Հայաստան

Հանրապետություն

Ադրբեջանը կողմ էր ընդհանուր համաժողովի հրավիրմանը, սակայն բանակցությանը զուգահեռ ձեռնարկում էր ռազմական ծավալուն հարձակում։ Ադրբեջանի ծրագրերը հայտնի էին հայկական կողմին, որը փորձում էր հնարավորինս արագ կազմակերպել պաշտպանությունը։

1919թ. ամռանն ու աշնան սկզբին Հայաստանի տարբեր շրջաններում բռնկված թաթարական ապստամբությունները մեկ ընդհանուր ռազմական նպատակի էին ծառայում՝ Հայաստանի հնարավորինս շատ շրջաններ կտրել եւ միացնել Թուրքիային ու Ադրբեջանին։ Ղարաբաղի հայության կողմից Ադրբեջանի իշխանությունը ժամանակավորապես ընդունելու որոշումն Ադրբեջանում վստահություն էր առաջացրել, որ ուժային եղանակով հնարավոր կլինի լուծել նաեւ Զանգեզուրի հարցը, որն Ադրբեջանի համար ուներ ռազմավարական մեծ նշանակություն։ Զանգեզուրը հպատակեցնելու դեպքում բացվում էր ցամաքային կապը Նախիջեւանի հետ, իսկ այնտեղից՝ դեպի Թուրքիա եւ Հայաստանի հարավի թաթարաբնակ շրջաններ։ Այդ կապն Ադրբեջանին անհրաժեշտ էր ինչպես աշխարհաքաղաքական հեռահար ծրագրերի իրականացման, այնպես էլ անվտանգության ապահովման համար։

1919թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Ռուսաստանի Հարավի զինված ուժերը Դենիկինի գլխավորությամբ ընդհուպ մոտեցել էին Ադրբեջանի սահմանին։

Կամավորականների բանակից ներխուժման սպառնալիքներ էին հնչում, եւ Ադրբեջանը հույս ուներ հնարավորության դեպքում ստանալ նաեւ Թուրքիայի ազգայնական շրջանների աջակցությունը։ Միաժամանակ, Բոյուք-Վեդիի եւ այլ վայրերի հայ-թաթարական ռազմական գործողությունները, մարդկային մեծ զոհերն ու Դաշնակից պետությունների ներկայացուցիչների պարտադրանքը հանրապետությունների ղեկավարներին ստիպում էր մտածել բանակցությունների մասին։ Հույս կար, որ Անդրկովկասյան երկու հանրապետության սահմանային վեճերը հնարավոր կլիներ լուծել խաղաղ ճանապարհով։

1919թ. հոկտեմբերի սկզբին ՀՀ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Խատիսյանը հեռագրել էր Ադրբեջանի ԱԳ նախարարին՝ առաջարկելով Հայաստանի եւ Ադրբեջանի հատուկ խորհրդակցություն հրավիրել՝ երկու հանրապետության միջեւ առկա բոլոր չլուծված խնդիրները քննարկելու նպատակով: ՀՀ կառավարությունը հանդիպման եւ խորհրդակցության անցկացման հնարավոր վայր էր համարում Ղազախը, Դիլիջանը, Ղարաքիլիսան։

«Եթե Ադրբեջանի կառավարությունը համաձայն է, ապա Հայաստանի կառավարությունը առաջարկում է լուծել հետեւյալ հարցերը.

1. Երկու հանրապետությունների միջեւ ժամանակավոր սահմազատման (դեմարկացիոն) գծի հաստատում՝ ընդհուպ մինչեւ Խաղաղության խորհրդաժողովի վերջնական որոշումը:

2. Փախստականների հարցը:

3. Ադրբեջանի եւ Հայաստանի հանրապետությունների միջեւ առեւտրական եւ երկաթուղային կոնվենցիայի հաստատում»: (ՀԱԱ, Ֆ.275, ց. 6, գ.4, թերթ 144)։

Ադրբեջանը կողմ էր ընդհանուր համաժողովի հրավիրմանը, սակայն բանակցությանը զուգահեռ ձեռնարկում էր ռազմական ծավալուն հարձակում։ Ադրբեջանի ծրագրերը հայտնի էին հայկական կողմին, որը փորձում էր հնարավորինս արագ կազմակերպել պաշտպանությունը։

Սուլթանովի սպառնալիքները

Նոյեմբերյան հարձակումից առաջ կտրուկ սրվում է իրադրությունը Ադրբեջանի ճանապարհներին. զինվորները հարձակվում էին հայերի վրա, թալանում ու սպանում։ 1919թ. նոյեմբերի 11-ին «Հառաջ» թերթը գրում էր, որ նոյեմբերի 1-ին Թովուզում թաթարները կանգնեցրել են Թիֆլիս-Բաքու գնացքը, իջեցրել հայերին ու մի մասին գնդակահարել։ Միաժամանակ հայերի հանդեպ ձերբակալություններ ու ճնշումներ են սկսվում Բաքվում։ Նահանգապետ Սուլթանովը նոյեմբերի սկզբին կոչ է հղում Զանգեզուրի բնակչությանը, որտեղ հորդորում էր ընդունել Ադրբեջանի գերիշխանությունը։ Նա ասում էր, որ Ադրբեջանի կազմում կերաշխավորվի հայերի անվտանգությունը, կյանքի ու գույքի ապահովությունը։ Սուլթանովը բերում էր Ղարաբաղի օրինակը՝ ասելով, թե Ադրբեջանի իշխանությունն ընդունելուց հետո այնտեղ խաղաղություն է տիրում։

Բայց իրականությունն այլ էր. Ղարաբաղում շարունակվում էին հայերի հանդեպ բռնությունները, Շուշի-Եվլախ ճանապարհը հայերի համար գրեթե անանցանելի էր, Գանձակում կրկին սպանում էին հայերին։ Բացի այդ, թարմ էր նույն Ղարաբաղում, հատկապես Ղայբալու գյուղումտեղի ունեցած ջարդերի հիշողությունը։

Սուլթանովը, դիմելով Զանգեզուրի բնակիչներին, ասել էր, որ իրենց ղեկավարները «կրիտիկական րոպեին» փախչելու են եւ մենակ են թողնելու զանգեզուրցիներին։ Նա կոչ էր անում օգնել Ադրբեջանի կառավարությանը եւ հեռացնել «ավանտյուրիստներին»։ Սուլթանովը չէր սահմանափակվել միայն «լավ կյանքի» խոստումներով. նա զգուշացրել էր հայերին, որ Ադրբեջանին չենթարկվելու դեպքում լինելու են հետեւանքներ։

«Հառաջ», 11 նոյեմբերի, 1919թ., թիվ 42

«Հետեւանքները Սուլթանովի բառարանում նշանակում է ջարդ ու թալան։ Սուլթանովը կատակ չի սիրում. երբ սպառնում է, կնշանակե ջարդի բոլոր պատրաստությունները արդեն տեսնված են եւ մնում է միայն իրագործել։ Իսկ որ ջարդի պատրաստությունները տեսնված են, դրա նշանները շատ են։ Նախիջեւանում հավաքված են հրոսակախմբեր, ադրբեջանական սպաների ղեկավարության տակ, սկսել են հարձակվել Դարալագյազի հայ գյուղերի վրա՝ աշխատելով կտրել Զանգեզուրը Հայաստանից։ Զանգեզուրի սահմանների մոտ հավաքված են տասը հազարից ավելի ասկյարներ ու անկանոն զորքեր՝ թնդանոթներով ու գնդացիրներով։ Ադրբեջանական զորաբանակը գեներալ Շիխլինսկու հրամանատարությամբ մոտեցել է Զանգեզուրին եւ սպասում է հարձակման հրամանի»։

Արսեն Շահմազյանը՝ «հիմնաքար»

Զանգեզուրի վրա հարձակումները նոր չէին, եւ դեռեւս 1918-ից Հայաստանը մշտապես ջանքեր էր գործադրում Լեռնաշխարհի պաշտպանությունը կազմակերպելու համար։ Այդ ջանքերը, իհարկե, բավարար չէին, սակայն հաշվի առնելով, թե ինչպիսին էր իրադրությունը ողջ Հայաստանում, որոշակի արդյունքներ կային։ 1919թ. գարնանը Զանգեզուր գործուղված կապիտան Արսեն Շահմազյանը հսկայական կազմակերպչական աշխատանք էր տարել։ Oգոստոսին Կապարգողթի հրամանատար նշանակված Նժդեհը կարողացել էր երկու ամսում որակական նոր մակարդակի բարձրացնել ինքնապաշտպանության գործը։ Զանգեզուրի ջոկատներից մեկի հրամանատար Գասպար Գասպարյանը հետագայում գրել է.

Ուշագրավ է, որ ադրբեջանական հարձակման մասին տեղյակ էին նաեւ Վրաստանի իշխանությունները։ Համենայնդեպս ռազմական գործողությունների ավարտից հետո Վրաստանի պաշտոնական շրջանակները մամուլում տեղեկատվություն են հրապարակում, որ իրենք տեղյակ էին Զանգեզուրում հնարավոր ռազմական գործողությունների վերսկսմանը եւ ջանքեր են գործադրել դրանք կանխելու ուղղությամբ։

Հարձակումը

Ադրբեջանցիները մեծ ուժեր էին կենտրոնացրել Ղարաբաղի արեւմտյան շրջաններում, Զաբուղի ձորում, որտեղից էլ պատրաստվում էին գրոհել։ Թեեւ ադրբեջանական բանակի թվաքանակի եւ սպառազինության մասին տարբեր տեղեկություններ են հաղորդվում, սակայն գրեթե բոլոր աղբյուրները նշում են, որ հակառակորդի զինվորների թիվը հասնում էր շուրջ 10 հազարի։

Հարձակմանը մասնակցում էին Ադրբեջանի «Զաքաթալալինսկի, Գյանջինսկի, Շեքինսկի» գնդերը, քրդական 400-հոգանոց ջոկատը Ղարաբաղի գեներալ-նահանգապետ Սուլթանովի եղբոր՝ Սուլթանբեկի հրամանատարությամբ, երկու դիվիզիոն հեծելազոր։

Հարձակման առաջին ուղղությունը Գորիսի Տեղ գյուղն էր։ Արսեն Շահմազյանը Գորիսի ուղղության հրամանատար էր նշանակել կապիտան Խաչատուր Մալինցյանին, որը մասնակցել էր Առաջին համաշխարհային պատերազմին, ապա թաթարական ավազակախմբերի դեմ ռազմական գործողություններին։ Լինելով խիստ կարգապահության, հակառակորդի ու ներքին խառնակիչների դեմ վճռական գործողությունների կողմնակից՝ Մալինցյանը կարողացել էր արժանանալ իր զինվորների ու բնակչության հարգանքին։ «Ես գործում էի՝ ինքս վերցնելով իմ իրավունքի սահմանը, որովհետեւ այդ էր մոմենտի պահանջը»,- հետագայում գրել էր նա։

Մյուս ուղղությունների հրամանատարներն էին Յապոնը (Հովհաննես Պարոնյան), Գարեգին Ամիրխանյանը, Արտեմ Խանզադյանը եւ ուրիշներ։ Հարձակումից մի քանի օր առաջ Արտեմ Խանզադյանի ծանոթ ադրբեջանցին՝ Հուսեինը, հայտնում է հարձակման հիմնական ուղղությունների եւ ուժերի մասին։

«Արտեմ քիրվա, իմ ունեցած տեղեկությունները քեզ կասեմ… Ղարաբաղի Խանքենդ քաղաքում կազմված է մի զորաբանակ, լրիվ զենք ու զրահով, Շիխլինսկու հրամանի տակ. զորքը բաղկացած է 16 հազար հոգուց։ …Ամեն գյուղից ջոկել են չորս կամ հինգ հոգի լավ կռվողներից, Ղարաբաղի թուրքերից եւ մեկ մասն էլ բերել են հյուսիսային Կովկասի չեչեններից։ Երկու կամ երեք ուղղությամբ գլխավոր ուժերը, իմ կարծիքով, կսկսեն հյուսիսից, Քաչալ դաղի շրջանից եւ կռմբակոծեն Գորիս քաղաքը։ Զորքերը Ղարաբաղից շարժելիս, հավանորեն խուժանն էլ կմիանա եւ ահռելի ուժ կդառնա»։ (Արտեմ Խանզադյան, Ադրբեջանի տասնվեց հազարանոց մեծ բանակի դեմ կռիվը Զանգեզուրյան լեռնաշխարհի, Գորիսի սար ու ձորի վրա, «Ալիք», 7 հուլիսի, 1974թ., թիվ 149, Թեհրան)։

Հարձակման արեւելյան ուղղությունում հայկական ինքնապաշտպանական ուժերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս եւ գրեթե 4 օր շարունակվող մարտերից հետո ամբողջությամբ ջախջախում ադրբեջանցիներին։ Հյուսիսային ուղղությամբ՝ Խոզնավար, Բայանդուր գծում, մարտերն ավելի անհաջող են ընթանում՝ ադրբեջանցիները վերցնում են այս գյուղերը եւ հրդեհում։ Սակայն 1919 թվականի նոյեմբերի 9-ին հայերը հուժկու հակագրոհով ազատագրում են Խոզնավարն ու Բայանդուրը։

Թոփչի Սիմոնը

Արեւելյան ուղղությամբ՝ Տեղ գյուղի հայկական դիրքերին ու բնակավայրին մեծ վնաս էր հասցնում թուրքական հրետանին։ Թնդանոթների չդադարող կրակը մեծ ավերածություններ էր գործում։ Շուտով, սակայն, իր հերոսությամբ ու հրետանավորի հմտությամբ աչքի է ընկնում վայոցձորցի Սիմոն Մելիք-Հարությունյանը, որը մարտերին մասնակցում էր Սիսիանից օգնության եկած ջոկատի մարտիկների հետ։

«Ալիք», 14 հուլիսի, 1974թ., թիվ 155

«Նիկալայ Հովսեփյանն իր խմբով Սիսիանից եկած ուժերին միանալով՝ կտրում է Չոբան թափի վրա ամրացած թուրք խմբերի գծերի դեմը։ Թոփչի Սիմոնը առաջին գնդակը արձակելով մոխրի է վերածում Չոբան թափի առաջին դիրքը, թնդանոթի գնդակից ջախջախվում է մեկ հատ Մաքսիմ սիստեմի գնդացիր։

Արեւը արդեն թեքվել էր դեպի հորիզոնը եւ լիզելով սարերի գլուխները մեր երկրին հրաժեշտ տալու պահին, ուռաներ կանչելով վրա հասան Բուռուն եւ Երիշեն գյուղացիները, խանչալները կողքներիցը կախած, որոնց գլխավորում էր Երիշենի գյուղացի Քրամին Աթուն ամին։ Վերջինիս տղային մեկ ամիս առաջ բարձրավանդակից թուրքերը բռնել տարել էին։ Նոր եկած հասակավոր մարդիկ սրերը հանած՝ թուրքերին սրի էին քաշում… Մութը դեռ չընկած, մեր հաղթական դրոշակը ծածանվեց Քյոսա Մաշիդի ցից լեռան գլխին…»:

Այս հաղթանակից հետո Սիմոն Մելիք-Հարությունյանը տեղափոխվում է Տեղ գյուղի պաշտպանական դիրքերը, որտեղ 3-դյույմանոց թնդանոթի դիպուկ կրակով ոչնչացնում է ադրբեջանական հաուբիցը։

«Թնդանոթաձիգ Սիմոնը լռություն էր պահում, երբ թուրքերը մոտենում էին գյուղին։ Թուրքերի գրոհը, սակայն, հետ կասեցրին հայերը։ Հերոս Զաքոն եւ Թոմասը՝ բլուր բլրի հետեւից էին խլում։ Այդ կռվի ամենատաք ժամանակին էր, որ սկսեցին որոտալ Սիմոնի թնդանոթները։ Նա դիտավորյալ կերպով չէր խփում, քանի դեռ թշնամին իր թնդանոթները չէր հանել թաքստյան տեղից։ Բայց, երբ տեսավ, որ թուրքերը համարձակ կերպով շարեցին թնդանոթները դաշտի ծայրին, նա շեշտակի ու խաչաձեւ հարվածներով թուրքերի թնդանոթները փչացրեց։ Եվ այդ միջոցին հայ կտրիճները, դուրս գալով դիրքերից ու միանալով Սիսիանի հեծելազորի արշավին, հաղթական ուռաներով դաշտի բազմաթիվ հետ նահանջող հազարավոր թուրքերին թափեցին Զաբուղի ձորը»,- գրում է մարտերի մասնակից Ստեփան Մելիք-Փարսադանյանը (Ստեմել, «Զանգեզուրի հերոսամարտը եւ Արսեն Շահմազյան», «Հայրենիք», թիվ 2, 1963թ., Բոստոն):

Չեչենների ֆիասկոն

Խոզնավարի ու Բայանդուրի անկումից հետո, երբ սպառնալիք է ստեղծվում Գորիսի համար, հայ կանայք նույնպես շտապում են առաջնագիծ, սնունդ ու ջուր էին հասցնում մարտիկներին, դիրքեր էին փորում, քաջալերում, օգնում վիրավորներին։ Ադրբեջանական բանակը ջախջախվում է ու խուճապահար փախչում դեպի Մաղավուզ-Մինքենդ, դեպի Ղարաբաղի տափաստանները։ Մարտերի ժամանակ հայ զինվորների գրոհներին չեն դիմանում նաեւ չեչենները, որոնցից շատերը հանձնվում են։

«Թուրք խմբերի հետեւից ընկած՝ կոտորելով քշեցինք մինչեւ Ղարա գյոլի շրջանը, սարի կրծքին դիմադրություն ցույց տալով նահանջում էին, թողնելով իրենց ետեւում սպանվածներին ու վիրավորներին։ Ղարա գյոլին չհասած՝ չեչենների մի խումբ հրացանները շպրտեցին ու ձեռները դեպի վեր բարձրացրած՝ անձնատուր եղան»,- գրում է Արտեմ Խանզադյանը։

Գրեթե 5 օր տեւած դաժան մարտերում ադրբեջանական բանակը տալիս է մոտ 500 սպանված, հարյուրավոր վիրավորներ։ «Հառաջ»-ը գրում է, որ հայերը ունենում են 32 սպանված եւ 50-60 վիրավոր։

***

Հեղինակ՝ Միքայել Յալանուզյան

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվածը՝ Mediamax.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *