Ստախոսությունը պատմության մեջ փակում է բուժման հնարավորությունը, իսկ ճշմարտության որոնումը կարող է ցավոտ լինել, սակայն անհրաժեշտ է։
Հակոբ Մովսես
Մեր Խոսքը՝
Այսօր բանաստեղծ, թարգմանիչ, ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսը ԱԺ-ում ելույթ ունեցավ և ապա պատասխանեց մի շարք հարցերի։ Հարցը կայանում էր նրանում, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությամբ՝ Հակոբ Մովսեսն իր հայտարարություններում կանոնների խախտում է արել և «Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնվել էր Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու որոշմանը հասնել։ Հակոբ Մովսեսի լիազորությունները չեն դադարեցվել, բայց այս ամբողջ իրադարձությունը բավական զարմանալի է ու անսպասելի։ Զարմանալի է նրանով, որ ՀՅԴ‑ն այսօր Հայաստանում ասես որևէ այլ խնդիր չի տեսնում, քան Հակոբ Մովսեսի հետ ԱԺ-ում կռիվ տալը և զարմանալի, որ, լինելով մշտապես իր մտավորական էլիտայով պարծեցող կուսակցություն, այսօրվա ՀՅԴ‑ն փորձում է վերահսկել իր հասցեին արվող ոչ միայն քաղաքական, այլև մտավորական խոսքը։ Մի ժամանակ ՀՅԴ-ում կային այնպիսի մտավորականներ, որոնք և՛ կուսակցական էին, և՛ չէին խուսափում հարկ եղած ժամանակ կոշտ դիրքորոշումներով հանդես գալ, սեփական գործունեության հանդեպ։ Մի ժամանակ ՀՅԴ‑ն այնքան վախկոտ չէր, որ բանաստեղծի քննադատություններից այնպես վախենար, որ ցանկանար պաշտոնազուրկ անել։ ՀՅԴ‑ի անցյալը մերժում է նման պահվածքը, որովհետև ՀՅԴ‑ն, որ ամենևին էլ հաշտ ու համերաշխ չէր իր հետ քայլող Հնչակյանների ու Արմենականների հետ, նա նրանց հետ շփվում էր ոչ միայն քաղաքական, այլև մտավորական հայացքներով։ Այն ժամանակ ՀՅԴ‑ն գիտեր, ինչ է նշանակում մտավորականն ու նրա խոսքը, որովհետև ինքն էլ ուներ մտավորականների մի մեծ բազմություն։ Իսկ ՀՅԴ‑ն, գոնե մեկ անգամ իր հասցեին հնչած քննադատությանը սթափ հայացքով նայելու, գոնե մեկ անգամ մտածելու, իսկ գուցե ինքը սխալ է թույլ թվել, որ արժանացել է նման խիստ տոնի, քիչ է մնում դատի տա։ ՀՅԴ‑ն անգամ չի էլ փորձում Մովսեսի գնահատականներին հակաճառի իր մտավորականներով, թեև հարց է առաջանում թե ո՞վ հակաճառի, ինչպե՞ս հակաճառի։ Այդ ո՞վ է հիմա Դաշնակցությունում մտավորական։ ՀՅԴ‑ն երևի չի հասկանում, որ ինքն իրեն դրեց ծիծաղելի իրավիճակում, երբ մտավորական քննադատությանը մտավորական պատասխանելու փոխարեն, խռովկան երեխայի նման վազեց գանգատվելու մի ԱԺ, որի աշխատանքները «խանգարելու» խոսոտումով էր 2021թ․ սեպտեմբերին մտել խորհրդարան։ «Սուլթանների ու ցարերի հետ կռիվ տվող»(ինչպես իրենք են սիրում անընդհատ կրկնել), հանրապետություն ստեղծող կուսակցությունն ինչո՞ւ է այդքան ցավագին արձագանքում, եթե կարող էր իր ունեցած մեդիա ու մտավորական ռեսուրսով հանգիստ համարժեք արձագանքել ու նաև պատմական մեղադրանքներին պատասխանել։ ՀՅԴ‑ն ինչո՞ւ պատրաստ չէ ոչ մի տեսակի քննադատության։
ՀՅԴ-ում լավ կանեն, գոնե մեկ անգամ հասկանան, թե ի վերջո այս ո՞ւր են հասել, որ անգամ մտավորական հակադարձման ռեսուրս չունեն, բայցի հայհոյանքից ու անեծքից ոչինչ այլևս չեն կարողանում անել։ Իսկ դա նաև ցուցիչ է, թե ովքեր են կառավարում իրենց։
Մեր Ուղին
Հակոբ Մովսեսի ելույթի ու հարց-պատասխանի հակիրճ նկարագրությունը՝
Բանաստեղծ, թարգմանիչ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Մովսեսը Ազգային ժողովում ունեցած իր ելույթում նշեց, որ չի պատրաստվում երկար անդրադառնալ ընթացակարգային կամ քաղաքական մանրամասներին՝ դրանք համարելով անիմաստ վիճաբանություն։ Նա սկզբում հստակեցրեց, որ հակադաշնակցական չէ և երբեք չի եղել։ Նրա խոսքով՝ Դաշնակցության շարքերում եղել են մտավորականներ ու պետական գործիչներ, որոնք կիսել են ժողովրդի ողբերգությունները և դերակատարություն ունեցել ազգային, հասարակագիտական ու պետական մտածողության ձևավորման մեջ։
Հակոբ Մովսեսը շեշտեց, որ Դաշնակցության մասին խոսել է պատմական կտրվածքով՝ որպես մտավորական, որը պարտավոր է վերլուծել 1915 թվականի ողբերգությունը ոչ միայն քաղաքական իրողության, այլև պատմական ու գաղափարական հիմքերի տեսանկյունից։ Նա դիտարկեց, որ վերջին շրջանում մշակույթում, գրականության մեջ և պատմագրության մեջ նման քննադատական մոտեցումներն արդեն սկսվել են։
Անդրադառնալով իր հասցեին հնչած դիտարկումներին՝ Մովսեսը նշեց, որ չի ցանկանա, որպեսզի այսօրվա մտավորականը որևէ կուսակցության կամ գաղափարախոսության կողմից ենթարկվի ճնշումների։ Նրա կարծիքով՝ անգամ սուր բանավեճերի պարագայում չպետք է սահմանափակվի մտավորականի ազատ խոսքը։
Նա ընդգծեց, որ Դաշնակցությունը դիտարկում է որպես պատմական քաղաքական կուսակցություն և չի խոսում այսօրվա խորհրդարանական խմբակցության գործունեության մասին։ Սակայն, ըստ նրա, պատմականորեն դաշնակցական մոտեցումը չի եղել լիարժեք պատմագիտական, քաղաքագիտական և հասարակագիտական։ Մովսեսը հիշեցրեց միջնադարյան պետական մտածողության ավանդույթները՝ Մովսես Խորենացուց մինչև Մադրասյան դպրոց և Կոստանդնուպոլսի սահմանադրական փորձերը, և կարծիք հայտնեց, որ այդ մտավոր ժառանգությունը Դաշնակցության գաղափարախոսության շրջանակում վերածվել է պաթոսի։ Նա շեշտեց, որ սա իր՝ որպես մտավորականի կարծիքն է և չպետք է ընկալվի որպես քաղաքական գնահատական ներկա կուսակցության վերաբերյալ։
Բացատրելով «խաժամուժ» բառի կիրառումը՝ Հակոբ Մովսեսը նշեց, որ այն օգտագործել է ոչ թե քաղաքական ուժի, այլ կոնկրետ վարքագծի վերաբերյալ՝ կապված ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի հետ, երբ, իր խոսքով, որոշ անձինք նեղել են վարորդին և ուղևորներին։

Իր հիմնական ելույթում Մովսեսը պատմությունը ներկայացրեց որպես «անամնեզ»՝ հիվանդության պատմություն, որը պահանջում է ախտորոշում։ Նրա համոզմամբ՝ ստախոսությունը պատմության մեջ փակում է բուժման հնարավորությունը, իսկ ճշմարտության որոնումը կարող է ցավոտ լինել, սակայն անհրաժեշտ է։ Նա ասաց, որ վերջին 100–150 տարվա ընթացքում գաղափարները հաճախ համապատասխանեցվել են իրողություններին, ոչ թե հակառակը։
Հակոբ Մովսեսը հիշեցրեց, որ հայ ժողովուրդը պատմության ընթացքում բազմաթիվ քննություններ է հանձնել, սակայն այսօր կանգնած է «պետական քննության» առջև։ Նա ընդգծեց, որ «ինքնություն» բառը հաճախ է օգտագործվում, բայց նախ պետք է «ինքն» դառնալ։ Նրա համոզմամբ՝ խնդիրները բարձրաձայնելու համար ավելի մեծ խիզախություն է պահանջվում, քան դրանց պատասխանելու համար։
Մովսեսը քննադատեց պատմության պաթետիկ, մոնումենտալ ընկալումը և նշեց, որ անհրաժեշտ է ախտորոշել քաղաքական, հասարակական և բարոյական մարմինը՝ ապահովելու ժողովրդի գոյությունը ոչ թե անցյալում, այլ ներկայում և ապագայում։ Նա ընդգծեց, որ հայ ժողովուրդն այսօր պետություն ունի, և հենց պետությունն է, որ կարող է ձևավորել ինքնություն և ամոքել ողբերգությունները։
Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է վերլուծել հատկապես վերջին երկուսուկես դարի պատմությունը՝ առանց արտաքին մեղավորներով սահմանափակվելու։ Նա հիշեցրեց Թումանյանի խոսքը, որ երկիրը «թե դրսից և թե ներսից» է քանդվել, և կոչ արեց բաց խոսել նաև ներքին պատճառների մասին։
Պատգամավորների հարցերին պատասխանելիս Հակոբ Մովսեսը նշեց, որ իր վերլուծությունները կարող են վիճարկվել պատմաբանների կողմից, ինչը բնական է համարում։ Նա ընդունում է, որ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար և իր պաշտոնը ենթադրում է սահմանափակումներ, սակայն կարծում է, որ չի անցել կոռեկտության սահմանները, քանի որ խոսել է գաղափարախոսությունների, ոչ թե կոնկրետ կուսակցության ընթացիկ գործունեության մասին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ Մովսեսը ասաց, որ այն մանրամասն կարդացել է, բազմաթիվ կետերի հետ համաձայն չէ, սակայն ընդունել է ի գիտություն։ Նրա կարծիքով՝ կոռեկտության և զսպվածության սահմանների մեկնաբանությունը կարող է տարբեր լինել։
Պատգամավորներից մեկի դիտարկմանը, թե իր արտահայտությունները վիրավորական են եղել, Մովսեսը պատասխանեց, որ չի ցանկացել որևէ մեկին անձնականորեն վիրավորել և խոսել է գաղափարների մասին։ Նա կրկին ընդգծեց, որ Դաշնակցությունը չի ատում և չի համարում թշնամի ուժ։
Հարցին՝ արդյոք որևէ քաղաքական կուսակցություն պետք է արգելվի, Հակոբ Մովսեսը պատասխանեց, որ պետությունում քրեական ոլորտից դուրս ոչինչ չպետք է արգելվի։ Նա հիշեցրեց, որ նախկինում ևս նման դիրքորոշում է ունեցել։
Դաշնակցության ներկա դերի մասին հարցին Մովսեսը նշեց, որ բոլոր քաղաքական ուժերը, հատկապես պատմական մեծ անցյալ ունեցողները, պետք է գաղափարախոսական ադապտացիա իրականացնեն ժամանակակից պայմաններին։ Նրա համոզմամբ՝ Դաշնակցությունը պետք է ամբողջությամբ հարմարեցնի իր գաղափարախոսությունը այսօրվա իրողություններին և ակտիվ մասնակցի պետական կառուցմանը։
Խորհրդարանում տեղի ունեցած բախումների մասին հարցին նա ասաց, որ ընդդիմությունը պետքէ լինի իշխանության հակակշիռն ու վերահսկող գործոնը, այլ ոչ թե ներքաշվի անպտուղ բանավեճերի մեջ։
Եզրափակելով՝ Հակոբ Մովսեսը նշեց, որ իր համոզմունքները երբևէ չեն ազդել հանձնաժողովում իր որոշումների օբյեկտիվության վրա։ Նրա խոսքով՝ հանձնաժողովը գործում է օրենքի շրջանակներում, և ինքը չի կատարել որևէ հակաօրինական քայլ։
Ելույթի ամբողջական տեսագրությունը՝
