Կան հազարավոր օրինակներ, տասնյակ տարիներով ։կուտակված, թե ինչ փողեր են ծախսվել մամուլում միմյանց դեմ տարաբնույթ բամբասանքներ պատվիրելու, կամ սեփական գործունեության պրիմիտիվ ձոներ ստեղծագործելու համար:
Հակոբ Բադալյան
Անկախության վերականգնումից ի վեր Հայաստանում քանի՞ դոլարային միլիոնատեր ձեւավորված կլինի, որ տնօրինում է տասյակ միլիոնավոր դոլարներ, եթե չհասնենք հարյուրավոր միլիոնների:
Երեւի թե կլինի այդպիսի մի քանի տասնյակ գործիչ:
Այդ ընթացքում, նրանցից քանի՞սն է իր տնօրինած տասնյակ միլիոններից մի քանի տասնյակ հազարն ամսական հատկացրել հասարակական-քաղաքական մտքի ստեղծման գործին, ձեւավորել մի բարձր որակավորում ունեցող ուղեղային կենտրոն, կամ մասնագիտական բարձրության վրա գտնվող մի լրատվամիջոց, լինի հեռարձակող, տպագիր, թե համացանցային:
Այո, չի եղել այդ ամենի հայաստանյան շուկայական պահանջարկը, դա չէր կարող լինել եկամտաբեր, բայց ես խոսում եմ այդ մարդկանց ներքին պահանջարկի մասին: Նրանք բացի իրենց կյանքի շքեղություններից, բենթլիների քանակից, դղյակների բարձրությունից ու երկարությունից, այլեւայլ ցոփուշվայտություններից, ուրիշ ինչի՞ պահանջարկ են ունեցել, ներսում, ինչի՞ մասին են մտածել, իհարկե մեկ էլ «ժողովրդի մասին»-ի ձեւականություններից զատ:
Նրանք մտածել ե՞ն մտավոր, արժեքային որակի ինստիտուցիոնալ նախադեպ ստեղծելու մասին: Կա՞ մի այդպիսի օրինակ:
Փոխարենը կան հազարավոր օրինակներ, տասնյակ տարիներով կուտակված, թե ինչ փողեր են ծախսվել մամուլում միմյանց դեմ տարաբնույթ բամբասանքներ պատվիրելու, կամ սեփական գործունեության պրիմիտիվ ձոներ ստեղծագործելու համար:
Սա է եղել այսպես կոչված տնտեսական վերնախավի կամ խոշոր սեփականատերերի տխուր պատկերը, անկախ նրանց քաղաքական համակրանքներից կամ կողմնորոշումներից: Հայաստանի ճակատագիրը քաղաքական վերնախավերը չէ միայն, որ աղավաղել եւ աղավաղում են, այլ նաեւ այս դասը, ընդ որում կամա, թե ակամա, որովհետեւ նրանցից շատերը նաեւ անկեղծորեն չեն էլ գիտակցել, թե նյութականից բացի, կարող են լինել նաեւ այլ արժեքներ եւ ուղենիշներ:
Անկախությունը հռչակագրերով չէ, անկախությունը ձեւավորվում է շատ կոնկրետ երեւույթներով, կամ շատ կոնկրետ երեւույթներով խեղվում ու նենգափոխվում, պետականությունը թողնելով միայն զանազան քաղաքական-քարոզչական «հռչակագրերի» հույսին, որոնք ունեն մեկ նպատակ՝ նշանակել քավության նոխազներ՝ անցյալից, ընթացիկ, եւ ավանսով:
Գրառումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։