Սփիւռք

Մտավորականը Հայակրթական Խնդիրների Մասին

Եվ հենց այդտեղ է գալիս կրթության հիմնախնդիրը՝ հային հայ պահել և նրա հավաքական ինքնությունը ավելի հզորացնել, փակել նահանջի ճանապարհը, որովհետև հայերենը նահանջում է լայն թափով: Շատերն են հետ քաշվել հայոց լեզվից և դա արտահայտվում է նաև ընտանիքներում, որտեղ հայոց լեզուն շատ դեպքերում այլևս չի կատարում իր հիմնական դերն ու նշանակությունը:

Միհրան Քիւրտողլեան

Ականավոր դաշնակցական Միհրան Քյուրդօղլյանն իր ֆեյսբուքի էջում բավական ուշագրավ և կարևոր խնդիր էր շոշափել՝ վերնագրված «Հայակրթական խնդիրներ»: Յոթ Մասից բաղկացած այդ շարքն ամբողջովին նվիրված էր Սփյուռքում հայակրթական հիմնական խնդիրներին, որոնց ոչ բավարար չափով ուշադրություն դարձնելու դեպքում կարող են շատ մեծ խնդիրներ առաջանալ: 

Քյուրդօղլյանը, խոսելով Սփյուռքում կրթական հարցերի, մասնավորապես դպրոցի մասին, հաստատում է, որ դպրոցը շատ կարևոր է հատկապես Սփյուռքում՝ հանդիսանալով ոչ միայն իբրև զուտ կրթական, այլ նաև ներհամայնքային կապող օղակ և կարևոր ազգապահպան առաքելություն կատարող երևույթ: Այդ իսկ պատճառով էլ շատ կարևոր է Սփյուռքի ամեն օջախում գոնե մեկ կայացած հայկական դպրոց ունենալը: Դժբախտաբար կրթական հայեցակարգը բացակայում է, թեև բավական մեծ աշխատանք կա կատարված: Կարելի է նույնիսկ ասել, որ հենց այդ հայեցակարգի բացակայությունն ու թերի կառավարումն էլ հանգեցրել է ժամանակի ու ռեսուրսի վատնման, ինչից կարելի էր խոսւափել հստակ ու կանոնակարգված աշխատանքի պարագայում:

Խոսելով դպրոցի ու կրթական հիմնախնդիրների մասին Քյուրդօղլյանը հստակորեն մատնանշում է դասագրքերի խնդիրը: Նշվում է, որ դասագրքերը ինքնանպատակ չպիտի լինեն, չպիտի պարզապես շտեմարանային հնացած ու խրթին բառակապակցությունների ամբողջացում լինի, այլ ունենա ճանաչելու և հասկանալու հնարավորություն տվող իմաստ: Որովհետև հենց դասագրքերն են հաճախ կարևոր կապող օղակ հանդիսանում աշակերտի և ուսումնասիրվող առարկայի միջև: 

Մեկ այլ կարևոր երևույթ է աշակերտ-ուսուցիչ կապը, որը ոչ միայն ու պարզապես կրթական երևույթ է, այլ, հաշվի առնելով օտար երկրում հայության կրթական հարցերի յուրահատկությունը, կարևոր մշակութային իրողություն: Կարևոր է ուսուցչի կերպարը, որը պիտի լինի ոգեշնչող ու ոգևորող, օրինակ ծառայող: Ուսուցիչը մտավորականի կարգավիճակ է: Աշակերտը պարզապես չլինի մարդ, ով կուրորեն հետևում է ցուցումներին և կատարում առաջադրանքները, նա չպետք է լինի պարզապես առարկաները մեքենայորեն սովորող, այլ պիտի կաորղանա զարգացնել հայկական մտածողություն: Հենց այդ պատճառով էլ խնդիրը ոչ թե կրթության տեխնիկական, այլ սկզբունքային էության մեջ է: Եվ դրանով է պայմանավորված նաև սփյուռքյան մտավորականների և հայտնի մարդկանց այցի անհրաժեշտությունը հայկական դպրոցներ: Ցանկալի է, որ նման մարդիկ հաճախակի այցելեն դպրոցներ, զրուցեն աշակերտների հետ, կրթությունը չմնա պարզապես անգիր արված բանաձև, այլ լինի հայաչունչ, կատարի իր վրա դրված ոչ միայն տեխնիկական տառաճանաչության, այլև հայաշունչ լինելու իմաստը:

Բայց հայագիտության նկատմամբ խորն արտահայտված անտարբերություն է նկատվում: Մրցակցություն չկա: Սփյուռքում հետզհետե գնալով բազմաթիվ են դառնում ուծացվող հայերը, որոնք դեռ մի որոշ ժամանակ կպահպանեն իրենց հայախոսությունն ու հայկական որոշ ավանդույթների կատարումը, բայց դա կլինի զուտ սովորույթի ուժով ինքնաբերաբար կատարվող գործողություններ, այլ ոչ թե հստակ հասկացված ու ընտրած գործունություն: Եվ հենց այդտեղ է գալիս կրթության հիմնախնդիրը՝ հային հայ պահել և նրա հավաքական ինքնությունը ավելի հզորացնել, փակել նահանջի ճանապարհը, որովհետև հայերենը նահանջում է լայն թափով: Շատերն են հետ քաշվել հայոց լեզվից և դա արտահայտվում է նաև ընտանիքներում, որտեղ հայոց լեզուն շատ դեպքերում այլևս չի կտարում իր հիմնական դերն ու նշանակությունը: Ընտանիքում հայերեն խոսելու հրամայականը բավական սրված է, քիչ են այն հայկական ընտանիքները որտեղ հայերենը պարզապես նշխարքի կարգավիճակ չունի, այլ իրապես կիրառվում է որպես ամբողջական լեզվամտածողություն:

Դպրոցը ազգապահպանության մեծ դարբնոց է, որի ներկայությունն իրապես օգնում է պահպանել սեփական ազգային գիտակցությունը և դպրոցն էլ աճեցնել ու դարձնել ոչ միայն կրթական, այլև հայապահպանման կենտրոն: Ահա սա է նաև հայկական դպրոցի առաքելությունը:

Հաշվի առնելով պրն Քյուրդօղլյանի շեշտած խնդիրները, որի միայն մի մասը շոշափեցինք այսօր, կարող ենք պնդել, որ մեր առջև ծառացած է հսկայական խնդիր, որոը կարող է չլուծման պարագայում այնքան կուտակվել, որ համահայկական աղետի առաջ կանգնեցնել բոլորին: Եվ հենց այդտեղ է, որ հայությունը պիտի առավել գիտակցված կենտրոնանա այդ կարևոր, բայց հաճախ ոչ համարժեք ուշադրություն վայելող խնդրի վրա:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *