Հայաստան

Մոնթեն Ուրիշ էր

Նրա դերը պարզապես կարդինալ էր։ Կարող եմ խղճի ամենայն հանգստությամբ և առանց չափազանցության մեջ մեղադրվելուց վախենալու ասել, որ Մոնթեի շնորհիվ է, որ մենք 1992-ին պատերազմը չկորցրինք, և որ նա շատ վճռորոշ դեր ունեցավ 1993-ի նվաճումներում։

Ալեք Ենիգոմշյան

Մոնթեն Հայաստանի և Արցախի ամենահայտնի, ամենասիրված և ամենահարգված մարտիկն է. Ալեք Ենիգոմշյան

Մոնթե Մելքոնյանի զոհվելու 30-րդ տարելիցի առիթով Ֆրանսիայում հրատարակվող Nouvelles d’Armenie Magazine ամսագիրն իր 2023թ․ հունիսի համարում ծավալուն հարցազրույց է հրապարակել 1978թ․-ից Մոնթեին ճանաչած, նրա ընկեր և Հայաստանում «Մոնթե Մելքոնյան հիմնադրամի» տնօրենի պարտականությունները կատարող Ալեք Ենիգոմշյանի հետ:

«Հետք»-ը հրապարակում է ֆրանսերեն հարցազրույցի հայերեն թարգմանությունը:

Ի՞նչ հանգամանքներում եք ծանոթացել Մոնթե Մելքոնյանի հետ:

Նրան առաջին անգամ տեսել եմ 1978 թվականի ապրիլի 24-ին Բեյրութում։ Դրանից մեկ կամ երկու ամիս անց մի անգամ հանդիպել ենք հպանցիկ։ Բայց 1978-ի վերջում էր, երբ մենք իսկապես ճանաչեցինք միմյանց և շուտով դարձանք մտերիմ ընկերներ:

Այդ ապրիլի 24-ին հայկական ավանդական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները Բուրջ Համուդի հայկական դպրոցներից մեկում դահլիճային հավաք էին կազմակերպել։ Ես այդ թաղամասում էի գտնվում այլ պատճառներով, բայց առիթից օգտվելով՝ ուզեցի պարզապես զգալ տիրող մթնոլորտը: Երբ հասա դահլիճի դռան մոտ, ամբիոնից ելույթ էր ունենում մոտ 20 տարեկան մի երիտասարդ՝ միջահասակ, խիտ ու սեւ մորուք, սեւ մազեր, շատ մուգ դեմք: Կարծես պակիստանցի լիներ: Բայց եռանդով խոսում էր կատարյալ ամերիկյան անգլերենով։ Հակադրությունն ուշագրավ էր։ Ակնհայտ էր, որ նա ԱՄՆ-ից եկած հայ երիտասարդ էր։ Դա առավել հետաքրքիր էր այն առումով, որ լիբանանյան քաղաքացիական պատերազմի այդ տարիներին շատ քիչ թվով ամերիկահայ երիտասարդներ՝ այն էլ հայերեն չիմացող, այցելում էին Լիբանան։ Մի րոպեից էլ պակաս մնացի այնտեղ և դուրս եկա հաճելի տպավորությամբ:

Հաջորդ մի քանի շաբաթներին իմացա, որ երիտասարդի անունը Մոնթե է: Նա Լիբանան էր ժամանել ապրիլի 24-ից մի քանի օր առաջ։ Ավելի ուշ իրենից իմացել եմ, որ այդ օրերի շատ մուգ դեմքը ԱՄՆ-ից մեկնելուց կարճ ժամանակ առաջ Նեւադայի անապատում ընկերների հետ անցկացրած օրերով էր պայմանավորված:

Մեկ-երկու ամիս անց միասին հայտնվեցինք միեւնույն վայրում: Այն ժամանակ մենք՝ մի խումբ երիտասարդներ, ամեն շաբաթ օր հանդիպում էինք «Սփիւռք» շաբաթաթերթի բաշխման գործնական հարցերով զբաղվելու համար: Տվյալ օրը մասնակիցներից մեկը եկավ Մոնթեի ուղեկցությամբ: Մենք առաջին անգամ հանդիպեցինք։ Մի քանի րոպե զրուցեցինք։ Նա դեռ անգլերեն էր խոսում։ Երբեմն, երբ մի քանի ժամվա գործն ավարտվում էր, բերում էինք «ֆալաֆել» սենդվիչներ, որոնք ուտում էինք նույն գրասենյակում։ Մինչեւ հիմա աչքերիս առաջ է Մոնթեի այդ օրվա պատկերը՝ մեծ ախորժակով իր սենդվիչը խժռելուց:

1978-ի ամռանը ես մեկնեցի Ֆրանսիա, իսկ Մոնթեն՝ Իրան: Մեր վերադարձից հետո Բեյրութում կատաղի ռմբակոծությունները վերսկսել էին։ Մոնթեն ապրում էր Բուրջ Համուդում, իսկ ես՝ Արեւմտյան Բեյրութում: Շրջանների միջեւ կապը գրեթե խզված էր։ Մենք հնարավորություն չունեինք կրկին հանդիպելու:

Տարեվերջին Բուրջ Համուդից մի երիտասարդ ընկեր ինձ ասաց, որ այս Մոնթեն «մեզի պէս կը մտածէ», և առաջարկեց հանդիպել նրան: Ամփոփ՝ «մեզ պես մտածել» նշանակում էր հայկական հարցը և դրա լուծումը հակաիմպերիալիստական պայքարի տրամաբանությամբ պատկերացնել, զինյալ պայքարի ջատագով լինել և ունենալ արմատական ձախ սոցիալ-քաղաքական հայեցակարգ:

Մենք հանդիպեցինք։ Մեր քննարկման թեմաներն էին Հայկական հարցը, Լիբանանի հայ համայնքի վիճակը, որտեղ աջակողմյան քրիստոնյա զինյալների հետ հակասությունները ծայրաստիճան սրվել էին, տարբեր ազատագրական պայքարները և այլն։ Մեր իսկական լուրջ և դեմ առ դեմ առաջին այս հանդիպմանն իսկ շատ դրական հոսանք անցավ մեր միջով և շատ արագ դարձանք իսկական ընկերներ: Ոչ միայն մեր գաղափարներն ու կարծիքները գրեթե ամբողջությամբ համընկնում էին, ինչը միանգամայն զարմանալի էր Միացյալ Նահանգներում ծնված և մեծացած մեկի պարագայում, այլ ի սկզբանե ես շատ ուժեղ կապվածություն զգացի նրա հետ՝ նրա այդքան հետաքրքիր, ինքնատիպ բնավորության և գրավիչ կերպարի, անկեղծության, շփման, նրա «ձեւեր չթափելու», ավելի ճիշտ՝ ձեւերի խորը բնականության, անմիջական բնավորության և այլն պատճառներով։

Միշտ համակարծի՞ք եք եղել նրա հետ:

Այո, կարծում եմ, որ համարյա միշտ համակարծիք ենք եղել: Դա պայմանավորված էր, ինչպես ասացի, և՛ մեր համոզմունքների համընկնմամբ, և՛ նրանով, որ դրանք, ներեցեք անհամեստության համար, շատ խորն ու անկեղծ էին երկուսիս համար։ Սա չի նշանակում, որ երբեւէ չենք ունեցել տարաձայնություններ կամ տարբեր տեսակետներ որոշակի գործնական մոտեցումների կամ մանրամասների վերաբերյալ։ Բայց հիմնական և նույնիսկ երկրորդ կարգի հարցերում գրեթե միշտ համակարծիք ենք եղել:

Ինչպե՞ս էիք շփվում վերջին շրջանում:

Այդ շփումներն ուղղակի չէին: Տեղի էին ունենում կա՛մ նրա կնոջ՝ Սեդայի, կա՛մ ձայներիզների միջոցով։ Ես երկար ժամանակ Լիբանանում գտնվում էի ընդհատակում և չունեի ոչ կապի ազատ միջոցներ, ոչ էլ, իհարկե, ազատ տեղաշարժվելու հնարավորություն: Ինքն, իհարկե, Արցախում էր, որտեղ արտասահմանի հետ կապի միջոցները շատ սահմանափակ էին, այդ ժամանակ՝ շռայլություն։ Այս փոխանակումներում նա կիսվում էր իրավիճակի վերաբերյալ իր դիտարկումներով, իր դառնությունը հայտնում հայկական կողմի կազմակերպչական և կարգապահական թերությունների վերաբերյալ։ 1991 թվականից նա ինձ հորդորում  էր գալ Հայաստան։

Ի՞նչ դեր ու ազդեցություն է նա ունեցել ԱՍԱԼԱ-ում:

Մոնթեն ԱՍԱԼԱ-ին միացավ 1980 թվականի մայիսին: Սա այն տարին էր, երբ ԱՍԱԼԱ-ն վերածնունդ ապրեց: ԱՍԱԼԱ-ն մինչ այդ ունեցել էր շատ քիչ անդամներ և մարտական առաջադրանքներ կատարող ավելի քիչ թվով մարտիկներ: Երիտասարդ Յակոբ Դարաքճեանը, որ մինչ այդ առանցքային դերակատարություն ուներ, հիվանդ էր լեյկոզով և դարձել էր անգործունակ: Մեկ այլ անդամ, ով 1979-ին և 1980-ի սկզբին մի շարք առաքելություններ էր իրականացրել թուրքական և ոչ թուրքական կառույցների դեմ, հատկապես Եվրոպայում, բավական պասիվացել էր։ Բայց 1980 և 1981 թվականներին ԱՍԱԼԱ-ի արյունը թարմացվեց նոր անդամների և մարտիկների մուտքը։ Գործողությունների որակը և դրանց ազդեցությունը իսկական վերելք ապրեցին, և ես համարձակվում եմ ասել, որ այս երկու տարին, ինչպես նաեւ իներցիայով 1982 թվականը, ԱՍԱԼԱ-ի «ոսկե ժամանակաշրջանն» էին: Մոնթեն ուղղակի և կարեւոր դեր խաղաց այս որակական ցատկի իրականացման գործում։ Նա անձամբ իրականացրեց մեկից ավելի գործողություններ՝ թուրք դիվանագետների դեմ և վարժեցրեց այլ մարտիկների, այդ թվում՝ 1981 թվականի սեպտեմբերի 24-ին Փարիզում Թուրքիայի հյուպատոսության գրավման մարտիկներին։

1983 թվականի հուլիսին ԱՍԱԼԱ-ի պառակտմանն այլընտրանք կա՞ր:

ԱՍԱԼԱ-ի պատմությունը տխուր պատմություն է, որովհետեւ նվիրումի, խիզախության, հայ դատի վերահաստատման ու ազգային հպարտության զարթոնքի կողքին, ցավոք, համենում ու գնալով աճում էին անընդունելի, վնասակար, հակակառուցողական և հակաարդյունավետ գործելակերպը, հակահումանիստական և հակահեղափոխական էթիկան և վարքագիծը, բանդաների հատուկ պրակտիկան, անհեթեթը և այլն, և դա՝ ինչպես գործողություններում, այնպես էլ կազմակերպության ներքին հարաբերություններում: Այս գործելաոճն ու վարքագիծն արտահայտվում էին անիմաստ զինված գործողություններով, որոնք չէին կարող որեւէ օգուտ բերել գործին, այլ հակառակը, անմեղ զոհերի թիրախավորումով՝ հաճախ ամբողջական իմացությամբ, կասկածելի ռեժիմների, ծառայությունների և կազմակերպությունների հետ կասկածելի հարաբերություններով, ներհայկական հարաբերությունների հակաարդյունավետ սրացումով, մեծ մասամբ առանց որեւէ սադրանքի՝ հայկական թիրախների դեմ զինված հարձակումներով, ներքին նվազագույն ժողովրդավարության բացակայությամբ, ներքին խորհրդակցությունների և քննարկումների գրեթե բացակայությամբ, ներքին թունավոր մթնոլորտով, պայքարի ռազմավարական մոտեցման բացակայությամբ և այլն։ Այս գործելաոճը ոչ միայն ինքնին անընդունելի էր, այլեւ ժամանակի ընթացքում ջնջում էր քաղաքականապես կշռադատված, նպատակաուղղված և հաջողված գործողությունների դրական արդյունքները։ Այս վարքագծերը մեծ լարվածություն էին ստեղծել ԱՍԱԼԱ-ի կորիզում անգամ՝ չխոսելով Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի համակիր շրջանակներում առաջացած օտարման մասին: Իրավիճակը դարձել էր անտանելի և ԱՍԱԼԱ-ի ներսում երկու հոսանքների միջեւ համակեցությունը դարձել էր անհնար։ Բայց բոլոր լծակները նշված գործելակերպի պատասխանատու՝ ԱՍԱԼԱ-ի ղեկավար Հակոբ Հակոբյանի ձեռքերում էին։ Այդ գործելակերպի բոլոր հակառակորդները մեկուսացվել էին նրա կողմից: Մոնթեն, ով իհարկե խիստ ընդդիմանում էր այդ գործելաոճին, 1983-ին Հակոբյանի հրամանով գտնվում էր փաստացի տնային կալանքի տակ: Չնայած այս ամենին՝ ավելի ճիշտ այդ ամենի պատճառով, ներքին բիրտ պառակտումը կամ պայթյունը գործնականում անխուսափելի էր դարձել: Այն, ինչ տեղի ունեցավ 1983 թվականի հուլիսին, երբ Հակոբյանի որոշ հակառակորդներ սպանեցին նրա գլխավոր աջ ձեռքերից երկուսին, այս մթնոլորտի արդյունքն էր, բայց նաեւ անզորության ու զայրույթի ակտ, այլ ոչ թե ներքին հակասությունների կշռադատված լուծում: Մոնթեն կատարվածի ոչ դրդողն էր, ոչ ծրագրավորողը, ոչ էլ կատարողը: Բայց երբ դա տեղի ունեցավ, նրան մնում էր միայն հայտարարել պառակտման մասին:

Արդյո՞ք Մոնթեն իսկապես հույս ուներ պայքարը հասցնել Թուրքիայում օկուպացված հայկական տարածքներ:

Այո՛, դա էր նրա նպատակը և նրա մտքերի ու ջանքերի կիզակետը։ Մոնթեն թուրքական պաշտոնական թիրախների դեմ զինված գործողությունները համարում էր հայկական զինված պայքարի առաջին փուլ՝ զինված քարոզչության փուլ։ Նրա համար այս մարտավարությունն ինքնանպատակ չէր, այլ պետք է հենց Թուրքիայում օկուպացված հայկական տարածքներում զինված պայքարի համար դաշտ նախապատրաստեր։ Նա համարում էր, որ վաղ թե ուշ Թուրքիայում սոցիալական հեղափոխություն էր տեղի ունենալու, ինչպես նաեւ այնտեղի քրդերը իրականացնելու էին իրենց նպատակները կա՛մ իրական ինքնավարության, կա՛մ անկախության տեսքով: Նա համոզված էր, որ հայերը պետք է անպայմանորեն տեղում մասնակցեին այդ պայքարին, եթե ուզում էին լուծել ազգային հարցը։ Նա գտնում էր, որ հայերը դատարկաձեռն էին հայտնվելու, եթե այդ սոցիալական հեղափոխությունն ավարտվեր և քրդական նկրտումները իրականացվեին առանց իրենց մասնակցության։ Համարում էր, որ հայերի քաղաքական ձեռքբերումների մակարդակը կախված էր լինելու տեղում պայքարին նրանց ակտիվ մասնակցության մակարդակից։

1985- 1989 տարիներին ֆրանսիական բանտերից գրած նրա տեքստերը կենտրոնացած էին այս թեմաների շուրջ: Բանտից ազատվելուց հետո Բալկաններում անցկացրած փախուստի մեջ գտնված ժամանակաշրջանում նա փորձում էր այդ նպատակով կազմակերպչական կառույց ձեւավորել:

Այս սոցիալական հեղափոխությունը Թուրքիայում իհարկե տեղի չունեցավ, և քրդերի պայքարը դեռ շարունակվում է առանց իսկական շոշափելի արդյունքների, առնվազն Թուրքիայի ներսում: Մյուս կողմից՝ ղարաբաղյան շարժումը և հետագայում ԽՍՀՄ-ի փլուզումն ու Հայաստանի իրավական անկախացումը հայկական հարցի առանցքն ու հայկական մտահոգությունները տեղափոխեցին դեպի Արեւելք։ 1990-ի ամռանը Երեւանում իշխանափոխությունից հետո ստեղծված պայմաններից հետո Մոնթեն եկավ Հայաստան, որտեղ ավելի ազատ գործողության դաշտ կարող էր ունենալ։ Արցախյան հակամարտության սրումը նրան տարավ այնտեղ, ու մնացածը գիտենք։ Բայց ես վստահ եմ, որ նրա համար Արեւմտյան Հայաստանի տարածքների հարցը միայն հետաձգված էր։

4 տասնամյակների հեռավորությունից Մոնթեի ժամանակի իդեալներն ու նախագծերը կարելի է գնահատել որպես ուտոպիստական, բայց 1980-ականների համատեքստում դրանք ամբողջությամբ այդպիսին չէին, որքան էլ որ լինեին շատ դժվար հասանելի և քիչ հավանական։

Ինչպե՞ս գնահատել նրա դերը Ղարաբաղյան առաջին պատերազմում։ Որո՞նք էին նրա ամենամեծ ձեռքբերումները:

Նրա դերը պարզապես կարդինալ էր։ Կարող եմ խղճի ամենայն հանգստությամբ և առանց չափազանցության մեջ մեղադրվելուց վախենալու ասել, որ Մոնթեի շնորհիվ է, որ մենք 1992-ին պատերազմը չկորցրինք, և որ նա շատ վճռորոշ դեր ունեցավ 1993-ի նվաճումներում։

1992-ի մայիսին հայերի կողմից Շուշիի գրավման և Լաչինի միջանցքի բացումից հետո, երբ մերոնք դեռեւս էյֆորիայի մեջ էին, Ադրբեջանն աննախադեպ խոշոր հարձակում սանձազերծեց Արցախի բոլոր ճակատների ուղղությամբ: Սկսած հունիսից, մի քանի շաբաթների ընթացքում գրավվեց այն ժամանակվա Արցախի տարածքի գրեթե կեսը։ Շահումյանի ամբողջ շրջանը, Մարտակերտի շրջանի 80%-ը, որն ինքնին Արցախի ամենամեծ շրջանն է, Ասկերանի շրջանի մի մասը և այլն, մեկը մյուսի հետեւից ընկան։ Հայերը նահանջում էին բոլոր ճակատներում, բացի մեկից՝ Մարտունու շրջանից, որի հրամանատարն էր Մոնթեն։ Երեք ամիս՝ հունիսից մինչև սեպտեմբեր, ադրբեջանցիները հարձակման հետեւից հարձակումներ էին իրականացնում այս շրջանի երեք տարբեր՝ հյուսիսային, արեւելյան և հարավ-արեւելյան թեւերի ուղղությամբ: Նրանց հիմնական նպատակն էր ճեղքել և տիրանալ Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհին: Նրանց հաջողությունը, հաշվի առնելով մնացած բոլոր ճակատներում հայկական կորուստները, նշանակելու էր Արցախի ավարտը: Բայց նրանք ոչ մի հաջողության չհասան: Մարտունին ոչ մի քառակուսի մետր չզիջեց։ Ընդհակառակը, հարյուրավոր և հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ադրբեջանցի զինվորներ մահացան, հարյուրավոր տանկեր և այլ սպառազինություն ոչնչացվեցին, և Մոնթեի ուժերը տիրացան թշնամու մոտ 50 տանկի, չհաշված մնացած պատերազմական ավարը։ Արցախը 1992-ի ամռանը փրկվեց՝ շնորհիվ Մարտունու զորքերի հերոսական պաշտպանության, և վերջինների հաղթանակը պայմանավորված էր Մոնթե Մելքոնյանի բացառիկ հրամանատարությամբ։ Սա բացարձակապես էժան պնդում չէ։ Բոլորն են ընդունում, հատկապես Ղարաբաղում, իսկ Մարտունիում առավել եւս, որ Մարտունու հաղթանակները Մոնթեի հաղթանակներն էին։ Իզուր չէր, որ 1992թ․ ամռան վերջին նա արդեն կենդանի լեգենդ էր դարձել։

Մարտունու մարտերը հյուծեցին ադրբեջանական ուժերին և դադարեցրին մյուս ճակատներում նրանց նվաճումները։ Դրանք վերջ դրեցին հայության մեջ տիրող խուճապի և հոռետեսության մթնոլորտին, որը տիրում էր նշված կորուստների պատճառով: Նրանք թույլ տվեցին հայկական ուժերին թարմանալ ու վերակազմավորվել։ 1993-ի փետրվար-մարտ ամիսներին նրանք վերականգնեցին նախաձեռնությունը և անցան հարձակման՝ նախորդ ամռանը կորցրած տարածքները հետ վերցնելու համար։ Այստեղ էլ Մոնթեն հանդես եկավ վճռորոշ դերակատարությամբ: Իր հրամանատարությամբ նրա ուժերը վերատիրացան Մարտակերտի շրջանում մի քանի կարեւոր ռազմավարական դիրքերի։ Այնուհետեւ նա Մարտակերտի կողմից ղեկավարեց Քարվաճառի շրջանը գրավելու գործողությունը։ Այս գործողությունը իրականացվել է չորս ուղղությունից, սակայն իրական մարտերը տեղի են ունեցել Մոնթեի ղեկավարած ճակատում։ 1993-ի ապրիլին Քելբաջարի գրավումը գրեթե վերջնականապես հօգուտ հայերի փոխեց Արցախյան առաջին պատերազմում ուժերի հարաբերակցությունը, և Մոնթեն դրա հիմնական դերակատարներից էր, եթե ոչ հիմնական դերակատարը: Քարվաճառից հետո նրա լեգենդը հասել էր իր գագաթնակետին:

Այս արդյունքներն ու նվաճումները հեշտությամբ ձեռք չբերվեցին: Դրանք ամենօրյա, անխնա, ծանր ու հյուծող աշխատանքի արդյունք էին։ Եվ դրանք ոչ միայն Մոնթեի անժխտելի ռազմական տաղանդի պտուղն էին, այլ նաեւ բարոյական և մարդկային այն արժեքների ու սկզբունքների, որոնք մարմնավորում էր նա: Մոնթեի համար առաջադրանքների հանդեպ մասնագիտական և տեխնիկական մոտեցումը և դրանց առնչությամբ էթիկական և գաղափարական մոտեցումը լուծում պահանջող խնդրի երկու տարբեր հարթությունները չէին: Նրանք մեկ և եզակի հարթություն էին: Նրա համար չէր կարող պրոֆեսիոնալիզմ և գործնական հաջողություն լինել առանց առաջադրանքի կարեւորության բավարար գիտակցման, առանց անմիջական նպատակից այն կողմ ավելի մեծ նպատակի գիտակցման, և առանց համապատասխան կարգապահության: Նմանապես, սկզբունքներն ու արժեքները ոչ մի նշանակություն չէին ունենալու, եթե դրանք մնալու էին միայն գաղափարներ ու կիրառում չէին ստանալու: Սրանում է Մոնթե ֆենոմենի գաղտնիքը։

Երբ 1992-ի փետրվարին Մոնթեն նշանակվեց նախ՝ Մարտունու զորքերի շտաբի պետ, ապա մարտին՝ հրամանատար, այդ տարածքը Արցախի շրջաններից ամենաանկազմակերպն էր: Հայկական գյուղերի միջեւ գտնվում էին ադրբեջանական գյուղեր, հետեւաբար ադրբեջանական զինված ներկայություն՝ շրջանը բաժանելով տարբեր մասերի։ Տեղական ինքնապաշտպանական տարբեր խմբերի միջեւ համակարգումը թույլ էր: Ստեփանակերտի հետ կապի ուղիները շատ դժվար էին, քանի որ ադրբեջանական գյուղերը նույնպես գլխավոր ճանապարհին էին, շրջկենտրոն Մարտունին մշտապես ենթարկվում էր համարյա իրեն կպած ադրբեջանական գյուղերից ռմբակոծություններին և կրակոցներին և այլն: Կարծես այս ամենը քիչ էր, ոչ տեղացիի, ընդ որում՝ «արտասահմանցու»՝ շրջանի հրամանատար նշանակվելը մի քանի տեղական ինքնապաշտպանական խմբերի կողմից ամենեւին էլ լավ չընդունվեց։ Մոնթեին սպասում էր հսկայական աշխատանք: Նա պետք է հաստատեր իր հեղինակությունը, ապահովեր շրջանի ներքին և Ստեփանակերտի հետ հաղորդակցության անվտանգությունը, ապահովեր շրջանի աշխարհագրական միասնությունը, ապահովեր արտաքին սահմանների անվտանգությունը հակառակորդի հետ, տեղական ինքնապաշտպանական ոչ պրոֆեսիոնալ և հիմնականում քիչ կարգապահ տարբեր խմբերից ստեղծեր միացյալ, կուռ և կարգապահ զինված ուժեր, պայքար մղեր գողության, վատնման և կոռուպցիայի դրսեւորումների դեմ, հատկապես ինչ վերաբերվում էր վառելիքի և սպառազինության, ինչպես նաեւ տեղական մաֆիայի դեմ և այլն։ Իր հրամանատարության առաջին ամիսներին՝ Մոնթեն գլուխ հանեց այդ խնդիրները, 20 ժամ տեւող անքուն անցկացրած անվերջանալի օրերի գնով, ինչպես նաեւ իր նյարդերի ու առողջության գնով։ Բայց այս ահռելի աշխատանքը տվեց իր արդյունքը։ Երբ սկսվեց ադրբեջանական ամառային հարձակումը, Մարտունու շրջանն արդեն անառիկ ամրոց էր։ Առանց այս աշխատանքի, Մարտունու ճակատագիրը չէր տարբերվելու Արցախի մյուս շրջանների ճակատագրից։

Բայց Մոնթեի հաջողությունների և նրա ֆենոմենի գաղտնիքը միայն աշխատանքի նկատմամբ նրա լուրջ մոտեցման և բարեխիղճ պրոֆեսիոնալիզմի մեջ չէ: Մոնթեի գոյության և ողջ կյանքի իմաստը ազատության, հավասարության և մարդկային արժանապատվության հաղթանակի համար պայքարն էր։ Այս պայքարի գործողությունների դաշտը հայ ազգն ու հայոց հայրենիքն էին։ Ինչպես ամենուր, այնպես էլ Արցախում Մոնթեն կրում և մարմնավորում էր այդ արժեքները։ Նա դա ընտրությամբ չէր անում. դա նրա բնույթն էր: Որպես հրամանատար նա իրեն որեւէ արտոնություն չէր վերապահում։ Նա խոնարհ էր և իր զինվորներին հավասար։ Նա մասնակցում էր բոլոր մարտերին, առաջին շարքում։ Նա հետեւում էր իր զինվորների բարօրությանը։ Նա անկեղծորեն ցավում էր զոհվածների և վիրավորների համար։ Նա ընդվզում էր իշխանության չարաշահման, բռնաճնշման կամ անհավասարության ցանկացած դրսեւորման դեմ։ Նա հարգում էր խաղաղ բնակիչներին, գյուղացիներին, կանանց ու տատիկներին, ուշադիր էր նրանց բարեկեցությանը: Նա առյուծ էր դառնում մարտերի ժամանակ, բայց պահանջում էր, որ գերի ընկած և/կամ վիրավորված ադրբեջանցի զինվորների արժանապատվությունն ու առողջությունը հարգվի և այլն: Մի խոսքով, նա պարզապես օրինակելի զորահրամանատար չէր, այլ օրինակելի մարդ և ղեկավար։ Իզուր չէին շրջանի որոշ տատիկներ նրան «Սուրբ տղա» անվանել: Նաեւ այս բոլոր արժեքների համար էր, որ Մարտունու թե՛ մարտիկները, թե՛ բնակչությունը նրա նկատմամբ բացարձակ վստահությամբ էին համակված, առանց որի մարտական գործողությունների ելքը կարող էր տարբեր լինել։

Արդյոք նա միայն թշնամու կողմի՞ց սպանվեց:

Մոնթեի մահը միշտ հարցականներ է առաջացրել։ Կան անմիջական փաստեր ու հանգամանքներ, բայց նաեւ ավելի ընդհանուր հանգամանքներ։

Մոնթեն սպանվեց 1993 թվականի հունիսի 12-ին Ադրբեջանի Աղդամի շրջանի Մերզուլի գյուղում ադրբեջանական զրահամեքենայի մոտ տարածությունից արձակած արկի բեկորից։ Սա, թերեւս, առաջին դեպքն էր, երբ նա անձամբ չէր մասնակցում գործողություններին, այլ հեռակա հետեւում էր դրանց հենց Արցախում՝ մի բլուրից։ Մոնթեն տեղեկացվում է, որ գյուղը գրավված է, հետեւաբար՝ ապահով։ Նա 5 սպաների և զինվորների ընկերակցությամբ իր «Վիլիս»-ով ուղղվում է Մերզուլի՝ զինված միայն իրենց «Կալաշնիկով» գնդացիրներով։ Գյուղի ներսում գտնվող մի խաչմերուկում տեսնում են կանգնած մի զրահամեքենա և դրսում կանգնած 3-4 զինվոր: Անմիջապես պարզվում է, որ դա ադրբեջանական զրահամեքենա է։ Մոնթեն և ընկերները անմիջապես դուրս են ցատկում «Վիլիս»-ից պատերի հետեւում կամ փոսերում դիրքեր գրավելու համար՝ միաժամանակ կրակելով հակառակորդ զինվորների վրա։ Զրահապատից արձակված երկրորդ արկը դիպչում է այնտեղ գտնվող սյանը, և բեկորներից մեկը հարվածում է Մոնթեի գլխին։ Նա տեղում մահանում է՝ մնալով ճամփի մեջտեղում:

Այս մանրամասները չնախատեսված, բայց դժբախտ ու ողբերգական հետեւանքներով մի հանդիպման մանրամասներ են: Նախ՝ ադրբեջանական զրահամեքենան Մոնթեին չէր սպասում։ Նա կանգնած էր, անձնակազմի մի մասը դրսում ծխում էր: Նրանք նույնպես չէին սպասում իրենց հակառակորդների հետ հանդիպմանը և, ըստ երեւույթին, նույնքան անակնկալի էին եկել, որքան Մոնթեն և ընկերները: Երկրորդ, Մոնթեն ուղղակիորեն չի թիրախավորվել ո՛չ զրահատեխնիկայի, ո՛չ էլ դիպուկահարի կողմից։ Արկը կարող էր չդիպչել սյանը, և այդ դեպքում, հավանաբար, Մոնթեին ոչ մի բեկոր չէր դիպչի։ Այն կարող էր դիպչել սյանը, բայց բեկորը կարող էր վնասել Մոնթեին՝ առանց սպանելու կամ ընդհանրապես անցնել նրա կողքով: Ի վերջո, բեկորները կարող էին դիպչել իր ընկերներից մեկին կամ երկուսին, բայց ոչ իրեն։ Իդեպ, նրա ընկերներից երեքը վիրավորվել էին կա՛մ բեկորներից, կա՛մ կրակոցներից, ու նրանցից մեկը մահացավ արյունահոսության պատճառով:

Այլ կերպ ասած՝ վատ բախտը չափազանց մեծ դեր խաղաց Մոնթեի մահվան դեպքում:

Այս ամենից հետո սակայն մնում է հիմնական մի հարց. ինչո՞ւ Մոնթեն տեղեկացվեց և նրան վստահեցվեց, որ Մերզուլին արդեն ապահով է, ուստի հնարավոր է մուտք գործել առանց լրացուցիչ միջոցների: Մանավանդ որ պարզվել է, որ երբ «Վիլիսը» գյուղ էր մտնում, տանկային մարտերը շարունակվում էին նրա մյուս ծայրում։ Արդյո՞ք նա գիտակցաբար ուղղորդվեց պոտենցիալ ծուղակի մեջ:

Այս հարցը արդիական է դառնում, եթե հաշվի առնենք որոշ գործոններ։ Մոնթեի բարոյական հեղինակությունը և ողջ Արցախի բնակչության, ինչպես նաեւ զինվորների զգալի մասի սերը նրա հանդեպ այնպիսի չափերի էին հասել, հատկապես Քարվաճառի ազատագրումից հետո, որ պետք է անհանգստացնեին Ստեփանակերտի և նույնիսկ Երեւանի որոշ շրջանակների։ Բացի այդ, Մոնթեն թշնամիներ էր ձեռք բերել Մարտունու որոշակի մաֆիական և կոռումպացված շրջանակների մեջ։ Այս գործոնները կարող են հանգեցնել այն մտքին, որ Մոնթեի անհետացումը ցանկալի կարող է լիներ որոշակի շրջանակների կողմից: Բայց նրա մահվան ճշգրիտ հանգամանքները ցույց են տալիս, որ պատահականությունը չափազանց մեծ դեր է խաղացել։

Հիմնականում ի՞նչն էր դրդում, մոտիվացնում նրան, և որո՞նք էին նրա մեծագույն հատկությունները:

Կարծում եմ, որ Մոնթեի ֆենոմենը և նրա վարած կյանքը հասկանալու համար պետք է հասկանալ նրա բնավորության մի շատ հիմնարար գիծ․ նրա համար կարևոր էին տեսության և պրակտիկայի անբաժանելիությունը, համոզմունքների և դրանց իրականացման համար անհրաժեշտ գործողության միջեւ գրեթե էաբանական միասնությունը, դրանց անբաժանելիությունը։ Մենք՝ սովորական մահկանացուներս, կարող ենք ունենալ համոզմունքներ, դրանց նկատմամբ լինել ամբողջովին անկեղծ՝ առանց, սակայն, մեր կյանքն ընկալելու բացառապես և միայն որպես այդ սկզբունքների և համոզմունքների մշտապես ակտիվ իրականացման դաշտ։ Մոնթեի համար համոզմունքների և դրանց իրականացման համար մշտական գործողության նման, նույնիսկ մասնակի տարանջատումն անըմբռնելի էր: Նրա մեջ այս միասնությունը բնածին էր, դա նրա կատարած ընտրության արդյունքը չէր։ Դա իր բնությունն էր, իր էությունը։

Այս հիմնարար հատկանիշն այնքան էր արմատավորված նրա մեջ, որ իր հայրենասիրական ու քաղաքական հանձնառության սկզբում, 19 տարեկանում և բավականին երկար ժամանակ, նա չէր գիտակցում այս առումով ուրիշների նկատմամբ իր տարբերությունը: Դա գիտակցեց ավելի ուշ, բայց դա նրա մեջ ոչինչ չփոխեց. նրա էությունը ոչնչով չփոխվեց:

Իրերի այս պատկերացումն ինքն է լավագույնս նկարագրել իր «Ինքնաքննադատություն» վերնագրով հուշագրությունում, որը գրել է արեւմտահայերենով, 1990 թվականին՝ նախքան Հայաստան ժամանելը։ Խոսելով 1978 թվականին Միացյալ Նահանգներից Մերձավոր Արեւելք մեկնմանը նախորդած շրջանի մասին, նա ասում է. «Չէի կրնար հասկնալ, թէ ինչո՞ւ մարդիկ պատրաստ չէին ինծի պէս նետուելու ամէնայառաջապահ (եւ ընդհանրապէս ամենավտանգաւոր) գործերուն մէջ:» (…) «եթէ մէկը ձուլուած պէտք է ըլլար, ատիկա ես էի եւ չէի կրնար հասկնալ որ թերեւս ուրիշներ աւելի հանգիստ կը զգային կամ աւելի կ’ուզէին ամերիկացի ըլլալ, քան հայ»: (…) «Իմ ենթակայական զօրաւոր դիրքս (…) շատ պարզի կ’առնէի եւ կը կարծէի ընդհանուր իրականութիւն մըն էր եւ ոչ թէ բացառութիւն»:

«Սակայն ուրիշ ձեւով իրապաշտ էի: Գիտէի որ հայ ժողովուրդի իրաւունքները իրագործելու միակ միջոցը զինեալ պայքարն է Թուրքիոյ մէջ: Ինծի համար ամէն ինչը այնքան պարզ ու տրամաբանական էր, որ նոյնիսկ թուաբանական էր»:

«Սփիւռքահայութիւնը Հայաստանէն դուրս կ’ապրի քանի որ ցեղասպանութիւնը եղաւ, եւ անիկա պարտաւոր եղաւ երկիրը ձգելու: Այսօր չի կրնար վերադառնալ քանի որ Թուրքիոյ պետութիւնը գաղութատիրարար, շահագործող, այլամերժ եւ ուղղակի ֆաշական բնոյթ ունի: Ուրեմն մեր ժողովուրդը պէտք է հոն զինեալ պայքար մը տանի որեւէ շօշափելի իրաւունք ունենալու համար: Իսկ ամէն մէկ հայ հայրենասէր (անշուշտ ներառեալ նաեւ ես) պէտք է երթայ եւ մասնակցի այդ պայքարին»:

«Այո, ինծի համար այսքան պարզ էր»։

Հետեւաբար Մոնթեն մեծ իդեալիստ էր, բառի ոչ թե փիլիսոփայական՝ իդեալիստական աշխարհայացքի տեր լինելու իմաստով, այլ շատ խորը գաղափարներով, սկզբունքներով և համոզմունքներով առաջնորդված լինելու իմաստով: Բայց նա նաեւ ամբողջովին մատերիալիստ էր՝ այն իմաստով, որ նրա համար գաղափարներն ու համոզմունքները ոչ մի նշանակություն չէին ունենալու, եթե դրանք շոշափելի կերպով չէին իրագործվելու:

Նա իդեալիստ էր, բայց չէր ապրում ամպերի մեջ: Նրա ոտներն ամբողջությամբ հողի վրա էին: Նա մտավորական էր։ Գրել է բազմաթիվ վերլուծական և նույնիսկ տեսական տեքստեր, բայց նրա բոլոր տեքստերը գործնական նպատակ էին հետապնդում։ Նրա համար կարեւորը հետապնդած նպատակի, շոշափելի արդյունքի ձեռքբերումն էր, բայց նպատակ, աշխատանք և արդյունք, որոնք հիմնված պետք է լինեին սկզբունքների, մտորումների, տվյալների, ուսումնասիրության և վերլուծության վրա:

Նա երբեք չէր բավարարվում նրանով, ինչ արդեն գիտեր։ Գիտեր շատերից շատ ավելին, բայց միշտ ձգտում էր հարստացնել և կատարելագործել իր գիտելիքները՝ իր առաջադրանքները ավելի լավ իրականացնելու համար: Նրա մահվան օրը մահճի մոտ գտնվում էր Սուն Ցզիի «Պատերազմելու արվեստը» դասական պատմական աշխատության մի օրինակ:

Մոնթե ֆենոմենը կամփոփեի հետեւյալ կերպ.

Յուրահատուկ էակ և բնավորություն, շատ ինքնատիպ անհատականություն, անմիջական և ջերմ, պարզ և շփվող, ճառագող բնականություն, շատ պարզ արտաքին և հանդերձանք, ընդհանրապես ուրախ, պայթող ծիծաղ, միաժամանակ խորունկ և միամիտ, իդեալիստ, միաժամանակ ազատասեր և կարգապահության, առաջին հերթին՝ ինքնակարգապահության ջատագով, հուսահատություն չիմացող, նյութական ունեցվածքի նկատմամբ ամբողջությամբ անտարբեր, և այս ամենը առանց որեւէ արհեստականության, առանց այդպիսին լինելու կամ երեւալու հատուկ ցանկության կամ որոշման, այլ ամբողջությամբ ինքնաբուխ և բնական կերպով:

Ավելացնենք սրան՝ հասարակական և քաղաքական իրողությունների գիտակ մտավորական, համոզված սոցիալիստ, ազատության, հավասարության և արդարության մարտիկ, բռնաճնշման և շահագործման թշնամի, հակառասիստ և ժողովուրդների իսկական բարեկամության կողմնակից, մի քանի լեզուների տիրապետող, մարդ, ով այցելել և ճանաչել է աշխարհի մի քանի տասնյակ երկրներ, ճանաչել նրանց մշակույթները, բայց ով, գիտակցելով իր արմատները և գրեթե զրոյից հասնելով հայկական ազգային գիտակցության, սեփական որոշմամբ և ամբողջական գիտակցությամբ՝ հայ ժողովրդի իր հայրենիք վերադարձի, ինքնորոշման ու ինքնաիրացման համար պայքարը դարձրեց իր կյանքի նպատակը, իր գոյության իմաստը:

Ահա Մոնթեն:

Որո՞նք էին նրա թերությունները:

Աշխարհում ոչ ոք առանց թերությունների չէ, և Մոնթեն բացառություն չէր կարող լինել: Բայց ես անկեղծ կարծում եմ, որ նրա թերությունները շատ չէին, համենայն դեպս ավելի քիչ էին, քան մերը, ներառյալ իհարկե նաեւ իմ թերությունները:

Նա երբեմն դառնում էր չափազանց համառ և անզիջող իր հայացքներում: Երբ նա շատ էր զայրանում որոշակի իրավիճակից, երբեմն դառնում էր անհաղորդ և արգելափակում էր իր ընկալիչներն ուրիշների տեսակետների և հիմնավորումների առաջ, հրաժարվում էր հարցը դիտարկել իր զրուցակցի տեսանկյունից:

Չնայած խելացությանը՝ նա միամիտ էր։ Կարելի է դա համարել թերություն, բայց իրականում դա այդպիսին չէր, քանի որ նրա միամտությունը ներկայացնում էր նրա ազնվության մյուս կողմը։ Ինչպես նկատեցինք, և նա ինքն էլ նշեց, իրերի մասին իր պատկերացումներով նա տարբերվում էր ուրիշներից, բայց երկար ժամանակ չէր գիտակցում այդ տարբերությունը։ Նա կարծում էր, որ մյուսները, բնականաբար, պետք է մտածեն իր նման, այստեղից էլ նրա միամտությունը։ Բայց ես դա թերություն չեմ համարում, որովհետեւ իր դեպքում միամիտ չլինելն անպայմանորեն նշանակելու էր չունենալ իր մեծ հատկանիշների մի լավ մասը։ Երկուսն անպայմանորեն միասին էին ընթանում: Կյանքը, կենսափորձն ու ապրած դառնությունները բավականաչափ հաղթահարեցին նրա միամտությունը, բայց իսպառ չվերացրին այն։ Մինչեւ իր կյանքի վերջը նա պահեց իր այս փոքր-ինչ միամիտ կողմը, որն իդեպ նրա անհերքելի հմայքի անբաժանելի մասն էր:

Մի նշանակալից թերություն, որը նա ունեցել էր իր ուշ պատանեկության և վաղ երիտասարդության տարիներին, և որն ինքն էլ հետագայում խոստովանել է, իր անհամբեր, ոչ բավարար չափով հասուն կողմն էր դեպի գործնապաշտություն՝ «ակցիոնիզմ» հակվածությունը: Այս ժամանակահատվածում նրա որոշ գործողություններն ու ծրագրերը ոչ թե հասուն և բավարար մտորումների և վերլուծությունների, այլ շոշափելի արդյունքների արագ հասնելու ցանկության արդյունք էին: Մոնթեն երբեք չի վախեցել մեծ ռիսկերից, նրա ողջ կյանքը դրա ապացույցն է, բայց նա երբեք արկածախնդիր չի եղել։ Այնուամենայնիվ, նրա անհամբերության և որոշակի անհասունության պատճառով այս ժամանակահատվածում նրա որոշ գործողություններ և ծրագրեր երբեմն շատ էին մոտենում արկածախնդրության: Բայց դա կարճ տեւեց։

Ի՞նչ է թողել նա որպես հետք, որպես հուշ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում։ Արդյո՞ք նա թողել է նաեւ քաղաքական ժառանգություն: Ի՞նչ կհիշի հայոց պատմությունը նրա ուղեւորությունից:

Մոնթեն Հայաստանի և Արցախի ամենահայտնի, ամենասիրված և ամենահարգված մարտիկն է։ Իհարկե կան մարդիկ, խմբեր, որոնց համար թիվ 1 հերոսը մեկ ուրիշն է, բայց Մոնթեին ոչ ոք չի հավասարվի համընդհանուր հարգանքի առումով։ Մոնթե անունը նորածին տղաներին ամենաշատ տրվող անունների առաջին հնգյակում է՝ Նարեկ և Դավիթ շատ հին և շատ տարածված անունների կողքին: Սա՝ պատկերացում կազմելու համար, թե ինչ զգացում ունեն հայերը նրա նկատմամբ։ Նրան սիրում ու հարգում են իր հաղթանակների, քաջության, նվիրումի ու բարոյական ազնվության համար։ Այն, որ նա եղել է Սփյուռքից և ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ եւս փոքր չափով իր դերն ունի: Բայց ամենակարեւորը նրա հաղթանակներն են և ազնվությունը:

Բայց կարծում եմ, որ շատ քչերն են ճանաչում Մոնթեին ամբողջությամբ, իր ողջ խորությամբ: Նա մեծ խորհրդանիշ է, բայց ոչ մոդել, որովհետեւ նրան մոդել համարելու և որպես այդպիսին նրան հետեւելու համար պետք է ճանաչես նրան իր ամբողջության մեջ, ոչ միայն իր հաղթանակներով, քաջությամբ, մի քիչ էլ բարոյական արժեքներով: Դրա համար հարկավոր է իմանալ և ընդունել նրա բարոյականության մյուս կողմը, այսինքն՝ նրա քաղաքական և սոցիալական համոզմունքները, ազատ, արդար և հավասարազոր հասարակության և պետության պատկերացումները։

Կարող է տարօրինակ թվալ, բայց Մոնթեն չէր պայքարում ռազմական հաղթանակների համար: Այո, նա պայքարում էր հայրենի հողի համար, բայց դա եւս ինքնանպատակ չէր: Նա առաջին հերթին պայքարում էր սոցիալական, տնտեսական և քաղաքական այնպիսի հարաբերությունների հաստատման և հաղթանակի համար, որտեղ հայը՝ որպես անհատ, երկրի մյուս քաղաքացիները և հայ ազգը կկարողանային ծաղկել և ինքնաիրացվել, այնպես որ մեկի ծաղկումը տեղի չունենար ուրիշի ծաղկման հաշվին, և կկարողանային իրենց հարեւանների հետ ապրել արժանապատիվ, ներդաշնակ ու խաղաղ կյանքով:

Նա իր 35 տարիներից 15-ն ապրեց զենքի հետ և զենքերի միջավայրում, բայց դրանք միայն միջոցներն էին՝ հասնելու իր նշված վերջնական նպատակին: Այս Մոնթեն, ամբողջական Մոնթեն շատ քիչ ճանաչված և գնահատված է: Արցախյան պատերազմի՝ գրեթե իր հավասարը չունեցող հերոս Մոնթեն միայն մի մասն է, թեեւ շատ կարեւոր մասը, ամբողջական Մոնթեի:

Համոզված եմ, որ նա հայոց պատմության մեջ կմնա այնքան ժամանակ, որքան այդ պատմությունը կշարունակի գոյություն ունենալ: Հայոց պատմությունը նրան կհիշի որպես Հայ դատին նվիրված, բարձր բարոյականության տեր մեծ հայրենասերի, ով ամենաէական դեր է ունեցել Ղարաբաղյան առաջին պատերազմում հայկական հաղթանակում։ Պատմությունն ավելին կպահի՞ նրանից: Դա կախված կլինի այն հարցի պատասխանից՝ արդյոք նրա ողջ անհատականությունը ճանաչված և գնահատված կլինի, թե ոչ։

Ի՞նչ կաներ Մոնթեն այսօրվա Հայաստանում:

Դա մի հարց է, որը բոլորի շուրթերին է, բայց նաեւ անշնորհակալ հարց է: Կարելի է պնդել, պարծենալ, որ գիտենք, որ Մոնթեն կաներ այս կամ այն բանը, և կարող ենք նույնիսկ սխալված չլինել. բայց արդյո՞ք դրա իրավունքն ունենք:

Հաշվի առնելով այն աղետալի իրավիճակը, որում հայտնվել ենք 2020 թվականի պատերազմից հետո, ես չեմ կարող համարձակվել ասել, թե նա ինչ կարող էր անել կամ կաներ այսօր, երբ Հայաստանն ու Արցախը գտնվում են մշտական ահավոր մամլիչի տակ և որի դեմ չափազանց քիչ լծակներ ունեն։

Ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ նա ձեռքերը ծալած չէր մնա և, իհարկե, շատ բաներ կաներ, բայց չեմ կարող ասել նրա ջանքերը որակական փոփոխության կհանգեցնեին, թե ոչ։ Չեմ ասում, որ չէին հանգեցնի, բայց չեմ կարող վստահ լինել՝ հաշվի առնելով ուժերի հավասարակշռությունը և իրավիճակի ծայրահեղ լրջությունը։

Բայց ես վստահ եմ մեկ այլ բանում. հայերը պատերազմում պարտվեցին, իհարկե, Ադրբեջանի հետ ռազմական մեծ անհավասարակշռության, ինչպես նաեւ տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով, բայց ոչ միայն։ Հայերն առաջին հերթին պարտվեցին Հայաստանում և Արցախում ստեղծված փտած համակարգի, պլուտոկրատական և օլիգարխիկ համակարգի, կոռուպցիայի, հանրային ունեցվածքի գողության, սոցիալական և իրավական արդարության բացակայության, ռեպրեսիվ մթնոլորտի և պրակտիկայի, ավտորիտար, երբեմն նույնիսկ բռնապետական համակարգի, այս բոլորի արդյունքում ներսում բացակայող լեգիտիմությունը դրսում փնտրելու և այդ պատճառով արտաքին կապերի այլընտրանքները սահմանափակելու, ինչպես նաեւ այս ամենի հետեւանքով բնակչության շրջանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի պատճառով։

Ռազմական և նույնիսկ աշխարհաքաղաքական անհավասարակշռությունները, բնավ ոչ փոքր մասով, արդյունք էին իրերի այս դասավորության: Այն, ինչում ես վստահ ու համոզված եմ, այն է, որ եթե Մոնթեն ողջ լիներ, նա իր ամբողջ ուժով և ողջ էներգիայով պայքարելու էր այս իրավիճակի դեմ։ Արդյո՞ք նա հաղթող դուրս կգար այս պայքարից: Չեմ կարող ասել: Նա կարող էր իր կյանքով վճարել դրա համար։ Բայց նա ամեն ինչ կաներ, որ մենք չհայտնվեինք 2020 թվականի իրավիճակում։ Իսկ այս դեպքում պատերազմի ելքն ու դրա շարունակությունը կարող էին այլ լինել, հավանաբար այլ կլինեին։

Հոդվածը՝ hetq.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *