Հայաստան

Հայաստանն Ամեն Ինչ Անելու Է Իր Սուվերենությունը Պաշտպանելու Համար

Ընդդիմությունը հիմա փորձում է անել այն, ինչ իրենք արեցին 2018-ին, բայց հեղափոխությունն ուղղակի գործիքակազմ չէ, այլ նաև գաղափար ու գաղափարախոսություն:

Արմեն Գրիգորյան

Սեպտեմբերի 21-ին, ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից անմիջապես առաջ, Պետրոս Ղազարյանը զրուցել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ:

Քննարկվել է ՀՀ ջանքերը Արցախում ստեղծված իրադրության, ինչպես նաև ՀՀ ներքաղաքական վիճակի ու դրա զարգացումների մասին:

Արմեն Գրիգորյանն իր խոսքում նշեց, որ Արցախին վերաբերվող բազմաթիվ քննարկումներ են ունեցել և քննարկվել են հնարավոր բոլոր տարբերակները: Տարբերակներ ոչ միայն հումանիտար բեռ տեղ հասցնելու և արցախցիներին տեղում օգնություն ցուցաբերելու հարցում, այլև նրանց այն հատվածի համար, ովքեր կտեղափոխվեն Հայաստան: Հարկավոր է հասկանալ, որ Արցախի հարցում չկա մեկ կոնկրետ գործիք, որով հնարավոր լինի միանգամից լուծել բոլոր հարցերը: Հարկավոր է հասկանալ նաև այն, որ Հայաստանն օգտագործում է իր բոլոր հնարավորությունները: ԱԳՆ-ը և նրա ինստիտուտները, ներկայացուցչությունները, ցանկացածը, որ ունի որևէ ֆունկցիոնալ հնարավորություն, դա կիրառվում է: Անշուշտ, մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են:

Արմեն Գրիգորյանն անդրադարձավ ընդդիմության այն դիտարկումներին, որ իրենք որպես իշխանություն փչացրել են հարաբերությունները Ռուսաստանի հետ և եթե հիմա իշխանափոխություն կատարվի ու ընդդիմությունը դառնա իշխանություն, ապա նրանք կարող են բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ և ռեալ օգնություն ստանալ: ԱԽ քարտուղարը չհամաձայնվեց այն տեսակետի հետ, որ իրենք նպատակաուղղված փչացրել են Ռուսաստանի հետ հարաբերությունները կամ եթեիրենք չլինեն իշխանություն, ապա Ռուսաստանը կօգնի: Արմեն Գրիգորյանը հիշեցրեց, որ դեռևս 2013թ Սերժ Սարգսյանը Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին՝ գլխավորաբար այն պատճառով, որ պատերազմ չլինի: Բայց դրանից հետո մենք 2016-ին ունեցել են խոշորամասշտաբ հարձակում, որը տևեց չորս օր ու դարձավ 2020-ի պատերազմի նախերգանքը:

Ինչ վերաբերում է այն բանին, որ իրենք հարաբերություն են փչացնում, արմտամետ են, Արմեն Գրիգորյանն ասաց, որ իրենք հայամետ են և իրենց գործողությունները միտված են Հայաստանի սուվերենության բարձրացմանը, մի բան, որ որոշ երկրներ չեն ցանկանում, իսկ ընդդիմությունը ղեկավարվում է նրանց կողմից, որոնք ցանկանում են Հայաստանին զրկել սուվերենությունից:

Արմեն Գրիգորյանն ասաց, որ Ռուսաստանն ինքն է իր վրա միջնորդային պարտավորություն վերցրել Արցախում խաղաղություն պահպանելուն ուղղված, բայց մենք ունեցանք սեպտմեբերի 19-ը: Ինչո՞ւ դա եղավ, եթե ռուսներն իրոք ինչ որ բան կարող են կամ ցանկանում են անել:

ԱԽ քարտուղարն այն տեսակետն առաջ քաշեց, որ ընդդիմությունը, երբ ասում է, որ Հայաստանը րոպե առաջ պետք է ռազմական միջամտություն ցույց տա Արցախում տեղի ունեցող, դա միայն մի նպատակ ունի՝ Հայաստանը քաշել պատերազմի մեջ, որին մենք այս պահին պատրաստ չենք: Բայց Հայաստանն աշխատում է այդ ուղղությամբ, օրինակ Հնդկաստանի հետ և ունենք շոշափելի արդյունքներ: Այսինքն հիմա էլ պետք է իրենց հնդկամետության մեջ մեղադրե՞ն:

Արմեն Գրիգորյանը նշեց, որ ինքն ամբողջովին հասկանում է այն մարդկանց, ովքեր հարազատներ ունեն Արցախում և հոգեբանական ծանր վիճակում են: Իր մայրը, քույրերը և բարեկամների մեծ մասը ևս Արցախում է գտնվում և այնտեղ է եղել բլոկադայի ողջ ընթացքում: Այսինքն ինքը ևս հոգեպես շատ անհանգիստ ու ծանր վիճակում է գտնվում ու հասկանում է իր վիճակում գտնվող մարդկանց, բայց նաև իրավիճակ գնահատելու հարց կա: Իրենք անում են հնարավոր եղածը, ունեն պլան, որի մասին չեն կարող հենց այնպես բարձրաձայնել:

Խոսելով ցույցերի ու իշխանափոխության մասին՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ իրենք իշխանությունը ստացել են ժողովրդից և միայն նրան կվերադարձնեն: Հայաստանը պիտի պահի իր ժողովրդավարությունը, Հայաստանում այլևս ոչ ոք չի կարող իշխանությունը վերցնել ինչ որ մեկից ու տալ ինչ որ մեկին, ժողովուրդն ինքը կընտրի, թե ում տա և ումից վերցնի: Ընդդիմությունը հիմա փորձում է անել այն, ինչ իրենք արեցին 2018-ին, բայց հեղափոխությունն ուղղակի գործիքակազմ չէ, այլ նաև գաղափար ու գաղափարախոսություն:

Տեսանյութն ամբողջությամբ՝

https://www.facebook.com/lurer1tv/videos/1305910276797549

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *