Կառավարելի է Ռուսաստանում գործողությունը, մտածված սցենար՝ ինչ ինչ հարցեր լուծելու համար, թե՞ անկառավարելի ապստամբություն, բոլոր դեպքերում դա ենթադրելու է Ռուսաստանի մարտավարական վերանայումներ նաեւ Կովկասում: Ավելին, չի բացառվում, որ Կովկասում ինչ-ինչ զարգացումներ «ներառվեն» հնարավոր պրոցեսների մեջ:
Հակոբ Բադալյան
Ռուսաստանում ապստամբություն է, համենայն դեպս դատելով իրադարձությունների այն սրընթաց զարգացումից, որ տեղի ունեցավ հունիսի 23-ին: Վագներ մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր ու հրամանատար, ռուսաստանցի գործարար Պրիգոժինը հայտարարեց, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրթիռային հարվածներ է հասցրել Վագների թիկունքային ճամբարներին: Պրիգոժինի հայտարարությունները Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայությունը գննահատել է ապստամբության կոչ և հարուցել նրա դեմ քրեական գործ: Պեսկովը հայտարարեց, որ Պուտինը տեղեկացված է Պրիգոժինի շուրջ ստեղծված իրավիճակից: Այսօր Պրիգոժինը հայտարարել է, որ Վագները վերահսկում է Ռոստովի բոլոր ռազմական օբյեկտները, այդ թվում օդանավակայանը, եւ կոչ արել քաղաքացիներին դուրս չգալ տներից:
Պուտինը ուղերձով դիմել է ռուսաստացիներին և հայտարարել, որ բոլոր ապստամբները կկրեն անխուսափելի պատասխանատվություն: Նա տեղի ունեցողը հայտարարել է «հարված թիկունքից»: Մոսկվայում և ուկրաինական ճակատին մոտ մի շարք շրջաններում հայտարարվել է հակաահաբեկչական ռեժիմ, չեղարկվել են զանգվածային միջոցառումները: Ի՞նչ է կատարվում Ռուսաստանում: Վագների ղեկավար Պրիգոժինի եւ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի միջեւ բացահայտ դիմակայությունը բոլորովին նոր չէ: Այն առկա է արդեն ամիսներ, Պրիգոժինը անընդհատ դժգոհություն էր հայտնում ՊՆ-ից, բայց բանն իհարկե չէր հասել ներկայիս զարգացումներին:
Տեղի ունեցողն իսկապե՞ս ապստամբություն է, թե՞ կառավարելի օպերացիա՝ ապստամբբության անվան տակ, երբ փորձ է արվելու լուծել մի շարք հարցեր՝ Պրիգոժինի «միջոցով», նրան մղելով այդպիսի գործողությունների, միաժամանակ հանելով խաղից, իսկ զուգահեռ նաեւ մի շարք ներքին խնդիրներ լուծելով Ռուսաստանի իշխանության ներսում: Թե՞ իրավիճակն իսկապես անկառավարելի է եւ դա նշանակում է, որ Ռուսաստանում կարող են տեղի ունենալ փլուզումներ, ինչը անկասկած նշանակում է նաեւ, որ դրանց ավերակները ընկնելու են նաեւ Կովկասի վրա և Հայաստանը հերթական անգամ կանգնելու է ավերակների տակ չմմնալու հրամայականի առաջ:
Նույնիսկ «կառավարելի քաոսի» մեխանիզմի աշխատանքի պարագայում, Հայաստանի համար այդ ռիսկերը չեն թուլանում: Ռուսաստանում ներկայիս տեղի ունեցողը ցանկացած պարագայում ունի առնվազն կարճաժամկետ ռիսկեր:: Ի դեպ ուշագրավ է, որ հենց երեկ նաեւ Բաքուն որոշեց բետոնե արգելապատնեշներ շարել Լաչինի միջանցքի մուտքի մոտ: Կառավարելի է Ռուսաստանում գործողությունը, մտածված սցենար՝ ինչ ինչ հարցեր լուծելու համար, թե՞ անկառավարելի ապստամբություն, բոլոր դեպքերում դա ենթադրելու է Ռուսաստանի մարտավարական վերանայումներ նաեւ Կովկասում: Ավելին, չի բացառվում, որ Կովկասում ինչ-ինչ զարգացումներ «ներառվեն» հնարավոր պրոցեսների մեջ: Մեծ հաշվով ահա այդպիսի վտանգավոր եւ ռիսկային սցենարների առումով է, որ մշտապես կարեւոր է եղել, որ Հայաստանը պետք է սերտ աշխատի ռեգիոնալ ազդեցություն ունեցող մյուս բոլոր դերակատարների հետ՝ թե ռեգիոնալ, թե արտառեգիոնալ խաղացողների, որպեսզի ծածկվեն այն հնարավոր վակուումային ռիսկերը, որ առաջանում են Ռուսաստանում տեղի ունեցող չակերտավոր, թե առանց չակերտի ապստամբական գործողությունների հետեւանքով:
Հոդվածը՝ 1in.am կայքից։