(Մաս յոթերորդ)
ԶԼՄ-ների և ֆեյքերի կողմից հանրային կարծիքի աղաղակող մանիպուլյացիայի օրինակները հազարավոր են։
Դավիթ Ստեփանյան
Հայաստան
Հանուն արդարության պետք է նշել Հայաստանում ոչ միայն ընդդիմության և իշխանության հակառակորդների, այլև իշխանության կողմից ապատեղեկատվության տարածման փաստը՝ իրենց հետ փոխկապակցված լրատվամիջոցների, բլոգերների, ֆեյքերի և այլ տարրերի միջոցով: Այդ ամենն արվում է տարբեր նպատակներով՝ հանրային տրամադրությունները «շոշափելու», հասկանալու համար, օրինակ, հասարակության մեծ մասն ինչպես կվերաբերվի գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների հերթական թանկացմանը, ուղղակի կամ անուղղակի հարկման դրույքաչափերի բարձրացմանը: Նման դեպքերում, որպես կանոն, տեղեկատվական դաշտ է նետվում, օրինակ, գազի սակագինը մեկ խորանարդ մետրի դիմաց 50 դրամով թանկացնելու մասին տեղեկատվություն, իսկ արդյունքում գազը թանկանում է «ընդամենը» 25 դրամով։ «Լցոնումը», խայծն աշխատեցին, մարդիկ ուրախանում են, որ թանկացումներն այդքան շատ չեն եղել, որքան հայտարարվել էր ի սկզբանե և արագ համակերպվում են նոր գների հետ։ Նմանապես գործում են իշխանամետ ԶԼՄ-ներն ու նրանց համակարգողները՝ այս կամ այն քաղաքական ընդդիմախոսին ճնշելու նպատակով, այն տարբերությամբ, որ այստեղ հաճախ հրապարակվում է ոչ թե ապատեղեկատվություն, այլ իրականությանը մոտ տեղեկատվություն: Գաղտնիք չէ, որ մեր երկրում, հատկապես «նախկիններից» կազմված ընդդիմության մեջ ազնիվ քաղաքական գործիչ գտնելը բավական բարդ գործ է։
Սակայն արդարության շահերից ելնելով հարկ է նշել, որ իշխանական ապատեղեկատվությունը պետք է սովորի դա ընդդիմությունից: Վերջինս ամեն ինչ անում է, որպեսզի ապատեղեկատվություն տարածելու միջոցով արհեստականորեն ներկայացվի Հայաստանում և ներկայացնի Հայաստանի շուրջ առանց այդ էլ ոչ լավագույն վիճակն ավելի վատթար: Նրանք խտացնում են գույները մեկ նպատակով՝ երկրում իշխանափոխության հասնել արդեն ոչ թե ընտրությունների միջոցով, այլ հակասահմանադրական, բռնի մեթոդներով։ Այսպես թե այնպես պետք է արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունենում իրական տեղեկատվական պատերազմ, որը Փաշինյանի կառավարությանը հայտարարվել է իր նախորդների կողմից։ Այս քարոզարշավի միակ նպատակը Հայաստանի գործող իշխանությունների վարկաբեկումն ու հրաժարականն է։
Դրան հասնելու համար Փաշինյանի նախորդները ոչնչից չեն խորշում։ Գործի են դրվում ակնհայտ ապատեղեկատվությունը, կեղծիքները, սադրանքները, իսկ առանձին դեպքերում՝ նույնիսկ կոլաբորացիոնիզմի փորձերը։ Այդ նպատակով ընդդիմության կողմից ղեկավարվող լրատվամիջոցների էջերից և եթերից Փաշինյանին ու նրա կողմնակիցներին մեղադրում են Արցախը, այժմ նաև Հայաստանը հանձնելու մտադրության, ամերիկյան շահերի պաշտպանության, Ջորջ Սորոսի կողմից կաշառակերության, ոչ ավանդական կողմնորոշման, հայ հասարակության կողմից որպես մահացու մեղք դիտարկվող ցանկացած երևույթի մեջ։ Ընդ որում, պետք է ընդունել, որ որոշ դեպքերում քննադատությունը բավական հիմնավորված է. Փաշինյանի կառավարությունը, ցավոք, իրական առիթներ է տալիս դրա համար։ Ըստ այդմ, որոշ դեպքերում քննադատությունը սթափվելու առիթ է հանրության այն շերտերի համար, ովքեր դեռևս շարունակում են Փաշինյանի մեջ բարի թագավոր-հայր տեսնել՝ ունեցած սովորության պատճառով։
ԶԼՄ-ների և ֆեյքերի կողմից հանրային կարծիքի աղաղակող մանիպուլյացիայի օրինակները հազարավոր են։ Դրանցից մեկը ժամանակին երկրում աննախադեպ աղմուկ առաջացրած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի՝ ԱԺ-ում մարդու իրավունքների վերաբերյալ լսումների ժամանակ ելույթի փաստն է[13]։ Լրատվամիջոցները Մարտիրոսյանի հայտնվելը խորհրդարանի ներսում անմիջապես կապեցին «Իմ քայլը» խմբակցության հետ՝ դա ներկայացնելով որպես ԼԳԲՏ-ի հանդեպ նոր իշխանության հավատարմության փաստ։ Ընդ որում, այն, ինչի մասին նա, ըստ էության, խոսում էր խորհրդարանում, գրեթե չէր լուսաբանվում։ Փաշինյանն այն ժամանակ տեղի ունեցածը որակեց սադրանք։ Կարևոր է նշել, որ մինչև 2018թ. մայիսը տրանսգենդեր Մարտիրոսյանը լրատվամիջոցներին կմատուցվեր որպես «տորթի բալ»՝ նպատակ ունենալով հերթական անգամ շեղել հասարակությանը նույն իշխանության գործունեությունից՝ շեշտադրումները տեղափոխելով ԼԳԲՏ համայնք: Նոր իրավիճակում նույն լրատվամիջոցներն ամեն ինչ արեցին, որպեսզի տրանսգենդերի հայտնվելը խորհրդարանում ներկայացնեն և դատապարտեն որպես նոր իշխանության գործունեության օրինաչափ արդյունք:
Բերենք ևս մեկ օրինակ և կանգ առնենք դրա վրա։ Ադրբեջանի նախագահի հետ Հայաստանի վարչապետի առաջին պաշտոնական հանդիպման օրը Facebook-ի հայկական հատվածի տարբեր ֆեյք պրոֆիլների էջերում սկսել է շրջանառվել ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողի լուսանկարը: Լուսանկարի տակ մի տեքստ կար, ըստ որի՝ երիտասարդ զինվորը սպանվել է հենց Փաշինյան-Ալիև հանդիպման օրը։ Դրանից հետո «տրամաբանական» եզրահանգումն այն էր, որ զինծառայողը սպանվել է հենց Փաշինյանի հորդորով, ով Արցախի հարցով բանակցություններում «իրեն ինչ-որ կերպ սխալ է պահում»։ Լուսանկարը տեսել են զինվորի հարազատները, որից հետո «զոհվածի» քույրը զայրացած գրառում է արել, որ իր եղբայրն իսկապես ծառայում է բանակում, փառք Աստծո, լավ է և ընդհանրապես չգիտի, թե ինչի մասին է խոսքը։ Ֆեյքերը Facebook-ում տեղադրել են իրական մարդու՝ զինծառայողի լուսանկար, կեղծ է եղել նրա մահվան մասին հաղորդագրությունը: Հասարակական կարծիքի մանիպուլյացիայի փորձն ակնհայտ է։ Մանիպուլյատորները պարզապես անտեսեցին զոհերի զգացմունքները ․․․
«Տեղեկատվական լցոնումները», ակնհայտ կեղծ տեղեկատվության բազմացումը, կեղծ լուրերը, ֆեյքերն ու ամենատարբեր գույների տրոլներն առնվազն վերջին տասնամյակում հայկական մեդիաոլորտի առանձնահատկությունն էին։ 2018թ. իշխանափոխությամբ իրավիճակը մի քանի անգամ վատացել է, իսկ 44-օրյա պատերազմում պարտվելուց հետո՝ տասնյակ անգամ։
[շարունակելի]
Աղբյուրը՝