Հայաստան

Մեզ Անհնար Է Շեղել Մեր Ճանապարհից, Որովհետև Մեզ Համար Միևնույնն Է, Թե Ուր Ենք Գնում

Մաս երկրորդ

Այս հանգամանքները էական են՝ հասկանալու համար թե՛ ներկայումս ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինային արևմտյան աջակցության տրամաբանությունը, և թե՛ Հայաստանի պարագայում օտարերկրյա ներխուժումներին դիմակայելու հարցում միայն հայկական ռազմական նվազած ներուժի վերաբերյալ թեզի սնանկությունը։

Սուրեն Սահակյան

Ի տարբերություն Եվրոպայի՝ այդ տարածաշրջանից դուրս գտնվող երկրներն ի սկզբանե հարաբերությունների այսպիսի կարգավորումներն իրենցը համարել չէին կարող։ Այսպես, ժամանակին եվրոպական թատերաբեմում ակտիվ Օսմանյան կայսրությունն ու ընդհանրապես իսլամադավան երկրները պատկերացնում էին բոլորի միավորումն իսլամի ներքո և շարիաթի օրենքներով ապրող աշխարհ, որտեղ խոսք չկար բազմազանության մասին։ Ռուսաստանում «Խառնակ ժամանակներն» էին, որ բնութագրվում են պետականության ճգնաժամով, տնտեսական անկայունությամբ, իրար հաջորդող ապստամբություններով։ Հետագայում այստեղ նույնպես բազմազանության պայմաններում համակեցության մասին խոսք լինել չէր կարող։ Թեև փոխվել են քաղաքական ռեժիմները, դիկտատորների անունները՝ ցարից մինչև նախագահ, բայց կառավարման բովանդակությունը դրանից մեծ փոփոխությունների չի ենթարկվել․ մինչ այժմ ռուսական կառավարման ձևը աբսոլյուտիզմն է։ Արևելքում՝ Չինաստանում, նույնպես բազմազանության պայմաններում ապրելու ավանդույթներ չկային։ Քաղաքական փիլիսոփայությունն ասում էր, որ կայսրներն իշխում են երկնքի տակ գոյություն ունեցող ամեն ինչի վրա և, հետևաբար, ամեն ինչ պետք է ձևափոխվի նրանց պատկերացումներին ու մշակույթին համահունչ։ Եվրոպայի սահմաններից դուրս ինքնիշխանությունն անհասկանալի էր, իսկ ուժերի հավասարակշռությամբ խաղաղության մեջ ապրելու պրակտիկան ընկալում չէր կարող գտնել։ 

Սակայն նույնիսկ ամենաբարդ հարաբերությունների կարգավորման համար Վեստֆալյան խաղաղության պայմաններն այնքան պարզ են և համապարփակ, որ դրանցով գործնականում հնարավոր է կարգավորել աշխարհի բոլոր տարածաշրջանների ժողովուրդների ու պետությունների միջև հարաբերությունները՝ անկախ կրոնից, քաղաքական փիլիսոփայությունից կամ քաղաքակրթական մակարդակից։ Այն բազմազանությամբ, որ առկա էր 17-րդ դարի Եվրոպայում, այսօր կարելի է բնութագրել ամբողջ գլոբալիզացված աշխարհը։ 

Վեստֆալյան խաղաղության պայմանների երաշխավորը ժամանակի խոշոր եվրոպական տերություններ էին՝ Ֆրանսիան և Շվեդիան, սակայն պետք է նշել Անգլիայի բացառիկ դերակատարությունը, որ շարունակվեց ընդհուպ 20-րդ դար։ Ի տարբերություն ցամաքային պետությունների՝ Անգլիան հզոր նավատորմ ունենալու պարագայում ավելի պաշտպանված էր, և դա նրան հնարավորություն էր տալիս առանց մեծ ռիսկերի արդյունավետ միջամտել համաեվրոպական գործերին։ Մյուս կողմից, որպես ժամանակի տնտեսական առաջատարներից մեկը, միջազգային առևտրի էական դերակատար, խաղաղությունը նրա համար կենսական անհրաժեշտություն էր։ Եվ Անգլիայի այդպիսի դիրքը ապագա դարերի նրա վարած քաղաքականության համար վճռորոշ նշանակություն ունեցավ։ Հենց նա՛ էր դառնում եվրոպական խաղաղության պահպանման հիմնական երաշխավորը, որը դաշնակիցներին փոխելու միջոցով զսպում էր ցամաքային որևէ տերության աճող ախորժակը և, հետևաբար, պատերազմները։  Որևէ պետություն, որ հնարավոր կհամարեր հարևան պետությանը պատերազմով պարտության մատնել, պետք է նկատի ունենար, որ ընդունված կանոնները խախտելու դեպքում գործ է ունենալու ոչ միայն հարևանի, այլ նաև Անգլիայի հետ։ Հենց այսպիսի քաղաքականությունն է ապագայում Անգլիայի վարչապետ դարձած լորդ Պալմերստոնի ներկայումս տարածված այս խոսքերի հիմք դարձել․ «Անհեռատես է կարծել, թե Անգլիան անփոխարինելի դաշնակիցներ և մշտական թշնամիներ ունի։ Մենք հավերժական թշնամիներ և հավերժական բարեկամներ չունենք։ Միայն մեր շահերն են հավերժական, և մեր պարտքն է մեր շահերին հետամուտ լինելը»։

Ամփոփելով Վեստֆալյան խաղաղության պայմանների թեման, արձանագրենք դրա էությունը։ Դրանցով մի կողմից պետություններին տրվում էին իրավունքներ՝ ինչ սահմաններում կարելի է գործել, ինչ կարելի է անել, իսկ ինչ՝ չի կարելի, մյուս կողմից դրանք ձևավորում էին ուժերի այնպիսի հավասարակշռություն, որը կանոնների խախտման դեպքում կզսպի և թույլ չի տա, որ մեկը ենթարկեցնի մյուսներին․ կանոնները խախտողին պատժում են բոլորը։ Այսպիսով, միայն ուժեղ լինելը ողջամիտ ու բավարար չի լինում պատերազմ սկսելու և, առավել ևս, հաղթանակի ակնկալիքի համար։ Միջազգային այսպիսի իրավունքի յուրաքանչյուր սուբյեկտ՝ մեծ, թե փոքր պետություն, պետք է նույնչափ զսպված լինի և նույնչափ պաշտպանված լինի, որքան մյուսը։ 

Այս հանգամանքները էական են՝ հասկանալու համար թե՛ ներկայումս ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինային արևմտյան աջակցության տրամաբանությունը, և թե՛ Հայաստանի պարագայում օտարերկրյա ներխուժումներին դիմակայելու հարցում միայն հայկական ռազմական նվազած ներուժի վերաբերյալ թեզի սնանկությունը։ Հայ քաղաքական միտքը բավական մեծ կասկածամտությամբ է վերաբերվում իրավունքին՝ որպես ուժի աղբյուր,  չափազանց մեծ նշանակություն տալիս ուժին՝ որպես իրավունքի աղբյուր։ Այնինչ միջազգային իրավունքը հենվում է ուժի և իրավունքների նկարագրված փոխներգործության վրա։ Հնարավոր չէ անտեսել ուժի գործոնը, և ինչպես մենք հետագայում կտեսնենք, այն կարող է էական ազդեցություն ունենալ իրավունքների բաշխման հարցում, սակայն միջազգային հարաբերությունները հիմնված են ուժի կիրառումը հավասարապես սահմանափակելու, այն ռացիոնալիզացնելու և իրավունքների շրջանակներում ողջամտորեն կիրառելու դրույթի վրա։ Եվ ամենակարևորը՝ Վեստֆալյան պայմանագրից հետո ուժերի հավասարակշռության հասնելն արդեն համակարգ դարձավ, և դրան հասնելը համաշխարհային դերակատարում ունեցող շատ երկրների համար հռչակվեց որպես արտաքին քաղաքականության նպատակ, իսկ դրա խախտումը հավասարակշռությունը վերականգնելու և պաշտպանելու նպատակով ձևավորված կոալիցիաների էր հանգեցնելու։ Ապագայի համար հստակեցնենք, որ եթե այժմ տարբեր տարածաշրջաններում ուժային բալանսը բնական կերպով չի ձևավորվում, ապա խաղաղության պահպանման նպատակով այն ձևավորում են արհեստականորեն և հակառակը՝ շատ հաճախ պատերազմներ հրահրելու համար բավարար է լինում կողմերի միջև սպառազինության հավասարակշռության խախտումը։

Վիեննայի կոնգրես

Վեստֆալյան պայմանագրի կնքումից տասնամյակներ անց տեղի ունեցած պատերազմներն այլևս տեղային բնույթ ունեին թե՛ աշխարհագրության, թե՛ հետևանքների առումով։ Պետությունների զսպման մեխանիզմներն աշխատեցին այն պայմաններում, երբ Լյուդովիկոս 14-րդի Ֆրանսիան՝ Վեստֆալյան կարգերի պաշտպանը, փորձում էր Եվրոպայում հեգեմոնիայի հասնել։ Եվրոպայի միասնական դիմադրությանը հանդիպած ու մեկուսացած Ֆրանսիան թաղվեց ներքին հակասությունների ու խնդիրների մեջ, որոնք հանգեցրին Ֆրանսիական մեծ հեղափոխության և, ի վերջո, Նապոլեոն Բոնապարտի կառավարման ժամանակաշրջանին։

Աշխարհի կարգ ու կանոնին մարտահրավեր նետած Նապոլեոնը ցանկանում էր հեղափոխության գաղափարների տարածման, միապետական կարգերը վերջնականապես տապալելու քողի տակ Ֆրանսիային ենթարկեցնել ամբողջ Եվրոպան։ Հաջողված ռազմական արշավների ընթացքում նա երկրին միացրեց որոշ տարածքներ, իսկ գրաված մյուս տարածքներում ստեղծեց խամաճիկ հանրապետություններ։ Նապոլեոնի անպարտության առասպելը մի պահ նույնիսկ կարող էր հավատ ներշնչել, որ նա կարող է Եվրոպայից հետո Ասիան էլ ծնկի բերել։ Բայց այս անգամ էլ հականապոլեոնական դաշինք ձևավորվեց, որը ռուսական զորքը հասցրեց մինչև Փարիզ։ 

Նոր աշխարհակարգի վերաբերյալ բանակցություններն անցկացվեցին Վիեննայում 1814-15 թվականներին։ Կոնգրեսին հրավիրված էին եվրոպական բոլոր երկրները՝ բացի Օսմանյան կայսրությունից։ Որոշվեց ապագայում Ֆրանսիայի ախորժակը զսպելու համար Սրբազան Հռոմեական կայսրության տարածքում գտնվող մոտ 4 տասնյակ իշխանապետություններից Գերմանական համադաշնություն ստեղծել, որի ներուժը բավարար էր Ֆրանսիային զսպելու համար, բայց, ներքին հակասություններով պայմանավորված, ներուժը բավարար չէր, որպեսզի հաղթանակած դաշնակիցների համար վտանգ ներկայացներ։ 

Կողմերը հերթական անգամ արձանագրեցին, որ բոլոր պարագաներում էվոլյուցիոն զարգացումը նախընտրելի է ռազմական բախումներից, և համակարգի կանոնների պաշտպանությունը կարևոր է առաջացող այս կամ այն տարաձայնություններից։ Այս արձանագրումը կարևոր էր, որովհետև ֆրանսիական հեղափոխությունը նմանատիպ հեղափոխական տրամադրություններ էր առաջացրել համարյա բոլոր երկրներում։ Թեև հաղթանակը Նապոլեոնական Ֆրանսիայի նկատմամբ էր, սակայն Կոնգրեսի քննարկման հիմնական մտահոգության առարկան միապետական կարգերի պաշտպանությունն էր։ Հետագայում հիմնականում հենց հակամիապետական շարժումները ճնշելու նպատակով էլ օգտագործվեցին դաշնակիցների ուժերը։ 

Մասնակիցները համաձայնության եկան Եվրոպայի նոր քարտեզի և կայսրությունների նոր տարածքների շուրջ։ Ստեղծված կարգերի պաշտպան հռչակվեց Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի մասնակցությամբ «Սրբազան դաշինքը»։ Այսպիսով, Ռուսաստանը ինստիտուցիոնալ կերպով ներգրավվեց եվրոպական անվտանգային համակարգի մեջ։ Սխալ կլինի ասել, որ եվրոպական երկրները ուրախ էին այդպիսի հեռանկարից։ Պատմագրության մեջ է մնացել ռուս ցար Ալեքսանդր 1-ինի աշխարհի կարգերի ապագայի վերաբերյալ պատկերացումներից տարբեր երկրների պատվիրակների տարակուսանքը։ Եվրոպային, որ կրոնական հողի վրա բախումների հետևանքով առաջացած կործանարար պատերազմներից հետո արդեն 150 տարի խաղաղության հաստատումը տեսնում էր միմյանց բազմազանությունն ու իրավունքները հարգելու և ուժի հավասարակշռության միջոցով, Ալեքսանդրը առաջարկում էր որպես համագործակցության հիմք ընդունել ուղղափառ քրիստոնեական արժեքները։ 

Այնուամենայնիվ, Վիեննայում կողմերը համաձայնության եկան, որ վիճելի հարցերը լուծվելու են կոնսենսուսի հասնելու ճանապահով, ինչը ներկայումս գործող կարգերի՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամների վետոյի իրավունքի նախատիպն էր։ Այս մոտեցումը, ինչպեսև ներկայումս, շատ խնդիրների լուծումը բարդացնում էր, սակայն գտնված լուծումները մեծ տերություններին զերծ էին պահում միմյանց շահերը անտեսելու պատճառով մեծ պատերազմներից։ Մյուս բոլոր դեպքերի համար կողմերը հանձն էին առնում հարգել միմյանց շահերը, ինքնիշխանությունը և վեճերը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով։ 

{շարունակելի}

https://hetq.am/hy/article/153559?fbclid=IwAR0Qc2wmmthyj_8JrtYj4NwpkMInJxcuRSllBy_Tf5Xlg-2OvOzmBJ1iW-A

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *