Հայաստան

Ապատեղեկատվության Մարտահրավերները

Մաս 4

Արցախյան ուղղությամբ ապատեղեկատվության տարածման գլխավոր նպատակը հասարակության շրջանում խուճապ սերմանելն է: Այն իր հերթին պետք է ծառայի Ալիևի գլխավոր նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը։ Գրեթե չդադարող «ապատեղեկատվական լցոնումների» միջոցով ադրբեջանական ԶԼՄ-ները, բլոգերները, տարբեր տեսակի ֆեյքերն ու տրոլները սոցիալական ցանցերում ձգտում են հասնել Արցախում մեր հայրենակիցների՝ սեփական տներից հեռանալու անխուսափելիության գիտակցման ձևավորմանը:

Դավիթ Ստեփանյան

ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ադրբեջան

Անհրաժեշտ է արձանագրել, որ Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանա-թուրքական 44-օրյա ագրեսիայի արդյունքների ամփոփմամբ՝ Իլհամ Ալիևի համար պատերազմը հայ ժողովրդի և, ամենակարևորը, հայոց պետականության դեմ ամենևին էլ չավարտվեց: Դրա վկայությունն են Արցախում և Հայաստանի հետ սահմանին հայերի դեմ պարբերական հարձակումներն ու սպանությունները։ Դրանցից երկուսը՝ 2021թ. և 2022թ. սեպտեմբերին[5], ավարտվեցին Ադրբեջանի կողմից Հայաստանի տասնյակ քառակուսի կիլոմետր տարածքի օկուպացիայով և հարյուրավոր հայ զինծառայողների սպանությամբ։

Եվ ահա այստեղ կարևոր է նշել, որ Ալիևը պահանջում է ոչ միայն Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս, այլ Հայաստանից պահանջում է ութ գյուղ, որոնք ինչ-որ տեղ համարում է անկլավներ, ինչպես նաև միջանցք Հայաստանի Սյունիքի մարզով Ադրբեջանից դեպի Նախիջևան[6]։ Այս արտատարածքային սկզբունքի գաղափարն Ալիևից առաջ վերջին անգամ հնչեցվել է միայն Ադոլֆ Հիտլերի կողմից։ Մինչ այժմ Ալիևը Հայաստանին պահանջներ է ներկայացնում Ադրբեջանի «պատմական հողերի վերադարձի» վերաբերյալ, որոնց ընդգրկվածությունը, դատելով իր իսկ հայտարարություններից, սկսվում է Սևանա լճից և ավարտվում Հայաստանի մայրաքաղաք Երևանով։

Եվ, այսպես, Հայաստանի հետ պատերազմն Ալիևի համար ավարտված չէ։ Այն շարունակվում է և ոչ միայն ռազմական, դիվանագիտական ու քաղաքական մակարդակով։ Այս փուլում պատերազմը հիբրիդային բնույթ է կրում։ Ըստ այդմ դրա անբաժանելի մասը տեղեկատվական պատերազմն է։ Վերջինս իր հերթին, ի թիվս այլ մեխանիզմների և գործիքների, հիմնվում է ապատեղեկատվության տարածման վրա, առաջին հերթին Արցախի և Հայաստանի ուղղությամբ, և երկրորդ՝ այն երկրների, որոնք այս կամ այն կերպ հնարավորություն ունեն ազդելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման վրա, հետևաբար Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի վրա։ Իհարկե, սրանով ալիևյան քարոզչամեքենայի ապատեղեկատվական թիրախների ցանկը չի ավարտվում։

Արցախյան ուղղություն

Արցախյան ուղղությամբ ապատեղեկատվության տարածման գլխավոր նպատակը հասարակության շրջանում խուճապ սերմանելն է: Այն իր հերթին պետք է ծառայի Ալիևի գլխավոր նպատակին՝ Արցախի վերջնական հայաթափմանը։ Գրեթե չդադարող «ապատեղեկատվական լցոնումների» միջոցով ադրբեջանական ԶԼՄ-ները, բլոգերները, տարբեր տեսակի ֆեյքերն ու տրոլները սոցիալական ցանցերում ձգտում են հասնել Արցախում մեր հայրենակիցների՝ սեփական տներից հեռանալու անխուսափելիության գիտակցման ձևավորմանը:

Այս համատեքստում Բաքվի քարոզչությունը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում Արցախում ադրբեջանական հերթական վերահաս հարձակման մասին։ Լուրեր են տարածվում բնակչության տարհանման, ադրբեջանական բանակի կողմից գոյություն չունեցող գյուղերի և ադրբեջանական անվանումներով բարձունքների գրավման մասին։ Պարբերաբար ապատեղեկատվություն է տարածվում նաև վերաբնակեցման նախապատրաստման, երբեմնի այնտեղ բնակվող ադրբեջանցիների «վերադարձի» մասին։ Բարեբախտաբար, Արցախում նման լուրերի իրատեսության մասին գրեթե ամեն ինչ հայտնի է։ Արցախցիները շատ լավ հասկանում են, թե ինչպիսին է Ադրբեջանի ղեկավարությունը։ Ըստ այդմ գոնե այս փուլում Բաքվի ապատեղեկատվության հոսքերը «փշրվում» են մեր հայրենակիցների՝ հայրենի հողում ապրելու վճռականության վրա՝ ի հեճուկս ալիևյան ռեժիմի՝ հակառակը հասնելու բոլոր ջանքերի։

Հայկական ուղղություն

Նմանատիպ իրավիճակ է նաև դեպի Հայաստան Բաքվի քարոզիչների և ապատեղեկատուների աշխատանքի ուղղությամբ։ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի ավարտով Բաքվից Հայաստանի ուղղությամբ ապատեղեկատվության հոսքերը շատացել են մի քանի, եթե ոչ տասնյակ անգամ։ Նրանց թիրախն առաջին հերթին սահմանամերձ գյուղերի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի բնակիչներն են, խուճապի հասցնելու նպատակով նրանց արտահոսքը հայրենի վայրերից:

Ալիևյան քարոզիչների և ապատեղեկատուների աշխատանքի հիմնական դրդապատճառը կրկին նոր պատերազմի սպառնալիքի տարածումն է։ Ապատեղեկատվական հոսքերում գերակշռում է Հայաստանի հետ սահմանի այս կամ այն ուղղություններով ադրբեջանական բանակի կուտակումների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև Հայաստանի այս կամ այն բնակավայրը գրավելու ծրագրերը։ Այստեղ հարկ է նշել, որ մինչ այսօր Ադրբեջանը ոչ մի հայկական բնակավայր չի գրավել անմիջապես Հայաստանի Հանրապետության տարածքում։

Բաքվի քարոզչական-ապատեղեկատվական մեքենայի աշխատանքի առանձին կետ է Հայաստանի և Արցախի տարածքներից ադրբեջանական տարածքները գնդակոծելու մասին ապատեղեկատվության տարածումը: Այս ապատեղեկատվությունը եղել է ղարաբաղյան հակամարտության գոյության բոլոր տարիներին։

Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանական 44-օրյա ագրեսիայի արդյունքների ամփոփմամբ կրկին նշենք, որ հայկական կողմից գնդակոծությունների մասին ապատեղեկատվության հոսքերը տասնյակ անգամ հաճախակիացել են։ Նման «տեղեկատվական լցոնումների» սկզբնաղբյուրն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է։ Տարածողները բնության մեջ գոյություն ունեցող ադրբեջանական բոլոր լրատվամիջոցներն են։ Հատկապես հարկ է նշել ռուսական որոշ ԶԼՄ-ների, պետական լրատվամիջոցների աշխատանքն այս ուղղությամբ։

Ապատեղեկատվության տարածման կոնկրետ հասցեատերը միջազգային հանրությունն է։ Ալիևյան վարչակարգի նման գիծը նպատակ է հետապնդում հավասարության նշան դնել Հայաստանի և Արցախի նկատմամբ սեփական ագրեսիայի և ի դեմս նրանց զոհերի միջև։ Հայաստանում և Արցախում ադրբեջանական կանոնավոր հարձակումները, ագրեսիայի պոռթկումները և պարզապես գնդակոծությունները ոչ ոքի համար գաղտնիք չեն:

2022թ. սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի ուղղությամբ ադրբեջանական վերջին խոշոր ագրեսիան՝ հրետանու, տանկերի և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ավարտվել է 230 հայ զինծառայողի կորստով[7]։ Ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը հաշվելը գրեթե անհնար է՝ հաշվի առնելով դրանց բարձր հաճախականությունը:

Այդ խորապատկերին Բաքուն պետք է աշխարհին ցույց տա գոյություն չունեցող հայկական ագրեսիվություն՝ նպատակ ունենալով ինչ-որ կերպ արդարացնել հայկական տարածքի կանոնավոր գնդակոծություններն ու հայերի սպանությունները։ Հաճախ, ինչպես 2021թ. և 2022թ. Հայաստանի վրա ադրբեջանական երկու լայնածավալ հարձակումների դեպքում, այնպես էլ հայկական կողմից գնդակոծությունների մասին ապատեղեկատվության տարածմամբ` ադրբեջանական քարոզչությունը փորձում է արդարացնել սեփական, Հայաստանի նկատմամբ գրեթե մշտապես պատրաստվող ագրեսիան։

[շարունակելի]

Աղբյուրը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *