր բուն համալսարանի շենքի խնդիրը. Ամերիկյան նպաստամատույց կոմիտեն չէր ազատել տարածքը, իսկ գիմնազիայի շենքի վերանորոգումը, որի մի մասը տրամադրվելու էր համալսարանին, ավարտված չէր։

Այդ պատճառով հոկտեմբերի 16-ին Նիկոլ Աղբալյանի օգնականը հարցում է անում Ալեքսանդրապոլի Առեւտրական դպրոցի վերատեսչին, թե քաղաքում կա՞ն արդյոք ազատ բնակարաններ եւ ուսումնական շինություններ։ Ի պատասխան՝ վերատեսուչ Սարգսյանը հայտնում է, որ ուսումնարանների շենքերում ազատ տեղեր չկան, սակայն քաղաքում կարելի է գտնել հարմարավետ բնակարաններ։ Ի վերջո որոշվում է համալսարանը ժամանակավորապես բացել Ալեքսանդրապոլում, որն էլ տեղի է ունենում 1920թ. հունվարին։

***

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *