ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայաստանը, Թուրքիան Եւ Միջանցքները

(Մաս 2-րդ)

Արցախի վերաբերյալ մեկ այլ կոշտ հայտարարություն թուրքական ԱԳՆ-ն հրապարակեց սեպտեմբերի 9-ին՝ Արցախում խորհրդարանի 22 պատգամավորների քվեարկությամբ նոր նախագահի ընտրության վերաբերյալ:

Վահրամ Հովհաննիսյան

Միջանցքների հարցը Թուրքիայի իշխանությունների խոսույթում. Վահրամ Հովհաննիսյան

Արցախի դեմ ռազմական նոր գործողությունների մեկնարկին թուրքական կողմը «հավանություն» էր տվել, իսկ ավելի ճիշտ՝ հրահանգել, դեռ հուլիսի 31-ին: «Լաչինի միջանցքի» արգելափակումից ի վեր այդ կապակցությամբ առաջին անգամ բացահայտ հայտարարություն այդ օրը հնչեցրեց Թուրքիայի արտգործնախարար Հ. Ֆիդանը՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ Անկարայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով. «Լաչինի ճանապարհն Ադրբեջանի տարածք է: Բաքուն իր տարածքում կարող է իրականացնել անհրաժեշտ ցանկացած գործողություն»: Եվ միայն այս հայտարարությունից հետո թուրքական բարձր ղեկավարության խոսույթում նմանատիպ ելույթները, իսկ մամուլում՝ նույնաբովանդակ հրապարակումները դարձան պարբերական: Այսպես, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին թուրքական պետական լրատվական գործակալությունները «Լաչինի միջանցքին» վերաբերող նյութերը համեմեցին հայկական կողմին ուղղված մեղադրանքներով՝ կրկնելով ադրբեջանական կեղծ պնդումները, օրինակ՝ «զենքի և զորքի տեղափոխում», «անջատողականներին աջակցություն», միջանցքով Արցախի «բնական ռեսուրսների ապօրինի դուրսբերում» և այլն: Թուրքիայի ԱԳ նախարարությունն օգոստոսի 14-ին մամուլի հաղորդագրություն տարածեց՝ կրկին հաստատելով Անկարայի դիրքորոշումը «Լաչինի միջանցքի» վերաբերյալ: Մասնավորապես՝ Հայաստանը հերթական անգամ մեղադրվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու և դրան համապատասխան գործողություններ իրականացնելու մեջ, անհիմն որակեց հումանիտար ճգնաժամի վերաբերյալ Երևանի և Ստեփանակերտի պնդումները՝ առաջարկելով օգտվել «այլընտրանքային ճանապարհից»՝ մատնանշելով, որ միջանցքը, այնուամենայնիվ, փակ չէ, և որ հումանիտար ճգնաժամի մասին հայտարարություններն անհիմն են: Ընդ որում՝ այս հայտարարությունը հաջորդեց «Լաչինի միջանցքի» թեմայով Հայաստանի Հանրապետության կողմից ՄԱԿ ԱԽ նիստ հրավիրելու դիմումին (օգոստոսի 11) և նախորդեց այդ նիստի անցկացմանը (օգոստոսի 16), ինչն էլ, հավանաբար, կանխորոշեց նիստի արդյունքները, իսկ ավելի ճիշտ՝ ապարդյունությունը, թուրք-ադրբեջանական կողմին ավելի ազատ գործելու հնարավորություն տալով: Արցախի վերաբերյալ մեկ այլ կոշտ հայտարարություն թուրքական ԱԳՆ-ն հրապարակեց սեպտեմբերի 9-ին՝ Արցախում խորհրդարանի 22 պատգամավորների քվեարկությամբ նոր նախագահի ընտրության վերաբերյալ: Մասնավորապես, այդ ընտրությունը որակվեց «միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի բանաձևերի և ԵԱՀԿ-ի սկզբունքների կոպտագույն խախտում» և համարվեց «Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների խաթարմանն ուղղված գործողություն»: Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ մեկնարկած նոր ռազմական գործողություններին թուրքական իշխանությունները սատարեցին ոչ միայն նախագահի մակարդակով, այն էլ՝ ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից, այլև՝ ԱԳՆ հայտարարությամբ: Բաքվին երկրորդելով՝ «հակաահաբեկչական» անվանումը ստացած գործողությունների առաջին ժամերին Թուրքիայի արտաքին գերատեսչությունն այն մեկնաբանեց որպես «Ադրբեջանի կողմից հայկական ապօրինի զինված խմբավորումների դեմ օրինական և անհրաժեշտ գործողություններ»: Սեպտեմբերի 23-ին ԱԳ նախարար Հ. Ֆիդանը ևս եղավ Նյու Յորքի «Թուրքական տանը», որտեղ, կրկին անդրադառնալով «հակաահաբեկչական» գործողությանը, նշեց. «Ադրբեջանը խնդրի լուծման այլ տարբերակ չուներ»: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ արեց սեպտեմբերի 29-ին՝ նշելով, թե «Ադրբեջանը հաջող հակաահաբեկչական գործողություն է իրականացրել Ղարաբաղում, ապահովել է իր ինքնավարությունը… խուսափել է քաղաքացիական բնակչության շրջանում զոհերից»: Մեկնաբանելով Արցախի նախագահի հրամանագիրը՝ 2024թ. հունվարի 1-ից Հանրապետության գոյությունը դադարեցնելու վերաբերյալ, այն համարել է «ինքնալուծարում» և «այդ տարածքում Ադրբեջանի սահմանադրական կարգի վերականգնում»: Ընդհանրացնելով այս կետում ներկայացված տեղեկությունները՝ կարող ենք փաստել, որ Անկարան ի սկզբանե աջակցել է «Լաչինի միջանցքի» փակմանը, սակայն բարձր մակարդակով և անմիջականորեն ներգրավվել է թեմային միայն հուլիսի վերջերից՝ առաջին հերթին միջազգային հարթակներում պաշտպանելով Բաքվի թիկունքը: Ըստ էության՝ Թուրքիայից այս օրերին հնչող նոր հայտարարությունները՝ ինտեգրացիայի և հումանիտար հարցերի հետագա լուծման վերաբերյալ, առնվազն ծածկադմփոց են Հաքարիի ապօրինի անցակետից հայերի առևանգումների, գերիներին չվերադարձնելու, մշակութային օբյեկտների ոչնչացման, էթնիկ զտման և ցեղասպանական այլ գործողությունների հետևանքով հայաթափված Արցախի և Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիվ քաղաքականության պայմաններում, և փաստացի «Լաչինի» ու Արցախի որոշ տարածքները Ագարակ-Նռնաձոր հատվածի («Զանգեզուրի միջանցքի») հետ փոխանակելու առաջարկ: «Զանգեզուրի միջանցքը»՝ ի հակադրություն «Լաչինի միջանցքի» Թեև ս.թ. սեպտեմբեր 21-ին Նյու Յորքում Թուրքիայի նախագահը հայտարարեց, թե «Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած հակաահաբեկչական գործողությունները ոչ մի կերպ կապված չեն Նիկոլ Փաշինյանի և, ընդհանուր առմամբ, Հայաստանի հետ, սակայն ընդամենը օրեր անց Նախիջևանում նշեց. «Հուսով ենք՝ Հայաստանը կընդունի իրեն մեկնած խաղաղության ձեռքը և կձեռնարկի անկեղծ քայլեր»: Սրանով Էրդողանը, փաստորեն, բացահայտեց, որ «Լաչինի միջանցքի» արգելափակումը և Արցախի էթնիկ զտումը հստակ քայլեր էին՝ ուղղված ոչ թե «տարածքային ամբողջականության ու սահմանադրական կարգի վերականգնմանը», այլ՝ ճնշում Երևանի վրա՝ Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցք կորզելու նպատակով: Այս պնդումը փորձենք հաստատել թուրքական ղեկավարության մի շարք այլ հայտարարությունների և իրադարձությունների ներկայացմամբ: Այսպես, դեռևս 2022թ. դեկտեմբերի 24-ին՝ «Լաչինի միջանցքի» արգելափակումից օրեր անց, Թուրքիայի նախագահը, հիշեցնելով իր երկրի օգնությամբ Ադրբեջանի կողմից «Ղարաբաղն ազատագրելու» մասին, խոսելով տարածաշրջանային ճանապարհների և ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի մասին, հայտարարեց. «… Տարածաշրջանում նոր դարաշրջանի հիմքեր ենք դնում, և գործընթացները կարագանան, եթե Հայաստանը խելամտորեն գործի և կողմնորոշվի դեպի խաղաղությունը, անվտանգությունը և հանգստությունը»։ Նույնաբովանդակ հայտարարություն էլ ն.թ. դեկտեմբերի 29-ին արեց արտգործնախարար Մ. Չավուշօղլուն՝ նշելով. «Լաչինի միջանցքի վերջին զարգացումները Հայաստանի համար կլինեն անկեղծության փորձություն»։ Ընդ որում՝ ելույթի թեման կրկին տարածաշրջանային հաղորդակցությունն էր և հատկապես միջինասիական երկրների հետ հարաբերությունները։ 2023թ. մայիսի 12-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում, անդրադառնալով գլխավոր մրցակից Ք. Քըլըչդարօղլուի կողմից հայկական Սյունիքը շրջանցող միջանցքով քարտեզին, Էրդողանը, կարծես, առաջին անգամ հայտարարեց «Զանգեզուրի միջանցք» ունենալու նպատակի մասին: Նրա խոսքով՝ այն «Մետաքսի ճանապարհի» մի մասն է, նոր շնչուղի կհանդիսանա «Միջին միջանցքի համար», որի մի ճյուղն արդեն անցնում է Վրաստանի տարածքով: Նախագահական ընտրությունների 2-րդ փուլի ընթացքում՝ մայիսի 23-ին, Սիվաս քաղաքում (Սըվազ) «Թուրքիայի դարաշրջանի» մասին ելույթի ժամանակ Էրդողանը պատմեց ներպետական արագընթաց երկաթգծի կառուցման մասին, որը, նրա խոսքով, նախատեսվում է հետագայում հասցնել մինչև Կարս՝ միացնելով Բաքու-Թբիլիսի երկաթուղուն: Էրդողանն ընդգծեց, որ արդյունքում Թուրքիան կդառնա միջանցք, որը կկապի Պեկինն ու Լոնդոնը: Սակայն ուշագրավ է, որ «Բաքու-Թբիլիսի» արտահայտությունից հետո նա կտրուկ հիշեց «30 տարվա օկուպացիայից Ղարաբաղն ազատագրելու» մասին՝ շեշտելով, որ ադրբեջանցի գործընկերների հետ միջոցներ կձեռնարկեն՝ արևելքի և արևմուտքի միջև հանգույց դառնալու ուղղությամբ և հույս հայտնեց, որ «դա կստացվի»: Նոր միջանցք ունենալու մտադրությունների մասին գործող նախագահի ակնարկն ամբողջացվեց, երբ նա, կրկին հակադարձելով ընդդիմադիր թեկնածուին, ընդգծեց, որ վերջինը «Զանգեզուրից և Ղարաբաղից հրաժարվում է՝ որոշների աչքը մտնելու համար»:

[շարունակելի]

Աղբյուրը՝

https://www.aravot.am/2023/11/22/1384120/?fbclid=IwAR0i5boSi-cqCRgkWMoMaL0r_rTPBre1NoYWPsoE1BOfMAZmfbTb0cF2JwU

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *