ՄԵՐ ՈՒՂԻՆ

Անտեսված Ցգուշացումներ

(Վերջին մաս՝ լրացում)

Դաշնակցութիւնը նաեւ նպատակ չէ կամ ինքնանպատակ։ Դաշնակցութիւնը միջոց մըն է նպատակի մը ծառայելու։Այս պարագային նպատակը Հայ ազգն է եւ Հայաստանը։ Եթէ այդ նպատակին տանող ճամբէն սկսած է սայթաքիլ աւելի լաւ է դուրս գալ եւ այլ միջոցներով ծառայել ազգին եւ Հայրենիքին

Հրաչ Սիմոնյան

Նախաբան

Այս նախաբանով ցանկանում ենք ներկայացնել Հրաչ Սիմոնյանի գրառման վերջին մասը: Ընթերցողն ինքը կարող է կարդալ և իր սեփական գնահատականները տալ, թե՛ գրառմանը, թե՛ իրականությանը: Իսկ իրականությունն այն է, երբ ամեն կերպ ինքնարդարցման փորձեր են կատարվում այնտեղ, ուր վաղուց պիտի ուշքի գալու նշաններ երևային:

«Մեր Ուղինը», տեղադրելով Հրաչ Սիմոնյանի գրառումը, մեկ նպատակ ուներ՝ ևս մեկ անգամ հավաստելով, որ կարևորում է քննադատական ու կառուցողական ցանկացած մոտեցում և պատրաստ է խոսքի հնարավորություն տալ բոլոր նրանց, ովքեր ունեն նման մոտեցում և մտահոգություն:

«Մեր Ուղինը» հավատում է քննադատության օգտակարությանն ու կառուցողականությանը: Միայն քննադատելով և համեմատելով է հնարավոր որակումներ տալ այս կամ այն երևույթին: Բայց այդ համեմատության համար ևս պետք է գոյություն ունենան տրամաբանական և ողջամիտ չափանիշներ: Այս դեպքում, չափանիշ կարող է հանդիսանալ ՀՅԴ վերջին տասնամյակների խոսքի և գործի մեջ եղած նկատելի տարբերությունները և հայ սոցիալիստական մտքի կաղապարումն ու դանդաղեցումը: Զրկելով մարդուն և գործչին խոսելու, քննարկելու, քննադատելու հնարավորությունից և սկզբունքային էությունից, ցանկացած երևույթ՝ լինի կուսակցություն, թե մեկ այլ բան, շատ արագ լճանում է, կորցնում իր թափը, նպատակն ու էությունը և վերածվում մի անորոշ իրադրության: Եվ հենց այդ ամենից ելնելով է, որ «Մեր Ուղինը» ընթերցողին ներկայացրեց դեռևս 2019թ. գրված զգուշացման տողերը, որոնք սակայն, ինչպես և նման ամեն բան, մնացին անտեսված:

Մեզ բոլորիս անհրաժեշտ է ամեն գնով պահել խոսելու և քննարկելու իրավունքը: Այն մեզ թույլ է տալիս ցնորքը տարանջատել իրականությունից, երազը տարբերել արթմնի իրավիճակից: Որովհետև այդ զգուշացնող, ծակող խոսքերը բժշկական նշտարի ազդեցություն ունեն՝ ցավոտ են, բայց սթափեցնող և օգտակար: Դա մերժելու, դրանից հրաժարվելու սկզբունքը տանում է դեպի ինքնամոռացում, ինքնամերժում: Աշխարհում չկա և չի եղել մարդկային կառուցած բացարձակ լավ բան: Ամեն ինչ երևում է համեմատության մեջ, իսկ համեմատության համար հարկավոր է հրաժարվել «աստվածային անսխալականության» համախտանիշից և ունենալ քաջություն իրականությանը նայելու համար:

Հակառակ դեպքում մեզ բոլորիս սպառնում են նոր ու էլ ավելի ծանր կորուստներ, ինչպես այդ արդեն իսկ պատահեց:

Մեր Ուղին

Հրաչ Սիմոնյանի գրառման եզրափակիչ մասը՝

Այս ալ գրած էի,անոնց համար որ նեղացած էին գրութիւնէս ՝ Կարգ մը «ներս» եղողներ անհանգստացած են «դուրս»ը եղողներով, ուզեցի երկու տող մըն ալ այդ ուղղութեամբ գրել այդ մտայնութիւնը ունեցող մարդկանց՝

 Կուսակցութիւնը բանակ չէ որմէ դուրս եկողը դասալիք ըլլայ։ 

Դաշնակցութիւնը նաեւ նպատակ չէ կամ ինքնանպատակ։ Դաշնակցութիւնը միջոց մըն է նպատակի մը ծառայելու։Այս պարագային նպատակը Հայ ազգն է եւ Հայաստանը։ Եթէ այդ նպատակին տանող ճամբէն սկսած է սայթաքիլ աւելի լաւ է դուրս գալ եւ այլ միջոցներով ծառայել ազգին եւ Հայրենիքին։

 Այս բոլորը ըսելէ ետք, կ՚ընդունիմ որ Դաշնակցութիւնը նաեւ գաղափարախօսութիւն է, պատմական իրականութիւն է որուն հետ մարդիկ (ներառեալ ես) զգացական կապեր ունին եւ կը դժուարանան բաժնուիլ, դուրս գալ կամ ուրիշ միջոցներ չեն տեսներ պայքարելու եթէ դուրս գան։ 

Ես յարգանք ունիմ այդ մարդկանց նկատմամբ որոնք կը մնան եւ «ներսէն» կը պայքարին եւ այդ նպատակով ալ «դուրսէն» գրած եմ Ընդհանուր ժողովի մասին, իմ բաժինս բերելու եւ յաջողութիւն մաղթելու բոլոր անոնց որոնք տակաւին «ներսն» են։ 

Հոկտ 19, 2019

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *