19.3 C
Yerevan

Խա՞ղ, Թե՞ Խաղա­ղության Պայմա­նա­գիր

Իրա­վի­ճա­կը թե՜ տարա­ծաշրջա­նում, թե՜ աշխարհում բավա­կա­նին հեռու է այդ հեռանկա­րից: Աշխարհատնտե­սա­կան եւ աշխարհա­քա­ղա­քա­կան ազդե­ցության համար պայքա­րը, այդ թվում՝ կովկասյան գոտում, առայժմ աշխույժ փուլում է, այդ թվում առանցքա­յին հարցե­րից եւ թիրախնե­րից մեկի՝ տրանսպորտա­յին եւ այլ կոմունի­կա­ցիա­նե­րի համար, որոնք Արեւելքը միացնե­լու են Արեւմուտքին: Խաղա­ղության եւ պատե­րազմի հարցե­րը եփվում են այդտեղ, եւ իրա­պես անկանխա­տե­սե­լի է դարձել, թե կաթսա­յի եզրագծի հատկա­պես ո՞ր մասից դուրս կթափվի եռա­ցող ջրի նոր փրփուրը:

Հակոբ Բադալյան

Խաղա­ղության պայմա­նագրի հիմնա­կան սկզբունքնե­րը համա­ձայնեցված են եւ դրանց հանդեպ հավա­տարմության դեպքում խաղա­ղության պայմա­նագրի ստո­րագրումը կդառնա շատ իրա­տե­սա­կան՝ Հայաստա­նի խորհրդա­րա­նում օրերս հայտա­րա­րեց Հայաստա­նի վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը: Նրա մատուցմամբ, համա­ձայնեցված սկզբունքնե­րը վերա­բե­րում են 29,8 եւ 86,6 հայտնի հարա­բե­րակցությամբ տարածքա­յին ամբողջության փոխա­դարձ ճանաչմա­նը, սահմա­նա­զատման եւ սահմա­նագծման գործընթա­ցը Ալմա-Աթա­յի հռչա­կագրի հիմքով իրա­կա­նացնե­լուն, եւ այդ երկու սկզբունքից բխող տրա­մա­բա­նությամբ՝ ինքնիշխա­նության փոխա­դարձ ճանաչմամբ հաղորդուղի­նե­րի ապաշրջա­փակմա­նը:

«Ցավոք, այսօր էլ առկա են  լուրջ մտա­վա­խություններ, որ հարև­ան երկրնե­րի, մասնա­վո­րա­պես՝ Ադրբե­ջա­նի կողմից դեռ կան հավակնություններ, տարածքա­յին պահանջներ Հայաստա­նի նկատմամբ։ Կան նաև որո­շա­կի վերա­պա­հումներ ՀՀ ինքնիշխա­նության նկատմամբ, մասնա­վո­րա­պես, երբ խոսքը, օրի­նակ, տարա­ծաշրջա­նա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րի մասին է։ Այնպես որ, այդ մտա­վա­խություննե­րը դեռ այսօր էլ կան», ‑Նիկոլ Փաշինյա­նի հայտա­րա­րությունից մի քանի օր անց Երեւա­նում հայտա­րա­րեց Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րար Արա­րատ Միրզո­յա­նը, երբ համա­տեղ ասուլիս էր տալիս Գերմա­նիա­յի արտգործնա­խա­րար Աննա­լե­նա Բերբո­քի հետ:

Բերբո­քը խոսում էր խաղա­ղությունից, Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ Եվրա­միության ու ԵԽ միջնորդությամբ բանակցա­յին նոր փուլի անհրա­ժեշտությունից: Ստեղծվում է որո­շա­կի շփոթ: Եթե կան համա­ձայնեցված հիմնա­կան սկզբունքներ, ապա ինչու՞ չկա բանակցություն, ինչու՞ է, օրի­նակ, Բաքուն հրա­ժարվում մեկնել Գրա­նա­դա, հետո՝ Բրյուսել, իսկ Երեւանն էլ հրա­ժարվում է մեկնել Գրա­նա­դա­յի եւ սպասվող Բրյուսե­լի «արանքում»՝ Բիշքեկ, որտեղ ԱՊՀ պետություննե­րի վեհա­ժո­ղովն էր, եւ կարող էր տեղի ունե­նալ Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդի­պում: Ռուսա­կան կողմն, այդուհանդերձ, հայտնեց այդպի­սի հանդի­պում անցկացնե­լու իր պատրաստա­կա­մությունը, միա­ժա­մա­նակ նշե­լով, թե նախ, իհարկե, արժե կազմա­կերպել արտգործնա­խա­րարնե­րի եռա­կողմ հանդի­պում: Իր հերթին եռա­կողմ հանդիպման ջանքի մասին է հայտա­րա­րում Եվրա­միությունը, որի՝ Կովկա­սի հարցե­րի հատուկ ներկա­յա­ցուցիչ Կլաա­րը նշել է, որ Ալիեւը Բրյուսել չի մեկնել ժամա­նա­կի սղության պատճա­ռով, բայց իրենք աշխա­տում են կողմե­րի հետ՝ ավե­լի ուշ բրյուսելյան եռա­կողմն, այդուհանդերձ, անցկացնե­լու համար:

Ի վերջո, մո՞տ է խաղա­ղության պայմա­նա­գի­րը, թե՞ տեսո­ղա­կան խաբկանք, կամ խաղ, որի հետեւում իրա­կա­նում ոչ թե խաղա­ղություն է, այլ առնվազն ռազմա­կան էսկա­լա­ցիա՝ եթե ոչ մասշտա­բա­յին պատե­րազմ: Այդ հարցի պատասխա­նը ո՞ր մայրա­քա­ղա­քում է: Համե­նայն դեպս, դա փորձում են հասկա­նալ բոլո­րը՝ շարքա­յին քաղա­քա­ցի­նե­րից մինչեւ քաղա­քա­կա­նության տարբեր աստի­ճա­նի ուսումնա­սի­րությամբ եւ դիտարկումով զբաղվող անձինք եւ ինստի­տուտներ: Օրի­նակ, ցեղասպա­նության կանխարգելման հարցե­րի Լեմկի­նի անվան ինստի­տուտը օրեր առաջ հայտա­րա­րել էր, որ առա­ջի­կա շաբաթնե­րին տեսնում է Ադրբե­ջա­նի ներխուժման վտանգ եւ հայտա­րա­րել է դրա ամե­նա­բարձր՝ կարմիր մակարդակ: Պետքարտուղա­րությունը, մեկնա­բա­նե­լով այդ հայտա­րա­րությունը՝ Ամե­րի­կա­յի ձայնի խնդրանքով, ասել է, որ պաշտպա­նում է Հայաստա­նի տարածքա­յին ամբողջությունն ու ինքնիշխա­նությունը եւ դրանց հանդեպ ոտնձգությունը կունե­նա լուրջ հետեւանք:

Բայց, երբ, օրի­նակ, Գերմա­նիա­յի արտգործնա­խա­րա­րին Երեւա­նում հարցնում են, թե արդյո՞ք Բեռլի­նը պատժա­մի­ջո­ցի կենթարկի Ադրբե­ջա­նի նավթն ու գազը, նա տալիս է միանգա­մայն այլ պատասխան, ասե­լով, թե Եվրա­միության համար կարեւոր է չեզոք դիտորդ լինե­լը, իսկ Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի սահմա­նին՝ Հայաստա­նի տարածքում տեղա­կայված ԵՄ դիտորդա­կան առա­քե­լության գործունեությունը պետք է շահե­կան լինի նաեւ Ադրբե­ջա­նի համար: Այդ ընթացքում ՌԴ արտգործնա­խա­րար Լավրո­վը չորս օրվա ընթացքում երկու անգամ՝ հոկտեմբե­րի 24-ին եւ 28-ին զանգա­հա­րում է Բաքու եւ հեռա­խո­սազրույցներ ունե­նում Ջեյհուն Բայրա­մո­վի հետ, իսկ նոյեմբե­րի 3‑ին էլ Աստա­նա­յում տեղի ունե­ցած Թյուրքա­լե­զու պետություննե­րի կազմա­կերպության վեհա­ժո­ղո­վում Թուրքիա­յի նախա­գահ Էրդո­ղա­նը հայտա­րա­րում է, որ Հայաստա­նը «պետք է կատա­րի Ադրբե­ջա­նի հանդեպ պարտա­վո­րություննե­րը»: Մնում է ենթադրել, թե ինչ նկա­տի ունի Էրդո­ղա­նը, թեեւ ավե­լի վերեւում Արա­րատ Միրզո­յա­նի խոսքի մեջբե­րումը՝ Բերբո­քի հետ համա­տեղ ասուլի­սից, թերեւս նաեւ հենց այդ՝ «ինչ նկա­տի ունի Էրդո­ղա­նը» հարցի անուղղա­կը պատասխանն է: Մյուս կողմից էլ՝ իր հերթին հարց է, թե ինչ նկա­տի ունի Հայաստա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րը, երբ նույն օրը հայտա­րա­րում է, որ առա­ջի­կա­յում կարող են լավ նորություններ լինել հայ-թուրքա­կան ցամա­քա­յին սահմա­նի բացման ուղղությամբ, մասնա­վո­րա­պես՝ այլ երկրնե­րի քաղա­քա­ցի­նե­րի եւ դիվա­նա­գի­տա­կան անձնա­գիր ունե­ցողնե­րի համար:

Մի բան կասկա­ծից վեր է՝ տարա­ծաշրջա­նում ուժգնա­նում են աշխարհա­քա­ղա­քա­կա­նության մաքո­քի պտույտնե­րը, սակայն ոչ միայն ինքնին ռեգիո­նալ գործոննե­րով պայմա­նա­վորված, այլ շարունակվող եւ առա­վել թեժ փուլ թեւա­կո­խած աշխարհա­քա­ղա­քա­կան դիմա­կա­յության, որ ներկա­յումս նոր պատե­րազմի տեսքով արդեն գտնվում է աշխարհա­քա­ղա­քա­կա­նության «հավերժա­կան խառնա­րա­նում»՝ Մերձա­վոր Արեւելքում, Իսրա­յե­լի եւ ՀԱՄԱՍ‑ի միջեւ պատե­րազմի տեսքով, որի առնչությամբ, սակայն, առ այսօր օդից կախված է դրա ընդլայնման վտանգի հարցը: Սակայն, անկախ ընդլայնման անմի­ջա­կան վտանգից, քաղա­քա­կան իմաստով վաղուց է առկա, որ այդ պատե­րազմը ընդլայնված է եւ անխուսա­փե­լիո­րեն բերե­լու է մերձա­վո­րա­րեւելյան տարա­ծաշրջա­նի վերա­ձեւման, նաեւ անխուսա­փե­լի շղթա­յա­կան տրա­մա­բա­նությամբ:

Թյուրքա­լե­զու պետություննե­րի կազմա­կերպության վեհա­ժո­ղո­վը նոյեմբե­րի 3‑ին հյուրընկա­լած Աստա­նան դրա­նից ընդա­մե­նը երկու օր առաջ հյուրընկա­լել էր Եվրա­միության առա­ջա­տար Ֆրանսիա­յի նախա­գահ Մակրո­նին, որը այց էր կատա­րել Ղազախստան եւ Ուզբեկստան՝ Ֆրանսիա­յի համար ռազմա­վա­րա­կան նշա­նա­կության էներգակրի՝ ուրա­նի հետեւից, որի շոշա­փե­լի աղբյուրներ կորցրեց Աֆրի­կա­յի իր ավանդա­կան ազդե­ցության գոտի­նե­րում դիրքե­րի լուրջ կորստից հետո: Այդ կորստից հետո Ֆրանսիան փորձում է վերա­դիրքա­վորվել Կենտրո­նա­կան Ասիա-Կովկաս-Մերձա­վոր Արեւելք վճռո­րոշ եռանկյունում: Մակրո­նը Աստա­նա­յում խոսել էր էներգա­կիրնե­րի տեղա­փոխման երթուղի­նե­րի, Միջին միջանցքի մասին, այդ շղթա­յում դիտարկե­լով նաեւ Կովկա­սը եւ խոսե­լով խաղա­ղության կարեւո­րության մասին:

Դրա մասին խոսում են բոլո­րը, բայց արդյո՞ք հնա­րա­վոր է խաղա­ղության պայմա­նագրա­յին արձա­նագրում Կովկա­սում, եթե, օրի­նակ, մի քանի հարյուր կիլո­մետր այն կողմ՝ «աշխարհա­քա­ղա­քա­կա­նության հավերժա­կան խառնա­րա­նում» եռում է նոր բռնկված պատե­րազմն իր ռազմա­կան ու քաղա­քա­կան շերտե­րով: Ընդհանրա­պես, հնարավո՞ր է խաղա­ղության պայմա­նա­գիր Կովկա­սում՝ մոլո­րա­կում դե ֆակտո համաշխարհա­յին պատե­րազմի ռեժի­մի պարա­գա­յում, երբ կա կոշտ եւ դաժան պայքար համաշխարհա­յին խաղա­տախտա­կի վրա վանդակնե­րի առա­վե­լա­գույն թիվ եւ առա­վե­լա­գույն ամրությամբ վերահսկե­լու համար: Եվ բանն ամե­նեւին այն չէ, որ հանդի­պում չեղավ Գրա­նա­դա­յում, Բիշքե­կում կամ Բրյուսե­լում: Վաղը կարող է որեւէ տեղ լինել հանդի­պում, կամ հանդի­պում լինել բոլոր տեղե­րում, եւ նույնիսկ այլ քաղաքնե­րում, ընդհուպ Վաշինգտո­նում, որտեղ անցնող տարվա մայի­սին եւ հունի­սին տեղի ունե­ցան աննա­խա­դեպ ձեւա­չա­փի եռօրյա ու քառօրյա բանակցություններ:

Այդ ամե­նը, թերեւս, քիչ կապ ունի խաղա­ղության հարցի հետ, որովհե­տեւ այդ հարցը լուծվե­լու է ոչ թե Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ, այլ՝ աշխարհա­քա­ղա­քա­կան ուժա­յին կենտրոննե­րի: Հայաստա­նի եւ Ադրբե­ջա­նի միջեւ ուժե­րի ներկա­յիս բալանսը բացարձա­կա­պես խաղա­ղության բալանս չէ: Բաքուն որեւէ կերպ մոտի­վացված չէ այդ բալանսի պայմաննե­րում գնալ խաղա­ղության պայմա­նա­գիր ստո­րագրե­լու եւ իր առա­վե­լությունը կորցնե­լու: Հետեւա­բար, խաղա­ղության պայմա­նա­գի­րը պահանջե­լու է բալանսա­վո­րում արդեն մակրո­մա­կարդա­կում: Դա նշա­նա­կե­լու է՝ կամ մեկը վերցնում է բանա­լին եւ լուծում հարցե­րը, կամ դա անում են մի քանի­սը՝ համա­ձայնեցված, լուծե­լով աշխարհա­քա­ղա­քա­կան այլ մրցա­կիցնե­րի հակազդե­ցության հարցե­րը:

Իրա­վի­ճա­կը թե՜ տարա­ծաշրջա­նում, թե՜ աշխարհում բավա­կա­նին հեռու է այդ հեռանկա­րից: Աշխարհատնտե­սա­կան եւ աշխարհա­քա­ղա­քա­կան ազդե­ցության համար պայքա­րը, այդ թվում՝ կովկասյան գոտում, առայժմ աշխույժ փուլում է, այդ թվում առանցքա­յին հարցե­րից եւ թիրախնե­րից մեկի՝ տրանսպորտա­յին եւ այլ կոմունի­կա­ցիա­նե­րի համար, որոնք Արեւելքը միացնե­լու են Արեւմուտքին: Խաղա­ղության եւ պատե­րազմի հարցե­րը եփվում են այդտեղ, եւ իրա­պես անկանխա­տե­սե­լի է դարձել, թե կաթսա­յի եզրագծի հատկա­պես ո՞ր մասից դուրս կթափվի եռա­ցող ջրի նոր փրփուրը:

Այս պարա­գա­յում, անգամ ստո­րագրություն կրող թղթի առկա­յությունը ոչնչի երաշխիք չէ, թուղթը «կթրջվի»՝ թանա­քը կլղոզվի: Մի թուղթ, ըստ էության, արդեն իսկ դրա ցավա­գին ու վառ օրի­նակն է՝ նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րությունը, Հայաստա­նի, Ռուսաստա­նի եւ Ադրբե­ջա­նի երեք ղեկա­վարնե­րի ստո­րագրությամբ: Հետեւա­բար, խաղա­ղությունը պահանջում է գերկենտրո­նա­ցում ոչ թե պայմա­նագրի հեռանկա­րի, այլ ուժե­րի հավա­սա­րակշռությունը գործնա­կա­նում երաշխա­վո­րող հանգա­մանքնե­րի եւ դրանց ապա­հովման ներքին ու արտա­քին աշխա­տանքնե­րի ուղղությամբ:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ
Լրագրող
Երև­ան

Առնչվող Հոդվածներ